Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2009-21.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.27/31(97) Հոդ.913
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 938-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, 43-րդ, 65-րդ, 66‑րդ և 67-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան ձևավորելու և վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

2. Սահմանել, որ`

ա) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան (այսուհետ` տվյալների բազա) ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը.

բ) գործատուները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը, նոտարները)` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց, իսկ անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ֆիզիկական անձինք` իրենց տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն են ներկայացնում անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերին համապատասխան` հետևյալ ժամկետներում`

անհատական հաշիվ բացելու մասին հայտերը ներկայացվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 15-ը կամ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում,

ընթացիկ անհատական հաշվետվությունները ներկայացվում են տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը, ընդ որում, 2004 թվականի համար տարեկան անհատական հաշվետվությունները ներկայացվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը,

սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում անհատական հաշվետվությունները (բացի ընթացիկ անհատական հաշվետվություններից) ներկայացվում են` սկսած 2005 թվականի նոյեմբերի 15-ից.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով որպես ապահովադիր գրանցված կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք անհատական հաշիվ բացելու մասին հայտ և անհատական հաշվետվություն են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կարգով.

դ) սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված` սոցիալական ապահովության քարտի փոխարեն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը, իսկ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 22.09.05 N 1551-Ն, 07.09.06 N 1325-N, լրաց. 01.03.07 N 371-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառում կատարելը.

բ) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման աշխատանքների ընթացքի մասին.

գ) անհատական հաշվետվությունների հիման վրա ներկայացված` հաշվարկված, վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված սոցիալական վճարների մասին տվյալները համեմատել տվյալների բազայի և հարկային մարմինների ու գանձապետական մարմինների տվյալների հետ և առաջացած տարբերությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` դրանց պատճառները ճշտելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տեղեկացնելու նպատակով.

դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրել տվյալների բազան` իր ծրագրային ապահովմամբ, իսկ եռամսյակը մեկ անգամ` սույն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետով և 6-րդ կետով սահմանված` համատեղ հաստատված կարգով` տվյալների բազայի և դրա ծրագրային ապահովման մեջ կատարված փոփոխությունները.

ե) 2006 թվականից սկսած` տվյալների բազան վարելու համար ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) սահմանված կարգով ստացված տվյալների բազայի տվյալները համադրել սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի տվյալների հետ և համադրման արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` տվյալների բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու և համապատասխան որոշումներ ընդունելու նպատակով.

բ) տվյալների բազայի լիարժեք ձևավորումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կենսաթոշակ նշանակելիս ֆիզիկական անձի ձեռք բերած ապահովագրական ստաժն անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկելու ժամկետների և կարգի վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) հաստատել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգերը, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված` տվյալների բազայի ձևավորման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերի (անհատական հաշիվ բացելու մասին որոշում, հաշվառումը մերժելու մասին որոշում, տվյալները ճշտելու վերաբերյալ հարցում, ապահովագրական ստաժի մասին տեղեկանք, անհատական հաշվից քաղվածքի տրամադրման մասին ապահովագրված անձի դիմում, ապահովագրված անձի անհատական հաշվից քաղվածք, տիտղոսաթերթ, ամփոփաթերթ) ձևերը և դրանք լրացնելու կարգերը.

բ) հաստատել սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի հետ տվյալների համադրում իրականացնելու և տվյալների բազա ներառվող` քաղաքացու սոցիալական ապահովության քարտի համարի հավաստիությունը ճշտելու, ինչպես նաև տվյալների բազան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգերը.

գ) հաստատել գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալները, ինչպես նաև հաշմանդամների մասին տվյալները տվյալների բազայի հետ համադրելու կարգը:

(5-րդ կետը փոփ., խմբ. 15.05.08 N 437-Ն)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` համատեղ հաստատել անհատական հաշվետվության ձևով ու «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության համաձայն ներկայացված տվյալները համադրելու, անհամապատասխանությունները ճշտելու և դրանք վերացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև տվյալների բազան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու կարգը:

(6-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը էլեկտրոնային տարբերակով տրամադրել սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:

(7-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը ներդնելու և դրան առնչվող աշխատանքները լուսաբանելու գործում:

(8-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 938-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան (այսուհետ` տվյալների բազա) ձևավորելու և վարելու կանոնները, այդ թվում`

ա) պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում (այսուհետ` կենսաթոշակային ապահովագրության համակարգ) ընդգրկված անձանց հաշվառելու կարգը,

բ) ապահովագրված անձանց անհատական տվյալները (ապահովագրական ստաժի, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից ու մատուցվող ծառայություններից վճարվող եկամուտների (այսուհետ` աշխատավարձ), հաշվարկված և վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին տվյալները) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն) ներկայացնելու կարգը,

գ) ապահովագրված անձանց` պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում հաշվառվելուն նախորդած ժամանակահատվածում ունեցած ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալներ ներկայացնելու կարգը,

դ) ապահովագրված անձանց անհատական տվյալները նրանց անհատական հաշիվներում գրանցելու ժամկետները,

ե) պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման և վճարման ճշտության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անհատական տվյալներն օգտագործելու կարգը:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) վրա, ովքեր ենթակա են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության (այսուհետ` կենսաթոշակային ապահովագրություն):

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

3. Անհատական (անձնավորված) հաշվառումը (այսուհետ` անհատական հաշվառում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային իրավունքներն իրացնելու համար քաղաքացիների` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով սահմանված անհատական տվյալները հաշվառելը, տվյալների բազան ձևավորելը և վարելն է:
Անհատական հաշվառում կատարում է ծառայությունը` իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժիններ) միջոցով:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

4. Անհատական հաշվառումը ներառում է`

ա) կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձի (այսուհետ` ապահովագրված անձ) անհատական տվյալները տվյալների բազայում էլեկտրոնային և փաստաթղթային տեսքով հաշվառման քարտում գրանցելը` անհատական հաշիվ բացելը,

բ) ապահովագրված անձի ապահովագրական ստաժի, աշխատավարձի, կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելուց հետո ընկած ժամանակահատվածում նրա համար հաշվարկված, վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ` պետական բյուջե) մուտքագրված սոցիալական վճարների մասին տվյալներ հավաքելը և դրանք ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը,

գ) մինչև տվյալների բազայում գրանցվելը` ապահովագրված անձի ունեցած ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալներ հավաքելը և ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը,

դ) կենսաթոշակ նշանակելու, դրա չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) և ճշգրտելու ընթացակարգերի տեղեկատվական ապահովումը,

ե) ապահովագրված անձին` նրա անհատական հաշվում արտացոլված տվյալների մասին անվճար տեղեկատվություն տրամադրելը,

զ) ապահովագրված անձի դիմելու դեպքում` տվյալների բազայում ներառված նրա անհատական տվյալներում փոփոխություններ կատարելը:

(4-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

III. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼԸ

5. Կենսաթոշակային ապահովագրության ենթակա յուրաքանչյուր անձ պետք է հաշվառվի պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում, իսկ նրա անհատական տվյալները` ներառվեն տվյալների բազայում:

Ապահովագրված անձին հաշվառելը նրա համար անհատական հաշիվ բացելն է (որը կենտրոնացված կարգով իրականացվում է ծառայությունում)` հաշվառման քարտում նրա տվյալները գրանցելը:
Հաշվառման օր է համարվում անհատական հաշիվ բացելու օրը:

(5-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

6. Կենսաթոշակային ապահովագրության համակարգում չհաշվառված անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում, ապահովադիրը պայմանագիր կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում այդ անձի անհատական տվյալները պարունակող` անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ` հայտ), իսկ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի դեպքում` նրա ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են:

Նոր պետական գրանցում ստացած կազմակերպությունները` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարածքային կենտրոն հայտ ներկայացնել պետական գրանցման օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում:

(6-րդ կետը փոփ., լրաց. 07.09.06 N 1325-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

7. Հայտում նշված տվյալների իսկությունը հաստատվում է ապահովագրված անձի և ապահովադրի ստորագրությամբ:

Եթե ապահովագրված անձն իր հայտն անձամբ հաստատելու հնարավորություն չունի տևական հիվանդության, երկարատև (երկու ամսվանից ավելի) գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ կամ այլ պատճառով, ապա ապահովադիրն այդ պատճառը նշում է հայտում և հաստատում այն:

Ապահովադիրն ապահովագրված անձի հայտը տարածքային բաժին է ներկայացնում ուղեկցող փաստաթղթի` տիտղոսաթերթի հետ միասին:

(7-րդ կետը փոփ. 07.09.06 N 1325-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

8. Տարածքային բաժինն ապահովագրված անձի հայտն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ծառայության միջոցով բացում է ապահովագրված անձի անհատական հաշիվը և լրացնում նրա հաշվառման քարտը կամ մերժում անձին հաշվառելը: Անձի հաշվառումը մերժելու մասին որոշում է ընդունվում, եթե`

ա) տվյալների բազայում կա այդ անձի համար բացված` նույնական տվյալներ պարունակող անհատական հաշիվ.

բ) հայտում ներառված տվյալներում կան անճշտություններ: Այս դեպքում տարածքային բաժինը հայտի տվյալները ճշտելու նպատակով ապահովադրին ուղարկում է հարցում:

Սույն կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումն ընդունվում է տվյալների բազայի անհատական տվյալները սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրելու միջոցով:

(8-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

9. Տարածքային բաժինը համապատասխան որոշում ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու մասին որոշումները, ինչպես նաև տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումներն ապահովադրին է հանձնում ուղեկցող ամփոփաթերթի հետ միասին:

(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

10. Ապահովադիրը որոշումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ապահովագրված անձին: Ապահովագրված անձն ստորագրում է ամփոփաթերթում` հավաստելով որոշումներին տեղեկացված լինելու մասին:

Եթե ապահովադիրն ստացված որոշումների մասին ապահովագրված անձին տեղեկացնելու հնարավորություն չունի վերջինիս տևական հիվանդության, երկարատև (երկու ամսվանից ավելի) գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ կամ այլ պատճառով, ապա ապահովագրված անձի փոխարեն ստորագրում է ուղեկցող ամփոփաթերթում:

(10-րդ կետը փոփ. 07.09.06 N 1325-Ն)

11. Հայտում ներառված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով ապահովագրված անձի հաշվառումը մերժելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ապահովագրված անձը լրացնում է ճշտված տվյալներով նոր հայտ:

Եթե ապահովագրված անձի հաշվառումը մերժելու մասին որոշումն ստացվում է նրա տևական հիվանդության, երկարատև (երկու ամսվանից ավելի) գործուղման մեջ գտնվելու կապակցությամբ կամ այլ պատճառով բացակայելու ընթացքում, ապա նոր հայտը լրացնում է ապահովադիրը:

(11-րդ կետը փոփ. 07.09.06 N 1325-Ն)

12. Ապահովադիրն անհատական հաշիվ բացելու, հաշվառումը մերժելու մասին որոշումները և տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները տարածքային բաժնում ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` ուղեկցող ամփոփաթերթի հետ միասին տվյալ տարածքային բաժին է վերադարձնում տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումները և ներկայացնում ճշտված տվյալներով լրացված նոր հայտերը:

(12-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

13. Տարածքային բաժինը մեկ ամսվա ընթացքում ապահովադրի ներկայացրած` լրացված նոր հայտերի և տվյալները ճշտելու վերաբերյալ հարցումների հիման վրա լրացնում է հաշվառման քարտերը, իսկ սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով անհատական հաշիվ բացելու մերժման մասին որոշում ընդունելու դեպքում` սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով դրանք հանձնում է ապահովադրին` ապահովագրված անձանց սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հանձնելու համար:

(13-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

14. Այն անձը, ով պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ենթակա չէ կամ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված չէ, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ է կատարում (այդ թվում` ինքնուրույնաբար), տարածքային բաժնում հաշվառվում է սույն կարգի 5-րդ, 8-րդ, 9‑րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված անձը կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվում է իր բնակության վայրի տարածքային բաժնում: Նշված անձը հաշվառվելիս տարածքային բաժին է ներկայացնում հայտ, իր անձնագիրը և սոցիալական ապահովության քարտը:

Հայտի հիման վրա տարածքային բաժինը մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում` սույն կարգի 8-րդ  կետին համապատասխան:

(15-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

IV. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

16. Աշխատանքային պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրված անձից պահանջում է սոցիալական ապահովության քարտ:

Ապահովադիրը ստուգում է ներկայացված սոցիալական ապահովության քարտի և անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների համապատասխանությունը:

17. Յուրաքանչյուր ապահովադիր, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը, տարածքային բաժին է ներկայացնում իր մոտ աշխատող յուրաքանչյուր ապահովագրված անձի` հաշվարկային ժամանակահատվածի մասին անհատական տվյալները` ընթացիկ անհատական հաշվետվության ձևով: Հաշվարկային ժամանակահատվածն այն տարին է (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ), որի համար ապահովադիրը ներկայացնում է անհատական տվյալները:

Հաշվետու տարվա ընթացքում պետական գրանցում ստացած ապահովադիրների համար հաշվարկային ժամանակահատվածը պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն է (ներառյալ):

(17-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

18. Ապահովադիրն ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելու համար տարածքային բաժին անհատական հաշվետվության ձևով ներկայացված և ընդունված տվյալների կրկնօրինակը` ապահովագրված անձի դիմելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է նրան:

(18-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

19. Տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերում ապահովադրի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում ներկայացվում են ճշտված անհատական տվյալներ:

(19-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

20. Ապահովագրված անձի աշխատանքից ազատվելու կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի (որի վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում) դադարման օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ ապահովագրված անձի մահվան օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, ապահովադիրն անհատական հաշվետվության ձևով տարածքային բաժին է ներկայացնում ապահովագրված անձի այն անհատական տվյալները, որոնք մինչև այդ չեն ներկայացվել:

Ապահովադիրն ապահովագրված անձի դիմելու դեպքում նշված տվյալների կրկնօրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ապահովագրված անձին: Ապահովադիրը պարտավոր է ստանալ ապահովագրված անձի գրավոր հավաստումը` այդ տվյալներն ստանալու մասին:

(20-րդ կետը փոփ. 07.09.06 N 1325-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

21. Ապահովադիրը կենսաթոշակ նշանակելու նպատակով անհատական հաշվետվությունը տարածքային բաժին է ներկայացնում տարածքային բաժնի պահանջով և (կամ) ապահովագրված անձի դիմումով` պահանջը և (կամ) դիմումն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(21-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

22. Լուծարման դեպքում ապահովադիրն անհատական հաշվետվության ձևով տարածքային բաժին է ներկայացնում իր մոտ աշխատած ապահովագրված անձանց այն անհատական տվյալները, որոնք մինչև այդ չեն ներկայացվել: Ապահովադիրը հարկային մարմնից պարտավորությունների մասին տեղեկանք ստանալու համար հարկային մարմին է ներկայացնում տարածքային բաժնի տված տեղեկանքը` ապահովագրված անձանց տվյալները տարածքային բաժին ներկայացրած լինելու մասին:

Ապահովադիրն ապահովագրված անձանց դիմելու դեպքում տվյալների կրկնօրինակները հանձնում է նրանց:

Ապահովադիրների վերակազմակերպման մյուս դեպքերում անհատական հաշվետվությունը ներկայացվում է սահմանված կարգով:

(22-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

23. Իրավաբանական անձ հանդիսացող ապահովադրի կողմից տարածքային բաժին ներկայացվող անհատական տվյալները հաստատվում են կազմակերպության կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

Իրավաբանական անձ չհանդիսացող ապահովադրի կողմից տարածքային բաժին ներկայացվող անհատական տվյալները հաստատվում են նրա ստորագրությամբ:

(23-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

24. Սույն կարգի խախտմամբ լրացված փաստաթղթերում գրանցված անհատական տվյալներն անհատական հաշիվներում չեն ներառվում:

Տարածքային բաժինն այդ փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները վերադարձնում է ապահովադրին` նշելով հայտնաբերված խախտումները:

(24-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

25. Տարածքային բաժինը` հարկային մարմնի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կատարած ստուգումների, տարածքային բաժնի հարցումների, հաշվարկված, վճարված ու պետական բյուջե մուտքագրված սոցիալական վճարների մասին տվյալները հարկային ու գանձապետական մարմինների տվյալների հետ համեմատելու միջոցով ճշտում է ապահովադիրների ներկայացրած (այդ թվում` ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող)` պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելուն նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում ապահովագրված անձանց ձեռք բերած ապահովագրական (աշխատանքային) ստաժի ու աշխատավարձի մասին տվյալները:

Տարածքային բաժնի պահանջով ապահովադիրը ներկայացնում է իր մոտ աշխատող ապահովագրված անձանց մասին լրացուցիչ տվյալներ, որոնք հաստատում են կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելուն նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում ձեռք բերված ապահովագրական (աշխատանքային) ստաժը (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող) և սոցիալական վճարումներ կատարելը:

Եթե ծառայությունը հայտնաբերում է ապահովագրված անձանց անհատական տվյալների և հարկային մարմնի կամ աշխատանքի պետական տեսչության կատարած ստուգումների արդյունքների անհամապատասխանություն, ապա տարածքային բաժնի միջոցով ապահովադրին ծանուցում է առկա տարբերությունների և դրանք վերացնելու անհրաժեշտության մասին:

(25-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

26. Անհատական տվյալների և ստուգումների արդյունքների տարբերությունների մասին տարածքային բաժնի ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովադիրն ուղղում և տարածքային բաժին է ներկայացնում ճշտված տվյալներ:

Եթե ապահովադիրը սահմանված ժամկետում չի վերացնում առկա տարբերությունները, ապա տարածքային բաժինը, սահմանված կարգով, ծառայության միջոցով ընդունում է ապահովագրված անձանց անհատական տվյալները ճշգրտելու և անհատական հաշիվները ճշտելու մասին որոշում` դրա մասին հայտնելով ապահովադրին և ապահովագրված անձանց:

(26-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

27. Ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող ապահովագրված անձն անհատական հաշվետվության ձևով տարածքային բաժին է ներկայացնում հաշվարկային ժամանակահատվածում կատարած սոցիալական վճարումների մասին տվյալները և վճարման փաստաթղթի կրկնօրինակը: Տվյալները ներկայացվում են մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

Ծառայությունը համեմատում է ներկայացված տվյալները և պետական բյուջե մուտք եղած սոցիալական վճարների մասին տվյալները:

(27-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

28. Ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող քաղաքացին և այն ֆիզիկական անձը, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ է կատարում այլ ֆիզիկական անձի (անձանց) համար, անհրաժեշտ տվյալները տարածքային բաժիններ են ներկայացնում սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

(28-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալությունն ամեն տարի, մինչև ապրիլի 1-ը, ծառայություն է ներկայացնում գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալներ, որոնք ներառվում են ապահովագրված անձանց անհատական հաշիվներում:

(29-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

30. Ապահովագրված անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական ստաժում հաշվառվող այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները ներկայացնում է իր բնակության վայրի տարածքային բաժին:

(30-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

31. Ապահովադիրն ապահովագրված անձի ապահովագրական ստաժի, աշխատավարձի, հաշվարկված ու վճարված սոցիալական վճարների մասին տվյալները, որոնք ներկայացվում են տարածքային բաժին, պահում է հաշվապահական հաշվառմանը և հաշվետվություններին վերաբերող փաստաթղթերի պահպանման համար սահմանված կանոններին համապատասխան:

(31-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

32. Ապահովադիրը 2005 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը տարածքային բաժնի հետ համաձայնեցված ժամկետներում և ծառայության սահմանած կարգով ներկայացնում է տվյալներ ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին, որոնք իր մոտ աշխատող ապահովագրված անձինք ձեռք են բերել մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը, բացի այն ապահովագրված անձանցից, ովքեր ստանում են տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ:

Եթե մինչև տվյալ ապահովադրի հետ աշխատանքային պայմանագիր կնքելն ապահովագրված անձի` սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անհատական տվյալները ծառայություն չեն ներկայացվել, ապա տարածքային բաժինն այդ ապահովադրից պահանջում է դրանք ներկայացնել 3 ամսվա ընթացքում:

(32-րդ կետը փոփ., լրաց. 07.09.06 N 1325-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

33. Սույն կարգի 14-րդ կետում նշված ապահովագրված անձինք, ինչպես նաև չաշխատող ապահովագրված անձինք, այդ թվում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային բաժիններում չհաշվառվածները, սույն կարգի 32-րդ կետով սահմանված կարգով տարածքային բաժիններ են ներկայացնում մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելն իրենց աշխատանքային կամ այլ գործունեությունը հավաստող փաստաթղթեր:

(33-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

V. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

34. Ծառայությունը կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված յուրաքանչյուր ապահովագրված անձի համար բացում է անհատական հաշիվ:

(34-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

35. Անհատական հաշիվը ներառում է ապահովագրված անձի`

ա) սոցիալական ապահովության քարտի համարը,

բ) ազգանունը, անունը, հայրանունը,

գ) ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը,

դ) սեռը,

ե) հաշվառման և (կամ) փաստացի բնակության վայրի հասցեն,

զ) անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը,

է) քաղաքացիությունը,

ը) որպես ապահովագրված անձ հաշվառվելու տարեթիվը, ամիսը, օրը,

թ) կենսաթոշակ նշանակելու համար` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ և 48-րդ հոդվածներով սահմանված կարգով ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածները,

ժ) աշխատավարձի չափը, որից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարներ են հաշվարկվել,

ժա) ապահովադրի` տվյալ ապահովագրված անձի համար հաշվարկած սոցիալական վճարների գումարը,

ժբ) հաշվարկված և վճարված սոցիալական վճարների ընդհանուր գումարի մեջ կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների չափը` նշելով այն տարեթիվը և ամիսը, որոնց համար դրանք կատարվել են,

ժգ) տվյալ ապահովագրված անձի համար վճարված սոցիալական վճարների գումարը,

ժդ) կենսաթոշակի նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման) և վճարման օրը, ամիսը, տարեթիվը և կենսաթոշակի չափը,

ժե) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարելու համար ապահովադրի կատարած վճարումների գումարը, ժամանակավոր անաշխատունակության և թաղման նպաստի գումարները,

ժզ) անհատական հաշիվը փակելու մասին տվյալները, այդ թվում` ապահովագրված անձի մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

ժէ) խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին տվյալները` նրանց կենսաթոշակ նշանակելու դեպքում:

36. Անհատական հաշիվն ապահովագրված անձի ամբողջ կյանքի ընթացքում վարում է ծառայությունը: Ապահովագրված անձի մահվանից հետո անհատական հաշիվը փակվում է. էլեկտրոնային գրառման տեսքով բացված անհատական հաշիվը պահվում է տվյալների բազայի արխիվում, իսկ հաշվառման քարտը` անհատական հաշիվը փակվելուց հետո 10 տարի պահվում է ծառայության արխիվում, որից հետո ուղարկվում է պետական արխիվ և պահվում կենսաթոշակի գործերը պահելու համար սահմանված ժամկետի ընթացքում:

Ապահովագրված անձի մահվան մասին տվյալները տվյալների բազա են ներառվում սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի հետ համադրելու միջոցով:

Ապահովագրված անձի մահվանից հետո ստացված անհատական տվյալները նրա անհատական հաշվում ներառվում են սույն կարգով սահմանված կարգով:

Ապահովագրված անձի մահվանից հետո նրա անհատական հաշվի տվյալները կարող են օգտագործվել մահացած ապահովագրված անձի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար:

(36-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

37. Տվյալների բազայի վարման տեխնիկական ապահովման կարգը հաստատում է ծառայությունը:
Անհատական հաշիվներում առկա տվյալները խորհրդապահական (կոնֆիդենցիալ) տեղեկատվություն են և օգտագործվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(37-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

VI. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

38. Ապահովադիրները և ֆիզիկական անձինք ապահովագրված անձանց անհատական տվյալները ներկայացնում են գրավոր` սույն կարգին և պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման փաստաթղթերի ձևերը լրացնելու կարգին համապատասխան կամ էլեկտրոնային տեսքով:

100 և ավելի աշխատող ունեցող գործատուներն անհատական տվյալները միաժամանակ ներկայացնում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով։

(38-րդ կետը լրաց. 07.09.06 N 1325-Ն)

39. Ապահովագրված անձանց` սույն կարգով նախատեսված անհատական տվյալները էլեկտրոնային տեսքով կարող են ներկայացվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

40. Տարածքային բաժիններն ապահովադիրների և ապահովագրված անձանց ներկայացրած` սոցիալական վճարների և ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալներ պարունակող փաստաթղթերը (էլեկտրոնային կամ թղթային տեսքի) պահում են 10 տարի` սկսած դրանց պարունակած տվյալներն ապահովագրված անձանց անհատական հաշիվներում ներառելու օրվանից:

(40-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

Տարածքային բաժիններն ապահովադիրներից և ապահովագրված անձանցից անհատական հաշվառման համար էլեկտրոնային կամ թղթային տեսքով ստացված` այլ տվյալներ պարունակող փաստաթղթերը պահում են առնվազն 3 տարի:

(41-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

41. Անհատական հաշվառման փաստաթղթերը պահելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(41-րդ կետը խմբ. 15.05.08 N 437-Ն)

VII. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

42. Տարածքային բաժինը`

ա) ապահովադրին ծանուցում է անհատական հաշվառմանը, անհատական տվյալների ճշտմանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու մասին,

բ) ապահովադիրներից ստացված փաստաթղթերի տվյալները հաշվառում է տվյալների բազայում,

գ) իր ձևավորած տվյալների բազան ներկայացնում է ծառայություն,

դ) ծառայությունից ստանում է ապահովագրված անձանց մասին մշակված անհատական տվյալները (ամբողջական) և ապահովադրին է ներկայացնում մշակված անհատական տվյալների արդյունքները,

ե) ստուգում է ապահովադրի ներկայացրած (այդ թվում` ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող ապահովագրված անձանց) անհատական հաշվառման` անհատական տվյալներ պարունակող փաստաթղթերի ձևերի լրացման ճշտությունը:

(42-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

43. Ծառայությունը`

ա) մշակում է տարածքային բաժիններից ստացված տվյալները,

բ) բացում է անհատական հաշիվ կամ մերժում անձին հաշվառելը,

գ) ապահովագրված անձանց ամբողջական անհատական տվյալները տրամադրում է տարածքային բաժիններին,

դ) անհատական հաշվի տվյալները համադրում է այլ կազմակերպություններից ստացված տվյալների հետ,

ե) անհատական հաշիվներում գրառում է անհատական տվյալները հաշվարկային ժամանակահատվածի համար` ապահովադիրների ներկայացրած (այդ թվում` ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարող ապահովագրված անձանց)` ապահովագրված անձանց համար կատարված սոցիալական վճարումների մասին տվյալները,

զ) 2011 թվականից սկսած,  տարեկան երկու անգամ, ապահովագրված անձին անվճար տեղեկատվություն է տրամադրում նրա անհատական հաշվում առկա տվյալների մասին` հետևյալ կարգով. յուրաքանչյուր տարի, երկրորդ կիսամյակի ընթացքում, ապահովագրված անձին է ուղարկում անհատական հաշվի մասին տեղեկատվություն՝ նշված տվյալներն ապահովագրված անձի կողմից ստացվելու փաստն ապացուցող եղանակով, իսկ ապահովագրված անձի դիմելու դեպքում` տարեկան մեկ անգամ նրա անհատական հաշվից քաղվածքը տրամադրում է անձամբ իրեն:

(43-րդ կետը փոփ. 07.09.06 N 1325-Ն, 15.05.08 N 437-Ն, 10.12.09 N 1421-Ն)

VIII. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

44. Ապահովագրված անձն իրավունք ունի`

ա) տարեկան երկու անգամ ծառայությունից անվճար տեղեկատվություն ստանալու իր անհատական հաշվում առկա տվյալների մասին՝ հետևյալ կարգով. մինչև հոկտեմբերի 1-ը ծառայությունից ստանալու իր անհատական հաշվի մասին տեղեկատվություն, իսկ իր բնակության վայրի (ինքնուրույնաբար սոցիալական վճարումներ կատարողները) կամ աշխատավայրի տարածքային բաժնից անվճար ստանալու իր անհատական հաշվում առկա տվյալները` անհատական հաշվից քաղվածքը,

բ) ապահովադրից անվճար ստանալու անհատական տվյալների և մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալների կրկնօրինակները, որոնք ապահովադիրը ներկայացրել է տարածքային բաժին,

գ) իր անհատական հաշվում առկա անհատական տվյալներն ուղղելու համար գրավոր դիմելու տարածքային բաժին կամ դատարան,

դ) գրավոր դիմելու տարածքային բաժին` անհատական հաշվի տվյալներն իրեն էլեկտրոնային տեսքով ուղարկելու համար:

(44-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

45. Ապահովագրված անձը պարտավոր է`

ա) հաշվառվել տարածքային բաժնում,

բ) իր սոցիալական ապահովության քարտը ներկայացնել ապահովադրի կամ տարածքային բաժնի պահանջով,

գ) տարածքային բաժնին հայտնել անհատական հաշվում ներառված տվյալների փոփոխության մասին,

դ) տարածքային բաժնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր:

(45-րդ կետը խմբ., փոփ. 15.05.08 N 437-Ն)

IX. ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

46. Ապահովադիրն իրավունք ունի`

ա) ապահովագրված անձից պահանջելու, որ նա աշխատանքային պայմանագիր կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելիս, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարներ են հաշվարկվում, ներկայացնի իր սոցիալական ապահովության քարտը,

բ) լրացնելու և ճշտելու ապահովագրված անձանց տվյալները, որոնք տարածքային բաժին է ներկայացրել սույն կարգին համապատասխան:

(46-րդ կետը խմբ., փոփ. 15.05.08 N 437-Ն)

47. Ապահովադիրը պարտավոր է`

ա) ապահովագրված անձի տվյալները ժամանակին ներկայացնել տարածքային բաժին` սույն կարգին համապատասխան,

բ)  իր մոտ աշխատող յուրաքանչյուր  ապահովագրված անձի անվճար տրամադրել տարածքային բաժին ներկայացված` նրա անհատական տվյալների և մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելն ընկած ժամանակահատվածում նրա ձեռք բերած ապահովագրական (աշխատանքային) ստաժի մասին տվյալների կրկնօրինակները,

գ) ապահովագրված անձի աշխատանքից ազատվելու կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիրը դադարելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարներ են հաշվարկվում, ապահովագրված անձի դիմելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրված անձին հանձնել նրա անհատական տվյալների կրկնօրինակը, որոնք մինչև այդ տարածքային բաժին չեն ներկայացվել,

դ) ստուգել ապահովագրված անձի ներկայացրած սոցիալական ապահովության քարտի տվյալների և նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների համապատասխանությունը:

(47-րդ կետը խմբ., փոփ. 15.05.08 N 437-Ն)

X. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 15.05.08 N 437-Ն)

48. Տարածքային բաժինն իրավունք ունի`

ա) ապահովադրից և ապահովագրված անձից պահանջելու` ժամանակին և ճիշտ ներկայացնել տվյալները` սույն կարգին համապատասխան.

բ) ծառայության միջոցով ընդունելու ապահովագրված անձանց անհատական տվյալները ճշգրտելու և անհատական հաշիվները ճշտելու մասին որոշում` համաձայն սույն կարգի:

(48-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

49. Տարածքային բաժինը պարտավոր է`

ա) հուսալիորեն պահել ապահովագրված անձանց անհատական հաշիվներում առկա տվյալները և անհատական հաշվառման այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ձևավորվել են այդ տվյալները,

բ) ապահովադիրներին ծանուցել նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի մշակման արդյունքների և փաստաթղթերում առկա անճշտությունների վերացման մասին,

գ) ապահովագրված անձի անհատական հաշվից տեղեկանք տրամադրելու մասին դիմումը հաշվառել տվյալների բազայում և տրամադրել սահմանված տեղեկանքը:

(49-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

50. Ծառայությունն իրավունք ունի`

ա) անհատական տվյալները համադրելու այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ,

բ) ընդունելու որոշում ապահովագրված անձանց անհատական տվյալները ճշգրտելու և անհատական հաշիվները ճշտելու մասին` համաձայն սույն կարգի:

(50-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

51. Ծառայությունը պարտավոր է`

ա) ապահովագրված անձին ժամանակին հաշվառել պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում,

բ) տարածքային բաժնին տրամադրել ամբողջական անհատական տվյալների բազան,

գ) տվյալների բազան լրացնել այլ կազմակերպություններից ստացված տվյալներով,

դ) պարբերաբար համադրել տվյալներն այլ կազմակերպություններից ստացված տվյալների հետ և հայտնաբերված անհամապատասխանությունները տրամադրել համապատասխան կազմակերպություններին:

(51-րդ կետը փոփ. 15.05.08 N 437-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 07.09.06 N 1325-Ն, փոփ., խմբ. 15.05.08 N 437-Ն, փոփ. 10.12.09 N 1421-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 938-Ն որոշման

Ձև

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.05.08 N 437-Ն)

Ազգանունը __________________
Անունը __________________

սոցիալական քարտի համարը

Հայրանունը _______________

Աշխատանքի ընդունման հրամանի համարը ___________
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը    թ.  

Սեռը արական  իգական Ծննդյան ամսաթիվը,
ամիսը, տարեթիվը
   թ.

Հաշվառման վայրը
Պետությունը ՀՀ  
Մարզը  
Համայնքը  
Քաղաքը, ավանը, գյուղը  
Փողոցը, տունը, շենքը, բնակարանը     

Բնակության վայրը (նույնն է հաշվառման վայրի հետ)

Պետությունը ՀՀ  
Մարզը  
Համայնքը  
Քաղաքը, ավանը, գյուղը  
Փողոցը, տունը, շենքը, բնակարանը     

Հեռախոսահամարը, աշխատավայրը ____________ բնակարան ____________

Քաղաքացիությունը

ՀՀ

 ,

այլ

______________________
Փաստաթուղթ

ՀՀ անձնագիր

 ,

այլ

______________________

ՀՀ անձնագրի համարը                    
Այլ փաստաթղթի համարը                              
Տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը                       թ.
Ում կողմից է տրվել        

Ապահովադրի անվանումը ______________________________
Պետական գրանցման համարը

 

ՀՎՀՀ  , Ապահովադրի հաշվառման համարը

Աշխատող

________________
(ստորագրություն)

Կազմակերպության ղեկավար

________________
(ստորագրություն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
(հավելվածը փոփ. 15.05.08 N 437-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 938-Ն որոշման

Ձև

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական քարտի համարը
                   

Ազգանունը ________________________

Անունը ___________________________

Հայրանունը _______________________

Զբաղեցրած պաշտոնը __________________

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը

վերջը

   
   
   
   
       
       
թ.
թ.

 

Հաշվետվության տեսակը
   Ընթացիկ
   Ճշտում
   Միացում
   Բաժանում
   Առանձնացում
   Միաձուլում
   Վերակազմավորում
   Աշխատանքից ազատում
   Լուծարում
   Կենսաթոշակի նշանակում
   Մահ

Ծառայության նկատմամբ սոցվճարի պարտքի
մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում
__________ դրամ
                     

Ամիսը Աշխատանքի
վարձատրու-
թյանն
ուղղված
միջոցները
(ԱՎՈՒՄ)
Սոցիալա-
կան վճարը
Սոցիալական վճարների հաշվին կատարած
ծախսերը
Չաշխատած օրերը
ծած-
կա-
գիրը
օրերի
թիվը
գումարը ծած-
կա-
գիրը
օրերի
թիվը
գումարը ծած-
կա-
գիրը
օրերի
թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Հունվար                     
Փետրվար                    
Մարտ                    
Ապրիլ                    
Մայիս                    
Հունիս                    
Հուլիս                    
Օգոստոս                    
Սեպտեմբեր                    
Հոկտեմբեր                    
Նոյեմբեր                    
Դեկտեմբեր                    
Ընդամենը    

X

   

X

   

X

 

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված սոցիալական վճարը ______________________ դրամ

Ծառայության նկատմամբ սոցիալական վճարի պարտքի
մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում _____________ դրամ

Աշխատանքի ընդունման հրամանի համարը ______________ ,
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը    թ.

Ազատման հրամանի համարը __________ ,
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը    թ. հիմքը _________

Ապահովադրի անվանումը _______________________________________________

ՀՎՀՀ Ապահովադրի հաշվառման համարը

Կազմակերպության ղեկավար

____________
(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ

____________
(ստորագրություն)

Կ. Տ.

(հավելվածը լրաց. 07.09.06 N 1325-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 938-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 15.05.08 N 437-Ն)

Տեղեկատվություն
տրամադրող պետական
մարմնի անվանումը

Տրամադրվող տեղեկատվության
բովանդակությունը

Տեղեկա-
տվության
տրամադրման
ժամկետը

1. ՀՀ արդարադատության
նախարարություն

պետական միասնական գրանցամատյանում
գրանցված իրավաբանական անձանց,
անհատ ձեռնարկատերերի և հաշվառված
իրավաբանական անձանց առանձնացված
ստորաբաժանումների, հիմնարկների անվանումները,
կազմակերպական-իրավական ձևը, հաշվառման,
գործունեության իրականացման վայրերը
(հասցեները), վերակազմավորման կամ
լուծարման մասին տեղեկությունները

յուրա-
քանչյուր
ամսվա
10-ին

2. ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ
ոստիկանություն

Ծառայության կողմից էլեկտրոնային կրիչով ներկայացված` ապահովագրման ենթակա անձանց ցուցակների հիման վրա՝ անձի անունը, ազգանունը, հայրանունը,
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը,
հաշվառման վայրը, ծննդյան երկիրը, անձը
հաստատող փաստաթղթի (Հայաստանի
Հանրապետության անձնագիր, փախստականի
վկայական, կացության հատուկ կարգավիճակի
անձնագիր) սերիան, համարը, տալու օրը, ամիսը,
տարեթիվը, ում կողմից է տրվել (կոդը), Հայաստանի
Հանրապետության քաղաքացու անձնագիրը տալու
համար հիմք հանդիսացած փաստաթղթի սերիան ու
համարը

2005 թ. հունվարի 1-ից հետո անվավեր համարված
անձը հաստատող փաստաթղթի (Հայաստանի
Հանրապետության անձնագիր, փախստականի վկայական,
կացության հատուկ կարգավիճակի անձնագիր) սերիան
ու համարը

յուրա-
քանչյուր
ամսվա
10-ին

(հավելվածը փոփ. 13.10.05 N 1731-Ն, լրաց. 02.03.06 N 233-Ն, փոփ. 15.05.08 N 437-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան