Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.12.2009-04.04.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.570
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 587-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների ու մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հետևյալ մարզաձևերից` ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, ծանրամարտ, թաեքվոնդո, գրավել է`

ա. 1-8-րդ տեղ` օլիմպիական խաղերում,

բ. 1-5-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-2-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

զ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

2) միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանով նախատեսված մրցումներում կատարել է նորմատիվային պահանջ` աթլետիկա, ծանրամարտ, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերում.

3) առագաստանավային սպորտ, լեռնադահուկասպորտ, դահուկավազք, սուսերամարտ, ակրոբատիկ ցատկեր, լող, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, ակադեմիական թիավարություն, թիաոլորասահք, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, ձիասպորտ, հրաձգություն, նետաձգություն, շաշկի, ռենձյու, ռեգբի, գեղասահք, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում գրավել է`

ա. 1-16-րդ տեղ` օլիմպիական խաղերում,

բ. 1-16-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-12-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-4-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-8-րդ տեղ` աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում.

4) ջրացատկ, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, ավիամոդելային սպորտ մարզաձևերում գրավել է`

ա. 1-10-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-8-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-8-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-6-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

5) շախմատ մարզաձևում ստացել է միջազգային գրոսմայստերի տիտղոս կամ լրացրել է միջազգային վարպետի նորմա, եթե նրա անհատական միջազգային վարկանիշը հասել է 2450 սահմանագծին, իսկ շաշկի և ռենձյու մարզաձևերում, եթե վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է առնվազն 3 միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է` տղամարդկանց դեպքում` 2500-ի սահմանագծին, կանանց դեպքում` 2350-ի սահմանագծին.

6) գրավել է 1-2-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում շախմատ, շաշկի, ռենձյու մարզաձևերում, և, եթե առաջնությանը մասնակցել է առնվազն 4 սպորտի վարպետ.

7) կարատե, քիք-բոքսինգ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, նավամոդելային սպորտ, բազկամարտ, բիլիարդ, կուլտուրիզմ, նարդի և այլ մարզաձևերում գրավել է`

ա. 1-3-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-2-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

գ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում.

8) խաղային մարզաձևերում մասնակցել է`

ա. օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,

բ. Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8 եզրափակիչ փուլին` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, բեյսբոլ, լողափնյա վոլեյբոլ, կորֆբոլ, ռեգբի, ֆուտբոլ, ֆուտզալ, մականախաղ, տափօղակով հոկեյ և մնացած թիմային խաղային մարզաձևերին:

2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հունա-հռոմեական և ազատ ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սամբո, թաեքվոնդո, սուսերամարտ, սեղանի թենիս, դահուկավազք, առագաստանավային սպորտ, լեռնադահուկասպորտ, գեղասահք, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, սուսերամարտ, ակրոբատիկա, թենիս, բադմինթոն, ձիասպորտ, հրաձգություն, նետաձգություն, ջրացատկ, սպորտային պարեր, ավիամոդելային սպորտ, նավամոդելային սպորտ մարզաձևերում գրավել է`

ա. 3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,

դ. 1-ին տեղ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում,

ե. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 անգամ կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր` տարբեր տարիների ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության առաջնություններում առնվազն մեկ անգամ կատարել է նորմատիվային պահանջ` աթլետիկա, բայդարկաներով և կանոեներով թիավարություն, լող, ծանրամարտ, հեծանվասպորտ, հրաձգություն, նետաձգություն, ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ), հրապարակային և խճուղային հեծանվասպորտ մարզաձևերում.

3) շախմատ մարզաձևում ձեռք է բերել ազգային վարկանիշ (տղամարդիկ` 2350-ի սահմանագծի, իսկ կանայք` 2175-ի սահմանագծի).

4) շաշկի և ռենձյու մարզաձևերում վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է` տղամարդկանց դեպքում` 2300-ի սահմանագծին, կանանց դեպքում` 2100-ի սահմանագծին.

5) գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ` 2 անգամ 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` սույն չափորոշիչների 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերում չնշված մարզաձևերում.

6) ձեռք է բերել օլիմպիական խաղերի մասնակցի վարկանիշ.

7) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ` 2 անգամ 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` առնվազն 6 թիմի մասնակցությամբ, և երբ մարզիկը խաղացել է խաղերի 50 տոկոսի չափով:

3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում.

2) 1-8-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

3) 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

4. «Պատանեկան կարգ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում.

2) 1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնություններում.

3) 1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջների առաջնություններում:

5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում, վարժությունում մասնակցել են առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և ովքեր ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:

6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն գրաված տեղի։

(Հավելվածը փոփ. 24.08.06 N 1204-Ն, խմբ. 03.12.09 N 1410-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած ու Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչներ) պահանջները կատարած մարզիկներին մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհելու պայմանները:

 

I. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագիրը և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության հասարակական մարզական կազմակերպությունները` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, միություններն ու ընկերությունները, մարզական ակումբները, ինչպես նաև օլիմպիական  հերթափոխի պետական մարզական քոլեջները և մանկապատանեկան մարզադպրոցները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

(2-րդ կետը փոփ. 03.12.09 N 1410-Ն)

3. Մարզական կոչումների շնորհման փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ, քան չափորոշիչների պահանջների կատարումից 2 ամիս հետո:

4. Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկ.

բ) մարզական ցուցանիշները հաստատող պաշտոնական փաստաթղթերի` հրամանների, մրցումների արձանագրությունների, դիպլոմների և հավաստագրերի պատճենները.

բ1) անձը հաստատող փաստաթուղթ.

գ) 3 X 4 սմ չափսի 2 լուսանկար:

(4-րդ կետը լրաց. 03.12.09 N 1410-Ն)

5. Նախարարությունում ստացված միջնորդագրին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 03.12.09 N 1410-Ն)

6. Միջնորդագիրը մերժվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջների խախտմամբ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:

Միջնորդագրի մերժման վերաբերյալ գրությունը ներկայացված փաստաթղթերի պատճենների հետ միասին ուղարկվում է միջնորդագիրը ներկայացնող կազմակերպություն` միջնորդագրի մերժման օրվանից հետո  2 օրվա ընթացքում:

 

II. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

(7-րդ կետը փոփ. 03.12.09 N 1410-Ն)

8. Մարզական կոչումների արժանացած անձանց տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան, որոնք հանձնվում են հանդիսավոր պայմաններում` նախարարի կամ նրա  լիազորած անձի կողմից:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

(8-րդ կետը փոփ. 03.12.09 N 1410-Ն)

9. Նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագրի մերժման դեպքում փաստաթղթերը պահպանվում և արխիվացվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(9-րդ կետը փոփ. 03.12.09 N 1410-Ն)

10. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ շնորհում են մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, մարզական ընկերություններն ու միությունները, մարզական ակումբները, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները:

Մարզական պատանեկան կարգ շնորհում են մանկապատանեկան մարզադպրոցները:

11. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ և մարզական պատանեկան կարգ շնորհելիս` մարզիկներին տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան:

Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի ֆինանսական միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության մարզական կոչման և մարզական կարգի շնորհման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 587-Ն որոշման

Թ Ե Ր Թ Ի Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

3 x 4 չափսի

լուսանկար

 

  

1. Մարզական կոչման անվանումը __________________________________

 

2. Մարզիկի անունը, ազգանունը ___________________________________

 

3. Հասցեն _________________________________________________

 

4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________

 

5. Կրթությունը ______________________________________________

(ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը)

 

6. Մարզաձևը ______________________________________________

 

7. Աշխատանքի (ուսման) վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը _______________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

8. Մարզական կազմակերպությունը __________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

9. Անձնական մարզիչը (նշել տարեթիվը) _______________________________

                                         (անունը, ազգանունը)

 

10. Նշել մրցման անվանումը, անցկացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, գրաված

տեղը ____________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 □ անձնագրի պատճենը

 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի

 մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ

 

Կազմակերպության ղեկավար

________________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

________________________________________________________

(նշել երաշխավորող մարզական ֆեդերացիայի անվանումը)

________________________________________________________

 

ֆեդերացիան միջնորդում է ____________________________________-ին

(անունը, ազգանունը)

շնորհել _______________________________________________ կոչումը:

(նշել կոչումը)

 

Նախագահ

________________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

(Հավելվածը խմբ. 03.12.09 N 1410-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան