Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1492
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Անուշ Գևորգյանի` 1.000.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Անուշ Գրիգորյանից 1.000.459 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 148.375 ՀՀ դրամ տարեկան պետական տուրքի և 150.000 ՀՀ դրամ` որպես «Հսկիչ դրամակղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գումար բռնագանձելու մասով, իսկ 722.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումար բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Դատարանը խախտել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը և 6-րդ հոդվածի 5-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հայցապահանջը մերժելիս հիմք է ընդունել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի դրույթները, որոնք, սակայն, արտոնություն են սահմանում միայն գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի համար: Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել այն, որ Անուշ Գևորգյանը 2005, 2006, և 2007 թվականներին իրականացրել է գործունեություն: 07.02.2007 թվականին Անուշ Գևորգյանի մոտ կատարվել է վարձու աշխատողի աշխատանքի ընդունում, ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված թիվ 1304934 ակտով արձանագրվել է թվով մեկ չձևակերպված աշխատող:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` 702.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մերժման մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը՝

2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոս-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա Անուշ Գևորգյանի մոտ առաջացել է պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 702.084 ՀՀ դրամ պարտավորություն (գ.թ. 7-8, 16-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից:

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 01.01.2006 թվականից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ անհատ ձեռնարկատերերը ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից այն դեպքում, եթե մինչև 2006 թվականի մայիսի 1-ը գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում և հանձնում են պետական գրանցման վկայականը:

Մինչդեռ, սույն գործով Անուշ Գևորգյանի պարտավորությունը առաջացել է 2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոս-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա, ինչպես նաև Անուշ Գևորգյանի կողմից գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում չի ներկայացվել, հետևաբար չի կարող ազատվել պարտադիր սոցիալական ապահովագրության գումարը վճարելու պարտավորությունից:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի` հայցապահանջը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան