ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 23-Ն
ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ըստ դասակարգման` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. հունվարի 21 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման |
ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով սահմանվում են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության (սույն պահանջների իմաստով այսուհետ` կառավարում) պահանջներն ու դրանց առանձնահատկությունները` ըստ դասակարգման չափորոշիչների:
II. ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Բոլոր գետերի կառավարումն ընթանում է էկոլոգիական թողքի անքակտելիության սկզբունքով:
3. Ըստ նշանակության ջրային ռեսուրսները կառավարվում են`
1) միջազգային նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի միջպետական սահմանի վրա և գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերի պահպանումը, ջրային և շրջակա ցամաքային կենսաբազմազանության բնականոն զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների որակական կազմը.
2) հանրապետական նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի միջհամայնքային սահմանի վրա և գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերի պահպանումը, կենսաբազմազանության բնականոն զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների որակական կազմը.
3) տեղական նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերը, կենսաբազմազանության բնականոն զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների որակական կազմը:
4. Հիմք ընդունելով ջրավազանային կառավարման պլանները` միջազգային և հանրապետական նշանակության ջրային ռեսուրսների կառավարումն իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, իսկ տեղական նշանակության ջրային ռեսուրսներինը` վերջինիս համակարգմամբ` ջրավազանային կառավարման մարմինները (այսուհետ` մարմին):
5. Ըստ սնման աղբյուրների` գետերը բաժանվում են հետևյալ բնորոշ խմբերի`
1) գետեր` գերազանցապես հալոցքային սնումով.
2) գետեր` հալոցք-անձրևային սնումով.
3) գետեր` գերազանցապես հալոցքի և ստորերկրյա սնումով.
4) գետեր` գերազանցապես ստորերկրյա սնումով.
5) գետեր` միաժամանակ անձրևային, հալոցքային և ստորերկրյա սնումով:
6. Ըստ սնման աղբյուրների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի խմբերն աստիճանավորվում են`
1) որևէ սնման աղբյուրի 80 տոկոսից ավելի բաժին ունենալու դեպքում գետը կոչվում է հալոցքային, անձրևային կամ ստորերկրյա սնումով գետ.
2) որևէ սնման աղբյուրի 50-80 տոկոս բաժին ունենալու դեպքում գետը համապատասխանաբար կոչվում է առավելապես հալոցքային, առավելապես անձրևային կամ առավելապես ստորերկրյա սնում ունեցող գետ.
3) նշված աղբյուրներից որևէ մեկի 50 տոկոսից պակաս բաժին ունենալու դեպքում գետը պատկանում է խառը սնման դասին:
7. Հալոցքային սնում ունեցող գետի կառավարումը համապատասխան մարմնի կողմից պետք է ապահովի տարեկան ջրառի հիմնական մասնաբաժինը (50 տոկոսից ոչ պակաս)` գարնանային վարարման ամիսներին:
8. Անձրևային սնում ունեցող գետի կառավարումը համապատասխան մարմնի կողմից պետք է պլանավորվի տարեկան կտրվածքով` հիմք ընդունելով տվյալ հատվածի տեղումների, գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունները: Ջրառի տարեկան հիմնական մասնաբաժինը (50 տոկոսից ոչ պակաս) պետք է ընկնի անձրևային տեղումների սեզոնին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում պահպանությունն իրականացվում է` հաշվի առնելով հալոցքաջրերի և անձրևաջրերի բնական աղտոտվածությունն ու պղտորությունը:
10. Ստորերկրյա սնում ունեցող գետը համապատասխան մարմնի կողմից կառավարվում է` հիմք ընդունելով հոսքի միջին բազմատարյան հետազոտությունները:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սնում ունեցող գետերը համապատասխան մարմնի կողմից պետք է կառավարվեն`
1) առավելապես հալոցքային սնում ունեցող գետի կամ դրա որևէ հատվածի տարեկան ջրառի 40-50 տոկոս մասնաբաժինն ապահովելով գարնանային վարարման ամիսներին.
2) առավելապես անձրևային սնում ունեցող գետի կամ դրա որևէ հատվածի տարեկան ջրառի 40-50 տոկոս մասնաբաժինն ապահովելով անձրևային տեղումների սեզոններին:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` սնում ունեցող գետերը համապատասխան մարմնի կողմից կառավարվում են` հիմնվելով տվյալ հատվածի տեղումների և գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունների վրա:
Պահպանությունն իրականացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում նշված դրույթները:
13. Գետերի կառավարումը համապատասխան մարմնի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերում նշվող ձևերով, եթե բացակայում են դրանց միջին բազմատարյան հետազոտությունները կամ հետազոտությունների տվյալների բազան 30 տարվանից պակաս է: Եթե տվյալ հատվածի տեղումների և գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունների տվյալների բազան 30 տարվանից ավելին է, ապա այդ կետերով բնութագրվող գետերի կառավարումը կարող է պլանավորվել տարեկան կտրվածքով` ելնելով տվյալ գետի հիդրոաշխարհագրական առանձնահատկություններից:
14. Հայաստանի Հանրապետության գետերն ըստ երկարության դասակարգվում են`
1) մանր` երկարությունը մինչև 10 կմ.
2) փոքր` երկարությունը 10-49 կմ.
3) միջին` երկարությունը 50-99 կմ.
4) մեծ` երկարությունը 100 կմ և ավելի:
15. Ըստ երկարության դասակարգվող գետերը կառավարվում են` հաշվի առնելով դրանց ինքնամաքրման ունակությունը: Գետի որակն այլ ջրային ռեսուրս թափման պահին պետք է համապատասխանի իր բնական ֆոնային արժեքին:
16. Հայաստանի Հանրապետության լճերն ըստ ծավալի դասակարգվում են`
1) մեծ` 5 միլիոն մ3 և ավելի.
2) փոքր` 1-5 միլիոն մ3.
3) լճակներ` մինչև 1 միլիոն մ3 ծավալով:
17. Ըստ ծավալի լճերը համապատասխան մարմնի կողմից պետք է կառավարվեն` հիմք ընդունելով դրանց մեջ հիպոլիմնիոնի` լճի ստորին ջրաշերտ, որն ունի ամենամեծ խտությունը, հաստությունը (եթե այն առկա է լճում): Հիպոլիմնիոնի հաստությունը պետք է համեմատելի լինի ծավալի հետ:
18. Ըստ ջրայնության աստիճանի դասակարգվող գետերի կառավարումը համապատասխան մարմնի կողմից իրականացվում է` հաշվի առնելով գետի հոսքի միջին բազմատարյան տվյալները, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահանջների ապահովման պայմանները, կենսաբազմազանության էնդեմիկ տեսակների որակական և քանակական չափանիշները:
19. Ըստ հոսքի տարեկան բաշխման դասակարգվող գետերի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-11-րդ կետերում նշված` սնման աղբյուրների դասակարգման սկզբունքներով և հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 12-րդ կետում նշված մոտեցումները:
20. Ըստ օգտագործման նշանակության դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքն ու «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ելնելով այն ջրի որակի նորմերից, որոնց դասվում է տվյալ ջրային ռեսուրսը:
21. Ըստ որակի դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է այնպես, որպեսզի ապահովվի տվյալ ջրային ռեսուրսի «բարձր» և «լավ» որակին համապատասխանող դասակարգումը: Եթե ջրային ռեսուրսը չի համապատասխանում «բարձր» և «լավ» որակին համապատասխանող դասակարգմանը, ապա դրան հասնելու համար մշակվում են համապատասխան ծրագրեր, որոնք պետք է ապահովեն ջրային ռեսուրսների համապատասխանելիությունն այդ դասակարգմանը:
III. ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հիմք ընդունելով ջրային պետական կադաստրի տվյալները:
IV. ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Ըստ բնական հանքայնացման դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հաշվի առնելով դրանց առողջապահական և ռեկրեացիոն արժեքը, օգտագործման նպատակը և հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձնահատկությունները:
V. ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Ըստ բնական կազմի դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հաշվի առնելով դրանց առողջապահական և ռեկրեացիոն արժեքը, օգտագործման նպատակը և հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|