Գլխավոր տեղեկություն
Համար
N 1637-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1273
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1637-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հատուկ հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:

(1-ին կետը փոփ. 06.11.09 N 1269-Ն)

2. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի սպասարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ միջուկային տեղակայանքը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվին փոխանցումները կատարվելու են 2006 թվականի նոյեմբեր ամսվանից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 12-ի N 1637-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանը կամ դրա առանձին էներգաբլոկները շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի (այսուհետ` հատուկ հաշիվ) սպասարկման հետ կապված առանձնահատկությունները:

2. Հատուկ հաշիվը բացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ («Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության համաձայն)` անժամկետ, որում կուտակված միջոցները պետական սեփականություն են, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, տնօրինում է այդ հաշիվը:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1269-Ն)

3. Հատուկ հաշվից ֆինանսական հատկացումները կատարվում են հատուկ հաշվի կառավարման խորհրդի որոշման համաձայն, իսկ աշխատանքների կատարման համար կապալառու կազմակերպություններն ընտրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հատուկ հաշվի կառավարման խորհուրդն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի անդամներն են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը և դոնոր երկրների ներկայացուցիչները:

(4-րդ կետը փոփ. 06.11.09 N 1269-Ն)

5. Չի թույլատրվում հատուկ հաշվում առկա ֆինանսական միջոցներն օգտագործել այլ նպատակների համար:

 

II. ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 

6. Հատուկ հաշվի համար ֆինանսական մուտքեր են հանդիսանում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում շահագործումից հանելու համար նախատեսված ու նախորդ տարիներին այդ նպատակով հաշվարկված գումարները, շահագործումից հանվող էներգաբլոկներում առկա և հետագա օգտագործման համար պիտանի սարքավորումների, սարքերի և այլ նյութական արժեքների օտարումից ստացվող եկամուտները, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից հատկացվող օգնությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներ: Նշված գումարները հատուկ հաշվին են մուտքագրվում որպես պետական սեփականություն հանդիսացող «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող N 2 էներգաբլոկի շահագործման վճար:

7. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում շահագործումից հանելու համար նախատեսված հատկացումների մեծությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից` համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի «թ» կետի: Շահագործումից հանելու նպատակով կատարվող հատկացումների մեծությունը` ֆինանսական հնարավորություններին համապատասխան կամ գների փոփոխման դեպքում կարող է վերանայվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական փոխանցումները հատուկ հաշվին կատարվում են N 2 էներգաբլոկի շահագործման ամբողջ ընթացքում՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 28-ը, Հայկական ատոմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում այդ նպատակով ներառված գումարի 1/4-ի չափով:

 

III. ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

9. Հայկական ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր էներգաբլոկը շահագործումից հանելու ընդհանուր ծախսերի նախնական նախահաշիվն ըստ տարիների հաստատվում է հատուկ հաշվի կառավարման խորհրդի որոշմամբ: Նախահաշվում փոփոխությունները նույնպես կատարվում են նշված խորհրդի որոշմամբ:

10. Հատուկ հաշվից ֆինանսավորվող աշխատանքները պետք է նախատեսված լինեն Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու ընդհանուր ծախսերի նախահաշվում:

11. Հատուկ հաշվից կատարվում է հետևյալ աշխատանքների ֆինանսավորումը`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու աշխատանքները, այդ թվում`

ռադիոակտիվ աղտոտվածությունների տարածումն արգելակող ժամանակավոր արգելքների ստեղծումը,

դեզակտիվացման աշխատանքների կատարումը,

ռադիոնուկլիդներով ակտիվացած և աղտոտված սարքավորումների, շենքերի ու կառույցների ապամոնտաժման աշխատանքների կատարումը,

առաջացած ռադիոակտիվ թափոնների մշակումը, փաթեթավորումը, տեղադրումը կոնտեյներների մեջ և դրանց տեղափոխումն ու թաղումը,

Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու ժամանակ անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ռադիացիոն պաշտպանության ապահովումը,

Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելուն առնչվող գիտահետազոտական, կոնստրուկտորափորձարարական, նախագծային աշխատանքների կատարումը.

բ) ապամոնտաժման հետևանքով առաջացած ռադիոակտիվ թափոնների թաղման համար գերեզմանոցների և պահեստարանների կառուցման աշխատանքները.

գ) Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու համար տեխնոլոգիական հագեցվածության համակարգերի և դրանց առանձին մասերի ու հանգույցների ձեռքբերումը, պատրաստումը, փորձարկումը և տեղակայումը.

դ) Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու աշխատանքներին մասնակցելու համար օտարերկրյա փորձագետների ու կազմակերպությունների խորհրդատվական ծառայությունները և տեղական մասնագետների պատրաստումը.

ե) Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքում անվտանգության նորմերի պահպանման աշխատանքները.

զ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում կանոնակարգային աշխատանքների կատարումը և այլն:

12. Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու աշխատանքները ֆինանսավորվում են հատուկ հաշվից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշվարկային հաշվին դրամական միջոցների փոխանցմամբ՝ հատուկ հաշվի կառավարման խորհրդի որոշմամբ` համաձայն հաստատված նախահաշիվների:

13. Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու` տվյալ տարում չիրականացված աշխատանքների համար նախատեսված գումարները հաշվի են առնվում հաջորդ տարվա ֆինանսավորման ժամանակ: Յուրաքանչյուր տարվա վերջում կատարվում է ծախսերի վերահաշվարկ, և չօգտագործված գումարները վերադարձվում են հատուկ հաշվին:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Հայկական ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկները շահագործումից հանելու աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքների կատարման մասին յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 10-ը համապատասխան պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություններ` սահմանված ձևերին համապատասխան:

(հավելվածը փոփ. 06.11.09 N 1269-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան