Գլխավոր տեղեկություն
Համար
N 1487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-10.12.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.01.20/3(7) Հոդ.1540
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1487-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից և վերաբերում է այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1487-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող միայն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգը (այսուհետ` ՌՉՍՀ) և դրա կիրառման ընդհանուր հարցերը:

2. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունն իրականացվում է հարկման արդարության, հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, ստուգման ենթակա հարկ վճարողների հավասարության, ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության արդարության, ռիսկային չափանիշների սահմանման, ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկերի ձևավորման գաղտնիության, փոքր հարկ վճարողների նկատմամբ ընտրանքի առանձնահատուկ մոտեցման սկզբունքների հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով փոքր հարկ վճարողներ են համարվում նախորդ օրացուցային տարում 100 մլն դրամ տարեկան հասույթի մեծությունը չգերազանցող հարկ վճարողները:

4. Սույն կարգի իմաստով ռիսկային չափանիշը բնութագրիչ է, որը բացահայտում է հարկային օրենսդրության խախտմամբ հարկերի հաշվարկման և (կամ) հարկերից խուսափելու հնարավոր ռիսկերը:

 

II. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

 

5. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկի ձևավորման եղանակներն են`

1) ռիսկային չափանիշների հիման վրա համակարգչային ծրագրի միջոցով ընտրանքը (այսուհետ` ՌՉԸՀԾ).

2) պատահականության հիման վրա համակարգչային ծրագրի միջոցով ընտրանքը (այսուհետ` ՊԸՀԾ).

3) հարկային մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ ընտրանքը` օպերատիվ-հետախուզական, քննչական, հետաքննչական գործողությունների, իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարների ներկայացրած հարկային իրավախախտումների ու չհարկվող շրջանառությունների վերաբերյալ ստուգումների հիմնավորված զեկուցագրերի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերի հիման վրա:

 

III. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆՏՐԱՆՔԸ

 

6. ՌՉՍՀ-ի շրջանակներում ընտրանքն իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերի միջոցով`

1) ՌՉԸՀԾ-ի միջոցով հարկ վճարողները սանդղակավորվում են ըստ ռիսկայնության աստիճանի: Ռիսկայնության աստիճանը որոշվում է ռիսկային չափանիշներին տրված կշիռների հիման վրա ձևավորված բալային միավորների հանրագումարով: Ըստ ռիսկայնության աստիճանի նվազման` ռիսկերի բալային միավորները դասակարգվում են հետևյալ միջակայքերում` բարձր ռիսկայնության գոտի, միջին ռիսկայնության գոտի, ցածր ռիսկայնության գոտի.

2) ՊԸՀԾ-ի միջոցով պատահականության սկզբունքով ստուգման ենթակա հարկ վճարողներն ընտրվում են միջին և ցածր ռիսկայնության գոտիներում գտնվող հարկ վճարողների թվից` այդ թվի մինչև 0,5 տոկոսի չափով:

7. Ռիսկային չափանիշներն ու դրանց կշիռները, ռիսկայնության գոտիների միջակայքերը, ընտրանքի ալգորիթմները և դրանց կիրառման, ինչպես նաև հարկ վճարողների գործունեության լրացուցիչ գնահատման կարգերը և փոքր հարկ վճարող համարվողների ռիսկի բալային միավորների նկատմամբ կիրառվող նվազեցնող գործակիցը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից:

 

IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐԱՆՔԸ

 

8. ՌՉԸՀԾ-ի միջոցով սանդղակավորման արդյունքում միջին ռիսկայնության գոտում գտնվող փոքր հարկ վճարող համարվողների ռիսկի բալային միավորների նկատմամբ կիրառվում է նվազեցնող գործակից` այդ հարկ վճարողներին ցածր ռիսկայնության գոտի տեղափոխելու հնարավոր նպատակով:

9. Միջին ռիսկայնության գոտում գտնվող հարկ վճարողներին, հաշվի առնելով նաև սույն կարգի 8-րդ կետի դրույթները, ռիսկայնության բարձր կամ ցածր գոտի տեղափոխելու նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվում է հարկ վճարողների գործունեության ցուցանիշների լրացուցիչ գնահատում (այսուհետ` ՑԼԳ): Միջին ռիսկայնության գոտում գտնվող հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմնի կողմից ՑԼԳ-ի շրջանակներում իրականացվում են հետևյալ լրացուցիչ հսկողական, վերլուծական գործողությունները`

1) հարկային մարմինն ուսումնասիրում է հարկ վճարողի գործունեության մասին հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները, մասնավորապես, կամերալ ուսումնասիրության արդյունքները, երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը, հարկ վճարողի վերաբերյալ ստացված հարցումները, նախորդ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.

2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սահմանված ստուգումներ.

3) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սահմանված ուսումնասիրություններ.

4) իրականացվում են օրենքով սահմանված այլ միջոցառումներ:

10. ՑԼԳ-ի արդյունքներով հարկային մարմնի կողմից կազմվում է գրավոր եզրակացություն և դրա հիման վրա ընդունվում է որոշում հարկ վճարողին միջին ռիսկայնության գոտուց բարձր կամ ցածր ռիսկայնության գոտիներ տեղափոխելու մասին:

 

V. ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

11. ՌՉՍՀ-ի ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկում ընդգրկվում են`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ՌՉԸՀԾ-ի գործարկման արդյունքում բարձր ռիսկայնության գոտում հայտնված հարկ վճարողները.

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ՊԸՀԾ-ի միջոցով ընտրված հարկ վճարողները.

3) սույն կարգի 10-րդ կետի համաձայն բարձր ռիսկայնության գոտում հայտնված հարկ վճարողները.

4) 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկում ներառված հարկ վճարողները:

12. ՌՉՍՀ-ի շրջանակներում, սույն կարգի 11-րդ կետին համապատասխան, ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկի ձևավորումից հետո ստուգման ենթակա չեն`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ՌՉԸՀԾ-ի գործարկման արդյունքում ցածր ռիսկայնության գոտում հայտնված հարկ վճարողները.

2) սույն կարգի 8-րդ կետի համաձայն ցածր ռիսկայնության գոտում հայտնված հարկ վճարողները.

3) սույն կարգի 10-րդ կետի համաձայն ցածր ռիսկայնության գոտում հայտնված հարկ վճարողները:

 

VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

13. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի գործարկումից հետո պարբերաբար կիրականացվի համակարգի մոնիթորինգ: Վերջինիս արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն ռիսկային չափանիշներն ու դրանց կշիռները, ընտրանքի ալգորիթմները, հարկ վճարողների գործունեության ցուցանիշների լրացուցիչ գնահատման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան