ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռիմա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի՝ կտակը և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հրանտ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել 13.08.2001 թվականի հա. 1-4829 կտակը և կտակի հիման վրա Ռիմա Գրիգորյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.03.2002 թվականի հա. 2-1422 վկայագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 04.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 53-րդ և 51-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից: Մասնավորապես, վերաքննիչ բողոքը բերվել է երկու հիմքով, այն է՝ Վարդանուշ Խաչատրյանը կտակի կազմման ժամանակ իր գործողությունները չգիտակցելու և հայցվորի կողմից ներկայացված փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժման հիմքով:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է մի հանգամանք, որը բողոքի հիմքում և շրջանակներում ընդգրկված չի եղել, մասնավորապես Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ գործի նյութերի համաձայն 13.08.2001 թվականին կազմված կտակը կտակարարի հիվանդության պատճառով ստորագրվել է այլ քաղաքացու` Աղավնի Կուրտիկյանի կողմից: Ինչպես նաև նշվել է, որ կողմերի բացատրությունները և գործով ձեռք բերված ապացույցները պարունակում են իրարամերժ տվյալներ կտակարարի առողջական վիճակի մասին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս է եկել, քանի որ այդ հիմքով բողոք չի բերվել:
Փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը ներկայացվել է բանավոր և գործի դատաքննության ընթացքում, հետևաբար Դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժումը հիմնավոր է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 1958 թվականին Երևանի Դիմիտրովի փողոցի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 5/8-րդ բաժինը հաշվառվել է Վարդանուշ Խաչատրյանի անվամբ, 1/8-րդ բաժինը՝ Վարյա Կոստանյանի անվամբ, 1/8-րդ բաժինը` Ռիմա Գրիգորյանի և 1/8-րդ բաժինը` Վասակ Գրիգորյանի անվամբ (հատոր առաջին, գ.թ. 20-21):
2) Վարդանուշ Խաչատրյանը 13.01.2001 թվականին Երևանի Դիմիտրովի փողոցի 22 տան մասը, ինչպես նաև նրանում գտնվող ամբողջ գույքը կտակել է Ռիմա Գրիգորյանին (հատոր առաջին գ.թ. 46):
3) Վարդանուշ Խաչատրյանը մահացել է 24.09.2001 թվականին (հատոր առաջին գ.թ. 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական նիստում մասնավորապես` կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, համաձայն որի` «Հայցվորն իր պահանջի հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը, որևէ պատշաճ ապացույց չներկայացրեց դատարանին, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ 13.08.2001 թվականի կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Նման պայմաններում, երբ հայցապահանջի հիմքում ընկած վերը նշված հանգամանքը չապացուցվեց, դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դատարանը պարտավոր էր նշանակել փորձաքննություն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վկայակոչել է Սրբուհի Քրաջյանի և Անահիտ Շերմազանյանի գործում առկա ցուցմունքների՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության անհրաժեշտությունը: Սրբուհի Քրաջյանի ցուցմունքի համաձայն` ինքը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է 2001 թվականին, երբ վերջինս իրեն չի ճանաչել, հիշեցնելուց հետո էլ չի հիշել: Դրանից մոտ մեկ ամիս անց Վարդանուշ Խաչատրյանը մահացել է: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի տված ցուցմունքին, ապա վերջինս հայտնել է, որ Վարդանուշ Խաչատրյանն ընդունել է ցավազրկող հաբեր միայն ոտքերի համար, և մահացել է սրտի աշխատանքի անբավարարության հետևանքով, այլ ոչ թե որպես օնկոլոգիական հիվանդ:
Փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետից հետևում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծվի գործի նախնական նիստում: Մինչդեռ սույն գործով Հրանտ Գրիգորյանի ներկայացուցիչը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել դատաքննության փուլում, ինչը Դատարանի կողմից իրավացիորեն մերժվել է:
Ինչ վերաբերում է Սրբուհի Քրաջյանի և Անահիտ Շերմազանյանի ցուցմունքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սրբուհի Քրաջյանի ցուցմունքը սույն գործի համար էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ դրանից հետևում է, որ Սրբուհի Քրաջյանը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է վիճարկվող կտակը կազմելուց՝ 13.01.2001 թվականից ավելի քան 7 ամիս հետո: Հետևաբար, տվյալ ապացույցով հնարավոր չէ գնահատել Վարդանուշ Խաչատրյանի առողջական վիճակը հենց կտակ կազմելու ժամանակ: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի ցուցմունքին, ապա այն որևէ կերպ չէր կարող վկայել Վարդանուշ Խաչատրյանի մոտ կտակը կազմելու ժամանակ սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունը բացառող հանգամանքի մասին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը չի ապացուցել գործարքը կնքելու պահին Վարդանուշ Խաչատրյանի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու անկարողությունը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերից դուրս գալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջից դուրս չի եկել, քանի որ և կտակն այլ անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, և վկաների ցուցմունքները, առողջական վիճակի մասին դատողությունները վերաքննիչ բողոքի հիմքերն են:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|