Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 357-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.22
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2009 թ.

թիվ 357-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 12-ի 1-ին կետը «կարգավորման ընթացակարգերը» բառերից հետո լրացնել «արտարժույթի դիլերային-բրոքերային գործառնություններ իրականացնող անձանց աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշները և նրանց քննելու կարգը» բառերով:

2) Կանոնակարգ 12-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետից և 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «նորվեգական կրոն» բառերը:

3) Կանոնակարգ 12-ի 5-րդ կետը լրացնել նոր 10-րդ և 11-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«10) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

11) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի լիցենզիան:»:

4) Կանոնակարգ 12-ի 6-րդ կետը լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«7) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

8) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլեր-բրոքերի մասնաճյուղի լիցենզիան։»։

5) Կանոնակարգ 12-ը լրացնել նոր 6.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Արժութային դիլեր-բրոքերը կամ նրա մասնաճյուղն իրավունք չունեն գործունեություն ծավալել այն տարածքներում, որոնցում գործում են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ):»:

6) Կանոնակարգ 12-ը լրացնել նոր 6.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.2. Արժութային դիլեր-բրոքերի մասնակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

Սույն կանոնակարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանց կապվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին:»:

7) Կանոնակարգ 12-ը լրացնել նոր 6.3 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.3. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:»:

8) Կանոնակարգ 12-ի 7-րդ կետը լրացնել նոր 4-րդ և 5-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության), կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

5) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխման թույլտվությունը:»:

9) Կանոնակարգ 12-ի 8-րդ կետը «կնքված լինեն» բառերից հետո լրացնել «(կնիքի առկայության դեպքում)» բառերով:

10) Կանոնակարգ 12-ի 9-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Արժութային դիլեր-բրոքերի լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, ընդ որում, անհրաժեշտ փաստերը պարզաբանելուց հետո հայտի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:»։

11) Կանոնակարգ 12-ը լրացնել 10.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Սույն կանոնակարգի 10-րդ կետի առաջին ենթակետի հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է ներկայացված փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող ներկայացված բոլոր փաստաթղթերը: Եթե հայտը քննելու ընթացքում հայտում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում լիցենզիա ստանալու հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»:

12) Կանոնակարգ 12-ի 3-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ` որակավորման վկայական), որը ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին.

1) Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

2) Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերների նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերներին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն,

3) արժութային դիլեր-բրոքերների կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

14. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի որակավորման վկայական ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեստավորման ծառայության (այսուհետ` տեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ կազմակերպության կողմից:

15. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության տեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

16. Գրավոր քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` տեստային եղանակով: Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

17. Տեստը պարունակում է 30 հարց: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե: Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

18. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է.

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է համապատասխան որակավորման վկայական:

19. Քննության բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են դիմել մասնակցելու քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

20. Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները քննությանը մասնակցելու համար կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:

1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:

2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար:

Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն ենթակետում նշված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:

3) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում տեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:

4) Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

21. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած տեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

22. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

23. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն հավելված 12-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների մասին:

23.1. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված մասնակիցներին թղթային ձևով (համաձայն հավելված 8-ի)՝ քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

23.2. Որակավորման վկայականը տրվում է դրա ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով:

23.3. Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:»:

13) Կանոնակարգ 12-ի Հավելված 7-ն ուժը կորցրած ճանաչել:

14) Կանոնակարգ 12-ի Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:

15) Կանոնակարգ 12-ը լրացնել նոր հավելված 12-ով` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. դեկտեմբերի 10

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 357-Ն որոշմամբ

 

Հավելված 8

 

«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի

գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական

որակավորման սույն վկայականը տրամադրվում է

 

----------------------------------------------------------------- -ին

(անունը, ազգանունը)

 

--------------------------------------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» _____________20 թ.:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` ______________

 

«___» _____________20 թ.:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 357-Ն որոշմամբ

 

Հավելված 12

 

«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի

գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անունը, ազգանունը

 

Բողոքարկողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

Քննության անցկացման օրը, ամիսը, տարեթիվը

 

Որակավորման տեսակը

 

Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը։

 

 

Դիմող՝                                                «___» _____________20 թ.: