Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջԵՎ ֆինանսական համագործակցության մասին (2005-2006)
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը կազմում է սույն Համաձայնագրի հիմքը,
նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը,
վկայակոչելով 2005թ. ապրիլի 19-20-ը Բոննում կայացած միջկառավարական բանակցությունները,
համաձայնության եկան ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1. 1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (ՎՎԲ) ստանալ հետևյալ գումարները.
1. մինչև ընդհանուր 8.000.000 (ութ միլիոն) եվրո գումարի չափով վարկ` հետևյալ ծրագրերի համար.
ա) «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրին` 6.000.000 (վեց միլիոն) եվրո,
բ) ի հավելումն «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրին` 2.000.000 (երկու միլիոն) եվրո, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2. Մինչև 1.000.000 (մեկ միլիոն) եվրո գումարի չափով Ֆինանսական օժանդակություններ` հետևյալ ծրագրի համար.
«Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրի օժանդակ միջոցառումներին` մինչև 1.000.000 (մեկ միլիոն) եվրո:
3. Ի հավելումն «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` 2003 թ. հատկացման տարվա միջոցների վերածրագրումից գոյացած` մինչև 400.000 (չորս հարյուր հազար) եվրո,
եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2) Վերոհիշյալ միջկառավարական բանակցությունների հիման վրա սկզբնապես «Հարավային Կովկաս - Բնապահպանական ծրագրին» ուղղված (հատկացման տարի` 2003) օժանդակ միջոցառումներից 300.000 (երեք հարյուր հազար) եվրո արժողության միջոցները ամբողջությամբ վերածրագրվելու և ուղղվելու են «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` ի հավելումն, և «Ավանդների երաշխիքային հիմնադրամի ստեղծում» ծրագրի (հատկացման տարի` 2003) օժանդակ միջոցառումներից 100.000 (հարյուր հազար) եվրո մասնակի գումարը վերածրագրվելու և ուղղվելու է «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III» ծրագրին` ի հավելումն:
1-ին հոդվածի 1-ին կետում նշված` «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրին ի հավելումն ուղղված 2.000.000 (երկու միլիոն) եվրո արժողությամբ վարկը կարող է վերածվել դրամաշնորհի, եթե ուսումնասիրության արդյունքում, դրամաշնորհի նպատակահարմարության հաստատումից բացի, կատարված լինեն նաև դրամաշնորհի հատկացման համար անհրաժեշտ նախադրյալներն ու հիմնարար պայմանները:
3) 2005 թ. վերոհիշյալ միջկառավարական բանակցությունների հիման վրա 1.000.000 (մեկ միլիոն) եվրո ընդհանուր արժողության միջոցները կուղղվեն ուսումնավերապատրաստական ծրագրերին, այդ թվում`
1. 500.000 (հինգ հարյուր հազար) եվրո արժողության միջոցները` Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին, և
2. 500.000 (հինգ հարյուր հազար) եվրո արժողության միջոցները` Հիպոթեքային շուկայի զարգացման աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:
4) 2003 թ. միջկառավարական բանակցությունների հիման վրա 1.700.000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) եվրո արժողությամբ միջոցները կուղղվեն ««Համայնքային ենթակառուցվածքներ» նաև այլ շրջաններում (ՀԵԾ II)» ծրագրի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:
5) Ուսումնավերապատրաստական ծրագրերում ներգրավված փորձագետների համար գործում են ինչպես սույն Համաձայնագրի, այնպես էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 1998թ. հուլիսի 27-ին կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի պայմանները:
6) Եթե չհաստատվի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրի աջակցման նպատակահարմարությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն կընձեռի Վերականգնման վարկերի բանկից ստանալու վարկ` մինչև նախատեսված ֆինանսական օժանդակության չափով:
7) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև առկա պայմանավորվածության դեպքում 1-ին պարբերությունում նշված ծրագրերը կարող են փոխարինվել այլ ծրագրերով: Եթե 1-ին պարբերության 2-րդ կետում նշված ծրագրերից մեկը փոխարինվի մեկ այլ ծրագրով, որը, որպես բնապահպանական կամ սոցիալական ենթակառուցվածքներին վերաբերող ծրագիր կամ միջին ձեռնարկություններին հասցեագրված վարկային երաշխավորման հիմնադրամ, որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառում կամ աղքատության հաղթահարմանն ուղղված ինքնաֆինանսավորվող միջոցառում, կբավարարի ֆինանսական հատկացման ճանապարհով ցուցաբերվող աջակցության հատուկ նախապայմանները, ապա կարող է հատկացվել ֆինանսական օժանդակություն, այլ դեպքում` վարկ:
8) Սույն Համաձայնագիրը շարունակում է կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում վարկի կամ ֆինանսական օժանդակության տեսքով հատկացումներ ստանալ 1-ին պարբերությունում ներկայացված ծրագրերի նախապատրաստական քայլերը իրագործելու նպատակով, կամ` ֆինանսական օժանդակության հետագա հատկացումներ` 1-ին պարբերությունում ներկայացված ծրագրի իրականացմանը և ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ օժանդակ միջոցառումների համար:
9) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրագործմանն ուղղված ֆինանսական օժանդակությունները, համաձայն 1-ին պարբերության 2-րդ կետի և 4-րդ պարբերության, վերածվում են վարկերի, եթե դրանք չեն օգտագործվում հիշյալ նպատակներով:
Հոդված 2. 1) Առաջին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշում են Վերականգնման վարկերի բանկի և վարկային ու ֆինանսական օժանդակություն ստացողների միջև կնքվելիք պայմանագրերը` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա:
1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հատկացումներ չեն կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվեն համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագրեր: Այս գումարների ժամկետն ավարտվում է 2013թ. դեկտեմբերի 31-ին: 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված գումարի ժամկետը լրանում է 2011թ. դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքում, երբ վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուների ստանձնած պարտավորությունների:
3) Եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերից:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման ու իրականացման համար սահմանված են Հայաստանում:
Հոդված 4.1) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջոցներով ֆինանսավորվող ֆիրմաների և մասնագետների առաքումների և ծառայությունների համար չի սահմանում հարկեր և այլ տուրքեր հօգուտ 1-ին հոդվածում սահմանված ծրագրերի իրականացման:
2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 1-ին պարբերությունում նշված ֆիրմաներին և մասնագետներին ազատում է բոլոր տեսակի հարկերից, մաքսատուրքերից, տուրքերից և այլ վճարներից, որոնք օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում` կապված աշխատանքների իրագործման համար պահանջվող վերազինման, նյութերի և օգնության այլ միջոցների, ինչպես նաև բեռնատարների և մասնագետների անձնական գույքի հետ, որոնք կբերվեն Հայաստան և աշխատանքների ավարտից հետո դուրս կբերվեն երկրից կամ աշխատանքների կատարման ընթացքում կդառնան ոչ պիտանի:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տալիս է տրանսպորտային ձեռնարկություն ազատ ընտրելու հնարավորություն, չի ձեռնարկում միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում տրամադրում է պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար:
Հոդված 6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումն ավարտելու մասին: Հիմք է ընդունվում ծանուցումը ստանալու օրը:
Ստորագրված է Երևան քաղաքում, 2006 թ. մարտի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 2-ից: