Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,
ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները,
համոզված լինելով, որ կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ու հարակից այլ բնագավառներում փոխանակումներն ու համագործակցությունը կարող են նպաստել երկու Կառավարությունների և երկու ժողովուրդների փոխըմբռնմանը,
համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.
Հոդված 1
Կողմերը համաձայնում են, սույն Համաձայնագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, իրականացնել մշակութային, կրթական, գիտական և տեխնիկական համագործակցություն:
Հոդված 2
Կողմերը կաջակցեն յուրաքանչյուր երկրում համալսարանների միջև համագործակցության զարգացմանը միջբուհական համաձայնագրերի միջոցով, որոնք կնախատեսեն.
- պրոֆեսորների և հետազոտողների փոխանակումներ,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտություններ,
- սեմինարների և սիմպոզիումների անցկացում:
Հոդված 3
Երկու երկրների միջև կրթության բնագավառում հարաբերությունները զարգացնելու նպատակով Կողմերը.
ա) կխրախուսեն և կօժանդակեն կրթական ոլորտում երկու երկրների անհատների, հաստատությունների և կազմակերպությունների միջև անմիջական համագործակցությունը, շփումներն ու փոխանակումները,
բ) կխրախուսեն և կօժանդակեն միմյանց լեզուների և գրականության ուսուցումը մասնավորապես համալսարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնների, ինչպես նաև տեղական կրթական հաստատությունների կողմից կազմակերպված դասընթացների և դասախոսությունների միջոցով,
գ) կխրախուսեն և կօժանդակեն միմյանց պատմության, աշխարհագրության և մշակույթի ճանաչմանը դրանք դասագրքերում ճշգրիտ ներկայացնելու միջոցով,
դ) կխրախուսեն և կօժանդակեն համագործակցությունն ու փոխանակումները՝ կապված ուսուցման մեթոդների, ուսումնական ձեռնարկների, նյութերի և ծրագրերի հետ, մասնավորապես փորձագետների փոխանակումների միջոցով,
ե) կխրախուսեն համալսարաններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տեղական հաստատություններում դասընթացների, դասախոսությունների անցկացումը, ամբիոնների հիմնադրումը:
Հոդված 4
Կողմերը պարտավորվում են պաշտպանել սույն Համաձայնագրի իրականացումից բխող մտավոր սեփականության իրավունքները: Դրա հետ կապված՝ կգերակայեն երկու Կողմերի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի դրույթները:
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կխրախուսեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հետ կապված խորհրդակցությունները և համաձայնագրերը:
Մտավոր սեփականության իրավունքների հետ կապված և սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունից բխող որևէ գիտական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն չի կարող հրապարակվել առանց այդ տեղեկատվությունը տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության:
Հոդված 5
Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, մյուս Կողմի համալսարանական և հետհամալսարանական մակարդակով սովորող և գիտական հետազոտություն իրականացնող ուսանողներին և ուսումնական հաստատությունը ավարտած երիտասարդներին ու մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող որակյալ մասնագետներին իրենց երկրներում կտրամադրեն կրթաթոշակներ:
Հոդված 6
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը մշակույթի, կրթության, գիտության և տեխնիկայի բնագավառներում իրենց տարածքներում գործող ոչ կառավարական կազմակերպությունների, ընկերակցությունների և համապատասխան պետական հաստատությունների միջև:
Կողմերը կփոխանակեն իրենց համապատասխան գեղարվեստական ու մշակութային ժառանգությունը ներկայացնող բարձր մակարդակի ցուցահանդեսներ և ցուցադրումներ:
Հոդված 7
Կողմերը կխրախուսեն և կզարգացնեն գիտական ու տեխնիկական համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում մշակած ծրագրով նախատեսված բնագավառներում:
Գիտական և տեխնիկական համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.
ա) ուսուցիչների, հետազոտողների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի փոխադարձ այցելություններ,
բ) գիտական և տեխնիկական արդիական խնդիրների վերաբերյալ փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակում,
գ) սեմինարների, գիտաժողովների, սիմպոզիումների և ցանկացած այլ միջոցառման համատեղ կազմակերպում,
դ) փորձագետներին և հետազոտողներին կացության նպատակով միմյանց երկրներում հետհամալսարանական կրթաթոշակների տրամադրում,
ե) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համատեղ հետազոտական ծրագրերի մշակում և իրականացում,
զ) ցանկացած այլ տեսակի գիտական և տեխնիկական համագործակցության իրականացում, որը կարող է համաձայնեցվել Կողմերի միջև:
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ կօժանդակի իր տարածքում մյուս երկրի մշակույթի ինստիտուտների և մշակութային հաստատությունների, ինչպես օրինակ՝ ընկերակցությունների և կրթական հաստատությունների հիմնադրմանը և գործունեությանը:
Հոդված 9
Յուրաքանչյուր Կողմ կխրախուսի շփումներն ու անմիջական համագործակցությունը իր մամուլի և ռադիոհեռարձակման միջոցների միջև:
Հոդված 10
Կողմերը սերտորեն կհամագործակցեն մշակութային արժեքների ու արվեստի գործերի անօրինական ներմուծումը, արտահանումը և տեղափոխումը կանխարգելելու համար: Այդ համագործակցության, փորձի ու տեղեկատվության փոխանակման միջոցները կհամաձայնեցվեն երկու Կողմերի իրավասու մարմինների միջև:
Հոդված 11
Կողմերը կօժանդակեն համագործակցությանը հնագիտության բնագավառում՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման միջոցով: Նրանք նաև կօժանդակեն իրենց տարածքում գործող մյուս Կողմի հնագիտական արշավախմբերի գործունեությանը:
Հոդված 12
Յուրաքանչյուր Կողմ կխրախուսի համագործակցությունը այն փորձագետների և մարմինների միջև, որոնք պատասխանատու են հնագիտական, արվեստի, ճարտարապետական, մշակութային, պատմական և բնաշխարհի ժառանգությունը պահպանելու, վերահսկելու, գնահատելու, վերականգնելու, օգտագործելու և վերջինիս կառավարմանը օժանդակելու համար՝ փորձագետների այցելությունների, տեղեկատվության, փորձի, հրապարակումների փոխանակման միջոցով:
Հոդված 13
Կողմերը կխրախուսեն սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում տեղեկատվության և փորձի փոխանակումը:
Հոդված 14
Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների արխիվների, գրադարանների և թանգարանների միջև՝ նյութերի և փորձագետների փոխանակման միջոցով:
Հոդված 15
Կողմերը ցանկանում են զարգացնել համագործակցությունը հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության բնագավառում՝ իրենց պետական կառավարման համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության միջոցով: Հայաստանի Հանրապետության դեպքում իրավասու մարմինն է՝ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը: Իտալիայի դեպքում իրավասու մարմինն է՝ մշակութային գործերի նախարարության գլխավոր գրասենյակի XI ծառայության հեղինակային իրավունքների և S.I.A.E տեսչությունը:
Հոդված 16
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը կստեղծեն համատեղ հանձնաժողով մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության զարգացումն ուսումնասիրելու և գործնական բազմամյա ծրագրեր մշակելու նպատակով: Համատեղ հանձնաժողովի նիստերը կգումարվեն պարբերաբար՝ Երևանում և Հռոմում:
Կողմերը տեղեկություններ կփոխանակեն իրենց ներկայացուցիչների վերաբերյալ:
Հոդված 17
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխել կամ լրացնել սույն Համաձայնագիրը առանձին արձանագրությունների միջոցով, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 18
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկրորդ ծանուցման ստացման օրվանից, որով Կողմերը միմյանց կծանուցեն իրենց օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ սահմանադրական պահանջների կատարման մասին:
Հոդված 19
Որևէ տարաձայնություն, որը կարող է առաջանալ Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ, կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
Հոդված 20
Սույն Համաձայնագիրը կգործի անժամկետ: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Կողմին ծանուցելուց 6 ամիս հետո և չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ընթացքում համաձայնեցված ընթացիկ ծրագրերի իրականացման վրա, եթե երկու Կողմերը այլ կերպ չեն համաձայնել:
Ի վկայություն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, լինելով պատշաճ կերպով լիազորված համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իտալերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման հետ կապված որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 19.05.2005թ.