Գլխավոր տեղեկություն
Համար
N 1415-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.13/2(736) Հոդ.1419
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1415-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծման և կառուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 11

 Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 դեկտեմբերի 3-ի N 1415-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի (այսուհետ` երկաթուղային գծեր) նախագծման և կառուցման (վերակառուցման) ընթացակարգը:

2. Սույն կարգի իմաստով`

1) նախագծման գործընթացը ներառում է երկաթուղային գծերի ուրվագծի, կառուցման (վերակառուցման) և հողահատկացման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման գործընթացները.

2) կառուցման գործընթացը ներառում է երկաթուղային գծերի կառուցման (վերակառուցման), ժամանակավոր շահագործման, շահագործման ընդունման փաստագրման և մշտական շահագործման գործարկման գործընթացները:

3. Երկաթուղային գծերի նախագծման և կառուցման (վերակառուցման) գործընթացի իրականացման հիմք են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:

4. Երկաթուղային գծերի նախագծման և կառուցման (վերակառուցման) պատվիրատու են երկաթուղային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված այլ մարմին, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սեփականատերը կամ կառավարիչը:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կամ դրա միջոցների ներգրավմամբ իրականացվող երկաթուղային գծերի նախագծման և կառուցման (վերակառուցման) համար, պատվիրատուն նախագծողին և կառուցողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ այլ դեպքերում` պայմանագրային հիմունքներով:

6. Երկաթուղային գծերը նախագծում և կառուցում (վերակառուցում) են քաղաքաշինության բնագավառի համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը` գործող իրավական ակտերին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, ներկայացված առաջադրանքներին և տեխնիկական պայմաններին համապատասխան:

7. Երկաթուղային գծերի կառուցման (վերակառուցման) համար հողամասերի հատկացման նախագծերը կազմվում են երկաթուղային գծերի կառուցման նախագծերի հետ ընդհանուր համալիրում` կատարելով այդ նպատակների համար անհրաժեշտ հետազննական աշխատանքներ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող` օտարվող անշարժ գույքի դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 8. Հողամասերի հատկացման նախագծերը կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված երկաթուղային գծերի կառուցման համար հողամասերի հատկացման շինարարական նորմաների պահանջներին համապատասխան:

9. Նախագծային փաստաթղթերը մշակվում են երկու փուլով:

10. Առաջին փուլում ուսումնասիրվում և կատարվում է հնարավոր այլընտրանքային տարբերակների համեմատական վերլուծություն և արդյունքում հիմնավորվում ու առաջարկվում է առավել արդյունավետ տարբերակի ուրվագծի նախագիծ:

11. Երկաթուղային գծերի վերակառուցման առանձին դեպքերում, երբ գոյություն ունեցող երկաթուղային գծի ուրվագծի փոփոխություն չի նախատեսվում, պատվիրատուի և նախագծողի փոխհամաձայնությամբ, ուրվագծի նախագիծ կարող է չմշակվել:

12. Պատվիրատուն ուրվագծի նախագիծ կազմելու նպատակով նախագծողի հետ կնքում է պայմանագիր և նրան հանձնում երկաթուղային գծերի ուրվագծի նախագծման աշխատանքների առաջադրանքը (այսուհետ` ուրվագծի նախագծման առաջադրանք):

13. Ուրվագծի նախագծման առաջադրանքը պետք է ներառի դրա նախագծման համար իրավական ակտերով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով հիմնավորված, անհրաժեշտ ելակետային տվյալները և պատվիրատուի առաջարկությունները:

14. Նախագծողն ուրվագծի նախագիծը մշակում է պատվիրատուի կողմից տրված ելակետային տվյալների և առաջարկությունների հիման վրա:

15. Երկաթուղային գծերի նախագծման և կառուցման (վերակառուցման) (այսուհետ` կառուցում) հետ կապված համաձայնեցման գործընթացները բոլոր շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է պատվիրատուն:

16. Ուրվագծի նախագծողը պատվիրատուի կողմից տրված ուրվագծի նախագծման առաջադրանքի հիման վրա իրականացնում է անհրաժեշտ հետազննական աշխատանքներ, կազմում ուրվագծի նախագիծ և ներկայացնում պատվիրատուին:

17. Պատվիրատուն ուրվագծի նախագիծն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում ուրվագծի նախագիծը ներկայացնում է սույն կարգի 19-րդ կետում նշված շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման, որոնք 30 օրվա ընթացքում պատվիրատուին են ներկայացնում իրենց կարծիքները (առաջարկությունները, առարկությունները) և տեխնիկական պայմանները:

18. Շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքները (առաջարկություններն ու առարկությունները) և տեխնիկական պայմանները հաշվի են առնվում նախագծային փաստաթղթերի մշակման երկրորդ փուլում:

19. Երկաթուղային գծերի նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ինչպես նաև ուրվագծի նախագծերում ընդգրկված տարածքների համապատասխան մարզպետների և համայնքների ղեկավարների հետ (այսուհետ` շահագրգիռ մարմիններ), առանձին դեպքերում, կախված նախագծի առանձնահատկություններից, նաև այլ շահագրգիռ մարմինների հետ:

20. Եթե Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը չի հանդիսանում որպես պատվիրատու, ապա երկաթուղային գծերի նախագծերը բոլոր դեպքերում պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշված նախարարության ներկայացուցիչը պետք է ընդգրկվի սույն կարգով նախատեսված բոլոր հանձնաժողովների կազմերում:

21. Նախագծային փաստաթղթերի հաստատվող փուլ է երկրորդ փուլը:

22. Պատվիրատուն ուրվագծի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների կարծիքները և տեխնիկական պայմաններն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում կազմում է առաջադրանք, որը պետք է ներառի նախագծման առաջին փուլում ընդգրկված բոլոր փաստաթղթերը և շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված տեխնիկական պայմանները:

23. Պատվիրատուն առաջադրանքը ներկայացնում է շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման:

24. Երկաթուղային գծերի կառուցման ամբողջ համալիրը, անկախ ուրվագծի նախագծում ընդգրկված մարզերի, համայնքների և այլ սեփականատերերի թվից, պետք է ունենա մեկ առաջադրանք` ըստ ուրվագծի նախագծում ընդգրկված մարզերի և համայնքների տարածքների:

25. Շահագրգիռ մարմիններն առաջադրանքն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում պատվիրատուին են ներկայացնում` յուրաքանչյուրն իր մասով համաձայնեցված առաջադրանքը:

26. Շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված առաջադրանքը հիմք է երկաթուղային գծերի կառուցման, հողամասերի հատկացման նախագծերի մշակման համար:

27. Երկաթուղային գծերի կառուցման նախագծի մշակման համար պատվիրատուն նախագծողի հետ կնքում է պայմանագիր, նրան է հանձնում երկաթուղային գծերի կառուցման առաջադրանքը: Նախագծման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը սահմանվում են նախագծողի և պատվիրատուի կողմից կնքված պայմանագրով:

28. Նախագծողը պատվիրատուի հետ կնքված նախագծի մշակման մասին պայմանագրում նշված ժամկետում կազմում է երկաթուղային գծերի կառուցման նախագիծ և տրամադրում պատվիրատուին:

29. Պատվիրատուն երկաթուղային գծերի կառուցման նախագիծն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում այն ներկայացնում է սույն կարգի 19-րդ կետում նշված շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման, որոնք 15 օրվա ընթացքում պատվիրատուին են ներկայացնում նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները:

30. Պատվիրատուն, ստանալով շահագրգիռ մարմինների կարծիքները, դրանք ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված կարգով ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության, և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

31. Պատվիրատուն փորձաքննությունների դրական եզրակացությունները և երկաթուղային գծերի կառուցման նախագծային փաստաթղթերը` նախագիծը, համաձայնեցման մասին դիմումի հետ միասին ներկայացնում է նախագծում ընդգրկված տարածքների համապատասխան մարզպետներին և համայնքների ղեկավարներին:

32. Նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինները (մարզպետները և համայնքների ղեկավարները) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով իրազեկում են հասարակությանը: Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար ժամկետը հաշվարկվում է դրանք կրկին ներկայացնելու օրվանից 5-օրյա ժամկետում:

33. Համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:

34. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

35. Շինարարության թույլտվություն ստանալուց հետո պատվիրատուն կապալառու կազմակերպության հետ կնքում է պայմանագիր և նրան հանձնում շինարարության թույլտվությունը, հաստատված նախագծային փաստաթղթերը և շինարարության իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

36. Շինարարության բաղկացուցիչ մաս է կառուցված երկաթուղային գծերի ժամանակավոր շահագործումը, որի ընթացքում պետք է իրականացվի երկաթուղային գծի փորձավորումը` կառուցման նախագծով նախատեսված ծավալով: Երկաթուղային գծերի կամ դրանց առանձին տեղամասերի ժամանակավոր շահագործումը պետք է ապահովի կառուցման առաջադրանքով, նորմատիվատեխնիկական և այլ փաստաթղթերով նախատեսված պահանջները:

37. Պատվիրատուի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված երկաթուղային գծերի առանձին հատվածներ (այսուհետ` տեղամաս) կարող են շահագործման ընդունվել ըստ դրանց շինարարության ավարտի:

38. Տեղամասի ժամանակավոր շահագործումն ապահովող աշխատանքների, կառուցվածքների համալիրը որոշվում է կառուցման նախագծով և կարող է դիտվել որպես գործարկման համալիր` այն դեպքում, եթե այն նախատեսված է նախագծանախահաշվային փաստաթղթերով:

39. Երկաթուղային գծերի տեխնիկական պատրաստությունը ժամանակավոր շահագործման հանձնման համար սահմանվում է կապալառուի և պատվիրատուի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

40. Երկաթուղային գծերի ժամանակավոր շահագործման ընթացքում կառուցվածքների վիճակի և հիմնատակերի գրունտների ջերմաստիճանային ռեժիմի դիտարկումների համար օգտագործվող սարքավորումները փոխանցվում են երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքի կառավարչին կամ սեփականատիրոջը` երկաթուղային գծերի մշտական շահագործման հանձնելու հետ միաժամանակ:

41. Շինարարական կապալի պայմանագրով նախատեսված երկաթուղային գծերի կառուցման աշխատանքների արդյունքն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից (այսուհետ` ընդունող հանձնաժողով), եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև երկաթուղային գծերը և դրանց շահագործման ու գործունեության հուսալիությունն ապահովող ենթակառուցվածքները շահագործող կազմակերպությունների եզրակացություններով: Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողության և պայմանագրով նախատեսված դեպքերում հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

42. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են սույն կարգի 19-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինները, այդ թվում` մարզպետարանների ներկայացուցիչները, ինչպես նաև պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողություն, պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան ստորաբաժանման, երկաթուղագծերը շահագործող կազմակերպությունների, համայնքների և Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենքին համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

43. Եթե երկաթուղային գծերը նախագծվել և կառուցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

44. Եթե երկաթուղային գծերի կառուցումը նախատեսված է միայն երկաթուղային կայարանների տարածքներում, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ միջոցների հաշվին, ապա երկաթուղային գծերի նախագծերը համաձայնեցնող շահագրգիռ մարմինների ցանկը և երկաթուղային գծերը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմը սահմանվում են պատվիրատուի և կապալառուի կողմից:

45. Պատվիրատուն, մինչև կապալառուի կողմից համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտելու մասին ծանուցում ստանալը, դիմում է համապատասխան շահագրգիռ մարմիններին` ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար իրենց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ: Պատվիրատուն, ստանալով համապատասխան ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկությունը, 5-օրյա ժամկետում մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

46. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

47. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Այս դեպքում շինարարական կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն ընդունվում, կազմվում է թերությունների մասին արձանագրություն, և սահմանվում է ժամկետ` թերությունների վերացման համար:

48. Սույն կարգի 47-րդ կետով նախատեսված դեպքում` ընդունող հանձնաժողովը երկաթուղային գծերը շահագործման է ընդունում թերությունների վերացման մասին ծանուցում ստանալու օրվանից 7 օրվա ընթացքում:

49. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը մշտական շահագործման համար գործարկվում են լիազոր մարմնի համաձայնությամբ` ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ առաջարկի հիման վրա:

50. Երկաթուղային գծերի կամ տեղամասերի մշտական շահագործման հանձնման-ընդունման հիմք է ընդունող հանձնաժողովի հանձնման-ընդունման ակտը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան