ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-21-Ո-28
2009 թ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Գ. Խանդանյանի, Մ. Մարտիրոսյանի, Մ. Մակյանի, Ն. Տավարացյանի, |
մասնակցությամբ դատավոր |
Ռ. Մելքոնյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2009 թվականի դեկտեմբերի 24-ին Երևան
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 03.12.2009թ. թիվ N-Կ-2-06/09 որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.11.2009թ. թիվ Ե-7782 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության՝
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.08.2008թ. դատավճռով Հարություն Ավագի Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի ժամկետով, կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի հրամանատարության վրա:
02.09.2009թ. ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի հրամանատարությունը միջնորդություն է ներկայացրել դատարան` դատապարտյալ Հարություն Ավագի Ավագյանին ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմամբ պատժի կրումից ազատելու մասին:
Դատախազը չի առարկել միջնորդության դեմ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ. Մելքոնյան) 17.09.2009թ. թիվ ՏԴ/0042/15/09 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2008թ. դատավճռով Հարություն Ավագի Ավագյանի նկատմամբ սահմանված պայմանական դատապարտությունը վերացվել է, և նա ազատվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից:
Դատարանը կիրառել է ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը և դրան կից ներկայացված համապատասխան նյութերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է:
ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 8-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է համաներումը չկիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
Այսպիսով, ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը որպես ընդհանուր կանոն հռչակել է դատապարտված անձանց որոշակի կատեգորիա, որոնք կարող են ազատվել պատժից:
Մինչդեռ օրենսդիրը նույն որոշման 8-րդ կետի 7-րդ ենթակետում, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, որոշել է համաներումը չկիրառել վերոնշյալ հանցագործության կատարման համար դատապարտված անձանց նկատմամբ:
Այսպիսով, դատարանը, կիրառելով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որն արտահայտվել է նրանում, որ դատարանն անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը, որի արդյունքում դատապարտյալն ապօրինաբար ազատվել է պատժի (քրեաիրավական ներգործության միջոցի) կրումից:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանը ոչ միայն խախտել է համաներում կիրառելու համար նախատեսված կարգը, այլև հաշվի չի առել կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորությունը և նման արարքների համար համաներում կիրառելու` օրենսդրի կողմից սահմանված հստակ արգելքը: Դատավոր Ռ. Մելքոնյանի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանը Արդարադատության խորհրդին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2008թ. դատավճռով Հարություն Ավագի Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ նշանակվել է 1 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ուժով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան, իսկ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի հրամանատարության վրա:
02.09.2009թ. ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի հրամանատարությունը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Հարություն Ավագյանին ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմամբ պատժի կրումից ազատելու մասին:
17.09.2009թ. դատարանը իմ նախագահությամբ քննության է առել միջնորդությունը և այն բավարարել, որով թույլ է տրվել նյութական օրենքի նորմի խախտում, քանզի ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 8-րդ կետի 7-րդ ենթակետի ուժով արգելվել է այն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց նկատմամբ:
Կատարվածի մեջ մեղքս ընդունելով` միաժամանակ հայտնում եմ, որ նշված խախտումը որոշակի հետևանք չի առաջացրել, քանի որ դատապարտյալ Հարություն Ավագյանն արդեն իսկ ազատված է եղել պատժի կրումից` գտնվելով պայմանական դատապարտության մեջ, և որ նա իր` զինվորականի կարգավիճակով շարունակել է գտնվել զորամասի հրամանատարության վերահսկողության ներքո»:
Դատավոր Ռ. Մելքոնյանն ընդունել է իր կողմից նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու հանգամանքը:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.08.2008թ. դատավճռով Հարություն Ավագի Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ նշանակված 1 տարի ազատազրկման պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
2. 02.09.2009թ. ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի հրամանատարությունը միջնորդություն է ներկայացրել դատարան` դատապարտյալ Հարություն Ավագի Ավագյանին ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմամբ պատժի կրումից ազատելու վերաբերյալ:
3. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, կիրառելով «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, 17.09.2009թ. թիվ ՏԴ/0042/15/09 որոշմամբ վերացրել է Հարություն Ավագյանի նկատմամբ սահմանված պայմանական դատապարտությունը, և նա ազատվել է 1 տարի ժամկետով ազատազրկումից:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամին, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` «ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է»:
Համաձայն ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 7-րդ ենթակետի` «ՀՀ Ազգային ժողովը որոշել է համաներումը չկիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:
Մինչդեռ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ. Մելքոնյան) 17.09.2009թ. թիվ ՏԴ/0042/15/09 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2008թ. դատավճռով Հարություն Ավագի Ավագյանի նկատմամբ սահմանված պայմանական դատապարտությունը վերացվել է, և նա ազատվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումից:
Դատարանը կիրառել է ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել և նա ապօրինաբար ազատվել է պատժի կրումից: Հետևաբար` չի իրականացվել նաև պատժի ամենակարևոր նպատակներից մեկը` սոցիալական արդարության վերականգնումը, իսկ հանցանք կատարած անձը արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:
Դատավոր Ռ. Մելքոնյանի կողմից խախտվել է ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմամբ սահմանված համաներում կիրառելու կարգը և նախատեսված սահմանափակումները:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2009թ. որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 10.12.2009թ. որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը և բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ակտը` արձանագրելով, որ «տվյալ դեպքում ՀՀ քր. օր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտված Հարություն Ավագի Ավագյանի նկատմամբ համաներումը կիրառելի համարվել չէր կարող, ինչը հանգեցրել է նյութական իրավունքի խախտման և հիմք է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանելու համար»:
Խորհուրդը գտնում է, որ սույն կարգապահական վարույթը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Ռ. Մելքոնյանի կողմից նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մելքոնյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան Մ. Մարտիրոսյան Հ. Փանոսյան Ս. Օհանյան |