Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջԵՎ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Կողմերի պետությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությամբ,
ձգտելով դյուրացնել ավտոմոբիլային հաղորդակցությունը երկու պետությունների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Կողմերը համաձայնում են, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, նպաստել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցությանը, իրականացնել երկու պետությունների միջև ուղևորների և բեռների փոխադրումներ, տարանցիկ փոխադրումներ և երրորդ երկրից/դեպի երրորդ երկիր փոխադրումներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադրումներն իրականացվում են Կողմերի պետությունների տարածքներում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով ներքոնշյալ տերմինները նշանակում են.
ա) իրավասու մարմիններ`
- հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,
6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ,
- ղազախական Կողմից` Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն,
6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների կապակցությամբ` Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
Վերոնշյալ իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին դիվանագիտական ուղիներով ժամանակին կծանուցեն միմյանց.
բ) փոխադրող - ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Կողմերից մեկի պետության տարածքում և, Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն, թույլատրված է իրականացնել ուղևորների կամ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ.
գ) ավտոտրանսպորտային միջոց`
- բեռնափոխադրումների դեպքում` բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմեքենայի քարշակ կամ կիսակցորդով ավտոմեքենայի քարշակ,
- ուղևորափոխադրումների դեպքում` ավտոբուս, այսինքն` ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորների փոխադրման համար և ունի իննից ավելի նստելատեղ, ներառյալ վարորդի նստելատեղը, հնարավոր է ուղեբեռի փոխադրման համար կցորդով, որը գտնվում է փոխադրողի տիրապետման տակ սեփականության իրավունքով կամ վարձակալության կամ լիզինգային պայմանագրի հիման վրա.
դ) թույլտվություն - փաստաթուղթ, որը տրվում է Կողմերից մեկի իրավասու մարմնի կողմից, որն իրավունք է տալիս Կողմերից մեկի պետության տարածքում գրանցված` ուղևորափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի ուղերթը մյուս Կողմի պետության տարածքով.
ե) կանոնավոր ուղևորափոխադրումներ - ավտոբուսով ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից համաձայնեցված երթուղիներով, ժամանակացույցով, սակագներով, կանգառի կետերով, որոնցում փոխադրողը կկատարի ուղևորների նստեցում և իջեցում.
զ) ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ - ավտոբուսներով ուղևորների փոխադրում, որը չի ներառվում կանոնավոր ուղևորափոխադրումների սահմանման մեջ.
է) հատուկ թույլտվություն - Կողմերից մեկի պետության փոխադրողին պատկանող` անբաժանելի մեծ եզրաչափքերով և ծանրաքաշ կամ վտանգավոր բեռով ավտոտրանսպորտային միջոցի` մյուս Կողմի պետության տարածքով երթևեկելու թույլտվություն:
Հոդված 3 | Ուղևորափոխադրումներ |
1. Երկկողմ կամ տարանցիկ հաղորդակցության դեպքում ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա, որոնք տրվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից` երթուղու այն հատվածի համար, որն անցնում է իրենց պետության տարածքով:
Իրավասու մարմինները պայմանավորվածության հիման վրա գրավոր համաձայնեցնում են թույլտվության պայմանները և գործողության ժամկետը, ժամանակացույցները, սակագները, երթուղու գծագիրը` կանգառների նշումով, որտեղ փոխադրողն իրականացնում է ուղևորների նստեցում և իջեցում, այդ թվում` իրենց պետությունների պետական սահմանի անցագրային կետերի նշումով:
2. Թույլտվություն ստանալու համար դիմումը, որով հավաստվում է ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման իրավունքը` ըստ սահմանված երթուղիների, հասցեագրվում է Կողմերի պետությունների իրավասու մարմիններին:
3. Թույլտվության և դիմումի բովանդակությունը և ձևը սահմանվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից:
Հոդված 4
1. Երկկողմ և տարանցիկ հաղորդակցության դեպքում Կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոբուսներով կատարվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա` բացառությամբ այն փոխադրումների, որոնք նախատեսված են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով:
2. Երկկողմ և տարանցիկ հաղորդակցության դեպքում ավտոբուսներով կատարվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են առանց թույլտվության, եթե ուղևորների միևնույն կազմով խումբը փոխադրվում է նույն ավտոբուսով, ընդ որում`
ա) ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը.
բ) ուղևորությունը սկսվում է այն Կողմի պետության տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում է մյուս Կողմի պետության տարածքում` պայմանով, որ ավտոբուսը այդ տարածքից հեռանում է դատարկ վիճակում:
3. Թույլտվություն չի պահանջվում նաև`
ա) դատարկ ավտոբուսների մուտքի համար, որոնց նպատակն է իրականացնել նույն փոխադրողի կողմից ուղևորների խմբի հետադարձ փոխադրում մյուս Կողմի պետության տարածքի կետից, որտեղ այդ խումբը նախկինում տեղ է հասցվել (սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում), դեպի սկզբնական տեղափոխման կետ.
բ) անսարք վիճակում գտնվող ավտոբուսը մեկ այլ ավտոբուսով փոխարինելու դեպքում:
4. Սույն հոդվածի 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման դեպքում ավտոբուսի վարորդը պետք է ունենա ուղևորների ցուցակ, որը պետք է կազմված լինի հատուկ ձևով և համաձայնեցված լինի Կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից:
Հոդված 5 | Բեռնափոխադրումներ |
Կողմերի պետությունների միջև կամ նրանց տարածքներով մյուս Կողմի պետության տարածքից դեպի երրորդ պետության տարածք տարանցմամբ, ինչպես նաև երրորդ պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք բեռների փոխադրումների համար թույլտվություններ չեն պահանջվում:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումները կարող են կատարվել միայն այն փոխադրողների կողմից, որոնք, իրենց պետության ազգային օրենսդրության համաձայն, ունեն միջազգային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն:
2. Ավտոտրանսպորտային միջոցները, որոնք իրականացնում են միջազգային փոխադրումներ, պետք է ունենան իրենց պետության գրանցման և տարբերակիչ նշանները: Կցորդները և կիսակցորդները կարող են ունենալ այլ երկրի գրանցման և տարբերակիչ նշաններ` պայմանով, որ բեռնատար մեքենաները կամ ավտոմոբիլային քարշակները կունենան, համապատասխանաբար, Կողմերի պետությունների գրանցման համարները և տարբերակիչ նշանները:
Հոդված 7
1. Ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի կշիռը, սռնու ծանրաբեռնվածությունը և չափերը չպետք է գերազանցեն գրանցման փաստաթղթերում նշված չափանիշները, ինչպես նաև ժամանման երկրում գործող առավելագույն թույլատրելի չափանիշները:
2. Անբաժան մեծ եզրաչափքերով և ծանրաքաշ բեռով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը ժամանման պետությունում թույլատրվում է միայն հատուկ թույլտվությամբ, որի համար վաղօրոք ներկայացված է եղել դիմում:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող վտանգավոր բեռնափոխադրումների ընթացքում Կողմերը պարտավորվում են ապահովել իրենց մասնակցությամբ միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրենց պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջների կատարումը:
Հոդված 9
Կողմերից մեկի պետության փոխադրողին չի թույլատրվում իրականացնել ուղևորների կամ բեռների փոխադրումներ այն երկու կետերի միջև, որոնք տեղակայված են մյուս Կողմի պետության տարածքում:
Հոդված 10
1. Կողմերի ավտոտրանսպորտային միջոցների վարորդները պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական վկայականներ, իրենց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների վարման համապատասխան կատեգորիաներ և ավտոտրանսպորտային միջոցի ազգային գրանցման փաստաթղթեր, որոնք համապատասխանում են Միավորված ազգերի կազմակերպության` 1968 թվականի նոյեմբերի 8-ի` ճանապարհային երթևեկության մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:
2. Թույլտվությունը և այլ փաստաթղթերը, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրին համապատասխան, պետք է գտնվեն տրանսպորտային միջոցի վարորդի մոտ և ներկայացվեն Կողմերի պետությունների իրավասու մարմինների պահանջի դեպքում:
Հոդված 11
1. Փոխադրումներ իրականացնելիս սույն Համաձայնագրի հիման վրա մաքսային վճարումներից և գանձումներից ազատվում են մյուս Կողմի պետության տարածք ներմուծվող.
ա) վառելիքը, որը գտնվում է ավտոտրանսպորտային միջոցի տվյալ մոդելի համար նախատեսված հիմնական տարաներում, որոնք տեխնիկապես և կառուցվածքով հարմարեցված են շարժիչի սնուցմանը, ինչպես նաև երկու հարյուր լիտրի չափով հավելյալ վառելիք` բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կամ հատուկ բեռնարկղերում տեղադրված յուրաքանչյուր սառնարանի կամ այլ սարքավորման համար.
բ) քսուքային նյութերը` այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է փոխադրման ընթացքում օգտագործելու համար.
գ) ժամանակավոր ներմուծվող ագրեգատները, պահեստամասերը և գործիքները, որոնք անհրաժեշտ են ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար` այն դեպքում, երբ միջազգային փոխադրումներ կատարելիս առաջացել է անսարքություն:
2. Չօգտագործվող պահեստամասերը և գործիքները ենթակա են հետ արտահանելու, իսկ փոփոխված պահեստամասերը պետք է հետ արտահանվեն կամ ձևակերպվեն այլ մաքսային ռեժիմով` համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի տարածքում տեղի է ունենում այդ պահեստամասերի հետ կապված մաքսային ռեժիմի փոփոխություն:
Հոդված 12
Ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրի հիման վրա, իրականացվում են երրորդ անձանց պատճառած վնասի համար ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիաիրավական պատասխանատվության պարտադիր ապահովագրման պայմանով:
Փոխադրողը պարտավոր է նախօրոք ապահովագրել նշված փոխադրումները կատարող յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոց:
Հոդված 13
Կանոնավոր ուղևորափոխադրումների ժամանակ այն փոխադրվող անձանց համար, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեն, ինչպես նաև կենդանիների և շուտ փչացող բեռների փոխադրման ժամանակ սահմանային, տրանսպորտային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական հսկողությունն ու մաքսային ձևակերպումները կատարվում են արտահերթ:
Հոդված 14
1. Կողմերի պետությունների փոխադրողները պարտավոր են պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև ազգային օրենսդրությունը. այդ թվում` այն Կողմի պետության ճանապարհային երթևեկության կանոնները, որի տարածքում գտնվում է ավտոտրանսպորտային միջոցը:
2. Սույն Համաձայնագրի որևէ դրույթի խախտման դեպքում, որը կատարվել է Կողմերից որևէ մեկի պետության տարածքում, այն Կողմի պետության իրավասու մարմինը, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, մյուս Կողմի պետության իրավասու մարմնի խնդրանքով, ձեռնարկում է բոլոր միջոցները և պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու համար:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է մյուս Կողմի իրավասու մարմնին:
3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում Կողմերի պետությունների փոխադրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որոնք նախատեսված են այն Կողմի պետության ազգային օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է խախտումը:
Հոդված 15
Սույն Համաձայնագրով, ինչպես նաև Կողմերի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարցերը կկարգավորվեն Կողմերից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրության համաձայն:
Հոդված 16
1. Սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխադարձաբար միմյանց տեղեկացնում են իրենց պետությունների ազգային օրենսդրության բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք ազդում են սույն Համաձայնագրի իրագործման վրա:
2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ վեճեր կամ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը դրանք կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 17
Սույն Համաձայնագրի իրագործման և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում ծագող հարցերի լուծման նպատակով Կողմերն անցկացնում են հանդիպումներ իրավասու մարմինների մակարդակով:
Հանդիպումներն անցկացվում են Կողմերի պետությունների տարածքներում` հաջորդաբար, Կողմերից մեկի իրավասու մարմնի առաջարկությամբ, որն ուղարկվում է դիվանագիտական ուղիներով, մեկ ամիս առաջ:
Կողմերն ինքնուրույն են կրում այն ծախսերը, որոնք ծագում են սույն հոդվածի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:
Հոդված 18
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
Հոդված 20
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ կմնա մինչև Կողմերից մեկի կողմից մյուս Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից հետո վեցամսյա ժամկետի լրանալը:
Կատարված է Աստանա քաղաքում, 2006 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հուլիսի 31-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|