Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 սեպտեմբերի 2013 թվականի N 39
17. 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանության տալ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. հոկտեմբերի 1 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի N 39 արձանագրային որոշման | 
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, կրճատվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալները, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:
Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:
4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:
5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը :
6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2014 թվականի ընթացքում:
8. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը.
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութա-տեխնիկական բազայի զարգացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.
7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,
3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
12. 2014 թվականին իրականացվող միջոցառումներն են`
| N | Ծրագրի և միջոցառման անվանումը | Նպատակը և ակնկալվող արդյունքը | Հիմնախնդիրները | Ժամկետը | Ֆինանսավորման չափը /հազար դրամ/ | Ֆինանսավորման աղբյուրը | 
| 1. | «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում». ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի անցկացում | Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը | Անհատի ներդաշնակ զարգացում | 3-րդ եռամսյակ | 6960,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 2. | «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում». ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում | Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում | Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում | 2-րդ և 3-րդ եռամսյակ | 155840,8 | ՀՀ պետական բյուջե | 
| 3. | «Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում». Մանկապատանեկան սպորտի մասսայականացում | Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում | Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում | 2-րդ եռամսյակ | 8000,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 4. | «Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում». Եվրախորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին անդամակցելու անդամավճար | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում | Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին | 1-ին եռամսյակ | 3767,9 | ՀՀ պետական բյուջե | 
| 5. | «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ». Պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական կազմակերպություններին` «ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ, «Հայաստանի կույրերի կոմիտե» ՀԿ, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ | Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ | Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը | Տարվա ընթացքում | 9000,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 6. | «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում». Մարզաձևերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին | ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում | Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը | Տարվա ընթացքում | 929967,2 | ՀՀ պետական բյուջե | 
| 7. | «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում». Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում | Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում | Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը | Դեկտեմբեր | 50000,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 8. | «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում». ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում | Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում մարզման գործընթացի և արդյունավետության բարձրացում, որն էլ կնպաստի մրցումների ժամանակ լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերելուն | Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերի մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն | 1-ին եռամսյակ | 47990,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 9. | «Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացում». ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի 28 չեմպիոնների թոշակի հատկացման նպատակով պետական աջակցության ապահովում | ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների և աշխարհի 28 չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում | Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը | Տարվա ընթացքում | 37107,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 10. | «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում». Օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին (այդ թվում` վարկանիշային) ՀՀ հավաքական թիմերի կազմում ընդգրկված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքական թիմերի մարզիչներին յուրաքանչյուր ամիս ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում | Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում | Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը | Տարվա ընթացքում | 150000,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 11. | «Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ». ՀՀ հավաքական թիմերի անդամների գիտամեթոդական բժշկական և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում | Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում | Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար | Տարվա ընթացքում | 83673,9 | ՀՀ պետական բյուջե | 
| 12. | «Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում». Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցելու անդամավճարի մուծում | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում | Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում | 1-ին եռամսյակ | 3062,9 | ՀՀ պետական բյուջե | 
| 13. | «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում». Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում | Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիտորինգի անցկացում: Ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ | Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական պատրաստականության աճ | 3-րդ և 4-րդ եռամսյակ | 7000,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 14. | 2014 թվականի Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում. 2014 թվականի Խորվաթիայում կայանալիք խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում | Ծրագրի նպատակը հաշմանդամների կողմից ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանները բարելավելը, առողջ ապրելակերպը խրախուսելը, նրանց հանգիստը կազմակերպելն ու հասարակական կյանքին նրանց մասնակցության աստիճանը բարձրացնելն է, ինչպես նաև հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերումը, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածումը, սոցիալական վիճակի բարելավումը, խուլերի շախմատի աշխարհի պաշտոնական առաջնությանը հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց (մարզիկների) մասնակցությանը աջակցելն է | Հաշմանդամային սպորտի հետագա զարգացում և մասսայականացում, հաշմանդամերի ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստում | 1-ին եռամսյակ | 8091,2 | ՀՀ պետական բյուջե | 
| 15. | 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցության ապահովում | 2014 թվականի մարտի 7-16-ը Սոչիում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց ` մարզիկների նախապատրաստական և մասնակցության ապահովում: Հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերում, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածում, սոցիալական վիճակի բարելավում, հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում | Հաշմանդամ մարզիկների սոցիալական վիճակի բարելավում, Հասարակությանը ինտեգրում և լիարժեք անդամի զգացողության ապահովում | 1-ին եռամսյակ | 6869,0 | ՀՀ պետական բյուջե | 
| 16. | Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում. Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում | Հայաստանում մարաթոնյան վազքի զարգացման խթանում, մրցանակային տեղեր գրավելու միջոցով Հայաստանի մարզական հեղինակության բարձրացում: 15 երկրների 250-ից ավելի մարզիկների մասնակցություն, այլ պետությունների մարզիկների հետ բարեկամական կապերի ամրապնդում: Միջազգային մրցակցական փորձի ձեռքբերում, սպորտային վարպետության բարձրացում | Հեռանկարային մարզիկների բացահայտում, ՀՀ հավաքական թիմի համալրում | 3-րդ եռամսյակ | 22317,9 | ՀՀ պետական բյուջե | 
| 17. | 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում | Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը ձմեռային օլիմպիական խաղերին: Երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռքբերում: Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի հավաքական թիմերի համալրում | Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը | 1-ին եռամսյակ | 24368,9 | ՀՀ պետական բյուջե | 
| 18. | 2014 թվականի Նան Ջինգի (Չինաստան) ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում. 2014 թվականի Նան Ջինգի (Չինաստան) ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովում | Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը առաջին պատանեկան օլիմպիական խաղերին: Երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռքբերում: Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի հավաքական թիմերի համալրում: Հայաստանի հավաքական թիմի համալրում բարձրակարգ խոստումնալից մարզիկներով | Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը | 2-րդ եռամսյակ | 54103,2 | ՀՀ պետական բյուջե |