Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-849
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.1508
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 դեկտեմբերի 2009 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ դիմողի ներկայացուցիչ Հ. Բաղդասարյանի, գործով որպես պատասխանող ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ալիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղ. Ա. Մաթևոսյանի` 25.08.2009թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի վիճարկվող 404 հոդվածի 2-րդ մասը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270 -Ն օրենքով:

Օրենսգրքի 404 հոդվածը վերնագրված է. «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք», որի 2-րդ մասը 2007 թվականի նոյեմբերի 28-ի խմբագրությամբ սահմանում է. «2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում»:

Նույնաբնույթ նորմ է բովանդակում նաև ՀՀ դատական օրենսգրքի 58 հոդվածի 1-ին մասը, ըստ որի` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են կազմում այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 29.08.2007թ. դատավճռով Ա. Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 03.12.2007թ. դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

25.07.2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ զինվորական դատախազի բողոքը և բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 03.12.2007թ. դատավճիռը` գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

12.11.2008թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանելով և փոփոխելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 29.08.2007թ. դատավճիռը` Ա. Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով:

25.02.2009թ. ՀՀ վճռաբեկ դատարանն Ա. Մաթևոսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

30.04.2009թ. ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նաև Ա. Մաթևոսյանի բողոքը:

3. Դիմողը սահմանադրական դատարանում վիճարկում է օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասը և գտնում է, որ դրա դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին, ուստի խնդրում է այն անվավեր ճանաչել:

Դիմողը գտնում է, որ նշված քրեադատավարական նորմն իր էությամբ չի համապատասխանում ինչպես ՀՀ Սահմանադրության ոգուն, այնպես էլ առողջ տրամաբանությանը: Սահմանադրությունը մարդուն և քաղաքացուն իրավական հնարավորություն է տալիս արդյունավետ միջոցներով պաշտպանելու և վերականգնելու իր խախտված իրավունքները: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասն արգելում է անձին օգտվելու իր սահմանադրական իրավունքներից:

Դիմողը նշում է, որ վերոհիշյալ նորմի վերլուծությամբ կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը.

- պաշտպանը, ով վարույթին մասնակցել է վերաքննության փուլում, վճռաբեկ բողոք բերելու իրավունք չունի, քանի որ ինքը վերաքննիչ բողոք չի բերել,

- եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը կողմին բավարարում է, և նա բողոք չի բերել, այն վերաքննիչ դատարանում բեկանվելու դեպքում կողմը զրկվում է վճռաբեկ բողոք բերելու իրավունքից,

- ստացվում է, որ անկախ բավարարման աստիճանից, միևնույն է, կողմը պետք է բողոքարկի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, այլապես վճռաբեկ բողոք բերելու իրավունք չի ունենա,

- վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումների դեմ բողոքարկել չի թույլատրվում, քանի որ վերաքննիչ բողոքում դրա հիմքերը նշված չեն եղել:

Դիմողի կարծիքով, այս նորմի կիրառումը վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս խուսափելու արդարադատություն իրականացնելու իր սահմանադրական պարտականություններից, դրանք իրականացնել հայեցողական կարգով:

Դիմողը գտնում է, որ անընդունելի է այն մտայնությունը, թե Սահմանադրությամբ վճռաբեկ դատարանին տրված կարգավիճակով «դասական իմաստով» այն դադարում է դատական ատյան լինելուց: Վճռաբեկ դատարանն ինքն իրեն զրկել է գործը վերանայող դատական երրորդ` բարձրագույն դատական ատյան լինելուց, այնինչ Սահմանադրությամբ տրված բարձրագույն դատական ատյանի լիազորություններն օրենքով չեն կարող սահմանափակվել և դատարանին «թույլատրել» հայեցողական մոտեցում ցուցաբերել իր «սահմանադրական առաքելությունն իրականացնելու գործում»:

4. Պատասխանողն առարկելով դիմողի փաստարկների դեմ` գտնում է, որ օրենսգրքով սահմանված հիշյալ դրույթն իր բնույթով չի սահմանափակում անձի` վերադաս դատարան դիմելու իրավունքը, այլ հստակ սահմանում է ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու կարգն ու պայմանները:

Պատասխանողը միաժամանակ նշում է, որ վիճարկվող հոդվածում խոսքը վերաբերում է դատական ակտին, այլ ոչ թե անձին: Հետևաբար, վիճարկվող հոդվածը չի արգելում պաշտպանին վճռաբեկ բողոք բերել այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերել էր վերջինիս վստահորդը:

Պատասխանողի կարծիքով, դիմողի այն դիրքորոշումը, ըստ որի` եթե վերջինս վերաքննիչ բողոք չի բերել, ապա այն վերաքննիչ դատարանում բեկանվելու դեպքում զրկվում է վճռաբեկ բողոք բերելու իրավունքից, անընդունելի է այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ դատարանը ոչ թե գործն ըստ էության լուծող դատարան է, այլ գործը քննում է վերաքննիչ բողոքում նշված հիմքերով և ծավալով: Եթե վերաքննիչ դատարանը մյուս կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը, ապա դա արել է սոսկ մյուս կողմի վերաքննիչ բողոքի հիմքերով և ծավալում: Բայց, եթե վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է մյուս կողմի վերաքննիչ բողոքում ամրագրված հիմքերով, ապա կողմը վճռաբեկ դատարանում բողոք ներկայացնելիս կմատնանշեր, թե մյուս կողմի վերաքննիչ բողոքում նշված հիմքերն ինչու չպետք է վերաքննիչ դատարանը հիմք ընդուներ և ակտը բեկաներ: Հակառակ դեպքում, եթե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան դիմելիս կողմերն ազատ լինեին ցանկացած հիմնավորում նշելուց, ապա և վերաքննիչ, և վճռաբեկ դատարանները կհանդիսանային գործն ըստ էության քննող և լուծող դատարաններ:

Պատասխանողի կարծիքով, դիմողի այն պնդումը, ըստ որի` անկախ բավարարման աստիճանից, միևնույն է, կողմը պետք է բողոքարկի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, այլապես վճռաբեկ բողոք բերելու իրավունք չի ունենա, նույնպես անընդունելի է, քանի որ վերաքննիչ դատարանը գործն ըստ էության քննող դատարան չէ և այն քննում է վերաքննիչ բողոքում նշված հիմքերով և ծավալով, հետևաբար` առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել հնարավոր է միայն վերաքննիչ բողոքում բերված հիմքերի հիմնավորվածության դեպքում:

Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումների դեմ բողոքարկել չի թույլատրվում, քանի որ վերաքննիչ բողոքում դրա հիմքերը նշված չեն եղել, ապա պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթում նման սահմանափակման մասին խոսք չի գնում:

Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու հիմքեր չկան:

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև սույն գործին անմիջականորեն առնչվող այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

նախ` դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղը և դերը,

երկրորդ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու` վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությունը և դրա իրացման երաշխավորումն օրենսգրքում և այլ իրավական ակտերում,

երրորդ, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման օրենսդրական երաշխավորվածությունը դատական ակտերի բողոքարկման գործող կարգում,

չորրորդ, դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում արդարադատության արդյունավետության և անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխավորումն օրենսդրական փոփոխություններում:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հենվում է նշված որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումների վրա և նշում, որ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները նախատեսում են դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունն ստուգելու այնպիսի արդյունավետ միջոց, ինչպիսին է դրանց բողոքարկումը վերադաս դատական ատյան: Այսպես, վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի շրջանակը որոշված է ՀՀ դատական օրենսգրքի 58 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քր. դատ. օր.-ի 376.1 հոդվածով, իսկ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա ակտերի շրջանակը որոշված է ՀՀ դատական օրենսգրքի 50 հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և ՀՀ քր. դատ. օր.-ի 403 հոդվածով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ քրեական գործերով դատարանի դատավճիռը և որոշումները կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` օրենսգրքով սահմանված կարգով: Օրենսգրքի 377 հոդվածի համաձայն առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քրեական վերաքննիչ դատարանը, իսկ 403 հոդվածի համաձայն վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:

 Դատական ակտերի նման հաջորդականությամբ վերանայումն առաջին հերթին պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 1-ին մասով սահմանված հիերարխիայով, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը,...»: Այս դրույթով Սահմանադրությունն ամրագրել է ընդհանուր իրավասության դատարանների եռաստիճան համակարգը:

Ըստ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականների` տարբեր մոտեցում է ցուցաբերվում դատական տարբեր ատյանների իրավասությունների սահմանմանն ու դրանց իրականացման կարգերին, ընդ որում, երրորդ ատյանի դատարան բողոքներ պետք է բերվեն առաջին հերթին այնպիսի գործերով, որոնք կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միանման մեկնաբանմանը:

Այս մոտեցումները բխում են նաև ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի դրույթներից, որի շրջանակներում է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել ՀՀ վճռաբեկ դատարանին ոչ բոլոր գործերը քննության ընդունել:

Այնուհանդերձ, վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների շրջանակները չեն կարող անսահմանափակ լինել, և օրենքն այնպես պետք է կարգավորի հարցը, որպեսզի չխախտվեն անձի սահմանադրական իրավունքները: Այլապես դա ոչ միայն չի նպաստի արդարադատության իրականացմանը, այլև հնարավորինս կխոչընդոտի սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելուն և կխաթարի խախտված իրավունքները վերականգնելու ինստիտուտը` անձին զրկելով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

6. ՀՀ սահմանադրական դատարանն օրենսգրքի` վճռաբեկ բողոք բերելու իրավունքի հետ կապված առանձին հոդվածների սահմանադրականությունը որոշելու շրջանակներում արտահայտել է իր իրավական դիրքորոշումները 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշման մեջ:

Սույն գործով վիճարկվող օրենքի նորմը ներառված է օրենսգրքի 11-րդ բաժնում, որը վերնագրված է` «Վարույթը վճռաբեկ դատարանում»: Դրանում նախատեսված են վճռաբեկության կարգով դատավճիռների ու որոշումների վերանայման դեպքերը, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանված են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը, վճռաբեկ բողոքի բովանդակությունը և դատավարական բոլոր այն ընթացակարգերը, որոնք կազմում են վճռաբեկ դատարանի վարույթի բովանդակությունը: Նշված բաժնում տեղ գտած նորմերը և դրույթները փոխկապակցված են և լրացնում են միմյանց:

Հաշվի առնելով այն խնդրի առանձնահատկությունը, որի լուծման համար է կոչված վճռաբեկ դատարանը, օրենսդիրը սահմանել է ինչպես այդ մարմնին դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, այնպես էլ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը և նրանց իրավունքները նշված են օրենսգրքի 404 հոդվածում: Դրանք են`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ oրենքով նախատեսված դեպքերում` նաև դիմողները,

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` oրենքով նախատեսված դեպքերում:

Օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է բողոքարկման ընդհանուր կանոնը, նախատեսված է, որ վճռաբեկ դատարան կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները: Օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասը սահմանում է նաև բողոքարկման պարտադիր այլ պայմաններ: Մասնավորապես հոդվածի 2-րդ մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ վճռաբեկության կարգով բողոքարկումը սահմանափակվում է այն դեպքերում, երբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

Նշված իրավակարգավորման իրավաչափությունը հարկ է գնահատել ՀՀ եռաստիճան դատական համակարգում դատական ակտերի բողոքարկման, վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման վարույթների առանձնահատկությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն օրենքով քրեադատավարական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համատեքստում: Վերջիններիս համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով, և վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա oրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտը: Կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385 հոդվածի 1-ին մասում ամրագրվեց նաև դրույթ, որի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Բացի դրանից, վերաքննիչ դատարանում և վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները համապատասխանաբար նախատեսող 385 և 415 հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ, պայմանավորված այդ դատարանների գործառույթով, վերաքննիչ ու վճռաբեկ վարույթների սահմաններն էապես տարբեր են:

Վերոհիշյալ դրույթները դիտարկելով համակարգային փոխկապակցության մեջ` սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը նպատակ է հետապնդում վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկումը` որպես վճռաբեկության կարգով դատական ակտը բողոքարկելու պարտադիր նախապայման, ապահովել ոչ միայն ձևական, այլև բովանդակային առումով` հնարավորություն տալով վճռաբեկ դատարանին անդրադառնալու այն հանգամանքներին, որոնք վերաքննության կարգով հետազոտվել և գնահատվել են, որոնց վերաբերյալ վերաքննիչ դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը:

7. Օրենսգրքի վիճարկվող հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության քննող դատարան չէ, այլ ստուգում է դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, հետևաբար` անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե դատական ակտը նույն հիմքերով չի բողոքարկել վերաքննիչ դատարանում: Այսինքն` բողոքում նշված հիմքի (հիմքերի) վերաբերյալ ստորադաս դատական ատյաններում քննություն չի կատարվել, ապացույցներ չեն հավաքվել, հետազոտվել ու գնահատվել, որը վճռաբեկ դատարանին հնարավորություն կտար ստուգելու տվյալ դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Որքան էլ ընդունելի է նման մոտեցումը, այնուամենայնիվ, օրենքով հստակ չի նախատեսվել իրավակարգավորումն այնպիսի դեպքում, երբ դատապարտյալը, համաձայն լինելով առաջին ատյանի դատարանի դատավճռին` այն չի բողոքարկել վերաքննության կարգով, մինչդեռ մեղադրանքի կողմի (դատախազի, տուժողի) բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ, որով բեկանել է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացրել է մեղադրական դատավճիռ կամ առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել է ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել է ավելի խիստ պատիժ: Օրենսգրքի 394, 395, 397-400 հոդվածներով նախատեսված վերոհիշյալ լիազորություններն իրականացնելով` վերաքննիչ դատարանը կայացնում է դատավճիռ, որն ըստ էության դառնում է նոր, առաջին անգամ ընդունված դատական ակտ և որն օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասի համաձայն չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարանում:

Արդարացման դատավճիռը բեկանելու և մեղադրական դատավճիռ կայացնելու, առաջադրված մեղադրանքի սահմաններում ավելի ծանր հանցագործության համար դատապարտելու կամ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու, ինչպես նաև հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով փոխելու, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու` գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունների պայմաններում օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասում նախատեսված պայմանի տառացի մեկնաբանությունը փաստորեն վճռաբեկ բողոք բերելու իրավունքից կարող է զրկել դատավարության բոլոր մասնակիցներին (դատապարտյալ, պաշտպան, մեղադրող, տուժող և այլն):

Վիճարկվող հոդվածի 2-րդ մասի նման կիրառումն ուղղակի հակասության մեջ կմտնի ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 3-րդ մասի հետ, ըստ որի` «Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք»:

Բացի դրանից, նման մեկնաբանումը չի նպաստի արդարադատության լիարժեք իրականացմանը, դատական սխալները շտկելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու գործին: Վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկումը վճռաբեկ դատարան պետք է մատչելի լինի դատավարության մասնակիցների համար: Նորմի առկա ձևակերպումը ենթադրում է, որ դատավարության մասնակիցը չի կարող առանց վերաքննիչ բողոքի շրջանակներում առաջին ատյանի դատարանի ակտը բողոքարկելու այն բողոքարկել վճռաբեկ դատարան:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի վիճելի նորմի մեկնաբանությունը և կիրառումը պետք է ապահովի վճռաբեկ բողոքի պարտադիր ընդունումն ու քննությունը բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի շրջանակներում վերաքննիչ դատարանը շահագրգիռ կողմի բողոքի քննության արդյունքներով կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից տարբերվող` ըստ էության նոր, դատական ակտ: Նման մոտեցումը ոչ միայն կնպաստի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորմանը, այլև էապես կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


22 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-849