ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԷԴ/0013/15/09 |
գործ թիվ ԵԷԴ/0013/15/09 |
|
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
Ս. Օհանյանի | ||
|
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
26 նոյեմբերի 2009 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Ռուբենի Մաթևոսյանի վերաբերյալ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, վ» կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 115-րդ հոդվածի 1-ին մասով Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քաղաքացի Արմեն Ռուբենի Մաթևոսյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, վ» կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 115-րդ հոդվածի 1-ին մասով: ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, վ» կետերով նա դատապարտվել է ազատազրկման` 20 (քսան) տարի ժամկետով, 139-րդ հոդվածի 1-ին մասով` ուղղիչ աշխատանքների 6 (վեց) ամիս ժամկետով՝ աշխատավարձի 20 (քսան) տոկոսի պահումով՝ որպես պետության եկամուտ, 115-րդ հոդվածի 1-ին մասով` ուղղիչ աշխատանքների 6 (վեց) ամիս ժամկետով` աշխատավարձի 20 (քսան) տոկոսի պահումով՝ որպես պետության եկամուտ: ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա.Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 20 (քսան) տարի 4 (չորս) ամիս ժամկետով` առաջին տասը տարին բանտում կրելով, իսկ պատժի մնացած մասը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Պատժի սկիզբը հաշվվել է 2005 թվականի մայիսի 30-ից:
2. ՌԴ Չելյաբինսկի մարզային դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ա.Մաթևոսյանին հետագա պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին:
3. 2009 թվականի մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ.Տիգրանյանը դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Ա.Մաթևոսյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն` ճանաչելու, ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու և ի կատար ածելու միջնորդությամբ:
4. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 15-ի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և դատապարտյալ Ա.Մաթևոսյանի նկատմամբ ՌԴ Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «վ» կետերով նախատեսված արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին, ՌԴ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասին և ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածին, և Ա.Մաթևոսյանի նկատմամբ նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:
5. Դատապարտյալ Ա.Մաթևոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի որոշմամբ դատապարտյալի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատավճիռը օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանվել է և կայացվել է նոր որոշում` դատավճիռը ճանաչելու, ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու և ի կատար ածելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարելու մասին:
Համաձայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի դատական ակտի որոշվել է`
■ Հայաստանի Հանրապետությունում ճանաչել և ի կատար ածել Արմեն Ռուբենի Մաթևոսյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «վ» կետերով, 139-րդ հոդվածի 1-ին և 115-րդ հոդվածի 1-ին մասերով:
■ Ա.Մաթևոսյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքին.
ա) ՌԴ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «վ» կետերով նախատեսված արարքը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և պատիժ սահմանել ազատազրկում 15 (տասնհինգ) տարի ժամկետով:
բ) ՌԴ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասին և պատիժ սահմանել տուգանք` 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
գ) ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածին և պատիժ սահմանել տուգանք` 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
դ) ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասին և դրա կանոնների կիրառմամբ հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա. Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 15 (տասնհինգ) տարի ժամկետով և տուգանք 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ պատժի սկիզբը հաշվելով 2005 թվականի մայիսի 30-ից:
6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:
2009 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արմեն Ռուբենի Մաթևոսյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է հետևյալ արարքի համար. Ա.Մաթևոսյանը, անբարյացակամ վերաբերմունք ունենալով Լ.Չիչկովայի նկատմամբ, որը հրաժարվել է իր հետ հանդիպել և որևէ հարաբերություններ պահպանել, որոշել է նրան սպանել: Այդ նպատակով 2005 թվականի մայիսի 30-ին՝ առավոտյան ժամը 0400-ի սահմաններում, զինվելով խոհանոցային դանակով՝ գազի խողովակով, բաց պատշգամբով մուտք է գործել Կրասնոդար քաղաքի Գագարինի թիվ 242 շենքի 8 բնակարան, որտեղ բնակվել են Լ.Չիչկովան, նրա մայրը` Տ.Չիչկովան, ինչպես նաև նրա ազգականներ Ե.Անդրիեցը և Վ.Ռուսիյը:
Երբ Տ.Չիչկովան բնակարանում հայտնաբերել է կողմնակի անձի, նա վառել է լույսը և փորձել է խանգարել Ա.Մաթևոսյանին մտնելու սենյակ: Ա.Մաթևոսյանը Տ.Չիչկովային սպանելու նպատակով դանակով երեք հարված է հասցրել նրա կրծքավանդակի առաջնային և հետնային պատերին, ինչի հետևանքով Տ.Չիչկովան տեղում մահացել է:
Այնուհետև Ա.Մաթևոսյանը դանակով երեք հարված է հասցրել մոր ճիչից արթնացած Լ.Չիչկովայի մարմնին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, ապա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ե.Անդրիեցի և Վ.Ռուսոյի մարմնի տարբեր մասերին, որոնք փորձում էին պաշտպանել Լ.Չիչկովային, ինչի հետևանքով Ե.Անդրիեցը և Վ.Ռուսոյը տեղում մահացել են:
8. Վճռաբեկ բողոքում նշվում է, որ Ա.Մաթևոսյանը Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ գլխավոր դատախազության երկկողմ համաձայնության հիման վրա: Այնուհանդերձ, ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության նախարարության միջև համաձայնագրի տեքստը վարույթի նյութերում բացակայում է:
9. ՌԴ Չելյաբինսկի մարզային դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման մեջ նշել է, որ դատարանին ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազության համաձայնությունը` դատապարտյալ Ա.Մաթևոսյանի հետագա պատիժը Հայաստանի Հանրապետության տարածքում կրելու վերաբերյալ. ինչպես նաև երաշխավորություն` Ռուսաստանի Դաշնության դատավճիռը առանց վերանայման կատարելու մասին: Այնուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած համաձայնության և երաշխավորության տեքստերը վարույթի նյութերում բացակայում են:
Գործի նյութերում բացակայում է նաև դատապարտյալ Ա.Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու ժամկետի վերաբերյալ տեղեկությունները:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալ Ա.Մաթևոսյանի նկատմամբ 15 տարի ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս թույլ է տվել դատական սխալ, խախտել է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 21-ի Ստրասբուրգի միջազգային կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջները, կայացրել է դատական ակտ, որը իրավական բնույթով և տևողությամբ չի համապատասխանում միջազգային կոնվենցիայի պահանջներին, համաձայն որի` դատավճիռը համապատասխանեցնելիս, դատական ակտը կայացնող դատարանը պարտավոր է ղեկավարվել դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
11. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ սույն գործի քննության ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված սկզբունքները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների 1-ին մասերով, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով բողոքաբերը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ հարցը. արդյո՞ք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված` Ա.Մաթևոսյանի նկատմամբ ՌԴ Կրասնոդարի երկրամասային դատարանի դատավճիռը ճանաչելու և ի կատար ածելու մասին որոշումը համապատասխանում է ՀՀ ստանձնած միջազգային-իրավական պարտավորություններին, թե ոչ:
13. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ»:
Նույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի («pacta sunt servanda») համաձայն՝ «Յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր է դրա մասնակիցների համար և պետք է նրանց կողմից բարեխղճորեն կատարվի»:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` «… Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:…»:
14. Ներպետական իրավունքի նկատմամբ միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով օրինական որոշում կայացնելու համար վճռական նշանակություն ունի Ա.Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու հարցում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա փոխադարձ համաձայնության բովանդակության ամբողջական պարզաբանումը: Մինչդեռ գործում առկա նյութերը բավարար չեն այդ համաձայնության բովանդակությունը պարզաբանելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն օժտված չէ ապացույցներ հավաքելու իրավասությամբ:
Այդպիսի իրավասությամբ լիարժեք օժտված է առաջին ատյանի դատարանը, որը համապատասխան պետական մարմիններից` ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատախազություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, համապատասխան փաստաթղթեր պահանջելով և ստանալով` կարող է հավաքել գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ փաստական տվյալներ, ստուգման և գնահատման ենթարկել դրանք:
15. Գործի էական փաստերի վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենալուց հետո է միայն հնարավոր անդրադառնալ սույն գործի համար էական նշանակություն ունեցող իրավական հարցերի պարզաբանմանը: Դրանք են.
ա) Միջազգային իրավունքի ո՞ր սկզբունքներն են կիրառելի տվյալ դեպքում և դրանք ի՞նչ իրավական նշանակություն ունեն սույն գործի համար: Մասնավորապես` այն պայմաններում, երբ Ա.Մաթևոսյանի հետագա պատժի կապակցությամբ ՌԴ դատարանի կամքը պարզորոշ արտահայտված է, ապա Ա.Մաթևոսյանի նկատմամբ ՌԴ դատարանի կողմից նշանակված պատժից ավելի նվազ պատիժ սահմանելով` Հայաստանի Հանրապետությունը չի՞ խախտի արդյոք պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների համագործակցության սկզբունքները:
բ) Սույն գործով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները կարգավորվո՞ւմ են արդյոք 1983թ. «Դատապարտյալների փոխանցման մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներով:
գ) Սույն գործով ի՞նչ իրավական նշանակություն ունի Ա.Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին երկկողմ համաձայնությունը, որը, ըստ բողոքաբերի, կնքվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ գլխավոր դատախազության միջև:
դ) ՌԴ Չելյաբինսկի մարզային դատարանի որոշման մեջ շարադրված` Ա.Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության փոխանցելու պայմանները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) ի՞նչ իրավական նշանակություն ունեն ՀՀ դատարանների համար: Մասնավորապես, դրանք պե՞տք է հաշվի առնվեն կամ կարո՞ղ են հաշվի առնվել համապատասխան միջազգային պայմանագրերի դրույթները մեկնաբանելիս:
ե) Ա.Մաթևոսյանի պատժի վերաբերյալ ՌԴ-ին երաշխավորություն տալիս ՀՀ գլխավոր դատախազությունը դուրս չի՞ եկել արդյոք իր իրավասության շրջանակներից կամ, այլ կերպ ասած, չի գործել սltra vires՝ Վիեննայի 1969թ. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի իմաստով: ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ա.Մաթևոսյանի պատժի վերաբերյալ ՌԴ-ին տրված երաշխավորությունը Հայաստանի Հանրապետության համար արդյոք առաջացնու՞մ է որոշակի միջազգային-իրավական պարտավորություններ, և եթե` այո, ապա ինչպիսի՞:
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
Արմեն Ռուբենի Մաթևոսյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 15-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|