Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.124
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/6970/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/6970/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ «ՏՈՆԱՐ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` 19.03.2007 թվականի թիվ 182 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան (այսուհետ՝ Մաքսատուն) 19.03.2007 թվականի թիվ 182 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 8-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 26.10.1999 թվականի «ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 27-րդ, 28-րդ 30-րդ, 31-րդ, 32-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը 23.11.2006 թվականի թիվ C-29831 բեռնային մաքսային հայտարարագրով 21.420 հատ ակցիզային դրոշմանիշը հայտարարագրել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով 90 օր ժամկետով՝ մինչև 21.02.2007 թվականը, իսկ նշված ակցիզային դրոշմանիշերը ՀՀ են վերադարձվել 25.06.2008 թվականին և թիվ C-3191 բեռնային մաքսային հայտարարագրով հայտարարագրվել են «վերաներմուծում» մաքսային ռեժիմով:

Ընկերությունը խախտել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար նախատեսված ժամկետները, ինչն էլ Կարգի 30-րդ կետի 3-րդ պարբերությամբ և 32-րդ կետով հիմք է վճարված գումարները չվերադարձնելու համար:

Դատարանի այն եզրահանգումը, որ Կոմիտեի կողմից հարկեր և պարտադիր այլ վճարներ գանձվում և պետական բյուջե են փոխանցվում միայն վնասված ակցիզային դրոշմանիշերը չվերադարձնելու կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքում, հիմնավոր չէ և չի բխում ինչպես «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Կարգի դրույթներից, քանի որ դրանցում սահմանված է պատասխանատվություն ինչպես ակցիզային դրոշմանիշերի չօգտագործման, այնպես էլ ակցիզային դրոշմանիշերի չվերադարձման կամ ուշ վերադարձման համար:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ, 53-րդ 71-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անհիմն մերժել է Կոմիտեի փաստարկն այն մասին, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել վիճարկման հայց՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Այսպես՝ Մաքսատան թիվ 182 ակտն ուժի մեջ է մտել 19.03.2007 թվականին, իսկ 14.07.2008 թվականին Ընկերությունը դիմել է Կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն՝ խնդրելով սահմանված կարգով հետ ընդունել ակցիզային դրոշմանիշերը և վերադարձնել դրանց համար վճարված գումարը: 15.07.2008 թվականին ներկայացվել է թիվ 54 եզրակացությունը և թիվ 2008/54 կարգադրությունը, մինչդեռ հայցը դատարան է ներկայացվել 12.11.2008 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.11.2006 թվականի թիվ 403 անդորրագրի համաձայն՝ Ընկերությունը Կոմիտեից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարել է 2.143.000 ՀՀ դրամ (գ.թ. 6):

2) 23.11.2006 թվականի թիվ C-29831 բեռնային մաքսային հայտարարագրի համաձայն՝ Ընկերությունը 17.11.2006 թվականի թիվ 403 անդորրագրով ձեռք բերած 21.420 հատ ակցիզային դրոշմանիշը հայտարարագրել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով, իսկ 25.06.2008 թվականի թիվ C-3191 բեռնային մաքսային հայտարարագրի համաձայն՝ Ընկերությունը 23.11.2006 թվականի թիվ C-29831 բեռնային մաքսային հայտարարագրով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված 21.420 հատ ակցիզային դրոշմանիշը վերահայտարարագրել է «վերաներմուծում» մաքսային ռեժիմով (գ.թ. 7-8):

3) Մաքսատան 19.03.2007 թվականի ակտի համաձայն՝ Ընկերությունը 2006 թվականի թիվ C-29831 բեռնային մաքսային հայտարարագրով ժամանակավոր արտահանել է խմիչքի 21.420 հատ ակցիզային դրոշմանիշ և նշված դրոշմանիշերը սահմանված ժամկետում չի վերաներմուծել, ինչի արդյունքում Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 4.706.281 ՀՀ դրամի պարտավորություն (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ նույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար նույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող Կարգի 13-րդ կետի համաձայն՝ վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրում է 90-օրյա ժամկետով:

Նույն Կարգի 28-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետներում դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետություն չներմուծելու կամ մասնակիորեն ներմուծելու դեպքում մաքսային մարմիններն իրականացնում են չներմուծված ակցիզային դրոշմանիշերի թվին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Նույն Կարգի 29-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն կետում նշված՝ հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը չի վերադարձվում, երբ դրանք չեն ներկայացվել նույն կարգի պահանջներին համապատասխան:

Նշված նորմերից հետևում է, որ ներմուծողին ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են 90-օրյա ժամկետով, իսկ այդ ժամկետի խախտման դեպքում նախատեսված է օրենքով սահմանված ակցիզային հարկի գանձման պարտավորություն:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը չի պահպանել միայն ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետները: Նման պայմաններում, երբ Կոմիտեի կողմից հարկերի և պարտադիր այլ վճարների գանձում և փոխանցում պետական բյուջե նախատեսվում է միայն վնասված ակցիզային դրոշմանիշերը չվերադարձվելու կամ հետ չընդունվելու դեպքում, Ընկերությունը հետ է վերադարձրել, և մաքսային մարմինը հետ է ընդունել չվնասված ակցիզային դրոշմանիշերը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանը չի կիրառել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, որով պատասխանատվություն է նախատեսվում նաև կարգով սահմանված ժամկետներում դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետություն չներմուծելու պարտականությունը խախտելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մաքսատան 19.03.2007 թվականի ակտով Ընկերությանն առաջադրված 4.706.281 ՀՀ դրամի պարտավորությունն իրավաչափ է:

Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Կարգով Ընկերությանը պատասխանատվության ենթարկելը չի բխում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջներից, քանի որ նշված նորմը հստակ սահմանում է, որ օրենքի խախտման համար պատասխանատվությունը կարգավորվում է միայն նույն օրենքով, ապա Վճռաբեկ դատարանը Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

Սույն գործով Ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունված Կարգի` սահմանված ժամկետների պահանջները խախտելու համար: Այսինքն՝ Ընկերության համար պատասխանատվության իրավական հիմքն օրենքն է:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Սույն գործով Մաքսատան վիճարկվող թիվ 182 ակտն ընդունվել է 19.03.2007 թվականին, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, մինչդեռ նշված օրենսգրքի 71-րդ հոդվածը, որով սահմանված են հայց ներկայացնելու ժամկետները, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է, քանի որ այդ նորմով սահմանված են հայց ներկայացնելու կրճատ ժամկետներ, հետևաբար, այն չի կարող տարածվել մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա (տե՛ս, ըստ Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջանյանի հայցի ընդդեմ Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների, Կարինե Հովհաննիսյանի և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում համապատասխանողներ Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ ՎԴ/4729/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը):

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «ՏՈՆԱՐ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «ՏՈՆԱՐ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան