Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-852
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.02/6(358) Հոդ.13
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.01.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 հունվարի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գագիկ Չանգլյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Չանգլյանի` 04.09.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` վերաքննիչ դատարանի լիազորությունները սահմանող 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է վերաքննիչ դատարանի հետևյալ լիազորությունը. «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ...2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2007թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 34-105 հոդվածի 1-ին մասերով` դատապարտվելով ազատազրկման` 7 տարի ժամկետով: Դատավճիռը բողոքարկվել է ինչպես դիմողի, այնպես էլ տուժողի իրավահաջորդի և դատախազի կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 28.07.2008թ. դատավճռով դիմողի վերաքննիչ բողոքը մերժել է, միաժամանակ բավարարել դատախազի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դիմողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով:

Դիմողի կողմից վերաքննիչ դատարանի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 2009թ. մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթին: Ըստ դիմողի` այդ հակասությունը դրսևորվում է նրանում, որ եթե վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրեն վերապահված լիազորությունը` բեկանում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնում առաջին ատյանի դատարանի դատավճռից էապես տարբերվող նոր դատավճիռ, ապա նման իրավիճակում անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկելու` ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի` նման իրավիճակի հակասահմանադրականությունն առավել ակնհայտ է, երբ անձն առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է, սակայն մեղավոր է ճանաչվել վերաքննիչ դատարանի դատավճռով:

 4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ վերաքննիչ դատարանի` վիճարկվող լիազորությունն ամբողջովին բխում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթի բովանդակությունից: Ավելին, այդ լիազորության իրականացումն ուղղված է Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքների, դատական գործընթացի լիարժեքության ու դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը:

 5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` անձի` իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխում սահմանված` ՀՀ դատական համակարգի կառուցվածքի, այդ համակարգում յուրաքանչյուր դատական ատյանի սահմանադրաիրավական կարգավիճակի և գործառույթների, ինչպես նաև նշված իրավունքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության` քրեական գործերով բողոքարկման իրավունքն ամրագրող 2-րդ հոդվածով Կոնվենցիայի մասնակից պետությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, պարտավորություն են ստանձնել հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր անձի համար երաշխավորել դատապարտումը կամ նշանակված պատիժը վերադաս դատական ատյանի կողմից վերանայելու հնարավորություն: «Դատապարտումը կամ նշանակված պատիժը» ձևակերպումը նշանակում է, որ նշված կոնվենցիոն դրույթը չի պարտավորեցնում երաշխավորել միաժամանակ և՛ դատապարտման, և՛ նշանակված պատժի վերանայման հնարավորություն: Այսինքն` եթե անձը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքով, ապա վերանայման իրավունքը կարող է սահմանափակվել միայն պատժի կամ միայն դատապարտման վերանայման հնարավորությամբ: Քրեական գործերով բողոքարկման իրավունքը սահմանող կոնվենցիոն նշված դրույթը չի պահանջում նաև գործի ըստ էության վերանայում. վերանայումը կարող է լինել կամ իրավունքի հարցերով, կամ` և՛ իրավունքի, և՛ փաստի հարցերով միաժամանակ: Կոնվենցիան որևէ կերպ մասնակից պետություններին չի պարտավորեցնում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ ատյաններ: Յուրաքանչյուր մասնակից պետություն ազատ է որոշելու, թե դատական ակտի վերանայման իրավունքը կապահովվի վերաքննության, թե վճռաբեկության կարգով բողոքարկման միջոցով, դատական ակտի վերանայումը կսահմանափակվի միայն իրավունքի հարցերով, թե կներառի նաև փաստի հարցեր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Կրոմբախն ընդդեմ Ֆրանսիայի (Krombach v. France) գործով վճռում նշվում է, որ պայմանավորվող կողմերին լայն հայեցողություն է տրված այն հարցը որոշելու առումով, թե ինչ միջոցներով պետք է ապահովվի Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածում նշված վերանայման իրավունքը: Նշված հոդվածի պահանջն այն է, որ վերանայման իրավունքը պետք է առկա լինի անմիջականորեն և անկախ իշխանությունների հայեցողությունից:

Միաժամանակ, նշված 2-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է այն բացառությունները, որոնց կարող է ենթակա լինել 1-ին մասում ամրագրված` բողոքարկման իրավունքը: Ըստ այդ մասում ամրագրված դրույթի` բողոքարկման իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ կամ երբ տվյալ անձը դատապարտվել է բարձրագույն ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտվել է այդ անձի արդարացման դեմ բողոքի քննարկման արդյունքում:

Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածում ամրագրված դրույթների վերլուծությունը և Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրակացնել, որ քրեական գործերով բողոքարկման իրավունքի բովանդակությունը հանգում է նրան, որ քրեական գործով անձի դատապարտման կամ նշանակված պատժի վերանայման հնարավորությունը պետք է ապահովվի առնվազն մեկ վերադաս ատյանում:

6. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով ամրագրվել է ընդհանուր իրավասության եռաստիճան դատական համակարգ: Սահմանադրական այս իրավակարգավորմանը համապատասխան` ՀՀ դատական օրենսգիրքը և քրեադատավարական ու քաղաքացիադատավարական օրենսգրքերը սահմանել են դատական ակտերի` վերադաս դատարանի կողմից վերանայման սահմաններն ու հիմքերը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունները:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդված): Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը:

Վերաքննիչ դատարանում, որպես կանոն, բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքներն ընդունվում են որպես հիմք։ Սակայն այս կանոնից նախատեսվում է նաև բացառություն. վերաքննիչ դատարանը կարող է ինքնուրույն գնահատել այս կամ այն փաստական հանգամանքը, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը։ Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է նաև գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն` բողոքարկված դատական ակտը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է`

1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.

 2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.

 3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

 4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Վերաքննության կարգով վերանայման առարկայի, վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների, վերաքննիչ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտի բեկանման հիմքերի ուսումնասիրությունը վկայում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան բողոքարկելու միջոցով ապահովվում է ինչպես դատապարտումը, այնպես էլ պատիժը բողոքարկելու իրավունքի իրացումը, վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերանայում է իրավունքի հարցերը, նաև առանձին բացառություններով՝ փաստի հարցեր։ Ելնելով նշվածից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի բողոքարկման հնարավորությունը գործում է անմիջականորեն, և քրեադատավարական օրենսդրությամբ վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի քննության ընդունման հարցում որևէ հայեցողական լիազորություն տրամադրված չէ` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնականում երաշխիքներ ստեղծել է ինչպես ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված` դատավճիռների վերանայման իրավունքի իրացման համար:

ՀՀ եռաստիճան դատական համակարգում նախատեսված է նաև վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի ակտերը՝ իր սահմանադրաիրավական կարգավիճակի ու դատական համակարգում ունեցած գործառնական դերի շրջանակներում և վերջիններիս համապատասխան՝ ՀՀ քրեադատավարական օրենսգրքում սահմանված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության պայմաններում:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքի իրացման հնարավորությունները պայմանավորված են դատական համակարգի կառուցվածքի առանձնահատկություններով և այդ համակարգում յուրաքանչյուր դատական ատյանի գործառնական դերով:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դատավճիռների վերանայման իրավունքը դիտարկելով ՀՀ եռաստիճան դատական համակարգի կառուցվածքի առանձնահատկությունների, ինչպես նաև ՀՀ ստանձնած վերոհիշյալ միջազգային պարտավորությունների հետ համադրության մեջ` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ քրեական մեղադրանքի որոշումը չի կարող սահմանափակվել միայն մեկ ատյանի դատարանի կողմից քրեական գործի քննության շրջանակներով։ Հետևաբար, հաշվի առնելով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները վերաքննիչ դատարան բողոքարկելու` օրենքով սահմանված կարգն ու վերաքննիչ դատարանի լիազորությունները` սահմանադրական դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռների՝ վերաքննիչ դատարան բողոքարկման միջոցով իրացվում է վերադաս դատարանի կողմից անձի նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունքը։

 Ինչ վերաբերում է վճռաբեկության կարգով վերաքննիչ դատական ակտերի վերանայմանը, ապա վերջինս հանդես է գալիս որպես վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը շտկելու դատավարական երաշխիք, որի միջոցով վճռաբեկ դատարանն իրացնում է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթը, և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման դեպքում վերանայման իրավունքի իրացման հնարավորությունն իրավաչափորեն սահմանափակվում է վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և գործառնական դերով:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 2009թ. սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշման մեջ ամրագրված իր այն դիրքորոշումը, որ պետական ցանկացած մարմնի կարող է տրվել այս կամ այն լիազորությունը, որն անհրաժեշտ է նրա առջև դրված խնդիրները լիարժեք լուծելու համար, եթե դրանք համապատասխանում են տվյալ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին և սահմանադրորեն ամրագրված ու երաշխավորված արժեքներին, ինչպես նաև հաշվի առնելով վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման առարկան և վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները, գտնում է, որ վերաքննիչ դատարանին սույն գործով վեճի առարկա լիազորության տրամադրումը վերաքննիչ վարույթի տրամաբանության շրջանակներում է և միտված է վերաքննիչ դատարանի կողմից արդյունավետ արդարադատության իրականացման ապահովմանը: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վերաքննիչ դատարանին վիճարկվող լիազորությունը վերապահելը նպատակ է հետապնդել կանխելու դատական շրջապտույտը: Նման լիազորության միջոցով դատական շրջապտույտի կանխումն իր հերթին հնարավորություն է ընձեռում երաշխավորել դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 2-րդ մասի նորմատիվ դրույթները` կապված վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի դատավճռով նախատեսվածից ավելի խիստ պատիժ նշանակելու վերաքննիչ դատարանի լիազորության իրականացման առանձնահատկության հետ, ինչպես նաև փաստելով դատախազի, տուժողի իրավահաջորդի, նրա ներկայացուցչի և սույն գործով դիմողի վերաքննիչ բողոքների միաժամանակյա առկայության իրողությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև դիմողը ձևականորեն իրացրել է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված բողոքարկման իր իրավունքը, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվել է ավելի խիստ պատիժ, հետևաբար` սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում կիրառելի է ՀՀ ՍԴ 22.12.2009թ. ՍԴՈ-849 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` նկատի ունենալով նաև, որ հիմնախնդիրը հետագա համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն ունի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 հունվարի 2010 թ.

 ՍԴՈ-852