«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ 15-ՐԴ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) մյուս Բարձր պայմանավորվող կողմերը` սույն Արձանագրությունը ստորագրողները,
հաշվի առնելով 2012 թվականի ապրիլի 19-ին և 20-ին Բրայթոնում կայացած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված Բարձր մակարդակի համաժողովում ընդունված հռչակագիրը, ինչպես նաև 2010 թվականի փետրվարի 18-ին և 19-ին Ինտերլակենում և 2011 թվականի ապրիլի 26-ին և 27-ին Իզմիրում կայացած համաժողովներում ընդունված հռչակագրերը,
հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2013 թվականի ապրիլի 26-ին ընդունված հմ. 283 (2013) կարծիքը,
նկատի ունենալով, որ անհրաժեշտ է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Դատարան) շարունակի խաղալ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության իր առաջատար դերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կոնվենցիայի նախաբանի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր դրույթ.
«հաստատելով, որ Բարձր պայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, կրում են սույն Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները և ազատություններն ապահովելու առաջնային պատասխանատվությունը և այդ անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է սույն Կոնվենցիայով հիմնված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողությանը,»:
Հոդված 2
1. Կոնվենցիայի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ պարբերությամբ.
«2. Թեկնածուների տարիքը չպետք է գերազանցի 65-ը` այն օրվա դրությամբ, երբ Խորհրդարանական վեհաժողովը պահանջել է երեք թեկնածուների ցուցակը՝ համաձայն 22-րդ հոդվածի:»:
2. Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը վերահամարակալել, համապատասխանաբար, որպես 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր:
3. Հանել Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետը: 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը վերահամարակալել, համապատասխանաբար, որպես 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր:
Հոդված 3
Կոնվենցիայի 30-րդ հոդվածից հանել «, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում» բառերը:
Հոդված 4
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի «վեց ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «չորս ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 5
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «, և պայմանով, որ այս հիմքով ոչ մի գործ չի մերժվի, որը պատշաճ կարգով չի քննվել ներպետական դատարանի կողմից» բառերը:
Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 6
1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի կողմից ստորագրման համար, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել.
ա. ստորագրության միջոցով` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման նկատմամբ վերապահման, կամ
բ. ստորագրման միջոցով` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին կհաջորդի վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 7
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 6-րդ հոդվածի դրույթների համաձայն Կոնվենցիայի բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 8
1. Սույն Արձանագրության 2-րդ հոդվածում ներկայացված փոփոխությունները կիրառվում են միայն սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն Խորհրդարանական վեհաժողով ցանկով ներկայացված թեկնածուների նկատմամբ:
2. Սույն Արձանագրության 3-րդ հոդվածում ներկայացված փոփոխությունը չի կիրառվում որևէ քննվող գործի նկատմամբ, որում կողմերից մեկը մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը առարկել է Մեծ պալատի օգտին ընդդատությունից հրաժարվելու` Դատարանի պալատի առաջարկին:
3. Սույն Արձանագրության 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս ժամկետը լրանալուց հետո: Սույն Արձանագրության 4-րդ հոդվածը չի կիրառվում այն դիմումների նկատմամբ, որոնց մասով վերջնական որոշումը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, կայացվել է մինչև սույն Արձանագրության 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու օրը:
4. Սույն Արձանագրության մյուս բոլոր դրույթները կիրառվում են այն ուժի մեջ մտնելուց հետո` 7-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Հոդված 9
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին.
ա. յուրաքանչյուր ստորագրման,
բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ. 7-րդ հոդվածին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի և
դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 2013 թվականի հունիսի 24-ին, անգլերենով և ֆրանսերենով (ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են), մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|