Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2006
Ստորագրման ամսաթիվ
26.08.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ընդհանուր ջանքերով ապահովել Համագործակցության երկրների տնտեսական և սոցիալական առաջընթացը, քաղաքացիական համերաշխությունը և ազգամիջյան համաձայնությունը,

հաշվի առնելով Համագործակցության երկրների ժողովուրդների ավանդական կապերը, գիտակցելով դրանց զարգացման և ամրապնդման կարևորությունը` մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվության և զանգվածային լրատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքների բնագավառներում համագործակցության հիման վրա,

նկատի ունենալով, որ հումանիտար արժեքների հաստատումը նպաստում է ծայրահեղականության և անհանդուրժողականության այլ դրսևորումների վերացումը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, Անկախ Պետությունների Համագործակցության հիմնարար փաստաթղթերով և Համագործակցության շրջանակներում մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվության և զանգվածային լրատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքների բնագավառներում ընդունված այլ պայմանագրերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

Կողմերը ձեռնարկում են համաձայնեցված միջոցներ հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար և այդ նպատակով.

փոխգործակցում են սույն Համաձայնագրում շարադրված խնդիրների իրագործման գործում,

կատարելագործում և զարգացնում են մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային լրատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքների բնագավառում համագործակցության կառուցակարգերը,

մշակում և կատարելագործում են նշված բնագավառներում փոխգործակցության հարցերով նորմատիվ իրավական բազան:

 

Հոդված 2

Կողմերը ազգային մշակույթների փոխհարստացման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով.

իրականացնում են համատեղ ծրագրեր և նախագծեր մշակութային համագործակցության բնագավառում, ներառյալ համաժողովների, փառատոների, ցուցահանդեսների, արշավների անցկացումը,

խրախուսում են շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը, այդ թվում` մասնագետների, կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողների պատրաստման և որակավորման բարձրացման գործում,

փոխանակում են տեղեկատվություն պատմամշակութային արժեքների, պետական ժողովածուներում, հավաքածուներում և ֆոնդերում պահպանվող պատմական փաստավավերագիր աղբյուրների մասին, ինչպես նաև միջպետական ծրագրերի շրջանակներում կրթության, գիտության և մշակութային նպատակներով դրանք օգտագործելու մասին,

համագործակցում են Կողմերի տարածքներում գտնվող ազգային պատմամշակութային արժեքների պահպանման հարցերում,

միջազգային իրավունքի նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան` փոխգործակցում են կորած և ապօրինաբար դուրս բերված մշակութային արժեքների հետ կապված հարցերի լուծման հարցում,

համագործակցում են գրադարանային, թանգարանային և արխիվային գործի, համապատասխան ֆոնդերի օգտագործման, գրահրատարակչական գործի և տպագրական արտադրանքի տարածման բնագավառում,

խրախուսում են այլ Կողմերի ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունը, նպաստում են ազգային մշակութային կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը:

 

Հոդված 3

Կողմերը, հաշվի առնելով ազգային կրթական համակարգերի առանձնահատկությունների և ձեռքբերումների պահպանումը, ձեռնարկում են միջոցներ.

կրթական բնագավառում համատեղ նախագծերի, ներառյալ` համաժողովների, գիտաժողովների, ամառային դպրոցների, թեմատիկ օլիմպիադաների, դպրոցականների, ուսանողների և կրթական հաստատությունների շրջանավարտների հավաքների իրականացման համար,

կրթական հաստատություններում սովորողների և դասավանդողների փոխանակումը խրախուսելու համար,

կադրերի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, համատեղ համալսարանների ստեղծման, կրթության տարբեր ուղղություններում հենակետային կազմակերպությունների ցանցի ընդլայնման բնագավառում փոխգործակցության համար,

կրթության բոլոր մակարդակներում Կողմերի պետական կրթական չափորոշիչների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման պահանջների համաձայնեցման, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման գործընթացի ներդաշնակեցման համար,

երկկողմ և բազմակողմ պայմանագրերի հիման վրա` կրթության վերաբերյալ փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների համարժեքության ճանաչման բնագավառում փոխգործակցության համար,

բարձրագույն կրթության համաեվրոպական դաշտի (բոլոնյան գործընթաց) ստեղծման փորձի և այդ գործընթացում մասնակցության լրացուցիչ հնարավորությունների ուսումնասիրման համար:

 

Հոդված 4

Կողմերը գիտության և տեխնոլոգիաների առաջնային ուղղությունների զարգացման համար միջազգային գիտական համագործակցությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ձեռնարկում են միջոցներ.

հիմնարար և կիրառական գիտությունների ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի մշակման ուղղությամբ,

միջազգային գիտական կենտրոնների և կազմակերպությունների ստեղծման ուղղությամբ,

հաշվի առնելով Կողմերի ազգային օրենսդրության պահանջները` գիտատեխնիկական տեղեկատվության, հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների փոխանակման ուղղությամբ,

Կողմերի գիտության ակադեմիաների, գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:

 

Հոդված 5

Կողմերը ԱՊՀ ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորման նպատակով ձեռնարկում են միջոցներ.

տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման և իրագործման համար,

հեռուստա- և ռադիոհեռարձակման ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման համար, այդ թվում` հաշվի առնելով «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ներուժը,

համատեղ միջոցառումների անցկացման համար, ներառյալ թեմատիկ փառատոները, հեռուստահավաքները, ինտերնետ հավաքները,

Կողմերի զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցության ամրապնդման համար` միջազգային հանրության մեջ Համագործակցության երկրների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին օբյեկտիվ և լիարժեք պատկերացում ձևավորելու նպատակով,

հաշվի առնելով ազգային օրենսդրությունը` Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ցանկացած Կողմի զանգվածային լրատվության միջոցների գործունեության համար պայմանների ստեղծման համար,

նախկինում ԽՍՀՄ-ի համար առանձնացված օրբիտալ-հաճախականության ռեսուրսների հիման վրա հեռարձակման նպատակով Կողմերի համար ընդհանուր արբանյակային սեգմենտների ստեղծման համար,

կոլեկտիվ մուտքի ցանցերում համատեղ տեղեկատվական ռեսուրսների զարգացման համար, ներառյալ ԱՊՀ գործադիր կոմիտեում Անկախ Պետությունների Համագործակցության ինտերնետ կայքի ստեղծումը:

 

Հոդված 6

Կողմերը սպորտային ներուժի առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործող մարզիկների և կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համար.

աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, այդ ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխգործակցությանը,

անցկացնում են համատեղ սպորտային միջոցառումներ, ներառյալ սպարտակիադաները, օլիմպիադաները և տարբեր մարզաձևերի առաջնությունները,

նպաստում են սպորտային պատվիրակությունների, աշխատանքային փորձի, գիտամեթոդական տեղեկատվության և հատուկ գրականության փոխանակմանը,

փոխգործակցում են միջազգային օլիմպիական և համաօլիմպիական շարժման բնագավառում,

համագործակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, հակադոպինգային քաղաքականության բնագավառում գիտական հետազոտությունների, գիտամեթոդական և բժշկական ապահովման ոլորտում:

 

Հոդված 7

Կողմերը, զբոսաշրջությունը դիտարկելով որպես բարեկամական հարաբերությունների խորացման գործոններից մեկը, ազգային մշակույթին և ավանդույթներին առավել լիարժեքորեն փոխադարձաբար ծանոթանալու նպատակով.

աջակցում են զբոսաշրջության բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացմանը և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ յուրացմանը,

ձեռնարկում են միջոցներ ավանդական զբոսաշրջային երթուղիների արդյունավետության բարձրացման և նորերի բացման, զբոսաշրջության ձևերի բազմազանության ընդլայնման համար, ներառյալ` մշակութային, բնապահպանական, երիտասարդական, մանկական և այլն,

նպաստում են տեղավորման միջոցների և զբոսաշրջային ծառայությունների դասակարգման միասնական միջազգային համակարգի, միասնական տեղեկատվական ցանցի ներդրմանը,

իրականացնում են փոխգործակցություն Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության և այլ միջազգային միությունների շրջանակներում:

 

Հոդված 8

Երիտասարդական շարժումը զարգացնելու և ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնումը խորացնելու նպատակով Կողմերը նպաստում են.

երիտասարդ սերնդին` ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով դաստիարակելուն,

երիտասարդական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և երեխաների ու երիտասարդների նկատմամբ պետական քաղաքականության իրագործման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև կապերի զարգացմանը,

երիտասարդական հավաքների, փառատոների, ցուցահանդեսների, մրցույթների, սեմինարների համատեղ անցկացմանը,
երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական հաստատությունների և կենտրոնների միջև կապերի հաստատմանը և զարգացմանը,

արձակուրդների շրջանում աշակերտների և ուսանողների խմբերի փոխանակմանը, երեխաների և երիտասարդության հանգստի կազմակերպմանը, ներառյալ համատեղ ամառային ճամբարները, զբոսաշրջային-առողջարարական և մշակութալուսաբանական արշավները,
զբաղվածության և երիտասարդության մասնագիտական պատրաստվածության ծրագրերի համատեղ մշակմանը և իրագործմանը:

 

Հոդված 9

Կողմերը խրախուսում են Համագործակցության երկրների ստեղծագործական մտավորականության հավաքների անցկացումը և նրանց ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:

 

Հոդված 10

Կողմերը հումանիտար ոլորտում աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերի ներկայացուցիչներից ստեղծում են հումանիտար համագործակցության խորհուրդ (այսուհետ` ՀՀԽ):

ՀՀԽ-ն քննարկում է հայեցակարգային հարցեր, որոշում է համագործակցության առաջնային ուղղությունները և ձևերը, սահմանված կարգով Կողմերի և ԱՊՀ մարմինների քննարկմանն է ներկայացնում հումանիտար ոլորտում կոնկրետ խնդիրների լուծման ուղղված առաջարկություններ:

ՀՀԽ գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի առանձին համաձայնագրով հաստատվող կարգով:

ՀՀԽ աշխատակազմի գործառույթներն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

 

Հոդված 11

Սույն Համաձայնագրի Կողմերը կհամագործակցեն դրանում նախատեսված ուղղություններով` հարգելով ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի սկզբունքները և նորմերը, ինչպես նաև համապատասխան կենտրոնական նախարարությունների և գերատեսչությունների գծով, վերջիններիս միջև պայմանավորվածությունների հիման վրա:

Կողմերը սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող կոնկրետ միջոցառումների մասին պարբերաբար կփոխանակեն տեղեկատվություն:

 

Հոդված 12

Սույն Համաձայնագրով ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

Հոդված 13

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ վեճեր ծագելու դեպքում դրանք կլուծվեն շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտում համապատասխան ծանուցումները ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 15

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 16

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության` սույն Համաձայնագրի դրույթներն ընդունող և դրանից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ մասնակից պետությունների միանալու համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 17

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:

 

Հոդված 18

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

 

Կատարված է Կազան քաղաքում, 2005 թվականի օգոստոսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության վերապահումը

 

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 4-րդ կետի կապակցությամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրի 11-րդ հոդվածի վերաբերյալ

 

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրի 11-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կարող կիրառվել:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Ռ. Քոչարյան

 

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

1. Ադրբեջանի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի դրույթների իրագործմանը Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը համապատասխան:

2.  Բացառությամբ 3-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ պարբերությունների, հինգերորդ հոդվածի` ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորում նախատեսող դրույթների, ինչպես նաև 10-րդ հոդվածի:

Ադրբեջանի Հանրապետության
Նախագահ`

Ի. Ալիև

Վրաստանի վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

Բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածների:

Նախագահ`

Մ. Սահակաշվիլի

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

«Մոլդովայի Հանրապետությունը չի ստանձնում պարտավորություններ հումանիտար համագործակցության զարգացման համար համաձայնեցված միջոցների ընդունման, տվյալ բնագավառում նորմատիվ իրավական բազայի մշակման, գրահրատարակչական գործի և տպագրական արտադրանքի տարածման, ազգային մշակութային կենտրոնների ստեղծման, համատեղ համալսարանների ստեղծման, կրթության տարբեր ուղղություններում հենակետային կազմակերպությունների ցանցի ընդլայնման, պետական կրթական չափորոշիչների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման պահանջների համաձայնեցման, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման գործընթացի ներդաշնակեցման, բարձրագույն կրթության համաեվրոպական դաշտի ձևավորման, երիտասարդական շարժման զարգացման, ստեղծագործական մտավորականության հավաքների անցկացման, հումանիտար բնագավառում միջոցառումների ֆինանսավորման ուղղությամբ:

Մոլդովան չի աջակցում Հումանիտար համագործակցության խորհրդի ստեղծմանը:

Համագործակցությունը կիրականացվի Մոլդովայի Հանրապետության սահմանադրական իշխանությունների հետ խիստ համակարգմամբ, տվյալ բնագավառում ազգային օրենսդրությանը համապատասխան` պահպանելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը»:

Մոլդովայի Հանրապետության Նախագահ`

Վլադիմիր Վորոնին

Ուկրաինայի վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

Բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածների:

Ուկրաինայի Նախագահ`

Վ. Յուշչենկո

Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Վրաստանի Հանրապետության (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի (բացառությամբ 3-րդ, 5-րդ, 10-րդ հոդվածների) կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար` 27.03.2006, Տաջիկստանի Հանրապետության համար` 27.03.2006, Ուզբեկստանի Հանրապետության համար` 27.03.2006, Բելառուսի Հանրապետության համար` 28.03.2006, Հայաստանի Հանրապետության համար` 17.04.2006, Ղազախստանի Հանրապետության համար՝ 06.06.2006, Ղրղզստանի Հանրապետության համար 17.07.2006:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան