Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2009-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.286
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605328

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան
N 40-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (Հավելված 1)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 22-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 9/8-Ն որոշումը:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 40-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ընտրությունները, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրաքվեներ (այսուհետ՝ ընտրություններ) կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:

 2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով՝ օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:

3. Հանձնաժողովն Օրենսգրքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, թեկնածուների, նախաձեռնող խմբերի, ընտրողների և հանրաքվեի մասնակիցների համար:

4. Հանձնաժողովի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն և (կամ) մամուլի հաղորդագրություն տալիս է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամը կամ մամուլի քարտուղարը:

6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է՝ ՀՀ ԿԸՀ:

7. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան-375009, Գ. Քոչարի 21ա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Հանձնաժողովի կազմավորումը

 

9. Հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ վաթսուներորդ օրը:

10. Հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

11. Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև Հանձնաժողովի կազմավորման վերջին օրը Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվում, ապա նրանց` մինչև սահմանված նվազագույն քանակը լրանալը, նշանակում է Հանրապետության Նախագահը` դատական ծառայողների կազմից:

(11-րդ կետը փոփ. 01.02.07 N 2-Ն)

12. Հանձնաժողովի անդամներն աշխատում են մշտական հիմունքներով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված կարգով նշանակված դատական ծառայողների, որոնք գործում են հասարակական հիմունքներով:

(12-րդ կետը խմբ. 01.02.07 N 2-Ն)

13. Մշտական հիմունքներով աշխատող հանձնաժողովի անդամն իրավունք չունի կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

14. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ Օրենսգրքով և (կամ) համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների մասին Հանձնաժողովի կողմից ընդունված ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

15. Հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

16. Հանձնաժողովի անդամն ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև զորակոչից, կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Հանձնաժողովի համաձայնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եվ Հանձնաժողովի քարտուղարը

 

17. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարը ընտրվում են Հանձնաժողովի առաջին նիստում, հանձնաժողովի անդամների կազմից՝ Օրենսգրքով սահմանված կարգով:

18. Հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամն ինքը կարող է առաջադրել իր թեկնածությունը:

19. Նիստը վարողը գրանցում է Հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների անուն-ազգանունները։ Ինքնաբացարկի դեպքում այն ընդունվում է առանց քվեարկության:

20. Հանձնաժողովի նախագահի թեկնածուները պատասխանում են Հանձնաժողովի անդամների հարցերին, կարող են ելույթ ունենալ:

21. Հանձնաժողովի նախագահի ընտրությունը կարող է անցկացվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

22. Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ կամ ձեռնպահ:

(22-րդ կետը փոփ. 01.02.07 N 2-Ն)

23. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

24. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի անդամներից ընտրված հաշվիչ հանձնաժողովը: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մինչև մեկ ժամ տևողությամբ ընդմիջում:

25. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից: Քվեաթերթիկում այբբենական հերթականությամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններ:

26. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն տողի ներքևում գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում (սենյակում), նշում կատարելով այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:

27. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում Հանձնաժողովի անդամը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:

28. Քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները: Նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքների հիման վրա Հանձնաժողովն ընդունում է որոշում Հանձնաժողովի նախագահ ընտրվելու մասին:

29. Հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հանձնաժողովի անդամներից:

30. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Հանձնաժողովի նախագահը

 

31. Հանձնաժողովի նախագահը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) սահմանում է Հանձնաժողովի հերթական նիստերի ժամանակացույցը.

գ) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

դ) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

ե) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

զ) ելույթների համար՝ ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

է) զգուշացումներ է անում կանոնակարգը խախտողներին.

ը) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

թ) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.

ժ) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդունում է անհատական որոշումներ կամ կարգադրություններ.

ժբ) հրապարակում է Օրենսգրքի կիրառման վերաբերյալ հրահանգներ.

ժգ) վերահսկում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը.

ժդ) անցկացնում է խորհրդակցություններ, որոնք արձանագրվում են.

ժե) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.

ժզ) լուծում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովող այլ հարցեր.

ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ Աշխատակազմ) ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ժը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Աշխատակազմի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և ազատում Աշխատակազմի ղեկավարին, Աշխատակազմի ղեկավարի տեղակալին, Հանձնաժողովի նախագահի օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին.

ի) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմիններում, ատյաններում և իրավահարաբերություններում.

իա) («իա» ենթակետն ուժը կորցրել է 01.02.07 N 2-Ն)

իբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

(31-րդ կետը փոփ. 01.02.07 N 2-Ն)

32. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել իր դիմումի համաձայն, որը նրա կողմից ներկայացվում է հանձնաժողովի նիստին: Այն ընդունվում է ի գիտություն:

33. Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու Օրենսգրքով նախատեսված դեպքերում, ապա Հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ՝ Հանձնաժողովի նախագահի ընտրության համար։

34. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ:

35. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է Հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը

 

36. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.

բ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

գ) ապահովում է ընտրությունների վերաբերյալ ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:

37. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

38. Հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվում է Հանձնաժողովի նախագահի համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

Հանձնաժողովի քարտուղարը

 

39. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը.

բ) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի օրակարգը.

գ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստերի օրակարգի հարցերի մասին` նիստից առնվազն մեկ օր առաջ.

դ) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը.

ե) անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

զ) վերահսկում է Հանձնաժողովի նիստերը սպասարկող աշխատակազմի աշխատանքը.

է) վերահսկում է Հանձնաժողովի նիստերի սղագրությունը.

ը) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

թ) ապահովում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

ժ) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելիության.

ժա) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

40. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

41. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

42. Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում է Հանձնաժողովի նախագահի համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Հանձնաժողովի անդամները

 

43. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

ա) նախապես ծանոթանալ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

բ) ելույթ ունենալ Հանձնաժողովի նիստում.

գ) Հանձնաժողովի նիստում ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ կապակցությամբ անցկացվի քվեարկություն.

դ) Հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալ հարցեր, ստանալ պատասխաններ.

ե) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում.

զ) ներգրավվել Հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերում.

է) ծանոթանալ ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին, նամակներին և մյուս փաստաթղթերին.

ը) ծանոթանալ ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատանքներին.

թ) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

ժ) հրավիրել մասնագետներ, ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ` Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի նախապատրաստմանն աջակցելու նպատակով.

ժա) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն.

ժբ) օգնել ստորադաս ընտրական հանձնաժողովներին, ընտրական հանձնաժողովների անդամներին և ընտրությունների մյուս մասնակիցներին՝ իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություններով:

44. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

ա) կատարել Հանձնաժողովի նախագահի՝ իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները.

բ) մասնակցել Հանձնաժողովի նիստերին.

գ) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը

դ) իր գործունեության ընթացքում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտականություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Հանձնաժողովի նիստերը

 

45. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են Հանձնաժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

(45-րդ կետը լրաց. 01.02.07 N 2-Ն)

46. Հանձնաժողովի առաջին նիստի օրը նախորդ Հանձնաժողովի լիազորությունները դադարում են:

47. Առաջին նիստը սկսվում է Հանձնաժողովի կազմավորման օրը՝ ժամը 1200-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 2400-ն:

48. Առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

(48-րդ կետը խմբ. 01.02.07 N 2-Ն)

49. Հանձնաժողովի հերթական նիստն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված Հանձնաժողովի նիստերի ժամանակացույցին համապատասխան` նիստի օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

50. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքի նիստերի դահլիճում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգելը, Հանձնաժողովի նախագահը ստանալով հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությունը, նիստն անցկացնում է այլ վայրում:

51. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ նախագահի տեղակալը:

52. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի նիստերի գործավարության մատյանում, որտեղ յուրաքանչյուրն իր ազգանվան դիմաց ստորագրում է:

53. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է:

54. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է՝

ա) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,

բ) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում և օրակարգով:

55. Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին Հանձնաժողովի նախագահը տեղյակ է պահում Հանձնաժողովի անդամներին՝ ոչ ուշ, քան նիստից 2 ժամ առաջ:

56. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

57. Հանձնաժողովի նիստերին մասնակցում են Հանձնաժողովի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, կարող են մասնակցել նաև Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները:

58. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել՝

ա) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

բ) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.

գ) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները.

դ) Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով).

ե) Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչները` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով).

զ) Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, իսկ գրանցումից հետո` գրանցված թեկնածուն կամ նրա վստահված անձը՝ իր բողոքի քննարկման ժամանակ.

է) Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով):

(58-րդ կետը խմբ. 23.04.07 N 90-Ն, լրաց. 18.02.09 N 7-Ն)

59. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը՝ միայն նիստը վարողի թույլտվությամբ:

60. Հանձնաժողովի նիստը սկսվում է Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված որոշման նախագծերի հիման վրա կազմված օրակարգի հաստատումով: Նիստը վարողը ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ:

61. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն:

62. Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության։

63. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

64. Նիստերի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

65. Հերթական նիստի օրակարգում առաջարկություններն ընդգրկելու համար դրանք որոշման նախագծերի տեսքով Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվում են Հանձնաժողովի քարտուղարին՝ ոչ ուշ, քան նիստից երկու օր առաջ:

66. Հրատապ հարցերը ընդգրկվում են Հանձնաժողովի նիստի օրակարգ Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, ոչ ուշ քան նիստի սկսվելուց երկու ժամ առաջ: Հրատապ հարցերը կարող են ընդգրկվել օրակարգ նաև Հանձնաժողովի որոշմամբ՝ նիստի սկզբում:

67. Որոշման նախագծերին կարող են կցվել իրավական ակտի ընդունման հիմքերը, նախագծի ընդունման կապակցությամբ Հանձնաժողովի այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանք:

68. Որոշման նախագծերը Հանձնաժողովի նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են Աշխատակազմի իրավաբանական և ծրագրամեթոդական վարչություն՝ իրավաբանական եզրակացություն: Որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստված չլինելու դեպքում Աշխատակազմի իրավաբանական և ծրագրամեթոդական վարչությունը նախագծին կցում է իր առարկությունները ներկայացվող հարցի վերաբերյալ:

(68-րդ կետը փոփ. 18.02.09 N 7-Ն)

69. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերն ու անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամները ստանում են Հանձնաժողովի նիստերի դահլիճում՝ նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:

70. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց բաժանվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալ նաև ներկայացվող որոշումների նախագծերին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

Հանձնաժողովի նիստում հարցեր քննարկելու եվ որոշումներ ընդունելու կարգը

 

71. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ, Օրենսգրքով սահմանված կարգով:

72. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը սկսվում է որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցումով։ Զեկուցման կապակցությամբ Հանձնաժողովի անդամները կարող են՝

ա) տալ հարցեր զեկուցողին.

բ) ելույթ ունենալ՝ մինչև 5 րոպե.

գ) ներկայացնել առաջարկություններ։

73. Քննարկվող հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք՝ մինչև 7 րոպե:

74. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:

75. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները: Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները: Անհրաժեշտության դեպքում քվեարկությունը հետաձգում է՝ որոշման նախագիծը նոր տեսքով քվեարկության ներկայացնելու համար:

76. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, իսկ նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

77. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ կամ ձեռնպահ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

78. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:

(78-րդ կետը լրաց. 01.02.07 N 2-Ն)

79. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թվից:

Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերում որոշումներ ընդունելու վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:

Հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությամբ հանձնաժողովը կարող է ընդունել անհատական որոշումներ նաև հարցման եղանակով:

(79-րդ կետը լրաց. 01.02.07 N 2-Ն, 20.10.09 N 89-Ն)

80. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

81. Քվեարկության արդյունքները գրառվում են նիստի արձանագրությունում:

82. Օրակարգը սպառելուց հետո Հանձնաժողովի նիստն ավարտվում է:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 07.02.07 N 2-Ն, խմբ. 23.04.07 N 90-Ն, լրաց., փոփ. 18.02.09 N 7-Ն, լրաց. 20.10.09 N 89-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 40-Ն
20.10.2009, N 89-Ն 26.11.2009, N 40-Ն
18.02.2009, N 7-Ն 09.03.2009, N 40-Ն
23.04.2007, N 90-Ն 25.05.2007, N 40-Ն
01.02.2007, N 2-Ն 11.03.2007, N 40-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան