«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 632-Ն
«ԽԱՂՈՂԱՊՏՂԱԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 2350,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերն ու շինությունները և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված` առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
4. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) խաղողագործության, պտղաբուծության սելեկցիան, արժեքավոր սորտերի տնկանյութի աճեցումը, բազմացումը, ագրոտեխնիկական նորագույն տեխնոլոգիաների մշակումը, կատարելագործումը, գինեգործության և կոնյակագործության բնագավառում նոր գինիների և կոնյակների ստացումը, այդ բնագավառում նոր տեխնոլոգիաների մշակումը, հին տեխնոլոգիաների կատարելագործումը և այլն.
բ) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը:
5. Թույլատրել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, խաղողագործության և պտղաբուծության ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցումը.
բ) գյուղատնտեսական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպումը.
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:
(5-րդ կետը լրաց. 19.11.09 N 1422-Ն)
6. Սահմանել, որ`
ա) «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) սույն որոշման 1-ին կետին համապատասխան առանձնացված շենքերը և շինությունները «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
7. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
8. «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գիտափորձնական նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է`
Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի հողերից` 111,43 հեկտար հողատարածք (68,9 հեկտար վարելահող, 18,8 հեկտար բազմամյա տնկարկներ, 23,73 հեկտար անօգտագործելի),
Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի հողերից` 66,15 հեկտար հողատարածք (27,5 հեկտար վարելահող, 24,3 հեկտար բազմամյա տնկարկներ, 14,35 հեկտար անօգտագործելի):
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։
10. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը կատարել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
11. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը կատարել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|