ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի` տվյալ եռամսյակի ընթացքում օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Համայնքի ավագանին ընդունում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշում` նշելով հողամասի (հողամասերի) գտնվելու վայրը, չափերը, օգտագործման սահմանափակումները, պայմանները:
3. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ, որում ներառվում են համայնքի ավագանու որոշումը, տեղանքի կադաստրային քարտեզը, որտեղ նշվում են օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրման ենթակա հողամասերը, դրանց շրջադարձային կետերի կոորդինատներն ու չափերը, հողամասի օգտագործման սահմանափակումների մասին տեղեկանքը, և ներկայացնում մարզպետին:
4. Մարզպետը եռօրյա ժամկետում նյութերն իր եզրակացության հետ միասին ներկայացնում է պետական լիազոր մարմին:
5. Պետական լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված նյութերը և անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնում շահագրգիռ մարմինների հետ, այնուհետև համապատասխան եզրակացությամբ վերադարձնում մարզպետին: Մարզպետը հնգօրյա ժամկետում եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին:
6. Բացասական եզրակացություն է տրվում, երբ ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ:
7. Դրական եզրակացության առկայության դեպքում` հողամասի նպատակային նշանակության փոփոխության բացակայության դեպքում համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրումը:
8. Բացասական եզրակացության դեպքում արգելվում են հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
9. Համայնքի ավագանին ընդունում է համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշում` նշելով հողամասի (հողամասերի) գտնվելու վայրը, չափերը, օգտագործման սահմանափակումները, պայմանները:
10. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ, որում ներառվում են համայնքի ավագանու որոշումը, տեղանքի կադաստրային քարտեզը, որտեղ նշվում են վարձակալության տրամադրման ենթակա հողամասերը, դրանց շրջադարձային կետերի կոորդինատներն ու չափերը, հողամասի օգտագործման սահմանափակումների մասին տեղեկանքը, և ներկայացնում մարզպետին:
11. Մարզպետը հնգօրյա ժամկետում քննարկում է ներկայացված նյութերը և դրանք համապատասխան եզրակացությամբ վերադարձնում համայնքի ղեկավարին:
12. Բացասական եզրակացություն է տրվում, երբ ներկայացված տարածքները վարձակալության ժամանակահատվածում համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ:
13. Մարզպետի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրումը:
14. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:
15. Սույն կարգի դրույթները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի, բնապահպանական հողերի, պատմության և մշակույթի հուշարձանների զբաղեցրած և դրանց պահպանական գոտիների տարածքների, ինչպես նաև սահմանային շերտի ներսում գտնվող հողերի վրա:
16. Կառուցապատված հողամասերն օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.05.2020, N 745-Ն | 30.05.2020, N 16-Ն | |
20.05.2011, N 638-Ն | 11.06.2011, N 16-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|