Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդական համագործակցության համար՝ որպես բարեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման գործոն,
հաշվի առնելով երիտասարդության աճող դերը հասարակության զարգացման ժամանակակից փուլում,
հաստատելով իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված միջազգային երիտասարդական համագործակցությունն ընդլայնելու ու կատարելագործելու և այդ նպատակով պետական երիտասարդական քաղաքականության իրագործմանը մասնակցող պետական մարմինների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (միավորումների) միջև լայն համագործակցություն հաստատելու ցանկությունը,
համարելով, որ երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցությունը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդմանը, համամարդկային արժեքների հաստատմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը ամրապնդում և զարգացնում են համագործակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում պետական երիտասարդական քաղաքականություն իրականացնող պետական մարմինների և հասարակական երիտասարդական կազմակերպությունների (միավորումների) գծով, աջակցում են երիտասարդական համագործակցության ակտիվացմանն ուղղված նրանց նախաձեռնություններին:
Հոդված 2
Կողմերը երիտասարդական համագործակցության զարգացման և առաջնայնությունների սահմանման նպատակով բարենպաստ պայմաններ են ստեղծում պետական մարմինների և հասարակական երիտասարդական կազմակերպությունների (միավորումների) միջև կանոնավոր կապերի հաստատման համար:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը մշակում և իրականացնում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջպետական ծրագրեր և առանձին նախագծեր:
Հոդված 4
Կողմերը փոխադարձաբար օժանդակում են՝
երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման հարցում,
պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանը մասնակցող և երիտասարդական նախաձեռնություններին աջակցող պետական մարմինների, հասարակական երիտասարդական կազմակերպությունների և այլ կազմակերպությունների ու միավորումների աշխատանքի փորձի, գիտական, տեղեկատվական և մեթոդաբանական նյութերի փոխանակման հարցում,
երիտասարդական քաղաքականության և երիտասարդական համագործակցության տարբեր հարցերով համատեղ գիտական հետազոտությունների և միջոցառումների անցկացման հարցում:
Հոդված 5
Կողմերը նպաստում են երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում վիճակագրական և այլ տեղեկությունների փոխանակմանը, այդ թվում՝
իրենց պետություններում երիտասարդական քաղաքականությունը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի մասին,
երիտասարդական քաղաքականության իրագործման մասին:
Հոդված 6
Կողմերը փոխադարձաբար աջակցում են միջազգային համագործակցության հարցերում, այդ թվում` Կողմերի ներկայացուցիչների մասնակցությանը միջազգային երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի իրագործման շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերով Խորհուրդ, այսուհետ` Խորհուրդ: Խորհուրդը գործում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրության համապատասխան:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ վեճեր ծագելու դեպքում դրանք կարգավորվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ գրավոր ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող և սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները ընդունող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ այլ պետությունների միանալու համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետությունների համար միանալը իրականացվում է բոլոր Կողմերի համաձայնությամբ՝ նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած նման միանալուն համաձայն լինելու մասին վերջին հաղորդումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:
Հոդված 14
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալու ենթադրյալ օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
2005 թվականի նոյեմբերի 25-ի` |
Կ ա ն ո ն ա դ ր ու թ յ ու ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերով Խորհրդի
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերով Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրագործման նպատակով:
1.2. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, հիմնարար միջազգային պայմանագրերով, այդ թվում` Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գործող, ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով և սույն Կանոնադրությամբ:
1.3. Խորհրդի աշխատակազմի գործառույթները դրվում են Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեի վրա:
1.4. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
II. Խորհրդի գործառույթները
2. Խորհրդի գործառույթներն են.
2.1. Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերի քննարկումը.
2.2. Աջակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության զարգացմանը.
2.3. Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում հարցերի ուսումնասիրությունն ու քննարկումը և դրանց վերաբերյալ հանձնարարականների մշակումը.
2.4. Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության վերաբերյալ բազմակողմ փաստաթղթերի մշակումը, այդ թվում` սահմանված կարգով դրանք Համագործակցության կանոնադրական մարմինների քննարկմանը ներկայացնելը, ինչպես նաև աջակցությունը դրանց իրագործմանը.
2.5. Աջակցությունը երիտասարդական քաղաքականության ազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
2.6. Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների փորձի ուսումնասիրումը և ընդհանրացումը.
2.7. Աջակցությունը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների գործունեությանը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում կադրերի պատրաստման, մասնագետների փոխանակման և որակավորման բարձրացման բնագավառում:
III. Խորհրդի ձԵՎավորման կարգը
3.1. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված ներկայացուցիչներից, երկուական՝ յուրաքանչյուր պետությունից: Համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված ներկայացուցիչներ են հանդիսանում պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացնող հասարակական երիտասարդական և այլ կազմակերպությունների (միավորումների) ներկայացուցիչները:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
3.2. Խորհրդի նիստերին, նրա որոշմամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների (միավորումների) ներկայացուցիչները:
IV. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
4.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
Հերթական նիստի անցկացման վայրը, ժամանակը և օրակարգի նախագիծը որոշվում է Խորհրդի նիստերում` նրա անդամների նախնական պայմանավորվածությամբ:
Խորհրդի արտահերթ նիստ անցկացվում է Խորհրդի մեկ կամ ավելի անդամների նախաձեռնությամբ` խորհրդի առնվազն մեկ երրորդի համաձայնությամբ:
4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթականությամբ` Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ի դեմս նրա ներկայացուցչի, ռոտացիայի սկզբունքով` ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Խորհրդի նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են նրա համանախագահները: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
4.3. Խորհրդի որոշումներն ընդունվում են տվյալ հարցի քննարկմանը մասնակցող` Համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված ներկայացուցիչների ձայների մեկ երրորդով:
Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն նրա որոշմանը, կարող են հայտնել հատուկ կարծիք, որն ընդգրկվում է նիստի արձանագրությունում:
Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր հետաքրքրված չլինելու մասին, որը չպետք է դիտվի իբրև խոչընդոտ որոշում ընդունելու համար, ինչպես նաև` հետագայում տվյալ որոշմանը նրա միանալուն:
Որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ, որը ստորագրում է նախագահը:
Խորհրդի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:
4.4. Խորհուրդը կարող է ստեղծել հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
4.5. Խորհրդի նիստի անցկացման կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է ԱՊՀ այն մասնակից պետության երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտի պետական մարմնի կողմից, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը՝ ԱՊՀ ործադիր կոմիտեի հետ համատեղ:
4.6. Խորհրդի նիստի օրակարգը նիստի մասնակիցներին ուղարկվում է ոչ ուշ, քան նիստը սկսվելուց 15 օր առաջ:
4.7. Նիստի ընթացքում փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները և ուղղումները, որպես կանոն, ներկայացվում են գրավոր և տրամադրվում են նիստի մասնակիցներին:
4.8. Խորհրդի նիստերին մասնակցելու համար Խորհրդի անդամների գործուղման ծախսերը կրում է ուղարկող կողմը:
Խորհրդի նիստի անցկացման կազմակերպատեխնիկական ապահովման հետ կապված ծախսերը կրում է ընդունող կողմը:
4.9. Խորհրդի նիստի որոշումների, արձանագրությունների և այլ փաստաթղթերի բնօրինակները պահվում են ԱՊՀ Գործադիր կոմիտեում:
Հայաստանի Հանրապետության վերապահումը
8.9-րդ կետի վերաբերյալ. «Երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Համաձայնագրի մասին»
7-րդ հոդվածն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. «Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ` |
Ա. Մարգարյան |
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության (հաշվի առնելով վերապահումը), Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար` 05.05.2006, Ղրղզստանի Հանրապետության համար` 05.05.2006, Հայաստանի Հանրապետության համար` 05.05.2006, Բելառուսի Հանրապետության համար` 14.07.2006, Տաջիկստանի Հանրապետության համար` 28.09.2006, Ղազախստանի Հանրապետության համար՝ 14.11.2006:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|