Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2003
Ստորագրման ամսաթիվ
15.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2005

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,

ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները,

 համոզված լինելով, որ կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ու հարակից այլ բնագավառներում փոխանակումներն ու համագործակցությունը կարող են նպաստել երկու Կառավարությունների և երկու ժողովուրդների փոխըմբռնմանը,

 

համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Կողմերը  համաձայնում են, սույն Համաձայնագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, իրականացնել մշակութային, կրթական, գիտական և տեխնիկական համագործակցություն:

 

Հոդված 2

 

Կողմերը կաջակցեն յուրաքանչյուր երկրում համալսարանների միջև համագործակցության զարգացմանը միջբուհական համաձայնագրերի միջոցով, որոնք կնախատեսեն.

- պրոֆեսորների և հետազոտողների փոխանակումներ,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտություններ,

- սեմինարների և սիմպոզիումների անցկացում:

 

Հոդված 3

 

Երկու երկրների միջև կրթության բնագավառում հարաբերությունները զարգացնելու նպատակով Կողմերը.

ա) կխրախուսեն և կօժանդակեն կրթական ոլորտում երկու երկրների անհատների, հաստատությունների և կազմակերպությունների միջև անմիջական համագործակցությունը, շփումներն ու փոխանակումները,

բ) կխրախուսեն և կօժանդակեն միմյանց լեզուների և գրականության ուսուցումը մասնավորապես համալսարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնների, ինչպես նաև տեղական կրթական  հաստատությունների կողմից կազմակերպված դասընթացների և դասախոսությունների միջոցով,

գ) կխրախուսեն և կօժանդակեն միմյանց պատմության, աշխարհագրության և մշակույթի ճանաչմանը դրանք դասագրքերում ճշգրիտ ներկայացնելու միջոցով,

դ) կխրախուսեն և կօժանդակեն համագործակցությունն ու  փոխանակումները՝ կապված ուսուցման մեթոդների, ուսումնական ձեռնարկների, նյութերի և ծրագրերի հետ, մասնավորապես փորձագետների փոխանակումների միջոցով,

ե) կխրախուսեն համալսարաններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տեղական հաստատություններում դասընթացների, դասախոսությունների անցկացումը, ամբիոնների հիմնադրումը:

 

Հոդված 4

 

Կողմերը պարտավորվում են պաշտպանել սույն Համաձայնագրի իրականացումից բխող մտավոր սեփականության իրավունքները: Դրա հետ կապված՝ կգերակայեն երկու Կողմերի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի դրույթները:

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կխրախուսեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հետ կապված խորհրդակցությունները և համաձայնագրերը:

Մտավոր սեփականության իրավունքների հետ կապված և սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունից բխող որևէ գիտական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն չի կարող հրապարակվել առանց այդ տեղեկատվությունը տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության:

 

Հոդված 5

 

Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, մյուս Կողմի համալսարանական և հետհամալսարանական մակարդակով սովորող և գիտական հետազոտություն իրականացնող ուսանողներին և ուսումնական հաստատությունը ավարտած երիտասարդներին ու մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող որակյալ մասնագետներին իրենց երկրներում կտրամադրեն կրթաթոշակներ:

 

Հոդված 6

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը մշակույթի, կրթության, գիտության և տեխնիկայի բնագավառներում իրենց տարածքներում գործող ոչ կառավարական կազմակերպությունների, ընկերակցությունների և համապատասխան պետական հաստատությունների միջև:

Կողմերը կփոխանակեն իրենց համապատասխան գեղարվեստական ու մշակութային ժառանգությունը ներկայացնող բարձր մակարդակի ցուցահանդեսներ և ցուցադրումներ:

 

Հոդված 7

 

Կողմերը կխրախուսեն և կզարգացնեն գիտական ու տեխնիկական համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում մշակած ծրագրով նախատեսված բնագավառներում:

Գիտական և տեխնիկական համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.

ա) ուսուցիչների, հետազոտողների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի փոխադարձ այցելություններ,

բ) գիտական և տեխնիկական արդիական խնդիրների վերաբերյալ փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակում,

գ) սեմինարների, գիտաժողովների, սիմպոզիումների և ցանկացած այլ միջոցառման համատեղ կազմակերպում,

դ) փորձագետներին և հետազոտողներին կացության նպատակով միմյանց երկրներում հետհամալսարանական կրթաթոշակների տրամադրում,

ե) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համատեղ հետազոտական ծրագրերի մշակում և իրականացում,

զ) ցանկացած այլ տեսակի գիտական և տեխնիկական համագործակցության իրականացում, որը կարող է համաձայնեցվել Կողմերի միջև:

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր Կողմ կօժանդակի իր տարածքում մյուս երկրի մշակույթի ինստիտուտների և մշակութային հաստատությունների, ինչպես օրինակ՝ ընկերակցությունների և կրթական հաստատությունների հիմնադրմանը և գործունեությանը:

 

Հոդված 9

 

Յուրաքանչյուր Կողմ կխրախուսի շփումներն ու անմիջական համագործակցությունը իր մամուլի և ռադիոհեռարձակման միջոցների միջև:

 

Հոդված 10

Կողմերը սերտորեն կհամագործակցեն մշակութային արժեքների ու արվեստի գործերի անօրինական ներմուծումը, արտահանումը և տեղափոխումը կանխարգելելու համար: Այդ համագործակցության, փորձի  ու տեղեկատվության փոխանակման միջոցները կհամաձայնեցվեն երկու Կողմերի իրավասու մարմինների միջև:

 

Հոդված 11

 

Կողմերը կօժանդակեն համագործակցությանը հնագիտության բնագավառում՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման միջոցով: Նրանք նաև կօժանդակեն իրենց տարածքում գործող մյուս Կողմի հնագիտական արշավախմբերի գործունեությանը:

 

Հոդված 12

 

Յուրաքանչյուր Կողմ կխրախուսի համագործակցությունը այն փորձագետների և մարմինների միջև, որոնք պատասխանատու են հնագիտական, արվեստի, ճարտարապետական, մշակութային, պատմական և բնաշխարհի ժառանգությունը պահպանելու, վերահսկելու, գնահատելու, վերականգնելու, օգտագործելու և վերջինիս կառավարմանը օժանդակելու համար՝ փորձագետների այցելությունների, տեղեկատվության, փորձի, հրապարակումների փոխանակման միջոցով:

 

Հոդված 13

 

Կողմերը կխրախուսեն սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում տեղեկատվության և փորձի փոխանակումը:

 

Հոդված 14

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների արխիվների, գրադարանների և թանգարանների միջև՝ նյութերի և փորձագետների փոխանակման միջոցով:

 

Հոդված 15

 

Կողմերը ցանկանում են զարգացնել համագործակցությունը հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության բնագավառում՝ իրենց պետական կառավարման համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության միջոցով: Հայաստանի Հանրապետության դեպքում իրավասու մարմինն է՝ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը: Իտալիայի դեպքում իրավասու մարմինն է՝ մշակութային գործերի նախարարության գլխավոր գրասենյակի XI ծառայության հեղինակային իրավունքների և S.I.A.E տեսչությունը:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը կստեղծեն համատեղ հանձնաժողով մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության զարգացումն ուսումնասիրելու և գործնական բազմամյա ծրագրեր մշակելու նպատակով: Համատեղ հանձնաժողովի նիստերը կգումարվեն պարբերաբար՝ Երևանում և Հռոմում:

Կողմերը տեղեկություններ կփոխանակեն իրենց ներկայացուցիչների վերաբերյալ:

 

Հոդված 17

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխել կամ լրացնել սույն Համաձայնագիրը առանձին արձանագրությունների միջոցով, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկրորդ ծանուցման ստացման օրվանից, որով Կողմերը միմյանց կծանուցեն իրենց օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ սահմանադրական պահանջների կատարման մասին:

 

Հոդված 19

 

Որևէ տարաձայնություն, որը կարող է առաջանալ Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ, կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 20

 

Սույն Համաձայնագիրը կգործի անժամկետ: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Կողմին ծանուցելուց 6 ամիս հետո և չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ընթացքում համաձայնեցված ընթացիկ ծրագրերի իրականացման վրա, եթե երկու Կողմերը այլ կերպ չեն համաձայնել:

 

Ի վկայություն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, լինելով պատշաճ կերպով լիազորված համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իտալերեն և անգլերեն, բոլոր  տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման հետ կապված որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 19.05.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան