Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2010-27.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.20/47.1 Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 853-Ն

 

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 6-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված պետական գնումների գործակալության լիազորությունը վերապահել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հաստատել`

1) գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների` կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 04.12.08 N 1444-Ն)

3. Սահմանել, որ գնումների պաշտոնական տեղեկագիրը հրատարակվում է էլեկտրոնային ձևով` լիազոր մարմնի ինտերնետային կայքում:

4. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Գնումների մասին տեղեկությունների հրապարակման և գնումների բնութագրերի հաստատման և նախնական հսկողության կարգերը հաստատելու մասին» N 556 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Փակ մրցույթով գնումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1755-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու մասին» N 1690-Ն որոշումը:

5. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են պարբերական մրցույթներ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

3. Գնման առարկայի բնութագիրը ներառում է`

1) ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները: Խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում տեխնիկական հատկանիշը ներառում է գնվելիք ծառայության առաջադրանքը: Տեխնիկական հատկանիշները սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի համաձայն: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պարտադիր է գնման առարկայի չօգտագործված լինելու պայմանը, իսկ գնումների բազային միավորի հնգապատիկը գերազանցող նախահաշվային արժեք ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների (աշխատանքների) գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն.

2) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը (այսուհետ՝ գնման ժամանակացույց): Գնման ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով գնման առարկայի ձեռքբերման համար պահանջվող ժամկետները.

3) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց վճարման պայմանները (այսուհետ՝ վճարման ժամանակացույց):

4. Շինարարական աշխատանքի գնման առարկայի բնութագիրը սահմանվում է սահմանված կարգով փորձաքննություն անցած` հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կատարվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, եթե այդ աշխատանքի կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությունը պարտադիր է: Եթե շինարարական աշխատանքի կատարման պայմանագիրը կնքվելու է նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան գնման պայմանագրի գինն է, և աշխատանքների մնացած մասը կատարվելու է հաջորդող տարիներին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, ապա նախագծանախահաշվային փաստաթղթերում առանձնացվում են տվյալ տարում հատկացված միջոցների հաշվին կատարվելիք աշխատանքների ծավալները, որոնք պետք է հաստատված լինեն նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակած անձի կողմից:

5. Գնման առարկայի բնութագիրը հաստատում է պատվիրատուի ղեկավարը: Գնման առարկայի բնութագրի նախագիծը կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում պատվիրատուի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում): Ընդ որում, պատասխանատու ստորաբաժանման` գնման առարկայի բնութագրի նախագծման աշխատանքները կազմակերպող անձինք (ներկայացուցիչները)`

1) պետք է ունենան գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է` ելնելով գնման առարկայի տեսակից: Եթե պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա պատասխանատու ստորաբաժանման աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր կողմից տրված եզրակացությունների և առաջարկների համար.

2) կամ հրավիրված փորձագետները (մասնագետները) չեն կարող մասնակցել գնումների գործընթացի կազմակերպմանը (նախապատրաստմանը), եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն:

6. Գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը գրավոր սահմանում է պատասխանատու ստորաբաժանում: Ընդ որում`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնում կատարելու պահանջի ծագման օրն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու, համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսերի նախահաշվի (այսուհետ՝ նախահաշիվ) հաստատման, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման օրն է.

2) համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում, հիմք ընդունելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանները, մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած ձևով հաստատում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով նախատեսված լիազոր մարմնին է (այսուհետ` լիազոր մարմին) տրամադրում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք գնումների պլանը (այսուհետ` գնումների պլան).

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված գնումների անվանացանկն է, որը, օրենքով նախատեսված պահանջներից բացի, յուրաքանչյուր գնման համար սահմանում է նաև գնման տվյալ գործընթացի կազմակերպման ժամկետները և գնման ձևը: Ընդ որում, այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված գնումների անվանացանկում ընդգրկվում են որպես պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող գնումներ.

4) որպես կանոն, գնումների պլանում կատարվող փոփոխությունները, այդ թվում` վերաբաշխումները, չեն կարող գերազանցել սույն կետի համաձայն հաստատված, ներառյալ կատարված լրացումները, գնումների պլանի ընդհանուր գումարի քսան տոկոսը: Եթե տվյալ տարվա ընթացքում լրացուցիչ (գնումների սկզբնական պլանում չներառված) գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում.

5) գնման գործընթացների կազմակերպման հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված գնումների պլանի առկայությունն է: Գնումների պլանները, ներառյալ կատարված փոփոխությունները և լրացումները, դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուների կողմից ներկայացվում են լիազոր մարմին` վերջինիս ինտերնետային կայքում հրապարակելու նպատակով: Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանները չեն հրապարակվում:

7. Պատասխանատու ստորաբաժանումը գնման պահանջի ծագման օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում՝

1) գնման առարկայի բնութագրերի նախագիծը.

2) օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, բացառությամբ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերի.

3) գնումը կատարելու ձևի առաջարկը: Ընդ որում, պետության կարիքների համար`

ա. կազմակերպված գնման գործընթացն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով կարող է չկայացած հայտարարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայության դեպքում,

բ. օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով գնումներ կարող են կատարվել բացառապես արտակարգ իրավիճակների (բնական աղետների) առաջացման դեպքում: Արտակարգ իրավիճակներով չպայմանավորված հրատապության հիմքով գնումները կարող են կատարվել մեկ անձից գնման ձևով` մինչև գնման գործընթացն սկսվելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` նրա սահմանած կարգով, գրավոր համաձայնեցված դեպքերում: Ընդ որում, հրատապության հիմքով գնումներ կատարելիս` պատվիրատուն ապահովում է առնվազն երեք մասնակցի գնային առաջարկների առկայությունը` այդ նպատակով լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակելով նաև հնարավոր մասնակիցների որոշման մասին հայտարարություն: Հայտեր ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` առաջարկված գների նվազեցման հնարավորության շուրջ: Բանակցություններում ներգրավվում են հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցները, և յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների վարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվում է գնման պայմանագիր,

գ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում, մրցակցության բացակայությամբ պայմանավորված, կարող են կատարվել բացառապես ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնումները: Այլ նպատակներով մրցակցության բացակայության հիմքով գնումները կարող են կատարվել մեկ անձից գնման ձևով` մինչև գնման գործընթացն սկսվելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` նրա սահմանած կարգով գրավոր համաձայնեցված դեպքերում,

դ. պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց շրջանակներում պետությանը կամ համայնքին տվյալ ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և ծառայության մատուցումը կազմակերպության գործունեության հիմնական առարկան է, և դա ուղղակիորեն ամրագրված է կազմակերպության կանոնադրությամբ.

4) այն անձանց (թեկնածուների) ցուցակը, ովքեր առաջադրվում են մրցույթի կամ առաջարկները գնահատող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվելու նպատակով: Թեկնածուները ներկայացվում են ըստ հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Ներկայացված թեկնածուները պետք է ունենան մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում`

ա. պատասխանատու ստորաբաժանման` գնման առարկայի բնութագրի նախագծման աշխատանքները կազմակերպող անձինք (ներկայացուցիչները) չեն կարող ընդգրկվել հանձնաժողովի կազմում,

բ. եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա մրցույթի հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) մրցույթի հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Վերջինս պատասխանատվություն է կրում իր կողմից տրված եզրակացությունների և առաջարկների համար,

գ. պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է հիմնավորել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուների անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը,

դ. մրցույթի հանձնաժողովի անդամները կամ հրավիրված փորձագետները (մասնագետները) չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նրանց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից են: Այդ կապակցությամբ ներգրավվող անձն ստորագրում է համապատասխան հայտարարություն.

5) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը.

6) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների կատարման ժամանակ` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգ կազմակերպելու մասին հայտարարության տեքստը:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, մինչև պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվելը, համաձայնեցվում են պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուի կամ գնումների գործի համակարգման պատասխանատու ստորաբաժանման հետ:

9. Վճարման ժամանակացույցը հաստատելիս` հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքների բյուջեներից և (կամ) պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցներից գնումների ֆինանսավորումն իրականացվում է նախահաշվի շրջանակներում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնումը կարող է կատարվել, եթե գնման առարկան ներառված է օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաստատված անվանացանկում:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված վճարման ժամանակացույցի երեք օրինակը ժամանակացույցը հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը ներկայացվում է պատվիրատուին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժին (այսուհետ՝ ՏԳԲ): Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԳԲ-ն հաստատում է վճարման ժամանակացույցի ներկայացված օրինակները: Վճարման ժամանակացույցը հաստատվում է, եթե դրանով նախատեսված հատկացումները համապատասխանում են նախահաշվին, հակառակ դեպքում վճարման ժամանակացույցը վերադարձվում է: Հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը պահվում է ՏԳԲ-ում:

11. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գնում կատարելու դեպքում`

1) վճարման ժամանակացույցը հաստատվում է տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

2) գնման պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է օրերով, որի հաշվարկի սկիզբը համընկնում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա հետ.

3) եթե ֆինանսական միջոցները նախատեսվում են մինչև գնման պայմանագրի կնքումը, ապա վճարման ժամանակացույցը ներառվում է կնքվելիք գնման պայմանագրում:

12. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը (այսուհետ՝ գնման հայտ) պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Պատվիրատուի ղեկավարը կարող է՝

1) պատասխանատու ստորաբաժանման՝ սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել այլ անձի կամ այդ նպատակով կազմավորված տեխնիկական հսկողության հանձնաժողովին, որի անդամներ կարող են լինել նաև այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները.

2) պատվիրատուի ղեկավարի՝ սույն կարգով սահմանված լիազորությունները վերապահել պատվիրատուի այլ պաշտոնատար անձի:

14. Լիազոր մարմնի կողմից հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառված և պետական կամ ծառայողական գաղտնիք`

1) չպարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը և օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, հաստատվում են մրցույթի հանձնաժողովների կողմից` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` գործակալություն) ներկայացմամբ: Ընդ որում, եթե պարբերական մրցույթը կազմակերպվում է միայն մեկ պատվիրատուի կարիքների բավարարման նպատակով, ապա սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը հաստատում և գործակալություն է ներկայացնում պատվիրատուն.

2) պարունակող ապրանքների տեխնիկական բնութագրերը հաստատվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներ կատարող պատվիրատուների ղեկավարների կողմից:

 

III. ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Գնման առարկայի բնութագիրը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում` օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գնման հայտը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով ուղարկվում է գործակալություն: Գնման պայմանագիրը կնքվում է ներկայացված գնման հայտի հիման վրա: Եթե չի կիրառվում օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` գնման պայմանագիր կնքելու համար: Ընդ որում`

1) գնման հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը գնահատում է դրանում ներառված տեղեկատվության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում գործակալությունը գրավոր դիմում է պատվիրատուին, որը գրությունն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում`

ա. համաձայնության դեպքում շտկում է անհամապատասխանությունները և գնման հայտը ներկայացնում գործակալություն,

բ. չհամաձայնելու դեպքում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա անհամապատասխանության արձանագրման անճշտության հիմնավորումը ներկայացնում է գործակալություն, որը հիմք է գնման գործընթացի կազմակերպման համար.

2) հնարավորության դեպքում գնման մեկ ընթացակարգով է կազմակերպվում միևնույն պատվիրատուի կարիքների համար գնման համանման բնութագրեր ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը` դրանք նախատեսելով որպես առանձին չափաբաժիններ:

16. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող` օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված ձևերով գնումներ կատարելու դեպքում գործակալությունը, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, ինչպես նաև օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված ձևով գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության պատճենը` բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված գնումների կատարման դեպքերի:

17. Գնման պայմանագրում (նախագծում)`

1) պայմանագիր կնքած անձի ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ, որոնց չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,05 տոկոսից, իսկ տույժերի հաշվարկումն իրականացվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.

2) նախատեսվում է, որ պայմանագիր կնքած անձի նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումն իրականացվում են վճարվող գումարներից.

3) նախատեսվում է, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`

ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է աշխատանքների կատարման համար պահանջվող լիցենզիային, տեխնիկական միջոցներին, աշխատանքային ռեսուրսներին և մասնագիտական հատկանիշներին ներկայացվող պահանջները,

դ. պատվիրատուին նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

4) նախատեսվում է, որ շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում, և նախագծած ու փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման և (կամ) դրա հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.

5) նախատեսվում է, որ, եթե սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

6) նախագծանախահաշվային փաստաթղթեր չպահանջող շինարարական աշխատանքների կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

7) նախատեսվում է, որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում մինչև գնման պայմանագրի կնքումը կատարողը (կապալառուն, մատակարարը) ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ կատարողին (կապալառուին, մատակարարին) հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա, այդ հիմքերն ի հայտ գալուց հետո, պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու գնման պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև գնման պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային գնման պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով կատարողի (կապալառուի, մատակարարի) համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ կատարողը (կապալառուն, մատակարարը) պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով.

8) նախատեսվում է, որ պայմանագիրը չի կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի.

9) նախատեսվում է, որ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ`

ա. պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը,

բ. եթե դա պատվիրատուի գործողության կամ անգործության հետևանք չէ.

10) նախատեսվում է, որ, եթե պայմանագրի գնի հիմնավորվածության և արժանահավատության փորձաքննության արդյունքում պայմանագրի գինը որակվում է շուկայական գնից տասը տոկոս բարձր, և պայմանագրի կողմը չի համաձայնում այդ չափով գնի նվազեցմանը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն լուծում է և չի կրում պայմանագրի լուծման հետևանքով առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը:

18. Եթե գնման գործընթացը կազմակերպվում է մեկ անձից գնման ձևով, ապա մասնակցին ներկայացվող հրավերով նախատեսվում է, որ պատվիրատուին ներկայացվող հայտը ներառում է պայմանագրի գնի ինքնարժեքի հաշվարկը, իսկ շահույթը չի կարող գերազանցել պայմանագրի գնի տասը տոկոսը` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների կատարման դեպքերի:

19. Շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնման դեպքում, այդ աշխատանքի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող գնման պայմանագրով նախատեսվում է, որ, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:

20. Եթե գնման առարկայի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պետության կարիքների համար կնքված գնման պայմանագրում կատարված փոփոխությունն այն կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմին` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների: Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ինտերնետային կայքում հրապարակում է տեղեկություններ կատարված փոփոխության մասին:

21. Արգելվում է գնման պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Ընդ որում, արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`

1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների նվազեցումը.

2) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի քսան տոկոսը.

3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը: Փոխարինումը համարվում է արդյունավետ, եթե դրա հետևանքով պայմանագրով նախապես սահմանված ոչ ֆինանսական արդյունքներն ստացվում են համեմատաբար քիչ ֆինանսական միջոցների ծախսմամբ.

4) բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը`

ա. միևնույն ժամկետից ավելի ժամկետով երկարաձգելը.

բ. մինչև միևնույն ժամկետով մեկ անգամից ավելի երկարաձգելը.

5) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.

6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:

22. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Ռիսկային պայմանագրերի կատարման, գների հիմնավորվածության և արժանահավատության գնահատման նպատակով` օրենքով նախատեսված լիազոր մարմինն ընտրանքային կարգով իրականացնում է փորձաքննություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով: Անհրաժեշտության դեպքում փորձաքննություններն իրականացվում են անկախ փորձագետների (մասնագետների) ներգրավմամբ: Ընդ որում, ռիսկային են համարվում նաև մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրերը` բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող գնումների, որոնք ընտրանքային կարգով ենթակա են ստուգման:

24. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են պատվիրատուի ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ: Արձանագրությունն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) հիման վրա:

25. Պատասխանատու ստորաբաժանումը դրական եզրակացություն է տալիս պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է բացասական եզրակացություն, եթե չի կիրառվում սույն կարգի 17-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պահանջը: Բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ` հարցի կարգավորման համար: Ընդ որում, գործակալության կողմից կնքված պայմանագրի շրջանակներում բացասական եզրակացություն տրվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գործակալությանը` ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների մասին: Նման դեպքում գործակալությունը, ներկայացված առաջարկություններին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:

26. Գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ:

27. Դրական եզրակացության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է արձանագրությունը:

28. Պատվիրատուն պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություն կատարելու կամ պայմանագրի պատճենը գործակալությունից ստանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք):

29. Եզրակացության և արձանագրության ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

30. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) ներկայացնում է ՏԳԲ:

31. Գնման ֆինանսավորման պայման է նաև սահմանված կարգի պահանջներին համապատասխան կազմված` գնումների պլանը և (կամ) կնքված պայմանագրի մասին հայտարարությունն օրենքով նախատեսված լիազոր մարմին ներկայացված լինելը։

32. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`

1) կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:

33. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:

 34. Օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում`

1) պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են եզրակացության և տվյալ գործարքի հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.

2) վճարում կատարվելու նպատակով ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը:

35. ՏԳԲ-ն սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է քաղվածք դրա գանձապետական հաշվից:

 

V. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների կողմից գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման դեպքում`

1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնումների պլանները` ըստ մարզի վարչական տարածքում տեղաբաշխված տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային հիմնարկների, ստանում, ամփոփում և օրենքով նախատեսված լիազոր մարմնին է տրամադրում մարզպետը, իսկ Երևան քաղաքի դեպքում` Երևանի քաղաքապետը.

2) սույն կարգի 16-րդ և 23-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում։

37. Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման դեպքում`

1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնումների պլաններն ստանում, ամփոփում և օրենքով նախատեսված լիազոր մարմնին է տրամադրում կազմակերպության լիազորված պետական (տեղական ինքնակառավարման) մարմինը.

2) սույն կարգի 9-րդ, 16-րդ, 23-րդ, 28-րդ, 30-րդ, 32-35-րդ կետերով նախատեսված նորմերը չեն գործում` բացառությամբ սույն կարգի 32-րդ կետի 2-րդ և 34-րդ կետի 1-ին ենթակետերով նախատեսված նորմերի.

3) գնման պահանջի ծագման օրը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծախսերի նախահաշիվների հաստատման (փոփոխման) օրը, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման օրը.

4) գնումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Եթե պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կատարում է գնում, որի գնման առարկան ներառված է պարբերական մրցույթներով կնքված գնման նախնական պայմանագրերում, ապա տվյալ կազմակերպությունը պարտավոր է այդ գնումը կատարել պարբերական մրցույթներով գնումների կատարման կարգին համապատասխան:

(Հավելվածը խմբ. 17.12.09 N 1521-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է մրցույթների (առաջարկների գնահատող) հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել հանձնաժողովների կազմավորման և գործունեության հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) բաց նպատակային և փակ մրցույթի դեպքում` այն պատվիրատուի ներկայացուցիչները, որի կարիքների համար իրականացվում է տվյալ գնումը: Եթե բաց նպատակային մրցույթը հայտարարվում է մեկից ավելի պատվիրատուների կարիքների համար գնում կատարելու նպատակով, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում են հավասար թվով ներկայացուցիչներ, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնման ընդհանուր գումարը տվյալ մրցույթում ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.

2) բաց պարբերական մրցույթի դեպքում` ոչ ավելի, քան այն ութ պատվիրատուների մեկական ներկայացուցիչները, որոնց կարիքների համար տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կազմակերպած գնման ընթացակարգերի արդյունքում կատարված համանման գնումներն ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ: Եթե այդպիսի պատվիրատուների թիվը չի գերազանցում երկուսը, ապա հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր պատվիրատուից ընդգրկվում է երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն պատվիրատուի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարված համանման գնումների ընդհանուր գումարն ունի համեմատաբար մեծ տեսակարար կշիռ:

4. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովը կազմավորվում է գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` տվյալ պատվիրատուի ղեկավարի կամ նրա տեղակալի հրամանով: Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով, նաև`

1) նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար (այսուհետ` քարտուղար): Փակ մրցույթի դեպքում քարտուղարը պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուն կամ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչն է: Բաց մրցույթի դեպքում քարտուղարը գործակալության ներկայացուցիչն է.

2) հանձնաժողովի կազմում խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել այլ անձինք (այսուհետ` խորհրդատու).

3) սահմանվում են հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը և առաջին նիստի անցկացման օրը և ժամը։ Ընդ որում, գործակալության կողմից կազմակերպվող գնումների դեպքում հանձնաժողովի նիստերն անցկացվում են գործակալության վարչական շենքում:

5. Հանձնաժողովը կազմավորվում է`

1) բաց նպատակային կամ միայն մեկ պատվիրատուի կարիքները բավարարելու նպատակով բաց պարբերական մրցույթի դեպքում` գնման հայտը գործակալություն ներկայացվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

2) բաց պարբերական մրցույթի դեպքում` գնման առարկան «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) հաստատված պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում ներառվելու օրվան հաջորդող քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նախկինում տվյալ գնման համար պարբերական մրցույթով գնման պայմանագիր կնքած լինելու դեպքում` այնպիսի ժամկետում, որպեսզի կնքվելիք գնման պայմանագիրն ուժի մեջ մտնի նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրանալու օրը.

3) փակ մրցույթի դեպքում` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգն ավարտվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով։ Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են բաց մրցույթի դեպքում հանձնաժողովի անդամների կեսից ավելին, իսկ փակ մրցույթի դեպքում՝ հանձնաժողովի անդամների երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ Է քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները պարտադիր ստորագրում են հանձնաժողովի որոշումները: Եթե հանձնաժողովի նիստին ներկա անդամը քվեարկում է դեմ, ապա ներկայացնում է գրավոր բացատրագիր, որը կցվում է արձանագրությանը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն:

7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները պարտադիր ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրվա և ժամի մասին:

8. Հանձնաժողովի նիստը, այդ թվում՝ հատուկ նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է բաց մրցույթի դեպքում գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը հետևյալ հաջորդականությամբ՝

1) ժամանակավորապես դադարեցնում է գնման գործընթացը` ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով.

2) դիմում է հանձնաժողովի նիստին չներկայացած անդամին (անդամներին) առաջադրողին` պահանջելով ապահովել տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ ներկայացնել հանձնաժողովի նոր անդամի թեկնածություն.

3) սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման վերջին ժամկետին.

4) գնման ընթացակարգի ժամանակավորապես դադարեցման ժամկետը լրանալու պահին նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի կազմից հետ է կանչում միևնույն պատվիրատուի առաջադրած` տվյալ նիստին չներկայացած հանձնաժողովի անդամին (անդամներին)՝ դրա մասին ծանուցելով պատվիրատուին.

5) հանձնաժողովի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով փակ մրցույթի դեպքում պատվիրատուի, իսկ բաց մրցույթի դեպքում գործակալության աշխատողներից նշանակում է հանձնաժողովի նոր անդամ (անդամներ):

9. Հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը՝ բաց մրցույթի դեպքում գործակալության պետի, իսկ փակ մրցույթի դեպքում` պատվիրատուի ղեկավարի կամ տեղակալի գրավոր հանձնարարության կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով։ Քարտուղարն արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին նիստից առնվազն քառասունութ ժամ առաջ գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին։

10. Փակ մրցույթի դեպքում, եթե հանձնաժողովը չի ապահովում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին, որը`

1) զեկուցագիրն ստանալու նույն օրը՝

ա. հրամանով մինչև հինգ աշխատանքային օրով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը,

բ. հանձնարարում է իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ եզրակացություն ներկայացված զեկուցագրի մասին: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար քարտուղարից գրավոր պահանջել լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր եզրակացության հիման վրա կարող է հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարաձգվում է մինչև եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ ընդունվում է հրաման.

3) զեկուցագրի մասին իրավաբանական ծառայության գրավոր եզրակացությունն ստանալուց հետո հրամանով՝

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե ներկայացված եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ՝

բ. ըստ իրավաբանական ծառայության եզրակացության վերանայում (փոփոխում) է հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը համարվում է հիմնավոր, եթե դրանում արձանագրվել է գնման ընթացակարգի խախտում:

11. Մինչև կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:

12. Բաց մրցույթի դեպքում, եթե հանձնաժողովը չի ապահովում գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը, քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է գործակալության պետին, որը զեկուցագիրը հիմնավոր համարելու դեպքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է հանձնաժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունում է որոշում քարտուղարի արձանագրած անհամապատասխանությունների մասին: Ընդ որում`

1) համաձայնելու դեպքում վերանայում է որոշումը.

2) չհամաձայնելու դեպքում` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը և որոշումը թողնում է անփոփոխ: Զեկուցագիրը կցվում է արձանագրությանը:

13. Հանձնաժողովի անդամի, այդ թվում` քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի՝ հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով սահմանված օրը և ժամին, որում՝

1) հաստատվում է հանձնաժողովի առաջին նիստի օրակարգը.

2) բաց մրցույթի դեպքում հաստատվում է մրցույթի մասին հայտարարության տեքստը, իսկ բաց պարբերական մրցույթի դեպքում` նաև գնման առարկայի տեխնիկական բնութագրերը.

3) հաստատվում է մրցույթի հրավերի տեքստը.

4) հաստատվում են հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը և ժամը:

15. Մրցույթի հրավերում նախատեսվում է նաև, որ`

1) մասնակիցները մրցույթի հայտով ներկայացնում են`

ա. մրցույթի հրավերով նախատեսված որակավորման պահանջներին իրենց համապատասխանության մասին հայտարարությունը,

բ. գնային առաջարկ,

գ. մրցույթի հայտի ապահովում,

դ. առաջարկներ գնման առարկայի տեխնիկական հատկանիշների վերաբերյալ,

ե. բաց մրցույթի ժամանակ հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն.

2) եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է տվյալ պայմանագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի չափը: Ընդ որում, հանձնաժողովի կողմից 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելիս` գնային առաջարկների համեմատումն իրականացվում է առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման.

3) հատուկ նիստին հաջորդող աշխատանքային օրը բաց մրցույթի դեպքում գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուն հայտերի բացման նիստին չմասնակցած մասնակիցներին է ուղարկում (տրամադրում) մրցույթի հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը: Ընդ որում, բաց մրցույթի դեպքում`

ա. էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում արձանագրությունն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով,

բ. արձանագրությունն էլեկտրոնային եղանակով տրամադրվում է նաև օրենքով նախատեսված լիազոր մարմնին, որն այն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է ինտերնետային կայքում.

4) հատուկ նիստի արդյունքների հրապարակման օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հանձնաժողովի կողմից 1-ին տեղն զբաղեցրած ճանաչված մասնակիցը գրությամբ` բաց մրցույթի դեպքում գործակալություն, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուին է ներկայացնում իր կողմից ստորագրված, իսկ հնարավորության դեպքում նաև կնքված` մրցույթի հրավերով նախատեսված` որակավորման պահանջներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը.

5) սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետում փաստաթղթեր չներկայացրած կամ մրցույթի հրավերով սահմանված որակավորման հատկանիշներ չունեցող մասնակցի հայտը մերժվում է, և տվյալ մասնակիցը հայտի մերժման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին մուտքագրում է հայտի ապահովման չափով գումար: Սույն ենթակետով սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը չվճարվելու դեպքում տվյալ մասնակցի մասին տվյալները ներառվում են գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) գնման պայմանագրերը կարող են իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով: Ընդ որում`

ա. գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը,

բ. եթե գնման պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը մրցույթի հայտով ներկայացնում է նաև պայմանագրի կողմ հանդիսացող անձի պետական գրանցման վկայականի (անձնագրի) պատճենները, իսկ 1-ին տեղն զբաղեցրած ճանաչվելու դեպքում` նաև սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը,

գ. եթե գործակալության կամ ենթակապալի միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխությունն իրականացվում է պատվիրատուի համաձայնությամբ.

7) հայտի ապահովումը ներկայացվում է տուժանքի, իսկ պայմանագրի կատարման, այդ թվում` կանխավճարի ապահովումը` երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևերով.

8) պայմանագրի կատարման ապահովման չափը հավասար է գնման պայմանագրի գնի տասը տոկոսին, ընդ որում, հատկացվելիք կանխավճարի առավելագույն չափը սահմանվում է պայմանագրի նախագծով, իսկ հաղթող ճանաչված մասնակիցն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու կանխավճարից.

9) պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի չափով ապահովում.

10) եթե գնման պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան գնման պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, պայմանագրի կատարման ապահովումը հավասար է`

ա. տվյալ տարում մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի տասը տոկոսին, իսկ կանխավճար նախատեսված լինելու դեպքում` տվյալ տարում մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի տասը տոկոսի և կանխավճարի չափի հանրագումարին, որը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ գումարի ձևերով: Ընդ որում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով, և`

բ. հաջորդող տարիներին մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների գնի տասը տոկոսին, որը ներկայացվում է տուժանքի ձևով: Եթե հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի շարունակման համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը փոխարինվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ապահովման չափով և ձևերով: Ընդ որում, ապահովումը ներկայացվում է համաձայնագիր կնքելու ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում գնման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.

11) այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարում չեն նախատեսվում ֆինանսական միջոցներ, ապա գնման պայմանագիրը լուծվում է.

12) եթե գնման պայմանագիրը կնքվելու է օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, ապա պայմանագրի կատարման ապահովումը ներկայացվում է տուժանքի ձևով` գնման պայմանագրի գնի տասը տոկոսի չափով: Ընդ որում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կատարվելու են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե գնման պայմանագիրը կնքվելու կամ դրան հաջորդող տարվա ընթացքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը փոխարինվում է սույն կարգով նախատեսված ապահովման չափով և ձևերով: Ընդ որում, ապահովումը ներկայացվում է համաձայնագիր կնքելու ծանուցումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում գնման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է:

16. Բաց մրցույթի դեպքում, ոչ ուշ, քան հանձնաժողովի առաջին նիստին հաջորդող աշխատանքային օրը, քարտուղարը հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է գործակալության պետին` այն լիազոր մարմին ուղարկելու նպատակով: Լիազոր մարմինը մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստերն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք տեղադրում է ինտերնետային կայքում` միաժամանակ զանգվածային լրատվության միջոցներով ապահովելով պետության կարիքների համար հայտարարված մրցույթի մասին հայտարարության վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. Բաց մրցույթի հրավեր ստանալու համար` մրցույթի միասին հայտարարությամբ սահմանված կարգով գործակալություն է ներկայացվում դիմում: Փաստաթղթային ձևով մրցույթի հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Գործակալությունն ապահովում է փաստաթղթային ձևով մրցույթի հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Էլեկտրոնային ձևով մրցույթի հրավեր տրամադրելու պահանջի դեպքում գործակալությունն ապահովում է մրցույթի հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

18. Փակ մրցույթի դեպքում քարտուղարը հանձնաժողովի առաջին նիստի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի հրավերի տրամադրումը բոլոր հնարավոր մասնակիցներին:

19. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար բաց մրցույթի դեպքում գործակալություն, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուին է ներկայացվում դիմում և ռուսերենով կամ անգլերենով մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը կազմում է գնումների բազային միավորի մեկ քառորդը: Այդ դեպքում գործակալությունն ապահովում է մրցույթի հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

20. Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը գործակալությանը, պատվիրատուին և (կամ) նրա պաշտոնատար անձանց արգելվում է մրցույթի հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած և (կամ) մրցույթի հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) մրցույթին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՑՈՒՄԸ

 

21. Մրցույթի հայտերը ներկայացվում են մինչև դրա համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մրցույթի հայտերը, ներառյալ սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված գրությունը, ստանում և մրցույթի հայտերի գրանցամատյանում գրանցում է քարտուղարը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով: Մրցույթի մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:

22. Եթե չեն կիրառվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու պահին` հանձնաժողովի հատուկ նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է բաց մրցույթի դեպքում` հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը, իսկ փակ մրցույթի դեպքում` երեք քառորդը:

23. Հատուկ նիստում`

1) նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի որևէ անդամ, որն ընտրվել է որպես նիստը նախագահող, նիստը հայտարարում է բացված։ Քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և նախագահին է փոխանցում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը, գրանցված հայտերը և գնահատման թերթիկների երկուական օրինակներ.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է՝

ա. մրցույթի հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող ծրարները,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը

մրցույթի հրավերով սահմանված վավերապայմաններին,

գ. առաջարկած գնման առարկայի տեխնիկական հատկանիշների համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին.

3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը՝ մեկ թվով արտահայտված՝ հիմք ընդունելով տառերով գրվածը.

4) ներկայացված գնային առաջարկների հիման վրա որոշվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր զբաղեցրած մասնակցները.

5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Եթե առկա է անհամապատասխանություն մասնակցի կողմից ներկայացված մրցույթի հայտի բնօրինակի և պատճենների միջև, ապա հանձնաժողովի կողմից գնահատման համար հիմք է ընդունվում տվյալ հայտի բնօրինակը.

6) սույն կետի համաձայն հանձնաժողովի կողմից մրցույթի հայտերը գնահատվելուց հետո քարտուղարը մրցույթի հայտերի բնօրինակներն առանձնացնում և գույքագրում է: Հանձնաժողովի լուծարումից հետո քարտուղարը սահմանված կարգով ապահովում է մրցույթի հայտում ներառված, այդ թվում` սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի հանձնումն արխիվ: Բաց մրցույթի դեպքում գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուն մերժված հայտերի պատճենները վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց՝ հատուկ նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

7) հանձնաժողովի նախագահը հրապարակում է օրենքով նախատեսված տեղեկությունները և հանձնաժողովի հաջորդ նիստի օրը, ժամը և նիստը հայտարարում փակված:

24. Սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տվյալներին տրվում են հրավերով նախատեսված պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է, եթե մրցույթի հայտով մասնակցի ներկայացրած տվյալները բավարարում են մրցույթի հրավերով դրա համար սահմանված նվազագույն պահանջները: Գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը գնահատվում է գնային առաջարկի թվերով և տառերով արտահայտված տվյալների համապատասխանությունն ու դրանց, ինչպես նաև ինքնարժեքի հաշվարկման (թվաբանական) ճշտությունը գնահատելու միջոցով: Թվերով և տառերով արտահայտված տվյալների միջև անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում տառերով արտահայտված տվյալները: Հաշվարկման (թվաբանական) անճշտությունների դեպքում, հիմք ընդունելով չափման միավորի ցուցանիշները, կատարվում է վերահաշվարկ:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

25. Սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը գնահատելու նպատակով հրավիրվող նիստում`

1) քարտուղարը նախագահին է փոխանցում մասնակցի ներկայացրած փաստաթղթերը և գնահատման թերթիկների երկուական օրինակներ.

2) սույն կետով նախատեսված գնահատման արդյունքում`

ա. անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում նիստը համարվում է կասեցված, և բաց մրցույթի դեպքում գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուն նիստի բացման հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացրած մասնակցին գրավոր ծանուցում է անհամապատասխանության մասին` վերջինիս հնարավորություն տալով ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր եղանակով ուղղել անհամապատասխանությունը: Սույն մասով նախատեսված ժամկետում անհամապատասխանությունը չշտկելու դեպքում հանձնաժողովը մերժում է հայտը: Բաց մրցույթի դեպքում գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուն մերժված հայտի պատճենը վերադարձնում է մասնակցին` նիստին հաջորդող աշխատանքային օրը,

բ. անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում քարտուղարը փաստաթղթերի բնօրինակներն առանձնացնում և գույքագրում է, որից հետո փաստաթղթերի պատճենները, ներառյալ գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկները, տրամադրում է հանձնաժողովի նախագահին, ինչի մասին արձանագրության մեջ կատարվում է գրառում:

26. Հանձնաժողովի անդամը, հայտի գնահատումն իրականացնելիս, մասնակցի որակավորման հատկանիշներին տալիս է հրավերի պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է, եթե մասնակցի ներկայացրած տվյալները բավարարում են մրցույթի հրավերով դրա համար սահմանված նվազագույն պահանջները:

27. Բաց մրցույթի դեպքում`

1) հանձնաժողովի անդամների կողմից սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի գնահատման արդյունքները` գնահատման թերթիկի մեկ օրինակները գործակալություն ներկայացնում է տվյալ մրցույթի պատվիրատուն` գրավոր, ոչ ուշ, քան սույն կարգի 26-րդ կետով նախատեսված նիստին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փաստաթղթերի պատճենները և գնահատման թերթիկի մյուս օրինակը պատվիրատուն սահմանված կարգով արխիվացնում է.

2) սույն կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը, եթե գնահատման արդյունքներով մասնակցի հայտը`

ա. գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխանող, գործակալությունն օրենքով սահմանված կարգով մասնակցին ներկայացնում է պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ,

բ. գնահատվել է հրավերի պահանջներին չհամապատասխանող, ապա սույն կարգով սահմանված կարգով գործակալությունը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդող տեղն զբաղեցրած մասնակցին` դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով պատվիրատուին: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում և գնահատվում են սույն կարգին համապատասխան:

28. Փակ մրցույթի դեպքում հանձնաժողովի անդամը գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկի երկու օրինակներում, ստորագրում և մեկ օրինակն ուղարկում (տրամադրում) է քարտուղարին՝ ոչ ուշ, քան սույն կարգի 25-րդ կետով նախատեսված նիստին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Բաց մրցույթի դեպքում հանձնաժողովը կարող է որոշում ընդունել`

1) մասնակցից բացատրություններ պահանջելու մասին: Բացատրությունները չեն կարող հանգեցնել մրցույթի հայտի փոփոխությանը.

2) մասնակցից պահանջել վերահաստատել իր որակավորման հատկանիշները: Մասնակցի որակավորման հատկանիշները համարվում են վերահաստատված, եթե նա հանձնաժողովին ներկայացնում է դրա մասին գրավոր հայտարարություն: Վերահաստատման շրջանակներում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը և (կամ) պահանջվել և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր: Եթե ընտրված մասնակիցը չի վերահաստատում որակավորման իր հատկանիշները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է, իսկ մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում:

30. Սույն կարգի 29-րդ կետի կիրառման նպատակով հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ:

31. Այն դեպքում, երբ մրցույթի արդյունքում պայմանագիր չի կնքվում՝ պայմանավորված այնպիսի հանգամանքներով, որոնց համար կողմերը պատասխանատվություն չեն կրում, ապա նշված կողմերի միջև իրավահարաբերությունը դադարում է:

32. Պայմանագիրը կնքելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պայմանագրի և պայմանագրի կատարման ապահովման պատճենները տրամադրում է պատվիրատուին:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Մրցույթը չկայացած հայտարարվելու, պայմանագիրը կնքվելու կամ սույն կարգի 32-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված: Քարտուղարը կազմում և բաց մրցույթի դեպքում գործակալության պետին, իսկ փակ մրցույթի դեպքում պատվիրատուի ղեկավարին կամ տեղակալին է տրամադրում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն։ Հաշվետվությանը կցվում են հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող՝ տվյալ մրցույթին վերաբերող բոլոր փաստաթղթերը (նամակներ, որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ և այլ փաստաթղթեր)։

 

IX. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Պարբերական մրցույթի մասին հայտարարության և (կամ) հրավերի տեքստերի հաստատման ժամանակ հաշվի են առնվում պարբերական մրցույթի ընթացակարգի հետևյալ առանձնահատկությունները`

1) մրցույթի մասին հայտարարության հրապարակումից հետո, որպես մրցույթի հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում` կցելով հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իրենց հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, ինչպես նաև տուժանքի ձևով մրցույթի հայտի ապահովում, որի չափը հավասար է գնումների բազային միավորին: Մրցույթի մասին հայտարարությունը և հրավերը գործում են անժամկետ: Մրցույթի հրավերում օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել փոփոխություններ, որի դեպքում կազմակերպվում է վերագրանցում.

2) ներկայացված փաստաթղթերի հիման վրա անձի որակավորումը գնահատում է հանձնաժողովի քարտուղարը` այդ փաստաթղթերը գործակալությունում ստացվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը` տվյալ մասնակցին գրանցելով որպես մրցույթի հնարավոր մասնակից, կամ մերժում է գրանցումը: Մրցույթի հրավերով սահմանված չափանիշներին համապատասխանող անձը գրանցվում է որպես այդ մրցույթի հնարավոր մասնակից, որի հետ գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը կնքում է գնման նախնական պայմանագիր: Անհամապատասխանության դեպքում գրանցումը մերժվում է, որի մասին գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է անձին` նշելով մերժման հիմքը: Կնքվելիք գնման նախնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`

ա. գնային առաջարկը ներկայացնելը, իսկ հաղթող ճանաչվելու դեպքում նաև պայմանագիր կնքելը պարտադիր են, և այդ պահանջի խախտման դեպքում մասնակիցը գնային առաջարկը ներկայացնելու կամ պայմանագիրը կնքելու համար` սահմանված ժամկետը լրանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին մուտքագրում է հայտի ապահովման չափով գումար,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը չվճարվելու դեպքում` գնման նախնական պայմանագիրը գործակալության կողմից միակողմանիորեն լուծվում է, իսկ մասնակցի մասին տվյալները ներառվում են գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում,

գ. մասնակիցը կարող է դադարեցնել գնման նախնական պայմանագիրը` դրա մասին գործակալությանն առնվազն երկու ամիս առաջ տեղեկացնելու պայմանով,

դ. մասնակիցը պարտավոր է գնման նախնական պայմանագիրը կնքելուց հետո մրցույթի հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների փոփոխության դեպքում դրանց ի հայտ գալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտնել գործակալությանը` գնման նախնական պայմանագիրը դադարեցնելու նպատակով: Սույն պարբերությամբ նախատեսված պահանջները խախտելու դեպքում գնման նախնական պայմանագիրը գործակալության կողմից միակողմանիորեն լուծվում է, իսկ տվյալ մասնակցի մասին տվյալները ներառվում են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

3) գնման նախնական պայմանագիրը կնքվելուն հաջորդող աշխատանքային օրը գործակալությունը լիազոր մարմին է ներկայացնում պայմանագիր կնքած անձի մասին տվյալները: Սույն ենթակետում նշված տվյալներն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրանք հրապարակում է ինտերնետային կայքում.

4) տվյալ պարբերական մրցույթի շրջանակներում գնում կատարելու նպատակով պատվիրատուն գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` հնարավորության դեպքում, գնման նախնական պայմանագրեր կնքած անձանց ծանուցում է գնային առաջարկ ներկայացնելու մասին` կցելով կնքվելիք պայմանագրի նախագիծը և ներկայացվելիք փաստաթղթերի օրինակելի ձևերը: Ծանուցումը պարունակում է նաև տեղեկատվություն`

ա. գնային առաջարկներ պարունակող ծրարների բացման օրվա, ժամի և վայրի մասին: Գնման նախնական պայմանագրեր կնքած անձը չի կարող ներկայացնել մեկից ավելի գնային առաջարկ,

բ. գնային առաջարկների հավասարության դեպքում ոչ գնային պայմաններին բավարար գնահատված մասնակիցների հետ գները նվազեցնելու նպատակով միաժամանակյա բանակցությունների կազմակերպման մասին.

5) գնային առաջարկը ներառում է`

ա. գինը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում գնային առաջարկը ներկայացվում է ապրանքի միավորի գնով,

բ. մասնակցի հայտարարությունը մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցման պահից հետո դրանց առկայության, ինչպես նաև հրավերով սահմանված տեխնիկական հատկանիշներին համապատասխան ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման մասին.

6) գնային առաջարկը պատվիրատուին ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում` օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կազմված փակ ծրարով: Գնային առաջարկ պարունակող ծրարներն ստանում և գրանցամատյանում գրանցում է պատվիրատուի գնումների գործի համակարգման պատասխանատուն կամ գնումների գործի համակարգման պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` գնումների գործը համակարգող)` լիազոր մարմնի սահմանած կարգով.

7) գնային առաջարկները բացվում են ծանուցման մեջ նշված ժամկետին և վայրում: Գնային առաջարկները բացվում են գնումների գործը համակարգողի և տվյալ գնումը կատարելու նպատակով պատվիրատուի կողմից սահմանված պատասխանատու ստորաբաժանման (տեխնիկական հսկողության հանձնաժողովի) անդամներից ձևավորված հանձնաժողովի կողմից.

8) գնային առաջարկների բացման նիստում գնումների գործը համակարգողը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին, որից հետո հանձնաժողովը գնահատում է`

ա. գնային առաջարկ պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված ծրարները,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցման պահից հետո դրանց անփոփոխ մնալու, ինչպես նաև մրցույթի հրավերով սահմանված տեխնիկական հատկանիշներին համապատասխան ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման մասին մասնակցի հայտարարության առկայությունը և դրա կազմման համապատասխանությունը սահմանված պահանջներին,

գ. գնային առաջարկը կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված պահանջներին: Գնումների գործը համակարգողը հրապարակում է համապատասխանող գնահատված գնային առաջարկներով ներկայացված գները` հիմք ընդունելով տառերով գրվածը: Պահանջի դեպքում հրապարակված գնային առաջարկների պատճեններն անհապաղ տրամադրվում են նման պահանջ ներկայացրած մասնակցին.

9) սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված գնահատման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում հանձնաժողովը մերժում է այդ գնային առաջարկները, որոնք մերժվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վերադարձնում է դրանք ներկայացրած մասնակիցներին.

10) հանձնաժողովի նիստում որոշվում և հայտարարվում են մրցույթի հաղթողը և երկրորդ ու երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցները: Մրցույթի հաթող է համարվում այն մասնակիցը, որի ներկայացրած գնային առաջարկն ամենացածրն է: Ընդ որում, ոչ գնային պայմանները բավարարող գնահատված` գրանցված մասնակիցների առաջարկած գների հավասարության դեպքում` մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում` առաջարկված գների նվազեցման նպատակով այդ մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ: Յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը հայտարարվում է հաղթող: Գնային առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Արձանագրությունը պարունակում է`

ա. տեղեկություն առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին,

բ. առաջարկներ ներկայացրած և չներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և գտնվելու վայրերի հասցեները,

գ. տվյալներ ծրարները կազմելու և ներկայացնելու` սահմանված կարգի պահանջներին համապատասխանության մասին,

դ. տվյալներ բացված յուրաքանչյուր առաջարկում պահանջվող փաստաթղթերի առկայության մասին,

ե. տվյալներ յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին,

զ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը,

է. տեղեկատվություն բանակցությունների վարման մասին,

ը. նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները։

35. Մրցույթի հաղթողին որոշելու օրվան հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում հաղթող ճանաչված մասնակցին, որը ծանուցումն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում: Ապահովման չափն ապրանքների և աշխատանքների գնման դեպքում հավասար է գնումների բազային միավորին, իսկ ծառայությունների դեպքում` դրա կեսին: Կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում մասնակիցը մինչև պայմանագրի կնքումը պատվիրատուին է ներկայացնում նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի գումարի չափով: Պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովումը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է գնման պայմանագիր: Գնման պայմանագիր կնքելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմին է ներկայացնում կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը, սույն կարգի 34-րդ կետով նախատեսված արձանագրության և կնքված գնման պայմանագրի պատճենները:

36. Պարբերական մրցույթով կնքված գնման պայմանագիրը միակողմանիորեն լուծվելու դեպքում` պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար գնման պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացվում է երկրորդ, իսկ վերջինիս հրաժարվելու դեպքում` երրորդ տեղն զբաղեցրած մասնակցին` պայմանագիրը լուծվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնման պայմանագիրը կնքվում է սույն կարգի 35-րդ կետով սահմանված կարգով:

37. Սույն կարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերի ի հայտ գալու օվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գործակալություն է ներկայացնում դրանց մասին տեղեկատվություն` սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու համար:

38. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների դեպքում պարբերական մրցույթները կազմակերպվում են սույն կարգի 34-37-րդ կետերով սահմանված կարգով` հաշվի առնելով հետևյալ պայմանները`

1) գործակալությանը վերապահված լիազորություններն իրականացնում է պատվիրատուն.

2) գնային առաջարկներ ներկայացնելու և պայմանագիր կնքելու իրավունք ունեն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման տվյալ գործընթացի հնարավոր մասնակից համարվող բոլոր մասնակիցները.

3) մասնակիցների մասին տվյալները չեն հրապարակվում լիազոր մարմնի ինտերնետային կայքում.

4) լիազոր մարմին չի ներկայացվում կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը:

 

X. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով մրցույթները կազմակերպվում են սույն կարգի համաձայն` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) հանձնաժողովի անդամը սույն կարգի համաձայն ստացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի՝

ա. որակավորման հատկանիշների համապատասխանությունը մրցույթի հրավերի պահանջներին,

բ. ծառայությունների մատուցման առաջարկվող կարգի (մեթոդաբանության) համապատասխանությունը մրցույթի հրավերով սահմանված նվազագույն պահանջներին,

գ. ներկայացված ֆինանսական ցուցանիշների` գնային առաջարկի և ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը.

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված տվյալների գնահատման նպատակով մասնակցի` օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա. «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված որակավորման հատկանիշներին տրվում են հրավերով նախատեսված պահանջներին «Համապատասխանում է» կամ «Չի համապատասխանում» գնահատականները: «Համապատասխանում է» գնահատականը տրվում է այն դեպքում, երբ մասնակցի որակավորման հատկանիշների մասին նշված տվյալները համապատասխանում են հրավերով այդ հատկանիշի համար սահմանված չափանիշին,

բ. «ա» կետով նախատեսված որակավորման հատկանիշներին և ծառայությունների մատուցման առաջարկվող կարգին (մեթոդաբանությանը) կարող են տրվել հետևյալ գնահատականները`

 

Որակավորման չափանիշը

Գնահատականը

նվազագույն

առավելագույն

Պարտավորությունների կատարման իրավունք

առկա է/բացակայում է

Տեխնիկական միջոցներ և ֆինանսական միջոցներ

Մասնագիտական հատկանիշներ (աշխատանքային փորձը)

20

25

Աշխատանքային ռեսուրսներ (առաջադրանքի կատարման համար առաջարկվող աշխատակազմ)

40

50

Ծառայությունների մատուցման առաջարկվող կարգը (մեթոդաբանությունը)

20

25

 Ընդամենը

80

100

 

գ. մասնակցի որակավորման հատկանիշը և (կամ) ծառայությունների մատուցման առաջարկվող կարգը (մեթոդաբանությունը) գնահատվում են նվազագույն միավորից ցածր, եթե վերջինիս մրցույթի հայտով ներկայացված տվյալները չեն բավարարում տվյալ չափանիշի գծով հրավերով սահմանված նվազագույն պահանջները,

դ. եթե մրցույթի հանձնաժողովի կողմից մասնակցի առաջարկին տրված հանրագումարային գնահատականը 80 միավորից կամ որևէ չափանիշի գծով մրցույթի հանձնաժողովի կողմից տրված հանրագումարային գնահատականն այդ չափանիշի համար սահմանված նվազագույն միավորից ցածր է, ապա տվյալ մասնակիցը չի որակավորվում, և նրա հայտը մերժվում է.

3) եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա խորհրդատուի ընտրությունը կատարվում է օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններով: Այդ դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է հետևյալ կարգով`

ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

ԳՄ = ՆԳ X 100/ԱԳ,

որտեղ`

ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,

ՆԳ-ն նվազագույն գինն է,

ԱԳ-ն մասնակցի առաջարկած (գնահատվող) գինն է,

բ. որակավորված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄԳ = (ԳՄ X 0.3/100) + (ՈՄ X 0.7/100),

որտեղ`

ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,

ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,

ՈՄ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և ծառայությունների մատուցման առաջարկվող կարգին (մեթոդաբանությանը) տրված միավորն է.

4) մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.

5) եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` մրցույթը հայտարարվում է չկայացած:

 

XI. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Երկու փուլով անցկացվող մրցույթի դեպքում մրցույթի սկզբնական հայտերը ներկայացվում են հրավերով սահմանված ժամկետում, որը չի կարող պակաս լինել մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված քսան օրացուցային օրվանից: Մրցույթի սկզբնական հայտերի բացման նիստը հրավիրվում է սկզբնական հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու պահին:

41. Մրցույթի սկզբնական հայտերը կազմվում և ներկայացվում են մեկ փուլով անցկացվող մրցույթի հայտը կազմելու և ներկայացնելու համար օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան: Սկզբնական հայտը պարունակում է մասնակցի միայն`

1) մրցույթի հրավերով սահմանված որակավորման հատկանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող` հրավերով պահանջվող փաստաթղթերը.

2) առաջարկներ` կապված գնման առարկայի տեխնիկական հատկանիշների և գնման ժամանակացույցի նկարագրման հետ:

42. Մրցույթի սկզբնական հայտերը գնահատվում են մեկ փուլով անցկացվող մրցույթի հայտերի գնահատման կարգին համապատասխան` մրցույթի հայտերի ամփոփման նիստում:

43. Մրցույթի առաջին փուլի հայտերի ամփոփման նիստի ընթացքում մրցույթի հրավերի պահանջները բավարար գնահատված` նիստին ներկա մասնակիցների հետ բանակցելու միջոցով հստակեցվում են գնման առարկայի տեխնիկական հատկանիշները և գնման ժամանակացույցը:

44. Մրցույթի առաջին փուլի ամփոփման նիստին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարն առաջին փուլն անցած բոլոր մասնակիցներին տրամադրում է երկրորդ փուլին մասնակցելու վերջնական հրավեր, որը կազմվում է մեկ փուլով անցկացվող մրցույթի հրավերի կազմման կարգին համապատասխան:

45. Բաց մրցույթի դեպքում մինչև վերջնական հրավերն առաջին փուլն անցած մրցույթի մասնակիցներին տրամադրելը գործակալությունը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հրավերում ներառվող գնման առարկայի տեխնիկական հատկանիշները և գնման ժամանակացույցը:

46. Վերջնական հայտ ներկայացնելու իրավունք ունեն միայն վերջնական հրավեր ստացած անձինք:

47. Երկու փուլով մրցույթի երկրորդ փուլի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են մեկ փուլով մրցույթի ընթացակարգի համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանները` հաշվի առնելով սույն կարգի 40-47-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:

 

XII. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

48. Տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետական կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կարիքների համար մրցույթի ձևով կատարվող գնումների դեպքում`

1) քարտուղար է նշանակվում կազմակերպության գնումների գործի համակարգման պատասխանատուն.

2) կազմակերպությանը վճարվելիք հայտի ապահովման գումարները փոխանցվում են կազմակերպության գանձապետական (բանկային) հաշվին:

(Հավելվածը խմբ. 17.12.09 N 1521-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել լիազոր մարմին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՍՏՈՒԳԵԼԸ

 

3. Պատվիրատուն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության պատճենը (այսուհետ` արձանագրություն):

4. Լիազոր մարմինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է արձանագրության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:

5. Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին՝ անհամապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումն ուղարկում է լիազոր մարմին՝ վերջինիս գրությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և ընդունում այն, եթե`

1) պատվիրատուն գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է արձանագրության վարման կարգին, և պատվիրատուն լիազոր մարմին ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանության հետ և հավաստում, որ անհամապատասխանությունը տեղ է գտել անկանխատեսելի ու անհաղթահարելի հանգամանքի ծագմամբ և պատվիրատուի գործողության հետևանք չէ.

4) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

7. Ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանության մասին հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է:

8. Լիազոր մարմին արձանագրությունը չներկայացնելը կամ նրա կողմից անհամապատասխանություն արձանագրելը կամ ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ

 

3. Լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման գործառույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում լիազոր մարմնի գործառույթների կատարման կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում): Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ, խորհրդատուներ և այլ անձինք:

4. Բողոքների քննարկման և գնումների գործընթացի վերահսկման աշխատանքների մասին տեղեկություններն արձանագրվում են փաստաթղթեր կազմելով, որոնք ստորագրում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը և այդ փաստաթղթերը կազմած անձը:

5. Բողոքի քննարկման արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը կազմում է գրավոր եզրակացություն, որը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելու դեպքում հրապարակվում է լիազոր մարմնի ինտերնետային կայքում:

6. Բյուջետային տարվան հաջորդող եռամսյակի ընթացքում լիազոր մարմինը ինտերնետային կայքում հրապարակում է նախորդ տարվա ընթացքում պատվիրատուների և (կամ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գործակալություն) կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:

 

III. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Բողոքի քննարկումը կազմակերպում է պատասխանատու ստորաբաժանումը` օրենքով սահմանված կարգով: Բողոքի քննարկման արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը բողոքի կապակցությամբ ընդունում է որոշում:

8. Բողոքի վերաբերյալ եզրակացության նախապատրաստման աշխատանքների շրջանակներում, պատասխանատու ստորաբաժանման նախաձեռնությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ, կարող են կազմակերպվել քննարկումներ: Քննարկումները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք արձանագրվում են: Նիստի արձանագրությունն ստորագրում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը և տվյալ նիստի քարտուղարը:

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

9. Գնումների գործընթացի վերահսկման նպատակն է`

1) պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման գնահատումը.

2) գնումների իրականացման գործում առկա թերությունների հայտնաբերումն ու հրապարակումը և գնումների գործընթացի բարելավումը:

10. Գնումների գործընթացը վերահսկվում է պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը գնահատելու և (կամ) գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատությունն ստուգելու միջոցով:

11. Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատությունն ստուգվում է այն դեպքում, երբ լիազոր մարմին ներկայացվում է գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի կազմման հիմքերի արժանահավատության գնահատման գրավոր պահանջ, բողոք կամ վերադասի հանձնարարություն:

12. Գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի արժանահավատության ստուգման նպատակով լիազոր մարմինը կարող է ներգրավել գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերի կազմման հիմքերի արժանահավատությունը գնահատելու մասնագիտական կարողություններ ունեցող պետական մարմիններ և (կամ) փորձագետների, և դրա համար պահանջվող ծախսերը կատարվում են նման պահանջ ներկայացնողի հաշվին` բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջը ներկայացվել է վերադասի, պատվիրատուների կամ գործակալության կողմից:

13. Պատվիրատուների և (կամ) գործակալության կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգման միջոցով:

14. Լիազոր մարմնի գրավոր պահանջի հիման վրա պատվիրատուները և (կամ) գործակալությունը լիազոր մարմին են ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության կազմման համար հիմք ծառայած` պատվիրատուի և (կամ) գործակալության տնօրինման տակ գտնվող փաստաթղթերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում լիազոր մարմնի ներկայացուցիչներին պատվիրատուի և (կամ) գործակալության մոտ ուսումնասիրելու այդ փաստաթղթերը:

 

V. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Տեղական ինքնակառավարման մարմիների և համայնքային հիմնարկների գնումների`

1) հետ կապված բողոքները քննարկում է համայնքի ավագանին` օրենքով սահմանված կարգով: Համայնքի ղեկավարը բողոքի վերաբերյալ ընդունված որոշման պատճենը որոշման ընդունման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին.

2) վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին` համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների`

1) հետ կապված բողոքները քննարկում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը` օրենքով սահմանված կարգով: Բողոքի վերաբերյալ ընդունված որոշման պատճենը որոշման ընդունման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է լիազոր մարմին.

2) վերահսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը` կազմակերպության կանոնադրությամբ վերջինիս վերապահված վերահսկողության լիազորության սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքների հիմնարկների, պետական կամ համայնքների ոչ առևտրային և պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման պայմանները սահմանում է տվյալ կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

2. Գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե գնման պայմանագիրը կնքվում, գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում և օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

3. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություն

Բնական գազի մատակարարման ծառայություն

Խմելու ջրի մատակարարման ծառայություն

Ոռոգման ջրի մատակարարման ծառայություն

Տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարման ծառայություն

Ջրահեռացման ծառայություն

Կեղտաջրերի մաքրման ծառայություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ծառայություն) կարիքների համար կենտրոնացված կարգով պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կենտրոնացված կարգով պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման գործընթացի կազմակերպման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Կենտրոնացված կարգով կազմակերպվում են այն գնման գործընթացները, որոնց առարկաները ներառված են նախարարության, ոստիկանության և ծառայության ղեկավարների համատեղ հրամանով հաստատված` կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկում (այսուհետ` անվանացանկ): Ընդ որում, հաստատված անվանացանկում ներառված գնման առարկաների տեխնիկական հատկանիշները (բնութագրերը) նախարարության, ոստիկանության և ծառայության համար պետք է հնարավորինս միանման լինեն:

4. Գնման պահանջի ծագման օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանությունն ու ծառայությունը կազմում և նախարարություն են ներկայացնում գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի նախահաշվային արժեքի, մատակարարման վայրի, վճարումների կատարման ժամկետների, պատասխանատու ստորաբաժանման (ընդունման-հանձնման արձանագրությունն ստորագրողի), իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի: Մրցույթի կամ առաջարկները գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ նախարարություն է ներկայացվում նաև մեկ անձի թեկնածություն:

5. Անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում և գնման պայմանագրերը կնքում է նախարարությունը: Ընդ որում, հնարավորության դեպքում ոստիկանության և ծառայության կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են նախարարության կարիքների համար գնվելիք նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության խմբաքանակի հետ` կազմակերպելով գնման մեկ գործընթաց: Գնման ձևի ընտրությունն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները` բացառությամբ այն դեպքերի, երբ նախարարության կողմից մրցակցային հիմունքներով կազմակերպված գնման գործընթացը հայտարարվում է չկայացած, և տվյալ գնումը պետք է իրականացվի մեկ անձից գնման ձևով: Նման դեպքում գնման գործընթացը կազմակերպում է ծառայությունը կամ ոստիկանությունը:

6. Նախարարությունը կամ մրցույթի հանձնաժողովը պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների որոշման հայտարարության և (կամ) հրավերի հաստատման ժամանակ հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները`

1) եթե գնվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայություններն ունեն միևնույն բնութագրերը, ապա գնման գործընթացը կազմակերպվում է մեկ չափաբաժնով: Հակառակ դեպքում գնման գործընթացը կազմակերպվում է ըստ չափաբաժինների: Ընդ որում, ոստիկանության և ծառայության կարիքների մասով գնման պայմանագիրը կամ գլխավոր պայմանագրի շրջանակում առանձին համաձայնագիրը կնքվում է` հիմք ընդունելով այդ մարմինների ներկայացրած գնման հայտերով նախատեսված պայմանները, այդ թվում` մատակարարվելիք ապրանքների, կատարվելիք աշխատանքների կամ մատուցվելիք ծառայությունների քանակները, ժամկետները և վայրերը.

2) ոստիկանության և ծառայության կարիքների մասով կնքվելիք պայմանագրով նախատեսվում է, որ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հանձնման-ընդունման ակտերն ստորագրում են այդ մարմինների պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները` հիմք ընդունելով պայմանագրով նախատեսված պայմանները: Վերջիններս են գնահատում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության համապատասխանությունն իրենց կողմից նախարարություն ներկայացված գնման հայտին և համապատասխանության դեպքում ընդունում այն: Անհամապատասխանության դեպքում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը չի ընդունվում, և կիրառվում են պայմանագրով նախատեսված համապատասխան նորմերը.

3) ոստիկանության և ծառայության կողմից ներկայացված առաջարկություններին համապատասխան պայմանագրի կողմի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև պայմանագրի լուծման լիազորություններն իրականացնում է նախարարությունը` բացառությամբ պայմանագիր կնքած անձին վճարման ենթակա գումարներից հաշվարկման և հաշվանցման ենթակա տույժերի և տուգանքների գումարի.

4) ոստիկանության և ծառայության մասով մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց կնքված պայմանագրի համաձայն պայմանագիր կնքած անձին գումարները վճարում են համապատասխանաբար ոստիկանությունը և ծառայությունը:

7. Սույն կարգով կարող են իրականացվել նաև այլ պետական կառավարման մարմինների կարիքների համար պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացները: Այդ նպատակով տվյալ մարմնի և նախարարության ղեկավարների համատեղ հրամանով հաստատվում է տվյալ մարմնի կարիքների համար կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը:

(Հավելվածը լրաց. 04.12.08 N 1444-Ն, խմբ. 17.12.09 N 1521-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան