Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-857
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.03/5(739) Հոդ.31
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2010 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ) ՄԻՋԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 19.11.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և կիրառման արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագիրը և կիրառման արձանագրությունն ստորագրվել են 2009թ. հունիսի 3-ին Բրյուսելում` փոխադարձության հիման վրա Պայմանավորվող կողմի տարածքում անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձը, ինչպես նաև վերադարձնելու ենթակա անձանց տարանցումը դյուրացնելու նպատակով:

2. Համաձայնագրով և կիրառման արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Բենիլյուքսի պետության դիմումի հիման վրա, առանց ձևականությունների, ՀՀ վերադարձնել դրա տարածքում անօրինական գտնվող յուրաքանչյուր անձի, երբ կարող է ապացուցվել կամ իրավաչափորեն ենթադրվել, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է,

 անհապաղ, առավելագույնը 30 օրվա ընթացքում, պատասխանել վերադարձնելու մասին ՀՀ-ին հասցեագրված դիմումներին,

 անհապաղ, առավելագույնը մեկամսյա ժամկետում, ՀՀ վերադարձնել այն անձին, ում վերադարձնելու հարցը դրական լուծում է ստացել,

 անձնական բնույթի տվյալների հաղորդումն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է Բենիլյուքսի պետության իրավասու մարմինների կողմից համաձայնագրի կատարման համար,

 հոգալ Բենիլյուքսի պետություն վերադարձվող անձանց ճանապարհածախսը` մինչև Բենիլյուքսի համապատասխան պետության սահման, ինչպես նաև համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ծախսերը և այլն:

3. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Բելգիայի Թագավորության կառավարությանը Պայմանավորվող կողմերից վերջինի ծանուցելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Բելգիայի Թագավորության կառավարությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կտեղեկացնի վերը նշված ծանուցումների մասին և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

Կիրառման արձանագրությունը կկիրառվի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Համաձայնագրի ավանդապահը Բելգիայի Թագավորության կառավարությունն է:

Համաձայնագիրը կատարված է հայերեն, ֆրանսերեն և հոլանդերեն, ընդ որում, բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Տարընթերցման դեպքում կգերակայի ֆրանսերեն տարբերակը:

Բնօրինակն ի պահ կհանձնվի համաձայնագրի ավանդապահին, որը համաձայնագրի հաստատված պատճենը կուղարկի համաձայնագրի մյուս Պայմանավորվող կողմերին:

5. Համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 25-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


22 հունվարի 2010 թ.
ՍԴՈ-857