Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.199
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0747/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0747/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Բունաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Բունաթյանի դիմումի` իրավաբանական նշանակության փաստը հաստատելու պահանջի մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Բունաթյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 01.01.1910 թվականին Թուրքիայի Վան քաղաքում ծնված և 13.02.2008 թվականին մահացած Աիդա Գաբրիելի Գաբրիելյանն իր հարազատ հորաքույրն է:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Տիգրանուհի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 24.09.2008 թվականի վճիռը, և Արմեն Բունաթյանի դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Բունաթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածները և 103-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ծագել է իրավունքի մասին վեճ, ինչի ուժով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դիմումը պետք է թողնվեր առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Աիդա Գաբրիելի Գաբրիելյանը մահացել է 13.02.2008 թվականին (գ.թ. 15):

2) Սույն գործով Արմեն Բունաթյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 01.01.1910 թվականին Թուքիայի Վան քաղաքում ծնված և 13.02.2008 թվականին մահացած Աիդա Գաբրիելի Գաբրիելյանն իր հարազատ հորաքույրն է: Արմեն Բունաթյանի հայրը՝ Արծրունի Բունաթյանը մահացել է 23.12.2004 թվականին(գ.թ. 5):

3) Սույն գործով Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործի քննության մասնակից չդարձված անձ Տիգրանուհի Գրիգորյանը` հայտնելով, որ Աիդա Գաբրիելյանը իր հոր` Ղազար Գրիգորյանի առաջին կինն է, և նա Բունաթյան ազգանունը չի կրել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողների և օրդերային կորցրած արժեթղթերով հաստատված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (Տես՝ Ռուդիկ Գասպարյանի դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0250/02/08 գործով 17,04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործի քննությանը մասնակից չդարձված անձ Տիգրանուհի Գրիգորյանը, հայտնելով, որ Աիդա Գաբրիելյանը իր հոր` Ղազար Գրիգորյանի առաջին կինն է, և նա Բունաթյան ազգանունը չի կրել: Բողոք բերած անձը պատճառաբանել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ, 1230-րդ և 1231-րդ հոդվածների դրույթները: Այսինքն սույն գործով իրավունքի մասին վեճ է ծագել:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիման վրա դիմումն առանց քննության թողնելու փոխարեն այն մերժել է:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և Արմեն Բունաթյանի դիմումը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան