Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվ
15.12.1989
Ստորագրման ամսաթիվ
15.12.1989
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

«Քաղաքացիական ԵՎ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն

 

Սույն արձանագրության կողմ պետությունները,

համարելով, որ մահապատժի վերացումը նպաստում է մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը,

վկայակոչելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը և 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը,

նշելով, որ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը վերաբերում է մահապատիժը վերացնելուն այն մասով, որով հորդորվում է, որ վերացումը ցանկալի է,

համոզված լինելով, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց,

ցանկանալով սույնով ստանձնել մահապատիժը վերացնելու միջազգային հանձնառություն,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

 

1. Սույն արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

 

Հոդված 2

 

1. Սույն արձանագրության մասով ընդունելի չէ որևէ վերապահում՝ բացառությամբ վավերացման կամ միանալու պահին կատարվող վերապահման, որով նախատեսվում է պատերազմի ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ժամանակ կատարված ամենալուրջ զինվորական հանցագործությունների համար դատապարտման հիմքով։

2. Նման վերապահում կատարող Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին հաղորդում է պատերազմի ժամանակ կիրառելի իր ազգային օրենսդրության համապատասխան դրույթների մասին:

3. Նման վերապահում կատարած Կողմ պետությունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցում է իր տարածքի նկատմամբ կիրառելի` ցանկացած պատերազմական վիճակի սկզբի կամ ավարտի մասին:

 

Հոդված 3

 

Սույն արձանագրության կողմ պետությունները, Դաշնագրի 40-րդ հոդվածին համապատասխան, Մարդու իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող զեկույցներում ներառում են տեղեկություններ սույն արձանագրությունը գործողության մեջ դնելու համար իրենց սահմանած միջոցների մասին։

 

Հոդված 4

 

Դաշնագրի՝ 41-րդ հոդվածի համաձայն հայտարարություն արած Կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա այն դեպքում, երբ մի Կողմ պետությունը բողոքում է մյուս Կողմ պետության կողմից սեփական պարտավորությունները կատարված չլինելու մասին, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել։

 

Հոդված 5

 

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրության կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ իր իրավազորության ներքո գտնվող առանձին անհատներից հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել:

 

Հոդված 6

 

1. Սույն արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ։

2. Չհակասելով սույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված վերապահում կատարելու հնարավորությանը՝ սույն արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքի վրա չի տարածվում որևէ շեղում կատարելու հնարավորություն՝ Դաշնագրի 4-րդ հոդվածի ներքո։

 

Հոդված 7

 

1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության ստորագրման համար։

2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից։ Վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության միանալու համար։

4. Միացումը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

5. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին տեղեկացնում է վավերացման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին։

 

Հոդված 8

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու օրվանից երեք ամիս հետո։

2. Վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

 

Հոդված 9

 

Սույն արձանագրության դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր հատվածների վրա՝ առանց որևէ սահմանափակման կամ բացառության։

 

Հոդված 10

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալ մանրամասների մասին՝

ա) վերապահումներ, հաղորդումներ և ծանուցումներ՝ սույն արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն,

բ) սույն արձանագրության 4-րդ կամ 5-րդ հոդվածների համաձայն արված հայտարարություններ,

գ) ստորագրություններ, վավերացումներ և միանալու դեպքեր՝ սույն արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն,

դ) սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օր՝ դրա 8-րդ հոդվածի համաձայն։

 

Հոդված 11

 

1. Սույն արձանագրությունը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին։

2. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրության հաստատված պատճենները փոխանցում է Դաշնագրի 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան