Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-21-Ո-29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.11/1(735) Հոդ.6
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-21-Ո-29

2009 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՐՏԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, 

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Գ. Խանդանյանի, Մ. Մարտիրոսյանի, 

Մ. Մակյանի, Ն. Տավարացյանի,
Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի,
  

մասնակցությամբ դատավոր

Մ. Կարապետյանի


քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 03.12.2009թ. թիվ N-Կ-2-07/09 որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.11.2009թ. թիվ Ե-7781 գրությունը` հասցեագրված Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2009թ. դատավճռով Լևոն Ստեփանի Վանիկյանը, Սամվել Հակոբի Տոնյանը և Հարություն Հունանի Բուշտունցևը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրանցից`

1. Լևոն Ստեփանի Վանիկյանը դատապարտվել է ազատազրկման 3(երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009թ. հունվարի 22-ից, իսկ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2. Սամվել Հակոբի Տոնյանը դատապարտվել է ազատազրկման 3(երեք) տարի 6(վեց) ամիս ժամկետով և ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի «4» ենթակետի կիրառմամբ ազատվել է նշանակված պատժից: Սամվել Տոնյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

3. Հարություն Հունանի Բուշտունցևը դատապարտվել է ազատազրկման 3(երեք) տարի 6(վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009թ. մայիսի 15-ից, իսկ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ դատավճռի՝ ամբաստանյալ Սամվել Հակոբի Տոնյանն ազատազրկման ձևով պատիժ է կրել նախկինում դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար և ունի չմարված դատվածություն: Մասնավորապես՝ 22.03.2001թ. դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասով և 100-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 8(ութ) տարի ժամկետով, որը 14.08.2003թ. որոշմամբ համապատասխանեցվել է 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներին, և այդ օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 137-րդ հոդվածով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, որը կրելուց 09.02.2006թ. ազատվել է պայմանական վաղաժամկետ՝ 2(երկու) տարի 7(յոթ) ամիս 14 օր չկրած մասով, իսկ դատվածությունը եղել է չմարված:

 Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում, որպես ամբաստանյալ Սամվել Հակոբի Տոնյանի անձը բնութագրող տվյալ, նաև նշվել է, որ 1992-1994թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:

 Դատարանը Սամվել Հակոբի Տոնյանի նկատմամբ կիրառել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի «4» ենթակետը՝ նրան ազատելով նշանակված պատժի կրումից:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը և դրան կից ներկայացված համապատասխան նյութերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Կարապետյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Մասնավորապես, hամաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի «4» ենթակետի՝ պատժից ենթակա են ազատման առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը բացառել է նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ այդ դրույթի կիրառումը: Այնինչ, ինչպես արդեն նշվեց, Սամվել Հակոբի Տոնյանը ազատազրկման ձևով պատիժ է կրել նախկինում դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար և ունեցել է չմարված դատվածություն:

Այսինքն` ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի «4» ենթակետը Սամվել Հակոբի Տոնյանի նկատմամբ ենթակա չի եղել կիրառման:

Արդյունքում թույլ է տրվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում` ամբաստանյալին ապօրինաբար ազատելով պատժի կրումից:

Այսպիսով, դատարանը, կիրառելով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որն արտահայտվել է նրանում, որ դատարանն անտեսել է համաներման ակտի կիրառման սահմանափակումը, որի արդյունքում դատապարտյալն ապօրինաբար ազատվել է պատժի (քրեաիրավական ներգործության միջոցի) կրումից:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Կարապետյանը, խախտելով համաներում կիրառելու համար օրենսդրի կողմից նախատեսված սահմանափակումը, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանը 08.12.2009թ. Արդարադատության խորհրդին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Սամվել Տոնյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով քրեական գործով 2009թ. հուլիսի 29-ի դատավճռով Սամվել Հակոբի Տոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով:

Սամվել Տոնյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը, և ամբաստանյալն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով նշանակված 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում պատժից:

Սամվել Տոնյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոփոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Ընդունում եմ, որ իմ անուշադրության հետևանքով Սամվել Տոնյանի նկատմամբ համաներման ակտը սխալ է կիրառվել` հաշվի չի առնվել, որ ամբաստանյալն ունի դատվածություն:

Դա կապված է եղել իմ հարազատներին վերաբերող մի շարք հանգամանքների հետ: Դրանց մանրամասները նշելը նպատակահարմար չեն համարում, քանի որ դրանք խիստ անձնական են և կապված են ծայրաստիճան բացասական ապրումների հետ: Այս ամենը, իհարկե, չի վերացնում իմ պատասխանատվությունը թույլ տված սխալի համար, սակայն դա որոշակի հանգամանքների զուգորդությամբ դատավորի պարտականությունը ոչ պատշաճ կատարելու արդյունք է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Սամվել Տոնյանի մասով դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել, և իմ կողմից թույլ տրված սխալը կվերացվի օրենքով սահմանված կարգով»:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանը 15.12.2009թ. Արդարադատության խորհրդին ներկայացրել է լրացուցիչ բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Կարգապահական վարույթ հարուցելու կապակցությամբ ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին 2009թ. դեկտեմբերի 8-ին տված գրավոր բացատրությունում ես նշել եմ այն հանգամանքները, որոնց զուգորդմամբ դատավորի պարտականությունները Սամվել Տոնյանի վերաբերյալ քրեական գործով կատարել եմ ոչ պատշաճ: Դրանք կրկին շարադրելն անհրաժեշտ չեմ համարում»:

Դատավոր Մ. Կարապետյանն ընդունել է իր կողմից նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու հանգամանքը:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2009թ. դատավճռով Լևոն Ստեփանի Վանիկյանը, Սամվել Հակոբի Տոնյանը և Հարություն Հունանի Բուշտունցևը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու մեջ.

2. Սամվել Տոնյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով և ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ ազատվել է նշանակված պատժից: Սամվել Տոնյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ` չհեռանալու մասին, և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից.

3. Սամվել Տոնյանը նախկինում ազատազրկման ձևով կրել է պատիժ և ունի չմարված դատվածություն:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամին, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` «ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է»:

19.06.2009թ. համաներման ակտով որոշակի վերապահումներ են կատարվել առավելությունների ձևով այն անձանց համար, ովքեր, մասնակցելով հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմական գործողություններին, անվիճելի իրավունք ունեն տարբերակված մոտեցում ստանալու համար: Միաժամանակ, նման անձանց նկատմամբ համաներում կիրառելու հարցում կատարվել են որոշ բացառություններ, քանի որ որոշակի հանգամանքների առկայության պարագայում նման անձինք, չնայած անձը բնութագրող վերը նշված դրական տվյալի, այնուամենայնիվ, որպես նախկինում հանցանք կատարած անձինք ամբողջությամբ չեն դադարում հանրության համար վտանգ ներկայացնել:

Համաձայն «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի` պատժից ենթակա են ազատման առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն»:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը բացառել է նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ այդ դրույթի կիրառումը: Այնինչ, ինչպես արդեն նշվել է, Սամվել Հակոբի Տոնյանը ազատազրկման ձևով պատիժ է կրել նախկինում դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար և ունեցել է չմարված դատվածություն:

Այսինքն` ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009թ. ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի «4» ենթակետը Սամվել Հակոբի Տոնյանի նկատմամբ կիրառելի չի եղել:

Մինչդեռ դատավոր Մ. Կարապետյանը անտեսել է համաներում կիրառելու վերը նշված հստակ սահմանափակումը, ինչը հանգեցրել է նրան, որ հանցագործություն կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և նա ապօրինի ազատվել է պատժի կրումից: Հետևաբար` չի իրականացվել նաև պատժի ամենակարևոր նպատակներից մեկը` սոցիալական արդարության վերականգնումը, իսկ հանցանք կատարած անձը արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:

Դատավոր Մ. Կարապետյանի կողմից խախտվել է ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմամբ սահմանված համաներում կիրառելու կարգը և նախատեսված սահմանափակումները:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2009թ. դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, ինչպես նաև ամբաստանյալ Սամվել Տոնյանի պաշտպան Աստղիկ Պապիկյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 15.12.2009թ. որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և բեկանել դատական ակտը` արձանագրելով, որ «Սամվել Տոնյանի նկատմամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի համարվել չի կարող, ինչը հանգեցրել է նյութական իրավունքի խախտման և հիմք է դատական ակտը Սամվել Տոնյանի նկատմամբ համաներում կիրառելու մասով մասնակի բեկանելու համար»:

Խորհուրդը գտնում է, որ սույն կարգապահական վարույթը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Մ. Կարապետյանի կողմից նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան
Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

Հ. Փանոսյան
Մ. Մակյան

Ս. Օհանյան