Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1450
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-3363

Քաղաքացիական գործ թիվ 3-200 (ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփինե Թոքմաջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջուլիետտա Հարությունյանի ընդդեմ Արփինե Թոքմաջյանի և երրորդ անձ Արաբկիրի թաղապետարանի` բնակարանը որպես արհեստանոց օգտագործելն արգելելու, այն ըստ նպատակային նշանակության օգտագործելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին և հակընդդեմ հայցի` վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ջուլիետտա Հարությունյանը պահանջել է արգելել Արփինե Թոքմաջյանին բնակարանը որպես արհեստանոց օգտագործելը, այնտեղ փայտամշակման աշխատանքներ կատարելը և պարտավորեցնել բնակարանն օգտագործել դրա գործառնական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև բռնագանձել 392500 ՀՀ դրամ, որպես վնաս` սույն գործով դատական պաշտպանության և պատճառված անհանգստության հետևանքով առողջության վերականգնման համար կրած ծախսերի հատուցում:

Դիմելով դատարան՝ Արփինե Թոքմաջյանը պահանջել է Ջուլիետտա Հարությունյանից բռնագանձել 200 ԱՄՆ դոլարին համարժեք 70000 ՀՀ դրամ` որպես վնասի` սույն գործով դատական պաշտպանության համար կրած ծախսերի հատուցում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` արգելել Արփինե Թոքմաջյանին Երևանի Կոմիտասի 19-րդ շենթի թիվ 40 բնակարանը որպես արհեստանոց օգտագործելը և պարտավորեցվել է այն օգտագործել դրա գործառնական նշանակությանը համապատասխան: Արփինե Թոքմաջյանից հօգուտ Ջուլիետտա Հարությունյանի բռնագանձվել է 272500 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար: Հայցը` 120.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 27.07.2007 թվականի վճռի` վնասի հատուցման պահանջը բավարարելու մասը, և այն մերժվել է: Դատարանի վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արփինե Թոքմաջյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 28.09.2009 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով 28.09.2009 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 28.09.2009 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

«ք. Երևան

28.09.2009 թվական

 

ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով հայցվոր Երևանի Կոմիտասի 19 շենքի թիվ 38 բնակարանի սեփականատեր` Ջուլիետտա Հարությունյանս, ինչպես նաև պատասխանող, Երևանի Կոմիտասի 19 շենքի թիվ 40 բնակարանի սեփականատեր` Արփինե Թոքմաջյանս կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

Ես` Արփինե Թոքմաջյանս, հանդիսանալով Երևանի Կոմիտասի 19-րդ շենքի թիվ 40 բնակարանի սեփականատեր, պարտավորվում եմ իմ բնակարանում օրվա ցերեկային, երեկոյան և գիշերային ժամերին չաղմկել, չկատարել այնպիսի գործողություններ իմ բնակարանում, որից բարձրացված աղմուկն անհանգստություն պատճառի հարևանությամբ բնակվող բնակիչներին և հատկապես նույն շենքի թիվ 38 բնակարանի սեփականատեր Ջուլիետտա Հարությունյանին:

Ես` Ջուլիետտա Հարությունյանս, պարտավորվում եմ Արփինե Թոքմաջյանի կողմից իր վերը նշված պարտավորությունները կատարելու դեպքում այլևս որևէ տեղական կամ իրավապահ մարմինների չբողոքել:

Մենք ծանոթ ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածի պահանջներին:

Հայցվոր Ջուլիետտա Հարությունյան անձ. ԱՀ 0697859 ստորագրություն

Պատասխանող` Արփինե Թոքմաջյան անձ. ԱԱ 0271668 ստորագրություն»:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան