Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2006
Ստորագրման ամսաթիվ
23.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեվ գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ի շահ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող և (կամ) Բելառուսի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանակում նախատեսող միջազգային պայմանագրերի առկայությունը,

երկկողմ համագործակցության ընթացքում փոխանցվող և ստացվող` Հայաստանի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող և Բելառուսի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության փոխադարձաբար ապահովման նպատակով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված տերմինները նշանակում են.

«գաղտնի տեղեկատվություն» - Հայաստանի Հանրապետության ծառայողական գաղտնիք և (կամ) Բելառուսի Հանրապետության ծառայողական գաղտնիք կազմող, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան պաշտպանվող, երկկողմ համագործակցության ընթացքում փոխանցված (ստացված), ինչպես նաև գոյացած տեղեկություններ,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն» - Կողմերի պետությունների օրենսդրության և սույն Համաձայնագրի համաձայն գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում չթույլատրելու ուղղությամբ իրավական, կազմակերպական, տեխնիկական և այլ միջոցառումների ձեռնարկում,

«գաղտնի տեղեկատվության տեղեկակիրներ» - նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունն արտահայտվում է պայմանանշանների, պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով,

«գաղտնիության դրոշմագիր» - գաղտնի տեղեկատվության տեղեկակրում պարունակվող տեղեկության գաղտնիության աստիճանի մասին վկայող վավերապայման, որը դրվում է գաղտնի տեղեկակրի կամ նրան ուղեկցող փաստաթղթերի վրա,

«իրավասու մարմիններ» - Կողմերի պետությունների` սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու մարմիններ,

«լիազորված մարմիններ» - Կողմերի պետությունների պետական մարմիններ և իրավաբանական անձինք, որոնք, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, լիազորված են փոխանցելու, ստանալու, պահպանելու, օգտագործելու, պաշտպանելու գաղտնի տեղեկատվությունը,

«գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում» - գաղտնի տեղեկատվության հրապարակում կամ այդպիսի տեղեկատվության տարածման` Կողմերի պետությունների օրենսդրություններով սահմանված կարգի խախտում, ինչի հետևանքով այն հայտնի է դառնում դրան առնչվելու թույլտվություն չունեցող անձանց,

«գաղտնի աշխատանքներ» - գաղտնի տեղեկատվության օգտագործման հետ կապված աշխատանքներ, այդ թվում` ուսուցում:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի առարկան է հանդիսանում Կողմերի փոխանցած և/կամ համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվության պաշտպանության փոխադարձաբար ապահովումը:

 

Հոդված 3

 

Կողմերի պետությունների գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և նրա նյութական տեղեկակիրների համար այդ աստիճանին համապատասխանող գաղտնիության դրոշմագրերը համադրվում են հետևյալ կերպով.

 

Հայաստանի Հանրապետությունում`
«Գաղտնի»

Բելառուսի Հանրապետությունում`
«Գաղտնի»

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն:

Իրավասու մարմիններն իրենց իրավասության սահմաններում փոխգործակցում են անմիջականորեն:

Սույն Համաձայնագրի շրջանակներում լիազորված մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է Կողմերի պետությունների իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:

Գաղտնի աշխատանքների կատարման ընթացքում լիազորված մարմինների փոխգործակցությունը նրանց կողմից իրականացվում է անմիջականորեն` Կողմերի պետությունների օրենսդրություններով և նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Մի Կողմի պետության լիազորված մարմինը մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մտադրություն ունենալու դեպքում նախապես իր Կողմի իրավասու մարմնից խնդրում է գրավոր հաստատում այն մասին, որ մյուս Կողմի պետության լիազորված մարմինը, որին նախատեսվում է փոխանցել գաղտնի տեղեկատվությունը, ունի դրա հետ աշխատելու իրավունք:

Գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումն ընդունվում է Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան:

Գաղտնի տեղեկատվության փոխանցումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությունների և լիազորված մարմինների միջև կնքված գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա և դրանցով սահմանված կարգով: Գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրում (կոնտրակտում) պարտադիր կարգով նախատեսվում են.

փոխանցված (գոյացած) գաղտնի տեղեկատվության պաշտպանության պարտավորությունները,

գաղտնի տեղեկատվության օգտագործման և վերամշակման պայմանները,

ստացված գաղտնի տեղեկատվությունը միայն այն փոխանցող լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ երրորդ կողմի փոխանցելու մասին պարտավորությունը,

վիճելի հարցերի լուծման և հնարավոր վնասի փոխհատուցման կարգը:

Գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների փոխանակումն իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ Կողմերի պետությունների օրենսդրություններով նախատեսված այլ եղանակով:

Գաղտնի տեղեկատվության խոշորածավալ տեղեկակիրների փոխանցման յուրաքանչյուր դեպքում Կողմերի պետությունների լիազորված մարմինները պայմանավորվում են դրանց փոխանցման ժամանակի, եղանակի, դրանց փոխադրման երթուղու և ուղեկցության ձևի մասին, ինչի մասին տեղեկացնում են իրենց պետությունների իրավասու մարմիններին:

Գաղտնի տեղեկատվության փոխանցումը չի հանգեցնում դրա նկատմամբ բացառիկ իրավունքի և դրա տեղեկակիրների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում:

 

Հոդված 6

 

Մի Կողմի պետության ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում նախատեսվում է մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորություն, իրականացվում են ընդունող Կողմի հետ համաձայնեցված դիմումի հիման վրա:

Նման այցելությունների հնարավորության մասին դիմումն ուղարկվում է ոչ ուշ, քան ենթադրվող այցի սկզբից երկու ամիս առաջ, և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ներկայացուցչի անուն և ազգանունը (հայրանունը), ծննդյան թիվը և տեղը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,

ներկայացուցչի մասնագիտությունը և պաշտոնը, գաղտնի աշխատանքներ կատարելու կարգադրություն տված լիազոր մարմնի անվանումը,

ներկայացուցչի` ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության առկայության մասին տեղեկատվություն,

այցելության ենթադրվող ժամկետը և տևողությունը,

այն կազմակերպությունների անվանումները, ուր պլանավորվում է այցելել:

Կողմերի պետությունների ներկայացուցիչներին գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն տրվում է նրանց ներկայացնող Կողմի պետության օրենսդրության համապատասխան տրված` ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության և լիազորված մարմնի կողմից տրված` աշխատանքների կատարման կարգադրության առկայության դեպքում:

Այցելությունների ընթացքում ներկայացուցիչները ծանոթանում են ընդունող Կողմի պետությունում սահմանված` գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կանոններին և այցի ընթացքում պահպանում են այդ կանոնները:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել մյուս Կողմի ներկայացուցիչներին ընդունելուց:

 

Հոդված 7

 

Ստացված գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների վրա ստացող Կողմի լիազորված մարմնի կողմից լրացուցիչ դրվում է, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, համադրելի գաղտնիության դրոշմագիր:

Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և նրա նյութական տեղեկակիրների վրա գաղտնիության համապատասխան դրոշմագիրը չեն կարող փոխվել առանց այդ տեղեկությունը փոխանցող Կողմի պետության լիազորված մարմնի գրավոր համաձայնության:

Այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվությունը փոխադրվում կամ պատճենահանվում է մեկ այլ նյութական տեղեկակրի վրա, նրա վրա դրվում է բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխանող գաղտնիության դրոշմագիր:

Փոխանցվող գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական տեղեկակիրները, ըստ համաձայնության, վերադարձվում են կամ գաղտնի տեղեկատվության չվերարտադրելը երաշխավորող եղանակով ոչնչացվում են` պահպանելով այն Կողմի պետության օրենսդրությունը, որի տարածքում այդ տեղեկակիրները գտնվում են: Գաղտնի տեղեկատվության տեղեկակիրների ոչնչացման փաստը գրավոր ձևակերպվում է ոչնչացումն իրականացնող լիազորված մարմնի պետության օրենսդրության համապատասխան: Ոչնչացման վերաբերյալ փաստաթղթի պատճենը փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը տրամադրած Կողմի պետության լիազորված մարմնին:

Մի Կողմի պետությունում գաղտնի տեղեկատվությունը գաղտնազերծելիս, այդ տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը տեղեկացնում է այդ մասին մյուս Կողմի պետության` գաղտնի տեղեկատվությունը ստացած լիազորված մարմնին:

Փոխանցված կամ համագործակցության ընթացքում գոյացած և սույն Համաձայնագրին համապատասխան գաղտնազերծված գաղտնի տեղեկատվության օգտագործումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 8

 

Կողմերը, իրենց պետությունների օրենսդրություններին համապատասխան, պարտավորվում են.

երկկողմ համագործակցության իրականացման ընթացքում ստացված կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ ձեռնարկել պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ,

մյուս Կողմի պետության լիազորված մարմնի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունն օգտագործել բացառապես դրա փոխանցման նպատակներով,

համագործակցության ընթացքում ստացված կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նյութական տեղեկակիրների հաշվառումը, պահպանումը, դրա մշակումը, այդ թվում` համակարգչային համակարգերի օգտագործումով, իրականացնել ստացող Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով,

գրավոր ծանուցել գաղտնի տեղեկատվության նյութական տեղեկակիրների ստացման մասին դրանք փոխանցած լիազորված մարմնին,

փոխանցված գաղտնի տեղեկատվությունը չտրամադրել երրորդ կողմի առանց այն փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության:

գրավոր ծանուցել գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստերի մասին դրանք փոխանցած լիազորված մարմնին:

Անհրաժեշտության դեպքում փոխանցող Կողմը կարող է գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ պահանջներ (գաղտնի տեղեկատվության հետ վարվելու պարտավորությունների հստակ շարադրանքով և դրա պաշտպանության միջոցների նշումով) ներկայացնել:

 

Հոդված 9

 

Մյուս Կողմից ստացված գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում թույլ տված Կողմը պարտավորվում է փոխհատուցել այն փոխանցած Կողմի պետության ազգային անվտանգությանը պատճառված վնասը:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման դեպքում Կողմերը կիրառում են ազգային օրենսդրությունը` հաշվի առնելով չթույլատրված տարածման հանգամանքները:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստ ի հայտ գալու դեպքում Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ, իրենց օրենսդրությանը համապատասխան` իրականացնում են քննություն կամ հետաքննություն, այդ թվում` որոշում են գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով պատճառված վնասը, գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման համար մեղավոր Կողմի կողմից դրա փոխհատուցման կարգը, միմյանց տեղեկացնում են դրա արդյունքների մասին:

Այդպիսի քննության իրականացման դեպքում Կողմերը կարող են, փոխադարձ համաձայնությամբ, ազգային օրենսդրությանը և Կողմերի միջև կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան, միմյանց ուղարկել իրենց ներկայացուցիչներին: Այդ անձանց գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է ուղարկող Կողմը, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով Կողմին պատճառված վնասի փոխհատուցման չափն ու կարգը որոշվում են Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, նրանց միջև կնքված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև Կողմերի խորհրդակցությունների ընթացքում:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Այդպիսի խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ Կողմերը շարունակում են կատարել իրենց պարտավորությունները` սույն Համաձայնագրին համապատասխան:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր ծանուցելով դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի միջև համագործակցության ընթացքում ստացված և/կամ գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ սույն Համաձայնագրով նախատեսված պաշտպանության միջոցները շարունակում են գործել մինչև փոխանցած Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով դրա գաղտնազերծումը:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հուլիսի 4-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան