Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեվ մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության եվ զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
բարեկամական հիմքերը ամրապնդելու, երկկողմ հարաբերությունները ընդլայնելու, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցությունը զարգացնելու նպատակով,
որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կխրախուսեն վերոհիշյալ բնագավառներում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը կծանոթացնի տվյալ երկրի ժողովրդին մյուս Կողմի ժողովրդի մշակույթին և քաղաքակրթությանը:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը, ողջունելով մշակութային, գիտատեխնիկական, կրթության, արվեստի և այլ հարակից բնագավառներում համագործակցությունը, անհրաժեշտ արտոնյալ պայմաններ կստեղծեն ներքոհիշյալ միջոցառումները իրագործելու համար.
ա) կրթության, պատմության, մշակույթի, արվեստի, հնագիտության, զբոսաշրջության, սպորտի բնագավառների փորձագետների, անգրագիտության դեմ պայքարի, գրքերի հրատարակման փորձագետների, լուսանկարների, սլայդների, ժապավենների, ֆիլմերի, միկրոֆիլմերի փոխանակում.
բ) Կողմերի միջև համաձայնեցված բնագավառներում արվեստագետների և գեղարվեստական համույթների փոխանակում.
գ) ֆիլմերի և մշակութային շաբաթների, մասնագիտական դասախոսությունների և պոեզիայի երեկոների անցկացում.
դ) տարբեր ցուցահանդեսների կազմակերպում, այդ թվում` ժողովրդական արվեստի, գրքի, կերպարվեստի, նկարչության, ձեռարվեստի, ազգագրական գործերի ցուցահանդեսների կազմակերպում.
ե) դասագրքերում մյուս Կողմի պատմության, մշակույթի և աշխարհագրության վերաբերյալ ճշգրիտ և օգտակար նյութերի ու տեղեկատվության զետեղում.
զ) երկու երկրների համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցություն պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համալսարանների, գիտահետազոտական, տեխնիկական և մասնագիտական կրթության, հիմնարկների գիտական լաբորատորիաների, թանգարանների, ազգային գրադարանների, արխիվների և երկու երկրների այլ գիտատեխնիկական, մշակույթի և արվեստի կենտրոնների միջև համագործակցությունը և կստեղծեն անհրաժեշտ արտոնյալ պայմաններ:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը հնարավորությունների սահմաններում կխրախուսեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ուսումնառության, գիտահետազոտական աշխատանքների ու վերապատրաստման նպատակով տեղերի հատկացումը միմյանց քաղաքացիներին:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն արվեստի և կրթության բնագավառներում դասախոսների, գիտնականների, արվեստագետների, ուսուցիչների և փորձագետների փոխանակումը, և արտոնյալ պայմաններ կստեղծվեն նրանց ուղևորությունների համար:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն իրենց երկրներում կազմակերպվող ազգային և միջազգային կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների, հավաքների և մրցույթների, գիտական, կրթական, հետազոտական, մշակութային, արվեստի, մարզական փառատոների մասին և, մյուս Կողմին հրավիրելով, կստեղծեն անհրաժեշտ արտոնյալ պայմաններ համապատասխան ներկայացուցիչների մասնակցության համար:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն, իրենց օրենսդրությանը և կանոնադրությանը համապատասխան, ուսումնական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը վերաբերող ուսուցողական նյութերի և տեղեկատվության փոխանակման գործում:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն միմյանց լեզվի և գրականության տարածմանը և այս նպատակով անհրաժեշտ արտոնյալ պայմաններ կստեղծեն:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերը երկու երկրներում գործող օրենքների սահմաններում իրենց ժողովուրդների լայն զանգվածներին միմյանց ազգային արժեքներին և մշակույթին ծանոթացնելու համար կխրախուսեն մշակութային և կրթական կենտրոնների և միությունների ստեղծումը մյուս Կողմի տարածքում:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը խրախուսում են երկու երկրների սպորտային կազմակերպությունների միջև համագործակցությունը և, փոխանակելով գիտական և սպորտային վերջին տեղեկություններն ու փորձերը, պայմաններ են ստեղծում երկու երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցող միջազգային սպորտային մրցումներին և սեմինարներին մասնակցելու համար:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների միջև պաշտոնական լրատվական գործակալությունների տեխնիկական և պրոֆեսիոնալ համագործակցությունը, կնպաստեն յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքում ներկայացուցչությունների գրասենյակի բացմանը և թղթակիցների ու տեխնիկական մասնագետների պատվիրակությունների փոխանակմանը:
Հոդված 12
Պայմանավորվող կողմերը, դասախոսներ և ուսանողներ փոխանակելով կինոյի և ֆիլմադարանի գծով համագործակցության բնագավառում և մասնակցելով երկու երկրներից մեկում տեղի ունեցող կինոյի փառատոներին, արտոնյալ պայմաններ կստեղծեն երկու երկրների ֆիլմերի ցուցադրման և առքուվաճառքի համար:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերը կպաշտպանեն երկու երկրների ռադիոհեռուստատեսային կազմակերպությունների միջև համագործակցությունը և կխրախուսեն համապատասխան կազմակերպությունների միջև երկկողմանի պայմանագրերի կնքումը:
Հոդված 14
Պայմանավորվող կողմերը արտոնյալ պայմաններ կստեղծեն երկու երկրների մամուլի և հրատարակչական կազմակերպությունների միջև համագործակցության համար և կխրախուսեն տպագրության, թարգմանության, գիտական, մշակութային և պատմական նմուշների (ստեղծագործությունների) գծով մասնագետների փոխանակումը:
Հոդված 15
Պայմանավորվող կողմերը, փոխանակելով զբոսաշրջության վերաբերյալ ցուցահանդեսների անցկացման տեղեկություններն ու փորձը, միջոցներ կձեռնարկեն զբոսաշրջության զարգացման և տարածման համար, կխրախուսեն զբոսաշրջությունն ու ուխտագնացությունը և անհրաժեշտ արտոնյալ պայմաններ կստեղծեն համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպված համատեղ նիստերում այդ բնագավառի զարգացման ուղիները ուսումնասիրելու համար:
Հոդված 16
Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ համագործակցություն կիրականացնեն երկու երկրներից որևէ մեկում անօրինական ձևով հայտնված ազգային, արվեստի, պատմական, մշակույթի նմուշները տեր հանդիսացող երկիր վերադարձնելու գործում:
Հոդված 17
Սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ և համապատասխան միջոցառումների քննարկման, փոխանակումների ծրագրի կազմման, համագործակցության զարգացման ուղիների ուսումնասիրման և այլ խնդիրների համար, որոնք կարող են ծագել Համաձայնագրի կատարման ընթացքում, երկու երկրներում գործող կապերի համակարգման պետական հանձնաժողովների կողմից ստեղծվում է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից բաղկացած համատեղ կոմիտե: Կոմիտեի որոշումները պարտադիր կերպով պետք է իրագործվեն: Կոմիտեի նիստերը տեղի կունենան երկու տարին մեկ անգամ` հաջորդաբար յուրաքանչյուր երկրում:
Անհրաժեշտության դեպքում, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, միջոցներ կձեռնարկվեն արտահերթ նիստեր անցկացնելու համար:
Հոդված 18
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կատարումը դյուրացնելու և երկու երկրների մշակութային համագործակցությանը վերաբերող բոլոր խնդիրները լուծելու նպատակով միմյանց երկրներ կգործուղեն մշակութային ներկայացուցիչների:
Հոդված 19
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրը վավերացնում են իրենց օրենքներին համապատասխան, և սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման մասին երկու Կողմերի վերջին պաշտոնական հայտարարության օրվանից:
Հոդված 20
Սույն Համաձայնագիրը իրագործման համար պարտադիր դառնալուց հետո ուժի մեջ է 5 տարի և այդ ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվում է հաջորդ հնգամյակի համար` բացառությամբ այն դեպքի, երբ Կողմերից որևէ մեկը վերոհիշյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցում է Համաձայնագրի հոդվածները վերանայելու կամ չեղյալ հայտարարելու իր ցանկության մասին:
Սույն Համաձայնագիրը կնքվել է 1994 թվականի նոյեմբերի 27-ին, Թեհրան քաղաքում, երեք օրինակով` հայերեն և պարսկերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման առումով առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում որպես հիմք կընդունվի Համաձայնագրի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. օգոստոսի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|