Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-847
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1506
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 դեկտեմբերի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 24.11.2009թ. մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009 թվականի հունիսի 14-ին:

2. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող երկու հավելված` Հավելված 1. «Կանոնադրություն» և Հավելված 2. «ՕԱՀՈՒ-ի ուժի կիրառման կանոնները»:

3. Նշված համաձայնագրի նպատակն է զինված հարձակման, այդ թվում` ագրեսիային դիմագրավման և Կողմերի հավաքական անվտանգության հետ կապված այլ սպառնալիքների և մարտահրավերների հակազդման համար Կողմերի ջանքերը միավորելը, ինչպես նաև հաստատել Կողմերի ձգտումը` հավաքական հիմունքով ապահովել Կողմերի անվտանգությունը և կայունությունը:

4. Համաձայնագիրը հղում է կատարել մի շարք միջազգային համաձայնագրերի, մասնավորապես.

 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է 2001թ. ապրիլի 4-ին` Ազգային ժողովի Ն-165-2 որոշմամբ (ՍԴՈ- 294)),

2001 թվականի մայիսի 25-ի «Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ի պայմանագրի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության կարգի մասին» արձանագրությանը (ՀՀ կողմից վավերացվել է 2002թ. ապրիլի 3-ին` Ազգային ժողովի Ն-272-2 որոշմամբ (ՍԴՈ- 243)),

2007 թվականի հոկտեմբերի 6-ի «Ագրեսիայի առաջացման կամ ագրեսիայի գործողության դեպքերում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրությանը (ՀՀ կողմից վավերացվել է 2008 թ. դեկտեմբերի 3-ին` Ազգային ժողովի Ն-110-4 որոշմամբ (ՍԴՈ- 775)):

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

կոալիցիոն հիմքի վրա ստեղծել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (ՕԱՀՈՒ), որոնք Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների մշտական պատրաստականության բաղադրիչն են, և որոնք նախատեսված են անդամ պետությունների անվտանգությանն ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ կերպով արձագանքելու համար (հոդված 2, կետ1 և կետ 2, մաս 1),

ՕԱՀՈՒ-ի համալրման համար` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, տրամադրել զինվորական համակազմեր և հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ` զինված ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով, ինչպես նաև իրականացնել նրանց համալրումը, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը (հոդված 3, կետեր 2, 3),

ընդունել ՕԱՀՈՒ-ի ուժի կիրառման կանոնները (հոդված 8),

ինքնուրույն իրականացնել անձնակազմի նախապատրաստումը և ուսուցումը, ինչպես նաև օպերատիվ, մարտական և հատուկ պատրաստության համատեղ միջոցառումների ընթացքում, որոնք անցկացվում են ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատվող ամենամյա ծրագրերին համապատասխան (հոդված 10, մաս 1),

ապահովել, որպեսզի առաջադրված խնդիրների կատարման համար զինվորական համակազմերի պատրաստականությունն ապահովեն ռազմական կառավարման ՀՀ մարմինները` Կողմերի կողմից համաձայնեցված այն պահանջներին համապատասխան, որոնք ներկայացվում են այդ ստորաբաժանումների պատրաստականության հետ կապված (հոդված 10, մաս 2),

իրականացնել ՕԱՀՈՒ-ի կազմի համար տրամադրած զինվորական համակազմերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը (հոդված 11, մաս 1),

ՕԱՀՈՒ-ի զինումը ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայի մատակարարման այն պահանջներին և պայմաններին համապատասխան, որոնք համաձայնեցվել են Կողմերի կողմից (հոդված 11, մաս 2),

համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված` գաղտնի տեղեկատվություն պարունակող տեղեկությունների պաշտպանությունն իրականացնել ՀՀ օրենսդրությանը և ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան (հոդված 12, կետ 1),

ապահովել Կողմերի անվտանգության մարմինների (հատուկ ծառայության) և ներքին գործերի մարմինների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների (մասնագետների խմբերի) մասնակցությամբ գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում դրանց կազմի, գործողությունների անցկացման հատուկ տեխնիկական հնարքների և տակտիկայի, սպառազինության, հատուկ միջոցների և հատուկ տեխնիկայի բնութագրությունների վերաբերյալ տեղեկատվության չտարածումը, ներառյալ այնպիսի տեղեկատվություն, որը բացահայտում է այլ տվյալներ, որոնց տարածումն արգելված է ուղարկող Կողմերի ազգային օրենսդրությամբ (հոդված 12, կետ 2):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-847