Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-861
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.12/60.1 Հոդ.48
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.01.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

27 հունվարի 2010 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրում (Հատուկ գործողություններ) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված` Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 08.12.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև և ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից այն ստորագրվել է 2009թ. հոկտեմբերի 12-ին:

Համաձայնագիրը կնքվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ենթատարածաշրջանային և պետական տրանսպորտային ճանապարհային ցանցի զարգացմանը, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհային ցանցի կառավարման կարողությունները և Ծրագրում ընդգրկված ճանապարհների անվտանգությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կմեծանա առևտրաշրջանառությունը, կնվազեն բեռնափոխադրումների ծախսերը, կբարելավվեն կառավարման հնարավորությունները, կաճի տարանցիկ երթևեկությունը և այլն:

2. Համաձայնագիրը բաղկացած է 6 հոդվածներից և վերջինիս անբաժանելի մասը կազմող թվով 5 հավելվածներից, ընդ որում` 3-րդ հավելվածն իր հերթին բովանդակում է աղյուսակ, այն է` վարկային միջոցների հատկացումներ և տրամադրումներ, համաձայն որի` համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 38.443.000 փոխարկման հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով: Հիշյալ գումարն Ասիական զարգացման բանկի կողմից վճարվելու է իր Հատուկ ֆոնդի ռեսուրսների հաշվին:

Համաձայնագրով սահմանվում են վարկային միջոցների տրամադրման և օգտագործման կարգը, վարկին և դրա մարման կարգին ու ժամկետներին վերաբերող պայմանները, վարկառուի հատուկ պարտավորությունները, համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաև այլ դրույթներ:

Համաձայնագրի 1-ին հոդվածն արձանագրում է, որ վարկը հատկացվելու է ԱԶԲ-ի Հատուկ գործառնությունների վարկի տրամադրման կարգին համապատասխան: Նշված հոդվածում պարզաբանվում են համաձայնագրի տեքստում օգտագործված մի շարք եզրույթների նշանակությունը և իմաստը:

Համաձայնագրի 1-ին հավելվածից բխում է, որ Ծրագրի հիմնական բաղադրիչներից են Երևան-Աշտարակ չորսշերտանի ճանապարհի 18.4 կմ հատվածի վերակառուցումը և Երևան-Արարատ ճանապարհի (38 կմ) անվտանգության բարձրացումը:

Նշված ներդրումային Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013թ. օգոստոսի 31-ին:

Համաձայնագրի 2-րդ հավելվածին (Ամորտիզացիոն վճարների գրաֆիկ) համապատասխան վարկառուն մայր գումարի մարումը կատարելու է ԱՄՆ դոլարով` 2018թ. մարտի 15-ից մինչև 2041թ. սեպտեմբերի 15-ը` ըստ սահմանված գրաֆիկի և մասնաբաժինների:

Վարկառուն` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորվում է ԱԶԲ-ին վճարել տարեկան 1% տոկոսադրույքով վարկային վճար վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` վարկային հաշվից մասնահանված և վճարման ենթակա վարկաբաժնի դիմաց, իսկ այնուհետև վճարել տարեկան 1.5% տոկոս: Ընդսմին, նշված տոկոսները և ցանկացած այլ վճարներ պետք է վճարվեն կիսամյակը մեկ անգամ` ամեն տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին: Հարկ է արձանագրել, որ նշված վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է արտոնյալ ժամկետով (մինչև 2018թ.), որից հետո վարկառուն պարտավորվում է մայր գումարի մարումը կատարել մինչև 2041թ. սեպտեմբերի 15-ը:

Վարկառուն համաձայնում է ապահովել, որ վարկային միջոցներն ուղղվեն բացառապես Ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը (համաձայնագրի 3-րդ հոդված):

Վարկի եզրափակման ժամկետ է սահմանվում 2014թ. հունիսի 30-ը կամ Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված այլ ժամկետ:

Համաձայնագրով նախատեսված է, որ ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումներն իրականացվելու են վարկատուի` ԱԶԲ-ի, Գնումների ուղեցույցին համապատասխան:

Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի` վարկառուն ստանձնում է մի շարք հատուկ պարտավորություններ, որոնք շարադրված են համաձայնագրի 5-րդ հավելվածում: Մասնավորապես, վարկառուն պարտավորվում է ծրագրի շրջանակներում վերակառուցվելիք ճանապարհների պահպանության համար պետական բյուջեում նախատեսել անհրաժեշտ փաստացի տարեկան ծախսեր: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունն իր սեփական միջոցների հաշվին կատարելու է ոչ կամավոր վերաբնակեցման ընթացքում առաջացած այն ծախսերի ֆինանսավորումը, որոնք կգերազանցեն բյուջետային նախահաշվարկը:

Համաձայնագիրը և վերջինիս 5-րդ հավելվածն ամրագրում են նաև վարկառուի պարտավորությունները` կապված շինարարության որակին ներկայացվող չափանիշներին, հանրային կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, ճանապարհների անվտանգությանը և բնապահպանական խնդիրներին:

Շինարարության նկատմամբ վերահսկողությունը, որակի հսկողությունը և պայմանագրերի կառավարումն իրականացվելու են միջազգային ընդունելի չափանիշների համաձայն:

Վարկառուն երաշխավորում է, որ Ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը կնախատեսեն դրույթներ, ըստ որոնց` ԱԶԲ-ին իրավունք է վերապահվում աուդիտի ենթարկել և ստուգել Ծրագրի իրականացման գրասենյակի գրառումներն ու հաշիվները և բոլոր կապալառուներին, մատակարարներին, խորհրդատուներին և Ծրագրի հետ կապված բոլոր այլ ծառայություններ մատուցողներին:

Համաձայնագրով ՀՀ պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրելու է Ծրագրի կառավարման խորհուրդը, որի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու Հայկական կողմից անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին ԱԶԲ-ին ծանուցելու օրվանից:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքի` համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, որոնք նախատեսված են համաձայնագրի 2-րդ հոդվածում, 2-րդ հավելվածում, 5-րդ հավելվածի 9-րդ, 10-րդ և 15-րդ կետերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրում (Հատուկ գործողություններ) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


27 հունվարի 2010 թ.

 ՍԴՈ-861

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան