ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 124-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար (դիստանցիոն) ձևով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում.
2) քառամսյա ժամկետում հաստատել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 124-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում և հետբուհական կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ուսումնական հաստատություն) հեռավար (դիստանցիոն) կրթական տեխնոլոգիաների (այսուհետ` հեռավար ուսուցում) ներդրման և կիրառման դրույթները: Հեռավար ուսուցումը կարող են կազմակերպել միայն համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները` հիմնական և (կամ) լրացուցիչ մասնագիտական, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրերով:
2. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ սովորողի և դասախոսի միջև անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար (դիստանցիոն) ուսուցման կիրառման նպատակն ուսումնառողներին բնակության վայրերում կրթական ծրագրերի յուրացման հնարավորություն ընձեռելն է:
3. Հեռավար ուսուցման հիմքը կազմում են փաթեթային (քեյսային), ինտերնետ և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները: Թույլատրվում է տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:
4. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն (առանց տարիքի սահմանափակման) ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական-տեխնիկական, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետազոտողի, ասպիրանտի որակավորում ունեցող անձինք:
5. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունն ըստ մասնագիտությունների սահմանվում է այդ մասնագիտությունների համար հաստատված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
6. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով, ուսումնական պլանին համապատասխան: Ուսումնական հաստատության որոշմամբ հեռավար (դիստանցիոն) ուսուցման տևողությունը կարող է կրճատվել այն ուսանողների համար, ովքեր ունեն հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն: Կրճատված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով:
7. Հեռավար (դիստանցիոն) ուսուցման տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, պրակտիկաների (բացառությամբ` արտադրական), ընթացիկ և միջանկյալ ատեստավորումների (բացառությամբ` ամփոփիչ ատեստավորման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, ուսանող-դասախոս անմիջական հաղորդակցությունը: Հեռավար (դիստանցիոն) ուսուցման դեպքում դասավանդողների և ուսումնառողների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կողմից:
8. Ուսումնական հաստատությունն իրավասու է սահմանված կարգով կիրառելու հեռավար (դիստանցիոն) ուսուցման տեխնոլոգիաները` այդ տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստվածության աստիճան ունեցող ղեկավար և մանկավարժական, ուսումնաօժանդակ անձնակազմերի և հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպման կիրառման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած տարածքների և պայմանների առկայության դեպքում: Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և ուսումնական հաստատության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:
9. Տվյալ ուսումնական տարվա համար համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով բուհ ընդունված ուսանողները հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ ուսումնառելու դեպքում ներկայացնում են գրավոր դիմում և բուհի հետ կնքում համապատասխան պայմանագիր:
10. Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կազմակերպվում է` սկսած առաջին կիսամյակից:
11. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն իրավասու է կրթական գործընթացի արդյունքների հաշվառումը և հաստատության ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու էլեկտրոնային տարբերակով: Ամփոփիչ, ավարտական ատեստավորման փաստաթղթերը և սովորողների անձնական գործերը սահմանված կարգով պահվում են բուհում:
12. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսանողներին, դասախոսներին և ուսումնաօժանդակ անձնակազմերին ապահովում է անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով (ուսումնական պլան, ուսանողի անհատական ուսումնական պլան, քննական թեստեր և այլն): Անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը կարող է տրամադրել տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, ճյուղային և հասարակական-քաղաքական հրատարակություններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ:
13. Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), մոդուլները, յուրաքանչյուր առարկային հատկացված ժամաքանակը, կրեդիտը, ստուգման և մատուցման ձևը:
14. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականացման ժամանակ ուսումնական հաստատությունը սահմանում է հաստատության տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգն ու ձևը:
15. Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունն իր միջոցների հաշվին` օրենքով սահմանված կարգով ապահովում է ղեկավար, մանկավարժական, ուսումնաօժանդակ անձնակազմերի (այդ թվում` մասնաճյուղերում աշխատող) վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |