Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեվ ներդրումների խրախուսման եվ փոխադարձ պաշտպանության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լատվիայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),

ընդունելով մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների առանց խտրականության հիմքերի պաշտպանության անհրաժեշտությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,

ցանկանալով խրախուսել երկու Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների և ընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների վերաբերյալ,

ընդունելով, որ այդ ներդրումներին տրամադրվող ռեժիմի վերաբերյալ Համաձայնագիրը կնպաստի մասնավոր կապիտալի հոսքերին և Պայմանավորվող կողմերի տնտեսական զարգացմանը,

համաձայնելով, որ կայուն համակարգը ներդրումների համար կնպաստի տնտեսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության ավելացմանը և կենսամակարդակի բարելավմանը,

ընդունելով, որ տնտեսական և գործարար կապերի զարգացումը կարող է նպաստել միջազգայնորեն ճանաչված աշխատանքային իրավունքների պահպանմանը,

համաձայնելով, որ այս նպատակներին կարելի է հասնել առանց նվազեցնելու առողջության, անվտանգության և բնապահպանական` ընդհանուր կիրառման չափանիշները,

որոշելով կնքել ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին Համաձայնագիր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինը նշանակում է` ցանկացած տեսակի գույք, որը ներդրվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ նրանցից յուրաքանչյուրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես ներառում է.

ա) շարժական և անշարժ գույքը և առնչվող գույքային իրավունքները, ինչպես, օրինակ, վարձակալությունը, գրավադրությունը, գրավի իրավունքը և գրավը,

բ) բաժնետոմսերը, բաժնեմասերը և պարտքային պարտավորությունները կամ ընկերություններում մասնակցության ցանկացած այլ ձև,

գ) դրամական կամ պայմանագրի շրջանակներում որևէ տնտեսական արժեք ունեցող պարտավորության կատարման պահանջները,

դ) մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքանիշները, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը և տեխնիկական գործընթացները, նոու-հաուն, առևտրային գաղտնիքները, առևտրային անունները և բարի համբավը,

ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետազոտման, մշակման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:

Գույքի ձևի որևէ փոփոխությունը, որով այն ներդրվել կամ վերաներդրվել է, չի ազդի նրա դիտարկմանը որպես ներդրման` պայմանով, որ այդ փոփոխությունը համապատասխանի այն Պայմանավորվող կողմի օրենքներին և այլ իրավական ակտերին, որի տարածքում ներդրումները իրականացվել են:

2. «Ներդրող» տերմինը նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

ա) Հայաստանի Հանրապետության համար.

1. «ֆիզիկական անձ» նշանակում է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք.

2. «իրավաբանական անձ» նշանակում է` իրավաբանական հաստատություններ, որոնք ստեղծվել կամ հիմնադրվել են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի:

բ) Լատվիայի Հանրապետության համար.

1. «ֆիզիկական անձ» նշանակում է` Լատվիայի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև Լատվիայում մշտապես բնակվող անձինք, որոնք Լատվիայի կամ որևէ այլ պետության քաղաքացիներ չեն, սակայն իրավունք ունեն, Լատվիայի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, ստանալու ոչ քաղաքացու անձնագիր.

2. «իրավաբանական անձ» նշանակում է` ընկերություններ, ընկերակցություններ և հաստատություններ, որոնք ստեղծվել կամ հիմնադրվել են՝ համաձայն Լատվիայի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի.

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է` ներդրման արդյունքում ստացված դրամական գումարներ և, մասնավորապես, շահույթ, տոկոսներ, կապիտալի աճ, դիվիդենտներ, ռոյալթիներ, լիցենզավորման վճարներ կամ այլ վճարումներ.

4. «Տարածք» տերմինը նշանակում է` Պայմանավորվող կողմերի հողային տարածք, ներքին ջրեր ու ծովային տարածք և դրանց օդային տարածություն, ինչպես նաև տարածքային ջրերից դուրս տարածվող մերձափնյա և ստորջրյա տարածքներ, որոնց նկատմամբ Պայմանավորվող կողմը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավասություն, համաձայն իր գործող ազգային օրենքների և միջազգային իրավունքի, նման տարածքների բնական ռեսուրսների հետազոտման և շահագործման նպատակով:

 

Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխրախուսի և կստեղծի բարենպաստ պայմաններ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների իրականացման համար և կընդունի այդպիսի ներդրումները՝ համաձայն իր օրենքների և այլ իրավական ակտերի:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին և դրանցից ստացված եկամուտներին կտրամադրի արդար ու հավասար ռեժիմ և լիարժեք ու մշտական պաշտպանություն ու անվտանգություն:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում ոչ խելամիտ, խտրական կամ անօրինական միջոցներով չի խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների ընդլայնումը, կառավարումը, պահպանությունը, օգտագործումը, տիրապետումն ու վաճառքը կամ այլ կերպ տնօրինումը:

 

Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստ ազգի ռեժիմ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր ներդրողների ներդրումներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման ու վաճառքի կամ այլ կերպ տնօրինման հետ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին և նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման ու վաճառքի կամ այլ կերպ տնօրինման հետ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ռեժիմներից ամենաբարենպաստը:

 

Հոդված 4. Բացառություններ

 

Սույն Համաձայնագրի դրույթներից ոչ մեկը չպետք է մեկնաբանվի որպես մի Պայմանավորվող կողմի համար պարտավորություն` տարածել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և նրանց ներդրումների ու ներդրումներից ստացված եկամուտների նկատմամբ ցանկացած առկա կամ ապագա ռեժիմի, առավելության կամ արտոնության շահավետություն, որը արդյունք է.

ա) ցանկացած անդամության ազատ առևտրի գոտու, մաքսային միության, արժութային միության, ընդհանուր շուկայի կամ ցանկացած միջազգային համաձայնագրի, որոնք արդյունք են այսպիսի միությունների և նմանատիպ հաստատությունների,

բ) ցանկացած միջազգային համաձայնագրի կամ պայմանավորվածության կամ ներպետական օրենսդրության, որոնք գլխավորապես կամ ամբողջապես վերաբերում են հարկմանը:

 

Հոդված 5. Օտարում և փոխհատուցում

 

1. Մի Պայմանավորվող կողմը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով առգրավի կամ ազգայնացնի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները կամ դրանց հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցներ ձեռնարկի (այսուհետ՝ առգրավում)` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է.

ա) հանրային կարիքների համար,

բ) առանց խտրականության,

գ) օրենքով նախատեսված կարգով, և

դ) արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում փոխհատուցումը կատարվում է նախնական կարգով:

2. Փոխհատուցումը պետք է.

ա) վճարվի առանց ուշացման: Ուշացման դեպքում փոխարժեքի փոփոխության հետ կապված կորուստը պետք է հոգա ընդունող երկիրը,

բ) համարժեք լինի օտարվող ներդրման իրական շուկայական արժեքին նախքան օտարումը: Իրական շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն՝ պայմանավորված օտարման նախօրոք հանրորեն հայտնի դառնալու հանգամանքով,

գ) լինի ամբողջովին իրագործելի և ազատ փոխանցելի,

դ) ներառի վճարման արժույթի նկատմամբ շուկայական հիմունքներով հաստատված առևտրային տոկոսադրույքը օտարման օրվանից մինչև փաստացի վճարման օրը:

3. Պայմանավորվող կողմի ներդրողը, որը տուժել է մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր ներդրումների օտարման արդյունքում, պետք է իրավունք ունենա իր գործի, ներառյալ ներդրման գնահատման ու փոխհատուցման վճարումը, շուտափույթ քննության վերջին Պայմանավորվող կողմի դատական կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից` համաձայն սույն հոդվածի դրույթների:

 

Հոդված 6. Վնասների փոխհատուցումը

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որի ներդրումը վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակների, հեղափոխության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ նման այլ իրավիճակների հետևանքով վերջինիս տարածքում, կապված վնասների փոխհատուցման, վերականգնման կամ այլ կարգավորման հետ, վերջին Պայմանավորվող կողմը կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որն ավելի բարենպաստ է այդ ներդրողի համար:

2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որը 1-ին կետում նշված ցանկացած իրավիճակի հետևանքով վնաս է կրում, և որը հետևանք է.

ա) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման, կամ

բ) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի բխում իրավիճակի անհրաժեշտությունից,

վերջին Պայմանավորվող կողմը ցանկացած դեպքում պետք է համաձայնի վերականգնել կամ փոխհատուցել, որը բոլոր դեպքերում պետք է լինի արագ, համարժեք ու արդյունավետ, և դրանից բխող ցանկացած փոխհատուցում պետք է կատարվի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

Հոդված 7. Փոխանցումներ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համաձայն իր օրենքների և այլ իրավական ակտերի, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին կերաշխավորի նրանց ներդրումների և ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումները իր տարածք և իր տարածքից դուրս: Այսպիսի փոխանցումները մասնավորապես, սակայն ոչ բացառապես կներառեն.

ա) ներդրումների պահպանման կամ աճի համար անհրաժեշտ սկզբնական կապիտալը և լրացուցիչ դրամային գումարները,

բ) եկամուտը,

գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացված միջոցները,

դ) պայմանագրով նախատեսված վճարումները. ներառյալ փոխառության վճարումը,

ե) վճարման ենթակա փոխհատուցումը` սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն,

զ) վեճերի արդյունքում ստացված վճարումները,

է) ներդրման առնչությամբ արտասահմանից ներգրավված և աշխատողների եկամուտներն ու այլ վարձատրությունները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև երաշխավորի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխանցումները կիրականացվեն ազատ փոխարկելի արժույթով և փոխանցման իրականացման օրվա` արտարժույթի փոխանակման շուկայական հիմնական փոխարժեքով, որը կիրառելի է ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Արտարժույթի փոխանակման շուկայի բացակայության դեպքում օգտագործվող դրույքաչափը կլինի Հատուկ փոխառության իրավունքներում օգտագործվող արտարժույթի փոխանակման ամենավերջին դրույքաչափը:

4. Չնայած սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին` Պայմանավորվող կողմը կարող է կանխել փոխանցումը` հավասար, ոչ խտրական և արդարության սկզբունքով կիրառելով իր օրենքները` կապված.

ա) սնանկության, անվճարունակության կամ վարկատուի իրավունքների պաշտպանության հետ,

բ) արժեթղթերի թողարկման, առուվաճառքի կամ արժեթղթերի, ֆյուչերսների, օպցիոնների գործարքների hետ,

գ) քրեական կամ վարչական իրավախախտումների հետ,

դ) փոխանցումների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կամ գրանցումների իրականացման հետ, երբ անհրաժեշտություն է առաջանում օժանդակելու օրենքի կիրառմանը կամ ֆինանսական կարգավորող մարմիններին, կամ

ե) վարչական կամ դատական գործերով հրահանգներին կամ որոշումներին համապատասխանությունը ապահովելու հետ:

 

Հոդված 8. Սուբրոգացիա

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա լիազորած մարմինը իր ներդրողներին վճարումներ է կատարում, համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացվող ներդրումների կապակցությամբ տրամադրված երաշխիքի, ապա վերջին Պայմանավորվող կողմը ճանաչում է.

ա) առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա լիազորած մարմնին այդ ներդրողի ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը, համաձայն այդ երկրի օրենքի կամ այդ երկրում գործող այլ իրավական կարգավորման, ինչպես նաև այն, որ.

բ) առաջին Պայմանավորվող կողմը կամ նրա լիազորած մարմինը սուբրոգացիայի իրավունքով ստանում է ներդրողի իրավունքները իրականացնելու և նրա պահանջները ներկայացնելու իրավունք և պետք է ստանձնի այդ ներդրման հետ կապված պարտավորությունները:

2. Սուբրոգացիայի արդյունքում ստացված իրավունքները կամ պահանջները չեն կարող գերազանցել ներդրողի սկզբնական իրավունքները և պահանջները:

 

Հոդված 9. Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերը

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ցանկացած իրավական վեճ` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրման հետ, պետք է հնարավորության սահմաններում կարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը չի լուծվել 3 (երեք) ամսվա ընթացքում, սկսած գրավոր կերպով այն ներկայացնելու օրվանից, ապա ներդրողի ընտրությամբ այն կարող է փոխանցվել.

ա) այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարաններին, որի տարածքում կատարվել է ներդրումը,

բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) միջնորդ դատավարությանը, որը հիմնվել է Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա, որը ստորագրման համար բաց է 1965 թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում (այսուհետ՝ Կենտրոն), պայմանով, որ և՜ վեճին մասնակից Պայմանավորվող կողմը, և՜ ներդրողի Պայմանավորվող կողմը հանդիսանում են այդ կոնվենցիայի (ICSID) կողմեր, կամ

գ) վարույթների լրացուցիչ կանոնների շրջանակներում գործող Կենտրոնի միջնորդ դատավարությանը, եթե վեճին մասնակից Պայմանավորվող կողմը կամ ներդրողի Պայմանավորվող կողմը ICSID կոնվենցիայի կողմ է, կամ

դ) ցանկացած ad hoc միջնորդ դատարանի. որը պետք է ստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն, եթե վեճին մասնակցող կողմերը այլ համաձայնության չեն եկել:

3. Ներդրողը, որը վեճը ներկայացրել է ազգային դատարանին, կարող է, այնուամենայնիվ, դիմել սույն հոդվածի 2-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված միջնորդ դատարաններին, քանի դեռ ազգային դատարանը վճիռ չի կայացրել խնդրո առարկայի վերաբերյալ, ներդրողը կարող է հայտարարել, որ այլևս չի շարունակում գործը ազգային ընթացակարգերով և հետ է վերցնում այն:

4. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը պարտավորվում են արբիտրաժային գործընթացի կամ արբիտրաժային որոշման իրականացման ցանկացած փուլում չփաստարկել այն հանգամանքը, որ վեճի կողմ հանդիսացող ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է վնասների լիովին կամ մասնակի փոխհատուցում:

5. Սույն հոդվածով ստեղծված Միջնորդ դատարանը իր որոշումները կայացնում է համաձայն այն Պայմանավորվող կողմի ազգային օրենքների և այլ իրավական ակտերի, որը հանդիսանում է վեճին մասնակից կողմ, ինչպես նաև` սույն Համաձայնագրի դրույթների և միջազգային իրավունքի կիրառելի կանոնների:

6. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական և պարտադիր է վեճին մասնակից երկու կողմերի համար: Երկու Պայմանավորվող կողմերն էլ պետք է պարտավորվեն կիրարկել այդ որոշումը:

 

Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը հնարավորության սահմաններում կկարգավորվեն բարեկամաբար, դիվանագիտական ուղիներով:

2. Եթե վեճը այդ ձևով չի կարող լուծվել երեք (3) ամսվա ընթացքում, ապա ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով այն կփոխանցվի Միջնորդ դատարանին` համաձայն սույն հոդվածի դրույթների:

3. Յուրաքանչյուր առանձին դեպքի համար Միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ ձևով. Միջնորդ դատավարության վերաբերյալ պահանջագրի ստացման օրվանից երկու (2) ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է Դատարանի մեկական անդամի: Այդ երկու անդամներն ընտրում են երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի հավանությունը ստանալուց հետո նշանակվում է Դատարանի Նախագահ (այսուհետ` Նախագահ): Նախագահը կնշանակվի երկու (2) ամսվա ընթացքում` մյուս երկու անդամների նշանակումից սկսած:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակաընթացքում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, ապա նշանակումների կատարման համար կարող է հրավիրվել Միջազգային դատարանի Նախագահը: Եթե պարզվի, որ նա հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ կան` կատարելու համար նշված գործառույթը, ապա հրավիրվում է Միջազգային դատարանի Փոխնախագահը` նշանակումներ կատարելու համար: Եթե պարզվի, որ Փոխնախագահը նույնպես Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ չի կարող կատարել նշված գործառույթը, Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, հրավիրվում է` կատարելու նշանակումները:

5. Միջնորդ դատարանը որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումները պարտադիր կլինեն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի իր անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը. Նախագահի և մնացած այլ ծախսերը երկու Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափաբաժիններով: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը, և որոշումը պարտադիր կլինի Պայմանավորվող կողմերի համար: Միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը:

 

Հոդված 11. Այլ կանոնների և հատուկ պարտականությունների կիրառումը

 

1. Եթե որևէ խնդիր կարգավորվում է միաժամանակ սույն Համաձայնագրով և այլ միջազգային համաձայնագրով, որի կողմ է հանդիսանում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը, ապա Պայմանավորվող կողմերից ոչ մեկին կամ նրանց ցանկացած ներդրողին, որը ներդրումներ ունի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտի օգտվելու տվյալ դեպքի համար առավել բարենպաստ կանոնների առավելությունից:

2. Եթե մի Պայմանավորվող կողմի կողմից, համաձայն նրա օրենքների և այլ իրավական ակտերի կամ պայմանագրերի այլ հատուկ դրույթների, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրված ռեժիմը առավել բարենպաստ լինի, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա նրանց կտրամադրվի այդ առավել բարենպաստ ռեժիմը:

 

Հոդված 12. Սույն Համաձայնագրի կիրառումը

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի մի Պայմանավորվող կողմի տարածքում, համաձայն նրա օրենքների և այլ իրավական ակտերի, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից կատարված ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մտնելը, այնպես էլ դրանից հետո, բայց չի վերաբերի որևէ ներդրումային վեճի, որը ծագել է, կամ որևէ հայցի, որը լուծում է ստացել մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 13. Ընդհանուր բացառություններ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցում մի Պայմանավորվող կողմին` պատերազմի կամ զինված ընդհարման կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ դրության դեպքում չիրականացնել ցանկացած անհրաժեշտ գործողություն իր էական անվտանգության շահերի ապահովման համար:

2. Պայմանով, որ նման միջոցները չեն կիրառվում կամայական կամ անօրինական ձևով կամ չեն հանդիսանում քողարկված սահմանափակումներ միջազգային առևտրի և ներդրումների նկատմամբ, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցում մի Պայմանավորվող կողմին` զերծ մնալ միջոցների ընդունումից կամ ձեռնարկումից, ներառյալ բնապահպանական միջոցառումները, որոնք.

ա) անհրաժեշտ են հասարակական կարգը ապահովելու համար,

բ) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պահպանման համար:

3. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերի սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածներին, ինչպես նաև 7-րդ հոդվածի 1.ե կետին:

 

Հոդված 14. Թափանցիկությունը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է շուտափույթ հրապարակի կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնի իր ընդհանուր կիրառման օրենքները, իրավական ակտերը, ընթացակարգերը, վարչական որոշումները և դատական վճիռները, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին առաջին Պայմանավորվող կողմի տարածքում:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է պարտավորեցնի մի Պայմանավորվող կողմին` տրամադրել կամ թույլ տալ օգտվել ցանկացած գաղտնի կամ սեփական տեղեկատվությունից, ներառյալ կոնկրետ ներդրողներին կամ ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը, որի հրապարակումը կխոչընդոտի օրենքի կիրարկումը կամ կհակասի գաղտնիքի պաշտպանության իր օրենքներին կամ կվնասի կոնկրետ ներդրողների օրինական առևտրային շահերը:

 

Հոդված 15. Խորհրդակցություններ

 

Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով պետք է անցկացնեն խորհրդակցություններ սույն Համաձայնագրի իրականացման քննության և ցանկացած հարցի ուսումնասիրման նպատակով, որը կարող է բխել սույն Համաձայնագրից: Նման խորհրդակցությունները կանցկացվեն Պայմանավորվող կողմերի իրավասու իշխանությունների միջև` համապատասխան ուղիներով համաձայնեցված վայրում և ժամկետներում:

 

Հոդված 16. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր կծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իր օրենքներով պահանջվող ընթացակարգերի ավարտման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30-րդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է տասը (10) տարի ժամկետով և այնուհետև ամեն անգամ կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասներկու (12) ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, սույն Համաձայնագրի 1-15-րդ հոդվածների դրույթները կգործեն դադարեցման ժամկետից հետո ևս տասը (10) տարվա ընթացքում:

 

Ի վկայություն վերը նշվածի` համապատասխան Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոհիշյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, հայերեն, լատիշերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման շուրջ որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 21-ից: