ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1250-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բիզնես գործընթացների վերակազմակերպման գծով տեխնիկական առաջադրանքին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բիզնես գործընթացների վերակազմակերպման գծով տեխնիկական առաջադրանքը` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1250-Ա որոշման |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ
Հենք
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացնում էր տնտեսական և կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակները շուկայական տնտեսության հիմունքները ձևավորելն էր և միջազգայնորեն համադրելի պրակտիկա ներդնելը: 1990-ականների սկզբին տեղի ունեցած զանգվածային մասնավորեցմանը հաջորդիվ (որի արդյունքում ազգային եկամտի գրեթե 80 տոկոսը գոյացնում է մասնավոր հատվածը) պետական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դարձավ ֆիսկալային մարմինների արհեստավարժ, կանխատեսելի և թափանցիկ գործողությունների միջոցով երկրում նպաստավոր գործարար միջավայր ապահովելու խնդիրը: Համաշխարհային բանկի կողմից 1990-ականների վերջին և 2000 թվականի սկզբին աջակցություն ստացած առաջին սերնդի բարեփոխումները հիմնականում կենտրոնանում էին անհրաժեշտ օրենսդրական շրջանակի ձևավորման վրա` ներդնելով հարկային ու մաքսային մարմինների հիմնական ինստիտուցիոնալ տարրեր և փորձելով ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխատեսելի կատարման համար ֆինանսական միջոցների թափանցիկ հոսք: Երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնք սկսվեցին 2000-ականների կեսերին, խթանեցին հարկ վճարողի և հարկային տեսուչների (մաքսային ծառայողների) միջև անմիջական շփումները կրճատելու սկզբունքը: Այս բարեփոխման կարևոր մաս էր ինստիտուցիոնալ վերակազմակերպումը` նախկին հարկային ծառայության և մաքսային կոմիտեի միավորման միջոցով, որի արդյուքնում ստեղծվեց մեկ ֆիսկալային մարմին` պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Ինստիտուցիոնալ այս փոփոխությունը նպատակ ուներ ինտեգրել հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող «առանձին» գործառույթները` դրանց միջև տվյալների փոխանակումը բարելավելու և հիմնական գործառույթները կանոնակարգելով` կառավարման հարցում ավելի բարձր արդյունավետության հասնելու համար: ՊԵԿ-ը վերջերս կրճատել է տարածքային տեսչությունների քանակը 49-ից մինչև 39, բացի դրանից` պլանավորվում է հետագա օպտիմալացում: Կենտրոնական մարմնի կառուցվածքն ու գործառույթները վերանայվել են արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մեկ այլ կարևոր քայլ է եղել կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխումների հաստատումը: Ի թիվս այլ բաների, այս բարեփոխումները պահանջելու են ՊԵԿ-ից մշակել այն հարկ վճարողների անհատականացված հաշիվները, որոնցից ՊԵԿ-ը ստանում է սոցիալական վճարներ:
Ընթացիկ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանին հարկ է հասցեագրել երկու կարևոր խնդիր` փակել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների գծով անմիջական բացը և միջնաժամկետից երկարաժամկետ կտրվածքով ապահովել տնտեսության վերադարձն աճման ուղի: Սրանք նաև երկու հենասյուներ են, որոնց հիման վրա Համաշխարհային բանկը մշակել է զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)` քաղաքականության վրա հիմնված վարկային գործառնություն, որն աջակցում է 2009-2011թթ. միջնաժամկետ ժամանակահատվածում կառավարության ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների ջանքերին: Այս աշխատանքին հաջորդիվ կառավարությունը համաձայնել է բյուջեում միջոցներ առանձնացնել բիզնես գործընթացի վերակազմակերպման համար, հետամուտ լինել համակարգչային ծրագրի մշակման աշխատանքներին, ինչպես նաև համակարգչային ու այլ սարքավորումների ձեռքբերմանը:
ՏԱ-ի նպատակը և աշխատանքի շրջանակը
ԶՔԳ-ի շրջանակներում ՊԵԿ-ը իրականացնելու է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են. (i) ինստիտուցիոնալ զարգացմանը, (ii) կառուցվածքային փոփոխությանը, (iii) բիզնես գործընթացի վերակազմակերպմանը, (iv) տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիայի արդիականացմանը: Մշակվում են նաև արդիականացման ծրագրի մանրամասները և եկամուտների գործառույթների ինտեգրումը: ՊԵԿ-ը ստեղծել է մասնագիտացված 18 աշխատանքային խումբ (ԱԽ)` հարկային վարչարարության տարբեր գործընթացների ու միջոցառումների ուղղություններով: Այս ԱԽ-երը մշակելու են կոնկրետ գործընթացի ավտոմատացման տեխնիկական առաջադրանքները: Մշակվել է Էլեկտրոնային կառավարման համակարգի (ԷԿՀ) հայեցակարգ:
Խորհրդատվական ընկերությունը կենտրոնանալու է հարկային մարմնում բիզնես գործընթացների և ընթացակարգերի վերանայման ու վերակազմակերպման վրա` նպատակ ունենալով այն արդիականացնել ինտեգրված ՊԵԿ-ի կազմում: Հիմնվելով աշխատանքային խմբերի կողմից կատարվող աշխատանքի վրա` խորհրդատուն կենտրոնանալու է հարկային մարմնում բիզնես գործընթացների և ընթացակարգերի վերանայման ու վերակազմակերպման վրա:
Դիտարկման են ենթակա հետևյալ հիմնական գործընթացները`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացում (հայտարարագիր չներկայացնող).
2) հարկ վճարողների (իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների և անհատների) հաշվառում հարկային մարմնում.
3) հարկ վճարողների գործերի և անձնական հաշվի քարտերի կառավարում.
4) բոլոր հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների և այլ փաստաթղթերի ներկայացում, դրանց ընդունում և էլեկտրոնային մշակում.
5) հարկային մուտքերի հավաքագրում (հաշվառում, գրանցում և դասակարգում).
6) տվյալների մշակում և կառավարում, տվյալների բազայի կառավարում և զարգացում.
7) ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների համար ընտրության համակարգի վերանայում (բարելավում).
8) երրորդ անձանցից տեղեկատվական հոսքերի ստացում տարբեր գործակալություններից և այլ աղբյուրներից ու այդ հոսքերի մշակում.
9) կամերալ ուսումնասիրությունների և խաչաձև ստուգումների իրականացում (տեղեկությունների համապատասխանություն)` հարկային մարմնում առկա փաստաթղթերի հիման վրա.
10) հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունների ստուգում, ուսումնասիրում և վերագնահատում .
11) հարկային գերավճարների, այդ թվում` ԱԱՀ-ի վերադարձ և հաշվանցում.
12) հարկային պարտավորությունների հավաքագրում (այդ թվում` հարկադիր գանձում).
13) բողոքարկման գործընթացներ.
14) հարկ վճարողների սպասարկում.
15) ներքին հսկողության և վերահսկողության գործընթացներ (ներքին աուդիտի գործընթացների) ուսումնասիրում:
Սա ներառելու է խոշոր հարկատուներին սպասարկող բաժինների համար գործընթացների մշակումը և զարգացումը, միջին և փոքր հարկատուների համար բիզնես գործընթացների վերակազմակերպումը, բիզնես գործընթացները համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, այդ թվում` ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգի և հարկային խարդախությունների բացահայտման ու հետաքննության ժամանակակից մեթոդների կիրառումը:
Խորհրդատվական ընկերությունն աշխատելու է ՊԵԿ-ի աշխատանքային խմբերի հետ` ՊԵԿ-ը ժամանակակից, ինտեգրված հարկային ծառայության վերածելու համար անհրաժեշտ բիզնես գործընթացների մանրամասն նախագիծ մշակելու և օգնելու է իրականացման ծրագիր կազմելու գործում:
Խորհրդատվական ընկերությունը կօժանդակի նաև կառավարության համար բիզնես գործընթացների վերակազմակերպման քաղաքականության փաստաթուղթ մշակելու հարցում: Խորհրդատուները խորհրդատվություն կտրամադրեն ռազմավարության վերաբերյալ` այս կարևոր փոփոխության իրականացման ու կառավարման արդյունավետությունն ու ներգործությունն ապահովելու համար: Խորհրդատվական ընկերությունը կհիմնվի իրենց բիզնես գործընթացները հաջողությամբ արդիականացրած և աշխատանքային միջնաժամկետ հեռանկար մշակած առաջադեմ հարկային այլ համակարգերի` իր ունեցած փորձի, ինչպես նաև իրականացվելիք և կանխելիք քայլերի վերաբերյալ քաղած դասերի վրա:
Խորհրդատվական ընկերությունից կարող է պահանջվել շնորհանդեսներ կազմակերպել կառավարության առանցքային շահագրգիռ կողմերի համար` եկամուտների կոմիտեում բիզնես գործընթացների վերակազմակերպման զանազան հարցերի վերաբերյալ` ներառելով համաշխարհային փորձից քաղած դասերը: Յուրաքանչյուր այցի ավարտին խորհրդատուները պատրաստելու են հաշվետվություն, որը պարունակելու է առաջարկություններ:
Առաջադրանք/ակնկալվող արդյունքներ
Առաջադրանքը պահանջում է մոտավորապես 400 մարդ/օր` 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2010թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, և խորհրդատուներից պահանջվում է աշխատել Հայաստանում: Ընկերությունը կարող է ներկայացնել առաջադրանքի տարբեր ենթաբաղադրիչներով պահանջվող աշխատանքների ավելի մանրամասն մոտարկում:
Ակնկալվող արդյունքները ներառում են հետևյալը`
ա) աշխատանքն սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել նախնական հաշվետվություն, որտեղ նախանշվում է աշխատանքային ծրագիրը.
բ) աշխատանքն սկսելուն հաջորդող երեք ամսվա ընթացքում ներկայացնել միջանկյալ հաշվետվություն, որը պարունակում է`
(i) յուրաքանչյուր գործընթացի ընթացիկ վիճակի ուսումնասիրությունը,
(ii) բիզնես գործընթացի վերակազմակերպման նախագիծը, այդ թվում` ավտոմատացման և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ,
(iii) բիզնես գործընթացի վերակազմակերպումից ակնկալվող արդյունքը,
(iv) ակնկալվող արդյունքին հասնելու համար պետք է մշակվի գործողությունների ծրագիր, որը ներառում է յուրաքանչյուր գործընթացի իրականացման արժեքը,
(v) իրականացման ժամկետներն ու հաջորդականությունը,
(vi) ամբողջ վերակազմակերպված բիզնես գործընթացի իրականացման ընդհանուր ծախսային նախահաշիվներ` ներառյալ համակարգչային ծրագրի մշակման, պահանջվող համակարգչային տեխնիկայի և սարքավորումների արժեքը,
(vii) քննարկումներ և առաջարկություններ պատրաստի համակարգեր ձեռք բերելու կամ սեփականը մշակելու վերաբերյալ` առկա ռեսուրսների կարողությունները և յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները գնահատելուց հետո,
(viii) նոր (վերանայված) գործընթացները ներդնելու համար փոփոխության ենթակա օրենսդրական դրույթների ուսումնասիրումը.
գ) միջանկյալ հաշվետվությունը կառավարության համապատասխան նախարարություններ (պետական մարմիններ) ներկայացնելուց և դրանց հետ այն քննարկելուց հետո միջանկյալ հաշվետվության հաստատմանը հաջորդող երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել վերջնական հաշվետվություն:
Հաշվետվություն և հաղորդակցություն
Խորհրդատվական ընկերությունը հաշվետու է պետական եկամուտների կոմիտեի նախագահին կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնյայի: Խորհրդատուի կողմից ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները պետք է լինեն անգլերենով, որոնք պետք է թարգմանված լինեն հայերեն: Ծրագրի իրականացման ընթացքում խորհրդատուն պետք է ՊԵԿ-ին ներկայացնի միջանկյալ և վերջնական բոլոր արդյունքները: Փուլերի հաջորդականության առումով, նախ, ՊԵԿ-ի հետ պետք է քննարկվեն նախնական հաշվետվության բոլոր հիմնական ուղենիշերը, ինչին կհաջորդեն վերլուծությունն ու առաջարկությունները:
Խորհրդատվական ընկերության կազմը
Առաջադրանքի համար ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է ունենա թիմի ղեկավար, բիզնես գործընթացի վերակազմակերպման, համակարգչային ծրագրերի մշակման և կազմակերպական կառավարման (մարդկային) ռեսուրսների ոլորտների 2-3 միջազգային այլ փորձագետներ և 2-3 տեղական փորձագետներ, որոնք գերազանց տիրապետում են Հայաստանի իրավական և հարկային համակարգերին:
Խորհրդատվական ընկերության որակավորումները
Տեխնիկական օժանդակություն տրամադրելու համար ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է ունենա զարգացած և անցումային երկրներում հարկային վարչարարության բարեփոխումներ կառավարելու և հարկային բարեփոխումների զանազան խնդիրների, մասնավորապես, բիզնես գործընթացի վերակազմակերպման վերաբերյալ հարկային մարմիններին խորհրդատվություն տրամադրելու ապացուցված փորձ: Ընկերությունը պետք է ունենա հարկային ոլորտի արդիականացման աշխատանքների գծով միջազգային լավագույն փորձի գերազանց իմացություն:
Խորհրդատվական ընկերության թիմի անդամները պետք է ունենան հետևյալ նվազագույն որակավորումները`
1) թիմի ղեկավարը պետք է ունենա տարբեր երկրներում հարկային մարմինների բարեփոխման և արդիականացման ընթացքում բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու առնվազն տասը տարվա միջազգային փորձ և բիզնես գործընթացների գերազանց ընկալում.
2) թիմի մյուս անդամները պետք է ունենան բիզնես գործընթացի վերակազմակերպման մասնագիտացված փորձ.
3) գործառնական արդյունավետությունը խթանելու համար թիմի բոլոր անդամները պետք է ունենան պետական եկամուտների վարչարարության տարբեր կողմերի, այդ թվում` հարկային վարչարարության, կազմակերպական կառուցվածքի, բիզնես գործընթացների, կառավարման ու հսկողության համակարգերի, հարկային ծրագրերի, մարդկային ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման լավ իմացություն.
4) թիմի բոլոր անդամները պետք է ունենան կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդյունավետ և հուսալի հաղորդակցվելու ապացուցված ունակություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|