Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.245
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/08

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Մհեր և Սասունիկ Սարդարյանների հայցի ընդդեմ Երևանի Աջափնյակի թաղապետարանի, երրորդ անձինք Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա Ուլյանովա-Զվոլինսկասի՝ Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման 1-ին կետը Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա Ուլյանովա-Զվոլինսկասի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր և Սասունիկ Սարդարյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման 1-ին կետը՝ Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա Ուլյանովա-Զվոլինսկասի մասով:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սարդարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վարչական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող անձանցից Հայկ Սարդարյանը՝ որպես դատավարության մասնակից, ծանուցագրով չի տեղեկացվել դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, ինչի հետևանքով զրկվել է իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

2) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, ինչպես նաև կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վիճելի բնակարանը մինչև 1997 թվականը չի սեփականաշնորհվել, գտնվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների հաշվեկշռում: ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշմամբ Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով հանձնվել է թաղային համայնքին: Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու 21.05.2002 թվականի թիվ 70 որոշման համաձայն` Երևանի Աջափնյակի համայնքի ղեկավարի կողմից 06.07.2004 թվականին ընդունած թիվ 147 որոշմամբ Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանը, որպես նվիրատվություն ձևակերպվել է Դուստրիկ Սարդարյանի, Մհեր և Սասունիկ Սարդարյանների, Նարեկ, Հայկ Սարդարյանների, և Լաուրա Ուլյանովայի համատեղ սեփականություն, ինչի հիման վրա 07.07.2004 թվականին կնքվել է նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1.1 կետով Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանում բնակվում են Դուստրիկ Սարդարյանը, Մհեր և Սասունիկ Սարդարյանները, իսկ անհայտ բացակայողներ, Նարեկ և Հայկ Սարդարյանները, Լաուրա Ուլյանովան պահպանում են իրենց օգտագործման իրավունքը, ինչի հիման վրա Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ 16.07.2004 թվականին Դուստրիկ, Մհեր, Սասունիկ, Հայկ, Նարեկ Սարդարյանների և Լաուրա Ուլյանովայի անվամբ տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:

 Բացի այդ, դատարանը գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ժամանակ անդրադարձել է միայն 26.05.2004 թվականի վճռին, որով Նարեկ, Հայկ Սարդարյանները և Լաուրա Ուլյանովան ճանաչվել են անհայտ բացակայողներ, մինչդեռ գործում առկա է նաև 01.11.2004 թվականի վճիռը, որով վերացվել է 26.05.2004 թվականի վճիռը և վերականգնվել են Նարեկ, Հայկ Սարդարյանների և Լաուրա Ուլյանովայի իրավունքները, ինչին դատարանը չի անդրադարձել:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

 1. Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման համաձայն՝ Դուստրիկ, Մհեր, Սասունիկ Սարդարյանները, Լաուրա Ուլյանովան, Նարեկ և Հայկ Սարդարյանները Երևանի Շիրազի փողոցի 24 շենքի թիվ 2 չորս սենյականոց բնակարանի համասեփականատերերն են (հատ. 1, գ.թ. 14):

2. 06.04.2009 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասինՀայկ Սարդարյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: (հատ. 1, գ.թ. 110):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը՝ փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով): Վերոնշյալը ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հայկ Սարդարյանին չի իրազեկել դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ, գործը քննել է Հայկ Սարդարյանի բացակայությամբ և վճիռ կայացրել: Սույն գործում առկա չէ 06.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հայկ Սարդարյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության ընթացքում կողմերին հավասար հնարավորության ընձեռման սկզբունքի հետ: Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցներին իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վարչական դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան