ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2009 թվականի դեկտեմբերի 11-ի դռնբաց նիստում «Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2009 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:
Դիմումով Ընկերությունը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի վերաբերյալ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 8-րդ հոդվածի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում ՝
ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը.
բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը.
գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Ըստ դիմումի, ինչպես հստակ երևում է Oրենքի վերը նշված հոդվածից, համակենտրոնացումը տեղի է ունենում երկու կամ մի քանի «տնտեսվարող սուբյեկտների» ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ: «Տնտեսվարող սուբյեկտ» հասկացության սահմանումը տրված է Օրենքի 4-րդ հոդվածում. «տնտեսվարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ»: Նույն հոդվածում տրված է նաև «անձանց խումբ» հասկացության սահմանումը. «անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ աննուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,
- անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձն իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,
- նույն կազմակերպության առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին կամ նույն կազմակերպությունների առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին,
- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) կազմակերպություններն իրավունք են ստանում տնօրինելու մեկից ավելի կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- ֆիզիկական անձը (անձինք) և (կամ) կազմակերպությունը (կազմակերպությունները) ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով տնօրինում են մեկ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն կազմակերպության կողմից առաջարկված անձինք կազմում են կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր»:
Ինչպես երևում է «տնտեսվարող սուբյեկտ» հասկացության սահմանումից, մեկ «տնտեսվարող սուբյեկտը» կարող է իրենից ներկայացնել «անձանց խումբ»՝ այսինքն իր մեջ ներառել մի քանի «անձ», այդ թվում՝ մի քանի «իրավաբանական անձ»։
Այս պարագայում անհրաժեշտ է պարզաբանել, արդյոք համակենտրոնացում է համարվում մեկ «տնտեսվարող սուբյեկտ» հանդիսացող «անձանց խմբի» շրջանակներում կատարվող Օրենքի 8-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում նկարագրված գործողություններից որևէ մեկր։
Դիմումում նշված դիրքորոշումն առավել հստակ ներկայացնելու համար Ընկերությունը նշել է երկու օրինակ։
Օրինակ առաջին.
Ա ընկերությունը և Բ ընկերությունը բաժնետիրական ընկերություններ են։ Ա ընկերությունը հանդիսանում է Բ ընկերության բաժնետոմսերի 51 (հիսունմեկ) տոկոսի սեփականատեր։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին և 68-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Ա ընկերությունը, ունենալով Բ ընկերության ժողովում ձայների պարզ մեծամասնություն, իրավունք ունի նշանակել Բ ընկերության միանձնյա գործադիր մարմին։ Համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի «անձանց խումբ» հասկացության սահմանմանը վերաբերող դրույթների՝ Ա ընկերությունը և Բ ընկերությունը Օրենքի իմաստով «անձանց խումբ» են (անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին)։ Հանդիսանալով անձանց խումբ՝ Ա ընկերությունը և Բ ընկերությունը միասին Օրենքի իմաստով հանդիսանում են մեկ «տնտեսվարող սուբյեկտ»։ Այսինքն, եթե, օրինակ, Ա ընկերությունը ձեռք բերի Բ ընկերության բաժնետոմսերի 25 (քսանհինգ) տոկոսը, ապա դա չի համարվելու համակենտրոնացում, քանի որ տեղի է ունեցել ոչ թե մեկ «տնտեսվարող սուբյեկտի» կողմից այլ «տնտեսվարող սուբյեկտի» բաժնետոմսերի ձեռքբերում, այլ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք մեկ «տնտեսվարող սուբյեկտի» ներսում՝ «անձանց խմբի» մաս կազմող անձանց միջև։ Նույն օրինակը վերաբերում է նաև անձանց խմբում ներառված երկու ընկերությունների միանալուն կամ միաձուլմանը։
Օրինակ երկրորդ.
Գ ընկերությունը և Դ ընկերությունը բաժնետիրական ընկերություններ են: Գ ընկերությունը հանդիսանում է Դ ընկերության բաժնետոմսերի 1 (մեկ) տոկոսի սեփականատեր, ինչը Գ ընկերությանն իրավունք չի տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու Դ ընկերության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, նշանակելու Դ ընկերության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին։ Գ ընկերությունը նաև հնարավորություն չունի կանխորոշել Դ ընկերության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել Դ ընկերության գործադիր մարմնի իրավասությունները։ Այսինքն, Օրենքի իմաստով Գ ընկերությունը և Դ ընկերությունը «անձանց խումբ» չեն հանդիսանում՝ յուրաքանչյուրն իրենից ներկայացնելով առանձին «տնտեսվարող սուբյեկտ»: Այսինքն, եթե օրինակ, Գ ընկերությունը ձեռք բերի Դ ընկերության բաժնետոմսերի 25 (քսանհինգ) տոկոսը, ապա դա համարվելու է համակենտրոնացում, քանի որ մեկ «տնտեսվարող սուբյեկտի» կողմից այլ «տնտեսվարող սուբյեկտի» բաժնետոմսերի ձեռքբերում է տեղի ունեցել։
Դիմումով Ընկերությունը ներկայացրել է նաև հետևյալ լրացուցիչ հիմնավորումները:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը: Ըստ Ընկերության` Օրենքի կարգավորման առարկայի տառացի մեկնաբանությունը հնարավորություն է տալիս եզրահանգելու, որ Օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ մրցակցության կամ սպառողների շահերի վրա։ Եվ, ինչպես նշված է Դիմումում, այդ խնդիրն իրականացնելու համար էլ Օրենքը «անձանց խումբ» հասկացությունն ի սկզբանե դիտում է որպես մեկ եզակի թվով «տնտեսվարող սուբյեկտ», որովհետև անձանց խումբ հանդիսացող սուբյեկտը խմբում ներառված ընկերություններով առանձին կամ միասին նույն դրական կամ բացասական ազդեցությունը կարող է ունենալ մրցակցության կամ սպառողի շահերի վրա։ Անձանց խմբում խմբի ակտիվներով նոր դուստր ընկերությունների ստեղծումը, իսկ հետագայում դրանց միացումը մայր ընկերություններին որևէ նոր փոփոխություն չի կատարում մրցակցային շուկայում՝ չփոխելով «տնտեսվարող սուբյեկտների» (այդ թվում՝ «անձանց խմբերի») ուժերի հարաբերակցությունը շուկայում։ Օրենքի 8-րդ հոդվածի և Օրենքի ընդհանուր տրամաբանությունը ուղղված է մրցակցության կամ սպառողի շահերը խախտող (կամ խախտման վտանգ ստեղծող) երկու իրար հետ չփոխկապակցված սուբյեկտների տնտեսական ռեսուրսներն այս կամ այն կերպ միավորման կամ փոխկապակցվածության բացահայտելուն և անհրաժեշտության դեպքում կանխելուն։ Պետության համար կարևոր է տեղեկանալ նման միավորումների վերաբերյալ, որպեսզի պետական լիազորված մարմինը հնարավորություն ունենա գնահատել տնտեսվարող սուբյեկտների նոր միավորումը կամ փոխկապակցվածության առաջացումը և կանխել տնտեսական մրցակցության համար բացասական հետևանքների առաջացման վտանգ ստեղծող գործողությունները։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները։ Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը։ Օրենքի 8-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ այն վերաբերվում է հոգնակի թվով սուբյեկտների։
Դիմումում միաժամանակ նշված է, որ որոշ վարույթներ իրականացնելիս (օրինակ ավտոմեքենաների շուկայում ուսումնասիրությունները) Հանձնաժողովը որպես մեկ սուբյեկտ ուսումնասիրել է անձանց խումբ։ Ըստ էության, երբ ուսումնասիրվում է որևէ սուբյեկտի գերիշխող դիրքը շուկայում, ապա եզակի թվով սուբյեկտ է համարվում անձանց խումբը և ուսումնասիրվում է խումբն ամբողջությամբ։ Այսինքն, այն դեպքում, երբ Օրենքի համաձայն կատարվում են ուսումնասիրություններ, Հանձնաժողովն անձանց խումբը մեկնաբանում է որպես մեկ սուբյեկտ։ Հաշվի առնելով նշվածը, Ընկերությունը կարծում է, որ Օրենքի շրջանակներում բոլոր հոդվածները նույն տրամաբանությամբ պետք է մեկնաբանվեն և մեկ տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող անձանց խմբի ներսում կատարվող միացումները, միաձուլումները կամ բաժնեմասերի ձեռքբերումը չպետք է Օրենքի իմաստով մեկնաբանվի որպես իրար հետ կապ չունեցող տարբեր տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում: Եթե անձանց խումբն ուսումնասիրվում է որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ, ապա համակենտրոնացման վերաբերյալ Օրենքի դրույթները մեկնաբանելիս նույն մոտեցումը պետք է կիրառվի անձանց խումբ հանդիսացող մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։
Ընկերությունը հայտնել է նաև, որ ամփոփելով վերը նշվածը, կարծում է, որ Օրենքի 8-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում նկարագրված գործողությունները չեն հանդիսանում համակենտրոնացում, եթե դրանք տեղի են ունեցել Օրենքի իմաստով «անձանց խումբ» հանդիսացող անձանց միջև, քանի որ համակենտրոնացումը կարող է տեղի ունենալ երկու կամ ավելի «տնտեսվարող սուբյեկտի» ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ և չի կարող տեղի ունենալ բացառապես մեկ «տնտեսվարող սուբյեկտ» հանդիսացող «անձանց խմբի» մաս կազմող անձանց միջև կատարվող գործողությունների արդյունքում։
Դիմումով Ընկերությունը ներկայացրել է խնդրի պաշտոնական պարզաբանման հետևյալ տարբերակը.
Օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում չեն համարվում.
- անձանց միացումը կամ միաձուլումը, և/կամ
- անձի կողմից այլ անձի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ անձի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը, և/կամ
- անձանց ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ անձը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա,
եթե նշված գործողությունները կատարվել են բացառապես Օրենքի իմաստով անձանց խմբում ընդգրկված անձանց միջև:
Ընկերությունը հայտնել է նաև, որ խնդրի պարզաբանումը անհրաժեշտ է համակենտրոնացում «հասկացության» ճիշտ բնորոշման և համակենտրոնացմանը վերաբերող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները պահպանելու համար:
Քննարկելով դիմումը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը` որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համակենտրոնացում չի համարվում.
ա) անձանց միացումը կամ միաձուլումը,
բ) անձի կողմից այլ անձի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ անձի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը,
գ) անձանց ցանկացած միավորումը, որի շնորհիվ մեկ անձը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա,
եթե այդ գործարքները (գործողությունները) կայացվել (կատարվել) են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված անձանց խմբում ընդգրկված անձանց միջև:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Դ. Հարությունյան |