Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2004
Ստորագրման ամսաթիվ
22.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2006

Համագործակցության համաձայնագիր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի միջԵՎ

 

Հաշվի առնելով, որ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակը հիմնվել է Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի 1949թ. դեկտեմբերի 3-ի հմ. 319 (IV) բանաձևի հիման վրա,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը, ընդունված Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից` 1950թ. դեկտեմբերի 14-ի հմ. 428  (V) իր բանաձևով, inter alia, նախատեսում է, որ Գերագույն հանձնակատարը, գործելով Գլխավոր ասամբլեայի ղեկավարության ներքո, կտրամադրի միջազգային պաշտպանություն կանոնադրության շրջանակներում ընդգրկվող փախստականներին, համապատասխան կառավարությունների միջոցով կփնտրի փախստականներին վերաբերող խնդրի մշտական լուծումներ, կառավարությունների հաստատմամբ` մասնավոր կազմակերպություններ` դյուրացնելու համար նշված փախստականների կամավոր հայրենադարձությունը կամ ասիմիլիացիան նոր ազգային համայնքների շրջանակներում,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն, Գլխավոր ասամբլեայի կողմից հիմնադրված օժանդակ մարմին է, որի կարգավիճակը, արտոնությունները և անձեռնմխելիությունը կարգավորված են Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնմխելությունների մասին Կոնվենցիայով, որը ընդունված է Գլխավոր ասամբլեայի կողմից 1946թ. փետրվարի 13-ին (այսուհետ` Գլխավոր կոնվենցիա),

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի կանոնադրության 16-րդ հոդվածը նշում է, որ Գերագույն հանձնակատարը ներկայացուցիչներ նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ կխորհրդակցի փախստականների բնակության վայր հանդիսացող երկրների կառավարությունների հետ, և յուրաքանչյուր երկրում, որը կճանաչի այդպիսի անհրաժեշտությունը, կարող է նշանակել տվյալ երկրի կառավարության կողմից հաստատված ներկայացուցիչ,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակը ցանկանում են սահմանել պայմաններ, որոնց համաձայն գրասենյակը իր մանդատի սահմաններում պետք է ներկայացված լինի երկրում,

սույնով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակը բարեկամական համագործակցության ոգով ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Հոդված 1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակով կկիրառվեն հետևյալ սահմանումները.

ա) «ՄԱՓԳՀ» նշանակում է` Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատար:

բ) «Գերագույն հանձնակատար» նշանակում է` Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատար կամ պաշտոնյաներ, որոնց Գերագույն հանձնակատարը լիազորել է գործել իր անունից:

գ) «Կառավարություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

դ) «Հյուրընկալ երկիր» կամ «երկիր» նշանակում է` Հայաստանի Հանրապետություն:

ե) «ՄԱՓԳՀ գրասենյակ» նշանակում է` բոլոր գրասենյակները, շինությունները և սարքավորումները, որոնք զբաղեցվել կամ տնօրինվում են երկրում:

զ) «ՄԱՓԳՀ ներկայացուցիչ» նշանակում է` ՄԱՓԳՀ պաշտոնյա, որը երկրում գտնվող ՄԱՓԳՀ գրասենյակի ղեկավարն է:

է) «ՄԱՓԳՀ պաշտոնյաներ» նշանակում է` ՄԱՓԳՀ անձնակազմի բոլոր անդամները, որոնք ծառայում են Միավորված ազգերի անձնակազմի կանոնակարգի կանոնների համաձայն, բացառությամբ այն անձանց, ովքեր ժամավճարային հիմունքներով աշխատանքի են ընդունվել տեղում, ինչպես նախատեսված է Գլխավոր ասամբլեայի հմ. 76 (1) բանաձևով:

ը) «Գործուղված փորձագետներ» նշանակում է` ոչ ՄԱՓԳՀ պաշտոնյաներ կամ ՄԱՓԳՀ անունից ծառայություններ իրականացնող անձինք, որոնք ՄԱՓԳՀ-ի համար կատարում են հանձնարարություններ:

թ) «ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք» նշանակում է` ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց ծառայողներ (ոչ հյուրընկալ երկրի քաղաքացիներ), որոնք վարձված են ՄԱՓԳՀ կողմից` նրա ծրագրերը իրականացնելու կամ իրականացմանը աջակցելու համար:

ժ) «ՄԱՓԳՀ անձնակազմ» նշանակում է` ՄԱՓԳՀ պաշտոնյաներ, գործուղված փորձագետներ և ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակը

 

Սույն Համաձայնագիրը սահմանում է այն հիմնական պայմանները, որոնց համապատասխան ՄԱՓԳՀ-ն իր մանդատի շրջանակներում պետք է համագործակցի Կառավարության հետ, բացի գրասենյակ կամ գրասենյակներ երկրում և հյուրընկալ երկրում կատարի միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության իր գործառույթները` հօգուտ փախստականների և իր պաշտպանության տակ գտնվող այլ անձանց:

 

Հոդված 3

 

Համագործակցություն Կառավարության և ՄԱՓԳՀ-ի միջև

 

1. Համագործակցությունը Կառավարության և ՄԱՓԳՀ-ի միջև փախստականների և ՄԱՓԳՀ-ին առնչվող այլ անձանց միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության ոլորտում պետք է իրականացվի ՄԱՓԳՀ կանոնադրության, ՄԱՓԳՀ-ի վերաբերյալ այլ համապատասխան որոշումների և բանաձևերի հիման վրա, որոնք ընդունվել են Միավորված ազգերի մարմինների կողմից, ինչպես նաև Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1951թ. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի և Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1976թ. արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա:

2. ՄԱՓԳՀ գրասենյակը փախստականների և համապատասխան այլ անձանց համար ծրագրերի պատրաստման և վերանայման հետ կապված պետք է Կառավարության հետ խորհրդակցություններ անցկացնի և համագործակցի:

3. ՄԱՓԳՀ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք իրականացվելու են Կառավարության կողմից, Կառավարության և ՄԱՓԳՀ կողմից ստորագրվելիք համաձայնագրերում պետք է նշվեն ժամկետներն ու պայմանները (ներառյալ Կառավարության և Գերագույն հանձնակատարի պարտավորությունները` կապված ֆինանսական միջոցների, ապրանքների, սարքավորումների և ծառայությունների կամ փախստականների համար այլ օգնության տրամադրման հետ):

4. Կառավարությունը պետք է ՄԱՓԳՀ անձնակազմին հնարավորություն ընձեռի ցանկացած ժամանակ առանց խոչընդոտի այցելել փախստականներին և ՄԱՓԳՀ առնչվող այլ անձանց և ՄԱՓԳՀ ծրագրերի իրականացման վայրեր` դրանց իրականացման բոլոր փուլերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

 

Հոդված 4

 

ՄԱՓԳՀ գրասենյակ

 

1. Կառավարությունը ողջունում է, որ ՄԱՓԳՀ-ն հիմնում է գրասենյակ կամ գրասենյակներ երկրում` փախստականներին և ՄԱՓԳՀ առնչվող այլ անձանց միջազգային պաշտպանությունն ապահովելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

2. ՄԱՓԳՀ-ն կարող է բացել երկրում ՄԱՓԳՀ գրասենյակ, որը ծառայելու է որպես տարածաշրջանային /տեղական գրասենյակ:

3. ՄԱՓԳՀ գրասենյակը, Գերագույն հանձնակատարի հանձնարարականների և իր մանդատի համաձայն, իրականացնելու է գործառույթներ փախստականների և իրեն առնչվող այլ անձանց համար (ներառյալ ՄԱՓԳՀ և երկրում գործող այլ կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների միջև կապերի ստեղծումն ու պահպանումը):

 

Հոդված 5

 

ՄԱՓԳՀ անձնակազմ

 

1. ՄԱՓԳՀ-ն կարող է երկրում գտնվող իր գրասենյակում նշանակել այնպիսի պաշտոնյաների կամ այլ աշխատակիցների, որոնք ինքը անհրաժեշտ է համարում միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության իր գործառույթները կատարելու համար:

2. Կառավարությունը ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի պաշտոնյաների աստիճանակարգերի և այն պաշտոնյաների անունների մասին, որոնք ընդգրկված են այդ աստիճանակարգերում, և այլ աշխատակիցների մասին, որոնք նշանակված են երկրում գտնվող ՄԱՓԳՀ գրասենյակում աշխատելու համար:

3. ՄԱՓԳՀ պաշտոնյաներին, գործուղված փորձագետներին և այլ անձանց, որոնք իրականացնում են ծառայություններ ՄԱՓԳՀ անունից, Կառավարությունը կտրամադրի ինքնությունը հաստատող հատուկ փաստաթուղթ, որը կհաստատի նրանց կարգավիճակը` սույն Համաձայնագրի համաձայն:

4. ՄԱՓԳՀ-ն կարող է պաշտոնյաներ նշանակել, որպեսզի նրանք երկիր այցելեն Կառավարության համապատասխան պաշտոնյաների կամ փախստականների հետ կապված աշխատանքների մեջ ներգրավված այլ մասնակիցների հետ խորհրդակցություն անցկացնելու և համագործակցելու նպատակով` կապված.

ա) միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի վերանայման, պատրաստման, վերահսկման և գնահատման հետ,

բ) ՄԱՓԳՀ կողմից տրամադրված ապրանքների, սարքավորումների և այլնի առաքման, ստացման, բաշխման կամ օգտագործման հետ,

գ) փախստականների հիմնախնդրի լուծման համար մշտական լուծումներ որոնելու հետ, և

դ) որևէ այլ հարցի հետ, որը առնչվում է սույն Համաձայնագրի կիրառմանը:

 

Հոդված 6

 

Հարմարություններ ՄԱՓԳՀ մարդասիրական ծրագրերի իրագործման համար

 

1. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է ձեռնարկի ցանկացած միջոց, որը կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի ՄԱՓԳՀ պաշտոնյաները, գործուղված փորձագետները և ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք չենթարկվեն այն կանոններին կամ այլ իրավական դրույթներին, որոնք կարող են խոչընդոտել սույն Համաձայնագրի շրջանակներում իրականցվող գործողություններին և ծրագրերին, և նրանց պետք է շնորհեն այնպիսի այլ արտոնություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել երկրում փախստականների համար ՄԱՓԳՀ մարդասիրական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացման համար: Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան` նշված միջոցները պետք է ներառեն հաղորդակցման հարմարությունների տրամադրումը, օդային փոխադրությունների իրավունքների շնորհումը և ազատումը օդանավերի վայրէջքի վճարներից և ռոյալթիներից` արտակարգ իրավիճակներում օգնություն բերող բեռնատար ինքնաթիռների թռիչքների դեպքում, փախստականների և/կամ ՄԱՓԳՀ անձնակազմի տեղափոխման համար գանձվող վճարներից:

2. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է օժանդակի ՄԱՓԳՀ պաշտոնյաներին գրասենյակային համապատասխան շինություններ գտնելու գործում և պետք է դրանք ՄԱՓԳՀ-ին տրամադրի անվճար կամ էժան գնով:

3. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է պայմանավորվի և ապահովի դրամական միջոցների փոխհամաձայնեցված քանակ, որպեսզի վճարի ՄԱՓԳՀ գրասենյակի տեղական ծառայությունների և հարմարությունների գինը, ինչպիսիք են գրասենյակի հիմնադրման, կահավորման, շահագործման և վարձակալման ծախսերը, եթե այդիսիք կան:

4. Կառավարությունը պետք է երաշխավորի, որ ՄԱՓԳՀ գրասենյակը մշտապես ապահովված կլինի անհրաժեշտ կոմունալ ծառայություններով, և որ այդպիսի կոմունալ ծառայությունները կտրամադրվեն հավասար պայմաններով:

5. Կառավարությունը կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի երաշխավորի ՄԱՓԳՀ անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը: Մասնավորապես, նա կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պաշտպանի ՄԱՓԳՀ անձնակազմը, ՄԱՓԳՀ գրասենյակի շինությունները և սարքավորումները հարձակումներից կամ որևէ այլ գործողություններից, որը խոչընդոտում է ՄԱՓԳՀ անձնակազմին ՄԱՓԳՀ մանդատը իրականացնելուն: Սա չի հակասում այն փաստին, որ ՄԱՓԳՀ գրասենյակների բոլոր շինությունները անձեռնմխելի են և գտնվում են ՄԱՓԳՀ բացառիկ վերահսկողության ներքո:

6. Կառավարությունը պետք է դյուրացնի ՄԱՓԳՀ տարբեր պետություններից հավաքագրված անձնակազմի համար բնակարանային համապատասխան հարմարություններ գտնելը:

 

Հոդված 7

 

Արտոնություններ և անձեռնմխելիություններ

 

Կառավարությունը կկիրառի Գլխավոր կոնվենցիայի համապատասխան դրույթները ՄԱՓԳՀ, նրա սեփականության, դրամական միջոցների և գույքի, պաշտոնյաների և գործուղված փորձագետների նկատմամբ:

 

Հոդված 8

 

ՄԱՓԳՀ գրասենյակը, նրա սեփականությունը, դրամական միջոցները և գույքը

 

1. ՄԱՓԳՀ, ազգային կամ միջազգային այն մարմինների կողմից, որոնք ՄԱՓԳՀ կողմից համապատասխան ձևով հավատարմագրված են իրենց անունից գործելու համար` կապված փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հետ, երկիր ներմուծված, երկրից արտահանված կամ երկրում ձեռք բերված որևէ նյութ պետք է ազատվի բոլոր մաքսատուրքերից, արգելքներից և սահմանափակումներից, ինչպես նաև ուղղակի և անուղղակի հարկերից:

2. ՄԱՓԳՀ-ն պետք է օգտվի փոխանակման առավել բարենպաստ օրինական ընթացագնից:

 

Հոդված 9

 

Հաղորդակցության հարմարություններ

 

Կառավարությունը կապահովի, որ ՄԱՓԳՀ-ն հնարավորություն ունենա արդյունավետորեն և առանց արտոնագրի համար վճարելու օգտագործել իր սեփական ռադիո և այլ հեռահաղորդակցության սարքավորումները, ներառյալ արբանյակային կապի համակարգերը, այն ցանցերի հաճախականությունների միջոցով, որոնք սահմանված են իրավասու պետական մարմինների կողմից կամ համակարգվում են նրանց հետ` Միջազգային հեռահաղորդակցման միության գործող կանոններին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 10

 

ՄԱՓԳՀ պաշտոնյաներ

 

ՄԱՓԳՀ ներկայացուցիչը, ներկայացուցչի տեղակալը և մյուս ավագ պաշտոնյաները, ինչպե նաև նրանց ամուսինները և նրանց խնամքի տակ գտնվող բարեկամները երկրում գտվելու ընթաքցում պետք է օգտվեն այն արտոնություններից և անձեռնմխելիություններից, ազատումներից և հարմարություններից, որոնք սովորաբար տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին: Այս նպատակով արտաքինն գործերի նախարարությունը պետք է նրանց անուններն ընդգրկի դիվանագիտական ցուցակի մեջ:

 

Հոդված 11

 

Տեղում հավաքագրված անձնակազմ, որը ժամավճարային հիմունքներով է աշխատանքի ընդունվել

 

1. Տեղում հավաքագրված և ՄԱՓԳՀ համար ծառայություններ կատարելու նպատակով ժամավճարով աշխատանքի ընդունված անձինք պետք է օգտվեն այն անձեռնմխելիությունից, որը կապված է նրանց պաշտոնական դիրքում գտնվելու ընթացքում արտահայտված կամ գրած խոսքերի և կատարած ցանկացած գործողության իրավական գործընթացի հետ:

2. Տեղում հավաքագրված անձնակազմի ծառայության ժամկետները և պայմանները պետք է համապատասխանեն Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան բանաձևերին, կանոնակարգերին և կանոններին:

 

Հոդված 12

 

ՄԱՓԳՀ անունից ծառայություններ մատուցող անձինք

 

Եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, Կառավարությունը ՄԱՓԳՀ անունից ծառայություններ մատուցող բոլոր անձանց, որոնք հյուրընկալ երկրի` տեղում հավաքագրված քաղաքացիներ չեն, պետք է շնորհի հետևյալ արտոնությունները և անձեռնմխելիությունները`

ա) իրենց պաշտոնական դիրքում գտնվելու ժամանակ արտահայտած բանավոր կամ գրավոր խոսքերի և կատարած բոլոր գործողությունների հետ կապված անձեռնմխելիության իրավական գործընթացից,

բ) ազատում Միավորված ազգերի կողմից նրանց վճարող աշխատավարձի և այլ վարձատրությունների հարկումից,

գ) անձեռնմխելիության ազգային ծառայություններ անցնելու պարտավորությունից,

դ) անձեռնմխելիություն իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող բարեկամների հետ միասին ներգաղթելու սահմանափակումներից և օտարերկրացիներին գրանցելուց,

ե) փոխանակման առնչությամբ այն նույն արտոնությունները, ինչպիսիք տրամադրվում են համապատասխան Կառավարության դիվանագիտական առաքելությունների համեմատելի աստիճաններ ունեցող պաշտոնյաներին,

զ) միջազգային ճգնաժամի ժամանակ հայրենադարձության նույնատիպ հնարավորությունների ապահովում իրենց, իրենց ամուսիններին և իրենց խնամքի տակ գտնվող բարեկամներին, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական պատվիրակներին,

է) իրավունք` տվյալ երկրում պաշտոն ստանձնելու պահից առանց տուրք վճարելու ներմուծել իրենց կահույքը և իրերը,

ը) իրենց գործառույթների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ` առանց վճարի մուտքի վիզաների, արտոնագրերի և թույլտվությունների արագ ձևակերպում և տրամադրում,

թ) ՄԱՓԳՀ մարդասիրական ծրագրերի իրականացման նպատակով, այնքան, ինչքան անհրաժեշտ է, ազատ տեղաշարժ երկրի ներսում, դեպի այդ երկիրը և երկրից դուրս:

 

Հոդված 13

 

Տարաձայնությունների կարգավորում

 

Սույն Համաձայնագրից ծագող կամ նրա հետ կապված ցանկացած տարաձայնություն Կառավարության և ՄԱՓԳՀ միջև կկարգավորվի բարյացակամորեն` բանակցությունների կամ կարգավորման համաձայնեցված այլ ուղիներով: Եթե այսպես տարաձայնությունը չի կարգավորվում, ապա այն, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, պետք է ներկայացվի միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի մեկ միջնորդ դատավորի, և այդ երկու դատավորները պետք է նշանակեն երրորդին, որը պետք է լինի նախագահ: Եթե տարաձայնության կարգավորման խնդրանքը միջնորդ դատարան ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում կողմերից որևէ մեկը չի նշանակում միջնորդ դատավոր, կամ երկու դատավորների նշանակվելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում չի նշանակվում երրորդ դատավորը, յուրաքանչյուր կողմ կարող է խնդրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` նշանակել դատավոր: Միջնորդ դատավորների բոլոր որոշումների համար պահանջվում է երկու ձայն: Միջնորդ դատարանի ընթացակարգը կսահմանվի դատավորների կողմից, իսկ դատավարության ծախսերը, համաձայն դատավորների որոշման, պետք է կրեն կողմերը: Դատական որոշումը պետք է պարունակի այն հանգամանքների շարադրանքը, որոնց վրա հիմնված է, և կողմերն այն պետք է ընդունեն որպես տարաձայնության կարգավորման վերջնական որոշում:

 

Հոդված 14

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կառավարության կողմից վավերացման մասին Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարին ծանուցելու օրվանից և ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով:

2. Սույն Համաձայնագիրը պետք է մեկնաբանվի իր գլխավոր նպատակի լույսի ներքո, որը ՄԱՓԳՀ-ին հնարավորություն կտա փախստականների հետ կապված իր միջազգային մանդատը իրականացնել լիարժեքորեն և արդյունավետ, ինչպես նաև իրականացնել իր մարդասիրական նպատակները երկրում:

3. Ցանկացած համապատասխան հարց, որի վերաբերյալ սույն Համաձայնագրում նախատեսված չէ որևէ դրույթ, Կողմերը պետք է կարգավորեն պահպանելով Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների կողմից ընդունված համապատասխան բանաձևերը և որոշումները: Յուրաքանչյուր Կողմ լիարժեքորեն և բայրացակամորեն քննության կառնի սույն կետի շրջանակներում մյուս Կողմի ցանկացած առաջարկություն:

4. Սույն Համաձայնագրի փոփոխման նպատակով խորհրդակցություններ կարող են անցկացնել Կառավարության և ՄԱՓԳՀ խնդրանքով: Փոփոխությունները պետք է կատարվեն համատեղ գրավոր համաձայնությամբ: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգի համաձայն:

5. Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի պայմանավորվող Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իր որոշման մասին մյուս կողմին գրավոր ծանուցելուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2004թ. նոյեմբերի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թվականի ապրիլի 6-ից: