ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0293/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0293/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանուշ Հովհաննիսյանի ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Արթուր Հովհաննիսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վանուշ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 26.04.2007 թվականին Արթուր Հովհաննիսյանի անվամբ տրված Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (Վերաքննիչ դատարան) 06.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 04.12.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վանուշ Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը և 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել Ազատ Հովհաննիսյանի սեփականության իրավունքի ծագման և Արթուր Հովհաննիսյանին 26.04.2007 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար հիմք ծառայած հանգամանքները, մասնավորապես` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.1999 թվականի վճիռը, որով անվավեր է ճանաչվել Ազատ Հովհաննիսյանի՝ Անահիտ և Գագիկ Հովհաննիսյանների անվամբ կազմված կտակը, այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու արդյունքում կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 23.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է վիճելի գույքը փաստացի տիրապետողների միջև բաժանելու մասին կողմերի հաշտության համաձայնությունը, դրա հիման վրա Ազատ, Վանուշ, Գայանե Հովհաննիսյանների և Սիրվարդ Մարգարյանի միջև 28.10.1999 թվականին կնքած «Անշարժ գույքի բաժանման պայմանագիրը»:
Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը, հայցի բավարարման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ազատ Հովհաննիսյանը գործարքից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարել, որը հանգեցրել է դրա անվավերությանը և եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ Ազատ Հովհաննիսյանը վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.12.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Գևորգ Հովհաննիսյանը Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեի ողջ անշարժ գույքը կտակել է իր դստերը` Անահիտ Հովհաննիսյանին, և վերջինիս որդուն` Գագիկ Հովհաննիսյանին: Նշված կտակը դատական կարգով վիճարկել է միայն Վանուշ Հովհաննիսյանը, սակայն վեճը լուծվել է հաշտության համաձայնությամբ, որում շարադրված պայմանները Ազատ Հովհաննիսյանին չեն վերաբերել, քանի որ նա չի հանդիսացել տվյալ քաղաքացիական գործին մասնակցող անձ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 02.02.1995 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 տան սեփականատերն էր Գևորգ Հովհաննիսյանը (հատոր 2-րդ, գ. թ. 41):
2. 18.05.1998 թվականին տրված թիվ ԱԱ 044137 մահվան վկայականի համաձայն` Գևորգ Հովհաննիսյանը մահացել է 27.12.1992 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 44):
3. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.1999 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Գևորգ Հովհաննիսյանի՝ Անահիտ և Գագիկ Հովհաննիսյանների անվամբ կազմած կտակը, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու արդյունքում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 23.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ յուրաքանչյուր տիրապետող իրավունք ունի իր փաստացի տիրապետման ներքո գտնվող անշարժ գույքը տնօրինելու, իսկ անօրինական կառույցները` օրինականացնելու:
Նշված գործով Ազատ Հովհաննիսյանը գործին մասնակցող անձ չէր (հատոր 1-ին գ. թ. 8):
4. Ազատ, Վանուշ, Գայանե Հովհաննիսյանների և Սիրվարդ Մարգարյանի միջև 28.10.1999 թվականին կնքվել է «Անշարժ գույքի բաժանման պայմանագիր», որով Ազատ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով անցել է Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքից 67.1 քմ մակերեսով շինությունը, 81.0 քմ մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման իրավունքով 67.9 մակերեսով հողամասը (հատոր 2-րդ, գ. թ. 48):
5. Երևանի Էրեբունի համայնքի թիվ 14 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 25.04.2007 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Գևորգ Հովհաննիսյանի մահից հետո նրա որդին` Ազատ Հովհաննիսյանը, մինչև իր մահը բնակվել է Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեում (հատոր 1-ին գ. թ. 34):
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 20.10.2006 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի` Ազատ Հովհաննիսյանի բաժնի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հատոր 2-րդ, գ. թ. 39):
7. 21.09.2000 թվականի թիվ 6319 «Մահվան վերաբերյալ ակտի գրանցման» համաձայն` Ազատ Հովհաննիսյանը մահացել է 18.09.2000 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 31):
8. Երևանի Էրեբունի համայնքի թիվ 14 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 28.03.2007 թվականին և 25.04.2007 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Ազատ Հովհաննիսյանի որդին` Արթուր Հովհաննիսյանը, փաստացի տիրապետել է Ազատ Հովհաննիսյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքը (հատոր 1-ին, գ. թ. 34):
9. 26.04.2007 թվականին Արթուր Հովհաննիսյանին` որպես Ազատ Հովհաննիսյանի առաջին հերթի ժառանգի, տրվել է Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ. թ. 29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:
Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ազատ Հովհաննիսյանը Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի սեփականատերն է: Նման եզրահանգման համար Դատարանը հիմք է ընդունել` 23.06.1999 թվականի ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.06.1999 թվականի վճիռը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.02.2007 թվականին տրված ձև 2 տեղեկանքը, 20.10.2006 թվականին Կադաստրի տրված տեղեկանքը, 15.08.2006 թվականին Վանուշ Հովհաննիսյանին տրված թիվ 1506851 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.06.1999 թվականի վճռով հաստատված կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքելիս Ազատ Հովհաննիսյանը դատավարության կողմ չի հանդիսացել, ուստի նշված վճիռը վերջինիս համար իրավունքներ և պարտականություններ չի առաջացրել: Բացի այդ, Ազատ Հովհաննիսյանը անշարժ գույքի բաժանման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարել, ուստի պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցրել է պայմանագրի անվավերության:
Սույն գործի փաստերի համաձայն` Գևորգ Հովհաննիսյանը Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 ամբողջ տունը կտակել էր Անահիտ և Գագիկ Հովհաննիսյաններին: Նշված կտակի վավերականության հարցը Վանուշ Հովհաննիսյանի կողմից վիճարկվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.1999 թվականի վճռով այն անվավեր է ճանաչվել: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու արդյունքում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 23.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունն այն մասին, որ վերոնշյալ հասցեի անշարժ գույքի յուրաքանչյուր տիրապետող իրավունք ունի իր փաստացի տիրապետման ներքո գտնվող անշարժ գույքը տնօրինելու, իսկ անօրինական կառույցները` օրինականացնելու: Այնուհետև հիշյալ վճռի հիման վրա Երևանի Նոր Արեշի 36 փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի փաստացի տիրապետողների` Ազատ, Վանուշ, Գայանե Հովհաննիսյանների և Սիրվարդ Մարգարյանի միջև կնքվել է «Անշարժ գույքի բաժանման պայմանագիր», որով հստակեցվել է ժառանգության զանգվածից յուրաքանչյուրին պատկանելիք բաժինը:
Հիմք ընդունելով վերոգրյալ փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից ճիշտ են գնահատվել գործով ձեռք բերված ապացույցները, և հայցը իրավացիորեն մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 23.06.1999 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությունից հետևում է, որ կողմերը ընդունել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.1999 թվականի վճռով կտակը անվավեր ճանաչելու հանգամանքը և համաձայնության են եկել վիճելի անշարժ գույքը ըստ օրենքի ժառանգական իրավունքով ժառանգելու մասին: Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ է համարվել նաև Ազատ Հովհաննիսյանը, որը, փաստացի տիրապետելով վիճելի անշարժ գույքը, ընդունել է ժառանգական զանգվածի իր բաժինը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ազատ Հովհաննիսյանը պետական գրանցման չի ենթարկել «Անշարժ գույքի բաժանման պայմանագրից» ծագող սեփականության իր իրավունքը, հետևաբար, վիճելի գույքի նկատմամբ ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ սույն գործով ժառանգության զանգվածի բաժանման վերաբերյալ ժառանգների միջև առկա է համաձայնություն: Բացի այդ, Ազատ Հովհաննիսյանը վիճելի անշարժ գույքի փաստացի տիրապետման ուժով արդեն իսկ ձեռք է բերել դրա նկատմամբ սեփականության իրավունք` անկախ այդ իրավունքի պետական գրանցումից:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ազատ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Արեշի 36 փողոցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքից 67.1 քմ մակերեսով շինությունը, 81.0 քմ մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման իրավունքով 67.9 մակերեսով հողամասը մտնում են ժառանգության զանգվածի մեջ, հետևաբար, Ազատ Հովհաննիսյանի որդի Արթուր Հովհաննիսյանը` որպես ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, փաստացի տիրապետման ուժով համարվում է այդ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2008 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |