ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0110/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0110/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդգես Վարդանյանի, Կարինե և Գայանե Հայրապետյանների ներկայացուցիչ Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Նունե Հովսեփյանի հայցի ընդդեմ Վարդգես Վարդանյանի, Կարինե և Գայանե Հայրապետյանների՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ Վարդգես Վարդանյանի, Կարինե և Գայանե Հայրապետյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Նունե Հովսեփյանի՝ ապօրինի զբաղեցրած տարածքներից պատասխանողին երեխաների՝ Անի և Ավետիք Մարտիրոսյանների հետ վտարելու, պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նունե Հովսեփյանը խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա տան 15,7 քմ մակերեսով բնակելի սենյակի և 21,22 քմ մակերեսով օժանդակ տարածքների նկատմամբ։
Վարդգես Վարդանյանը, Կարինե և Գայանե Հայրապետյանները հակընդդեմ հայցով խնդրել են Նունե Հովսեփյանին երեխաների հետ վտարել ինքնակամ զբաղեցրած մակերեսներից, ինչպես նաև պարտավորեցնել Նունե Հովսեփյանին հերքելու իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է և վճռվել է. «Ձեռքբերման վաղեմության ուժով, փաստացի տիրապետման եղանակով, ճանաչել Նունե Հովսեփյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12 փողոցի 1-ին նրբ. թիվ 19ա հասցեի 37,0 քմ հողամասի և դրանով ծանրաբեռնված 15,7 քմ մակերեսով սենյակի և 21,22 քմ ընդհանուր մակերեսներով օժանդակ տարածքի նկատմամբ», իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.01.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդգես Վարդանյանը, Կարինե և Գայանե Հայրապետյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների պահանջները, որի հետևանքով կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք և իրենց իրավանախորդ Նինա Հովհաննիսյանը երբևէ չեն հրաժարվել իրենց անշարժ գույքից: Նինա Հովհաննիսյանին պատկանող՝ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը զավթել է Նունե Հովսեփյանը:
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, պատշաճ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 11.01.2008 թվականի տեղեկանքը, համաձայն որի՝ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան կադաստրային գործում առկա է Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի 20.07.1989 թվականի որոշումը, որով հաստատված է, որ Նինա Հովհաննիսյանին 1956 թվականին հատկացվել է 400 քմ հողամաս: Նշված որոշմամբ նաև հաստատվում է, որ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա տունը կառուցվել է Նինա Հովհաննիսյանին հատկացված 400 քմ հողամասում, և այն 1956 թվականից պատկանել է Նինա Հովհաննիսյանին: Նշված որոշմամբ հաստատված է, որ Նինա Հովհաննիսյանին 16.02.1972 թվականին տրվել է գույքային թերթ և հատակագիծ, այդ որոշմամբ թույլատրվել է 400 քմ հողամասում կառուցված տան 315 քմ կառույցներին ավարտական ակտ տալ, դրա հիման վրա տրվել է սեփականության հաշվառման վկայական, հատակագիծ և տեխնիկական անձնագիր: Բացի այդ, Նինա Հովհաննիսյանի մահից հետո դուստրերն ընդունել են ըստ օրենքի ժառանգությունը 09.08.2004 թվականին: 1989 թվականի օգոստոսից թվով չորս բաժնային սեփականատերերի՝ Նինա Հովհաննիսյանի, Վարդգես Վարդանյանի, Գայանե և Կարինե Հայրապետյանների 315 քմ կառույցն այժմ պատկանում է 3 ընդհանուր բաժնային սեփականատերերի՝ Վարդգես Վարդանյանին, Գայանե և Կարինե Հայրապետյաններին: Հողամասն ընդհանուր համատեղ է և չի բաժանվել սեփականատերերի միջև:
Գալուստ Հովհաննիսյանը 1971 թվականին 4 սենյակները միջանցքի հետ միասին չէր կարող վաճառել, որովհետև Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 06.03.2008 թվականի տեղեկանքով հաստատված է, որ անշարժ գույքը Գալուստ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով երբևէ չի պատկանել, ուստի պարզ չէ, թե ինչ իրավունքով Գալուստ Հովհաննիսյանը Նինա Հովհաննիսյանին պատկանող սենյակները կարող էր վաճառել Լևոն Մանանդյանին: Նինա Հովհաննիսյանը նույնպես Լևոն Մանանդյանին չի վաճառել որևէ անշարժ գույք, այդ մասին վկայող ոչ մի ապացույց գործում առկա չէ: Վերաքննիչ դատարանը չի պարզել նաև, թե այդ որ 4 սենյակների մասին է խոսքը, ինչպիսի չափագրական ու տեղագրական տվյալներ ունեն դրանք: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի նշել, թե ինչի հիման վրա է ապացուցված համարում սույն գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ 11.000 ռուբլով վիճելի գույքը վաճառվել է Լևոն Մանանդյանին: Վերոգրյալի մասին չկա ոչ մի ապացույց, միայն 85 տարեկան հիվանդ Լևոն Մանանդյանի հայտարարությունն է, որը նույնիսկ վկայի ցուցմունք չի կարող համարվել:
Վերաքննիչ դատարանը չի հետազոտել Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի 20.07.1989 թվականի որոշումը, որով ակտ է տրվել Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 տան 500 քմ կառույցներին, իսկ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 տան 500 քմ հողամասը նույնացվել է Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 ա տան 400 քմ հողամասի հետ, մինչդեռ դրանք տարբեր հողամասեր են:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 32-րդ, 130-132-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ հայցվորի կողմից կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացվել, այնինչ Դատարանը, սեփական նախաձեռնությամբ դուրս գալով հայցի սահմաններից, ճանաչել է սեփականության իրավունք նաև հողամասի նկատմամբ: Այդ վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Վերաքննիչ դատարանը քննել և որոշում է կայացրել Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ, մինչդեռ վերաքննիչ բողոք ներկայացվել էր նաև Կարինե և Գայանե Հայրապետյանների կողմից, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը որևէ որոշում չի կայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2009 թվականի որոշումը և փոփոխել այն՝ մերժելով հայցը և բավարարելով հակընդդեմ հայցը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 19.11.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19 և 19ա հասցեներում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործում առկա տվյալների՝ նշված հասցեում գտնվող օրինական անշարժ գույքը, որպես առանձին միավորներ (թվով 5 միավոր) հաշվառված են Նինա Հովհաննիսյանի, Վարդգես Վարդանյանի, Կարինե Հայրապետյանի և Գայանե Հայրապետյանի անվամբ: Միաժամանակ հայտնվել է, որ Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի թիվ 07-1961 վճռի համաձայն՝ Վարդիթեր Ավոյանը ճանաչվել է Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19 ա հասցեում գտնվող 56,81 քմ շինության և շինություններով ծանրաբեռնված հողամասի սեփականատեր, սակայն իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 7):
2. ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-84 (ՎԴ)/2008թ. որոշման համաձայն՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Վարդիթեր Ավոյանի ընդդեմ Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա բեկանվել է Վերաքննիչ դատարանի 31.05.2007 թվականի թիվ 07-1961 վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 69-71):
3. Լևոն Մանանդյանի 08.11.2007 թվականի հայտարարության համաձայն՝ Լևոն Մանանդյանը հայտնել է, որ 1971 թվականին Գալուստ Հովհաննիսյանից 11.000 ռուբլով գնել է Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19 տան սենյակները, որտեղ բնակվել է մինչև 1988 թվականը: Դավթաշենում տուն ստանալուց հետո այդ ազատ սենյակներն ապրելու նպատակով թողել է Արթուր Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 13):
4. 20.02.1990 թվականի թիվ III-ՍԼ 342743 ամուսնության վկայականի համաձայն՝ 20.02.1990 թվականին պետական գրանցում է ստացել Արթուր Մարտիրոսյանի և Նունե Հովսեփյանի ամուսնությունը (հատոր 1-ին, գ.թ. 19):
5. Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 ա տան 26.07.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն՝ նշված հասցեի անշարժ գույքը (բաղկացած՝ ընդհանուրը` 326,35 քմ, բնակելի` 190,62 քմ, օժանդակ` 107,12 քմ, կիսանկուղային` 28,61 քմ) սեփականության իրավունքով պատկանում է Նինա Գալուստի Հովհաննիսյանին (հիմք՝ Երքաղսովետի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի 19.06.1972 թվականի թիվ 49 տոմարի 667 գույքային թերթը և Լենինյան շրջխորհրդի գործկոմի 20.07.1989 թվականի թիվ 17/23 որոշումը) (հատոր 1-ին, գ.թ. 55-58):
6. Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա տան 01.09.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն՝ նշված հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Գայանե Հայրապետյանին (հիմք՝ Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 51-54):
7. Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 ա տան 01.09.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն՝ նշված հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Վարդգես Վարդանյանին (հիմք՝ Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 59-62):
8. Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա տան 01.09.1989 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն՝ նշված հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Նինա Հովհաննիսյանին (հիմք՝ Լենինյան շրջխորհրդի գործկոմի 20.07.1989 թվականի թիվ 17/6 նիստի որոշում և Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 59-62):
9. 09.07.1997 թվականի սեփականության վկայականի համաձայն՝ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տունը (45,73 քմ բնակելի, 20,48 քմ օժանդակ մակերեսով և 392 քմ հողամասով) սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Նինա Հովհաննիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 85):
10. 09.07.1997 թվականի սեփականության վկայականի համաձայն՝ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տունը (52,29 քմ բնակելի, 47,28 քմ օժանդակ մակերեսով, 28,61 քմ այլ մակերեսով և 392 քմ հողամասով) սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Գայանե Հայրապետյանին (հիմք՝ Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 86):
11. 09.07.1997 թվականի սեփականության վկայականի համաձայն՝ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տունը (47,27 քմ բնակելի, 31,58 քմ օժանդակ մակերեսով և 392 քմ հողամասով) սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Վարդգես Վարդանյանին (հիմք՝ Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 87):
12. 09.07.1997 թվականի սեփականության վկայականի համաձայն՝ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տունը (45,33 քմ բնակելի, 7,68 քմ օժանդակ մակերեսով և 392 քմ հողամասով) սեփականության իրավունքով՝ 1/4 մասով պատկանում է Կարինե Հայրապետյանին (հիմք՝ Երևանի առաջին պետ.նոտարի 10.08.1989 թվականի թիվ 4-12221 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 88):
13. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.08.2004 թվականի վկայագրի համաձայն՝ Նինա Գալուստի Հովհաննիսյանի (մահացած 22.03.2002 թվականին) գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում դուստրերը՝ Գայանե և Կարինե Հայրապետյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա հասցեում գտնվող բնակելի տան 1/4-րդ բաժնից, որը բաղկացած է 66,21 քմ ընդհանուր մակերեսից, որից 45,73 քմ բնակելի, 20,48 քմ օժանդակ մակերեսներ և 320 քմ փաստացի (392 քմ իրական) մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից (հատոր 1-ին, գ.թ. 90):
14. Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 18.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի՝ նշված հասցեի անշարժ գույքը կամ դրա մի մասը Լևոն Մանանդյանին սեփականության իրավունքով չի պատկանել (հատոր 2-րդ, գ.թ. 27):
15. Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 06.03.2008 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան հասցեի կադաստրային գործում առկա տվյալների՝ նշված հասցեում գտնվող անշարժ գույքը կամ դրա մի մասը Գալուստ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով չի պատկանել (հատոր 2-րդ, գ.թ. 28):
16. Հայցվորը սույն գործով կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացրել:
17. Դատարանի 05.05.2008 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարդգես Վարդանյանը, ինչպես նաև Կարինե և Գայանե Հայրապետյանների ներկայացուցիչը: Վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանի 16.06.2008 թվականի որոշմամբ ընդունվել են Վերաքննիչ դատարանի վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 3-26, հատոր 3-րդ, գ.թ. 27-52, հատոր 3-րդ, գ.թ. 53): Վերաքննիչ դատարանը քննության է առել միայն Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը (հատոր 4-րդ, գ.թ. 63-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի uեփականության իրավունքից՝ այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են՝
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով.
(Տես Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն գործով ստորադաս դատարանները, ապացուցված համարելով, որ 1971 թվականին Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա տան թվով չորս սենյակները միջանցքի հետ միասին ներքին առուծախի պայմանագրով, 11.000 խորհրդային ռուբլով օտարվել են Լևոն Մանանդյանին, որով և դեռևս 1971 թվականից բնակելի տան սեփականատերը վիճելի տարածքի նկատմամբ իր իրավունքից հրաժարվել է, իսկ 1989 թվականին նշված բնակելի տարածքները Լևոն Մանանդյանի կողմից փոխանցվել են Նունե Հովսեփյանի ամուսնու ծնողներին, որոնք էլ դրանք 1995 թվականին փոխանցել են Նունե Հովսեփյանին և իրենց որդուն, եկել են եզրահանգման, որ 1995 թվականից Նունե Հովսեփյանն ընտանիքի անդամների հետ բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործում է վիճելի տարածքները որպես սեփական գույք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ սույն որոշման 3-րդ բաժնի 3-րդ, 5-րդ-15-րդ կետերում նշված ապացույցների պատշաճ գնահատում, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսացել է Նինա Հովհաննիսյանի սեփականությունը, որ նշված գույքի 3/4 մասը նվիրատվության եղանակով տնօրինվել է սեփականատիրոջ կողմից, և 09.07.1997 թվականին պետական գրանցում է ստացել Նինա Հովհաննիսյանի, Վարդգես Վարդանյանի, Գայանե և Կարինե Հայրապետյանների սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի 1/4-ական մասերի նկատմամբ, իսկ 22.03.2002 թվականին՝ Նինա Հովհաննիսյանի մահից հետո, նրա դուստրերը՝ Գայանե և Կարինե Հայրապետյանները, 09.08.2004 թվականին ստացել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ ընդունելով Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4-րդ մասից բաղկացած ժառանգությունը:
Նշված փաստական հանգամանքերով ուղղակիորեն հերքվում է այն, որ Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերը երբևէ հրաժարվել են գույքի uեփականության իրավունքից կամ երբևէ կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրանց մեկուuացման մաuին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն փաստը, որ Գալուստ Հովհաննիսյանը ներքին առուծախի պայմանագրով 1971 թվականին բնակելի տան թվով չորս սենյակներ միջանցքի հետ վաճառել է Լևոն Մանանդյանին, որն էլ իր հերթին դրանք փոխանցել է հայցվոր կողմին, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն և չի պարզել նման գործարքի առկայության հանգամանքը, ինչպես նաև այն, թե արդյո՞ք նման գործողության կատարման պահին (1971 թվականին) գործարքը կնքած Գալուստ Հովհաննիսյանը հանդիսացել է վեճի առարկա գույքի սեփականատերը: Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև Լևոն Մանանդյանի գրավոր հայտարարությունն այն մասին, որ ինքը (ըստ իր հայտարարության) 1971 թվականին ներքին առուծախի պայմանագրով Գալուստ Հովհաննիսյանից 11.000 ռուբլով գնել է Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 տան սենյակները, քանի որ սույն գործով վեճի առարկան է Երևանի Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19ա տան սենյակները։ Ավելին, գործում առկա՝ Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 18.02.2008 թվականի և 06.03.2008 թվականի տեղեկանքներով հաստատվել է այն հանգամանքը, որ Ն. Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի 19ա հասցեում գտնվող անշարժ գույքը կամ էլ դրա մի մասը ոչ Գալուստ Հովհաննիսյանին, ոչ էլ Լևոն Մանանդյանին սեփականության իրավունքով չեն պատկանել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա գույքի սեփականատերերի կողմից իրենց գույքից հրաժարվելու, ինչպես նաև հայցվորների կողմից դրանք ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու, այն է՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը, առանց հիմնավորելու այդ եզրահանգումները: Մասնավորապես, գործում բացակայում է վերոնշյալ հանգամանքները հիմնավորող որևէ ապացույց:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը պարտավոր է՝ 1. քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա, 2. քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ հայցվորի կողմից կառույցներով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացվել, այնինչ Դատարանը սեփական նախաձեռնությամբ ճանաչել է սեփականության իրավունք նաև հողամասի նկատմամբ: Այդ հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է ընդհանուր իրավաuության դատարանների՝ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում:
ՀՀ քաղաքաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում:
Նույն օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:
Սույն գործով Դատարանի 05.05.2008 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել թե Վարդգես Վարդանյանը և թե Կարինե և Գայանե Հայրապետյանների ներկայացուցիչը, որոնք Վերաքննիչ դատարանի 16.06.2008 թվականի որոշմամբ ընդունվել են Վերաքննիչ դատարանի վարույթ, այնինչ Վերաքննիչ դատարանը քննության է առել միայն Վարդգես Վարդանյանի վերաքննիչ բողոքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|