Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.08.1999
Ստորագրման ամսաթիվ
07.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, որոնք այսուհետ կանվանվեն Պայմանավորվող կողմեր,

փոխադարձ շահերից ելնելով, երկու երկրների տարածքներով կամ այդ տարածքներով տարանցմամբ իրականացվող` ուղևորների և բեռների ավտոտրանսպորտային փոխադրումները հեշտացնելու և կարգավորելու համար,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրով նախատեսված պայմանների համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի փոխադրողները պետք է իրավունք ունենան երկու երկրների միջև և մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցմամբ ուղևորների և բեռների փոխադրում իրականացնել այն Պայմանավորվող կողմի երկրում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, որտեղ փոխադրողն ունի իր գրանցված գրասենյակը:

 

I. ՈւղԵՎորների փոխադրումներ

 

1.1. Կիրառման ոլորտը

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերի տարածքներ մուտք գործելու և այնտեղ գտնվելու վերաբերյալ գործող կարգի համաձայն` սույն Համաձայնագիրը կիրառվում է երկու երկրների տարածքների միջև, ինչպես նաև տարանցմամբ ուղևորների միջազգային փոխադրումների նկատմամբ` այն ավտոտրանսպորտային միջոցներով (ավտոբուս), որոնք նախատեսված են ուղևորների փոխադրման համար և ունեն 9-ից ավել նստելատեղ` ներառյալ վարորդինը:

 

                                      1.2. Կանոնավոր փոխադրումներ երկու երկրների միջև

    Հոդված 3

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար կանոնավոր փոխադրումներ են համարվում ուղևորների այն փոխադրումները, որոնք կատարվում են ավտոբուսով, սահմանված երթուղով` հաստատված, նախօրոք հրատարակված ժամանակացույցերի և սակագների համաձայն:

2. Կանոնավոր փոխադրումների դեպքում թույլատրվում է ուղևորներ նստեցնել և իջեցնել վերջնակետում և այլ հաստատված կետերում:

3. Փոխադրման նպատակներով անհրաժեշտ է ցանկացած ուղևորի տրանսպորտային միջոց նստեցնել, եթե մեկնման կետերում և կանգառներում կան նստելատեղեր` սույն Համաձայնագրի դրույթների և ուղևորների փոխադրումներին վերաբերող ազգային օրենքների համաձայն:

 

Հոդված 4

 

Կանոնավոր փոխադրումները երկու երկրների միջև հաստատվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի համաձայն և 26-րդ հոդվածով նախատեսված Համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հիման վրա:

 

Հոդված 5

 

1. Կանոնավոր փոխադրումներն իրականացվում են հատուկ թույլտվության հիման վրա, որը չի կարող փոխանցվել որևէ մեկին:

2. Փոխադարձության սկզբունքով` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրվում է թույլտվություն երթուղու այն հատվածի համար, որն անցնում է համապատասխան Կողմերի տարածքներով, եթե այդ մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել:

3. Թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Համատեղ հանձնաժողովի ընդհանուր համաձայնությամբ:

4. Կանոնավոր փոխադրումների իրականացման համար թույլտվությունը տրվում է դիմումի հիման վրա, որը ընկերության կողմից ներկայացվում է այն Պայմանավորվող կողմի համապատասխան մարմնին, որի տարածքում գտնվում է այդ ընկերության գրանցված գրասենյակը:

5. Դիմումի մեջ պետք է ընդգրկված լինեն տեղեկություններ երթուղու, ամբողջ տարվա ժամանակացույցի և սակագների մասին, որոնք որոշվում են Համատեղ հանձնաժողովի ընդհանուր համաձայնությամբ, և այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումի մեջ պետք է ընդգրկել երթուղու սխեման` նշելով կանգառները և կիլոմետրաժը:

6. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները դիմումները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոխանցում են մյուս Կողմի իրավասու մարմիններին:

7. Դիմումները պետք է հաստատվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` Համատեղ հանձնաժողովի որոշումների հիման վրա:

8. Փոխադրումների ժամանակ թույլտվության բնօրինակը պետք է գտնվի կանոնավոր փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների մեջ:

 

Հոդված 6

 

Կողմերի ընկերությունները չեն կարող ներքին ուղևորափոխադրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

1.3. Կանոնավոր տարանցիկ փոխադրումներ

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար կանոնավոր տարանցիկ փոխադրումներ են համարվում Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մեկնող և մյուս Կողմի տարածքով անցնող այն ուղևորափոխադրումները, որոնց վերջնակետը գտնվում է երրորդ երկրում` պայմանով, որ ոչ մի ուղևոր մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չի իջեցվում և չի վերցվում:

2. Կանոնավոր տարանցիկ փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա, որոնք տրվում են հատվող երկրի այն իրավասու մարմնի կողմից, որին ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացնում այն մարմնի միջոցով, որին այդ ընկերությունը ենթարկվում է:

 

1.4. Ոչ կանոնավոր փոխադրումներ

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ոչ կանոնավոր փոխադրումներ են համարվում.

1. նույն ուղևորների փոխադրումը նույն ավտոտրանսպորտային միջոցով ամբողջ ուղևորության ընթացքում, որը պետք է սկսվի և ավարտվի այն երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը (փակ դռներով փոխադրում).

2. մյուս Պայմանավորվող կողմի տարածք ուղևորների փոխադրումը և առանց ուղևորների վերադարձը այն երկիր, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը (վերադարձ առանց ուղևորների).

3. մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց ուղևորների իրականացվող փոխադրում, որով ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիր են փոխադրվում փոխադրողի և պատվիրատուի միջև նախնական համաձայնությամբ կազմված խմբեր (մեկնում առանց ուղևորների):

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փոխադրումները, այդ թվում` տարանցիկ փոխադրումները, իրականացվում են առանց որևէ թույլտվության:

2. Այդ դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի (ավտոբուսի) վարորդը պետք է ունենա ուղևորների անունները պարունակող ցուցակ:

3. Անսարք ավտոտրանսպորտային միջոցը (ավտոբուսը) կարող է փոխարինվել այլ ավտոբուսով առանց թույլտվության` Համատեղ հանձնաժողովի կողմից հաստատված կարգի համաձայն:

4. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքում այն երկրի իրավասու մարմինը, որի տարածքում գտնվում է փոխադրում իրականացնող ընկերության գրանցված գրասենյակը, պետք է թույլտվություն խնդրի մյուս Պայմանավորվող կողմից: Համապատասխան մարմիններն ամեն տարի միմյանց պետք է փոխանցեն սույն Համաձայնագրի 26-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի կողմից սահմանված թույլտվությունների քվոտաները:

 

1.5. Ավտոբուսով կատարվող այլ փոխադրումներ

 

Հոդված 10

 

1. Ավտոբուսով կատարվող բոլոր այլ փոխադրումների համար, որոնք նախատեսված չեն սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում, ամեն անգամ անհրաժեշտ է նախօրոք ստանալ թույլտվություն, որը տրվում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից:

2. Թույլտվությունը տրվում է ընկերությանը այն դիմումի հիման վրա, որը ներկայացվում է Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

3. Դիմումի մեջ պետք է նշվեն ուղևորության վերջնակետը, երթուղին, ուղևորության նպատակը, օգտագործվող տրանսպորտային միջոցը և այլ տեղեկություններ, որոնք փոխհամաձայնությամբ կարող են պահանջվել Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ստացված դիմումները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոխանցում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

5. Մյուս Կողմի իրավասու մարմինը իր որոշման մասին պետք է հայտնի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

6. Մյուս Պայմանավորվող կողմի դրական պատասխանն ստանալուց հետո այն երկրի իրավասու մարմինը, որտեղ գտնվում է խնդրանք ներկայացրած ընկերության գրանցված գրասենյակը, տալիս է համապատասխան թույլտվություն:

 

II . Բեռների փոխադրումներ

 

2.1. Փոխադրումներ երկու երկրների միջև. տարանցիկ փոխադրումներ

Հոդված 11

 

1. Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը, որը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ունի իր գրանցված գրասենյակը, երկու երկրների միջև փոխադրում իրականացնելու համար պետք է ունենա մյուս երկրի իրավասու մարմնի կողմից տրված թույլտվություն, եթե այլ բան նախատեսված չէ 12-րդ և 13-րդ հոդվածներով, և եթե Համատեղ հանձնաժողովը այլ որոշում չի կայացրել երկկողմ փոխադրումների ոլորտում թույլտվությունից ազատելու վերաբերյալ:

2. Թույլտվությունն ուժի մեջ է ուղևորության մեկնելու և ուղևորությունից վերադառնալու ընթացքում:

3. Բեռների փոխադրումներ կատարելիս ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև վարորդների` մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելը, այնտեղ տեղաշարժվելը և մնալը, փոխադարձության սկզբունքով, կարգավորվելու է հատուկ կանոններով. նույն սկզբունքով նրանք ենթարկվելու են ստուգումների, եթե դա անհրաժեշտ է նրանց պետության անվտանգության համար:

 

Հոդված 12

 

1. Ներքոհիշյալ փոխադրումներով իրականացվող` Պայմանավորվող կողմերի տարածք և տարածքից դուրս բեռների ներմուծումը և հնարավոր արտահանումը կարգավորվում է գործող համապատասխան կանոններով: Այդ փոխադրումների իրականացման համար չի պահանջվում նախորդ հոդվածում նախատեսված թույլտվությունը` հետևյալ դեպքերում.

1.1. աճյունների փոխադրման.

1.2. ցուցահանդեսների համար նախատեսված բեռների փոխադրման.

1.3. ինքնաթիռների չվերթերի փոփոխման հետևանքով կամ դեպի օդանավակայան բեռների ոչ կանոնավոր փոխադրման.

1.4. օդանավակայանից կամ դեպի օդանավակայան կատարվող ուղեբեռի փոխադրումներ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված կցասայլերով, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցով.

1.5. փոստի փոխադրման.

1.6. առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ առարկաների փոխադրման. հատկապես` բնական աղետների ժամանակ.

1.7. թանկարժեք բեռների (օրինակ՝ թանկարժեք մետաղների) փոխադրման, որն իրականացվում է ավտոտրանսպորտային հատուկ միջոցներով` ոստիկանության կամ այլ ծառայության ուղեկցությամբ.

1.8. ծովագնացության և օդագնացության համար անհրաժեշտ պահեստամասերի փոխադրման.

1.9. երբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտագործման համար ոչ պիտանի ավտոտրանսպորտային միջոցը փոխարինվում է բեռների փոխադրման համար նախատեսված դատարկ ավտոտրանսպորտային միջոցով, ինչպես նաև` երբ չբեռնված, վնասված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է վերանորոգումից հետո. փոխադրումը շարունակելու դեպքում նոր ավտոտրանսպորտային միջոցը կարող է օգտվել վնասված ավտոտրանսպորտային միջոցին տրված թույլտվությունից.

1.10. մեղվափեթակների և ձկնկիթների փոխադրման:

2. Սույն հոդվածով նախատեսված այն փոխադրումների ցուցակը, որոնց համար չեն պահանջվում թույլտվություններ, կարող է փոփոխվել Համատեղ հանձնաժողովի որոշմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված փոխադրումների իրականացման ժամանակ հաշվի են առնվում տարբեր բնույթի պահանջները, որոնք նախատեսված են տվյալ բնագավառին վերաբերող հատուկ կանոններով:

 

Հոդված 13

 

1. Թույլտվությունը, որը գործում է ուղևորության ընթացքում մուտքի և ելքի համար, չի կարող փոխանցվել մեկ ուրիշի և իրավունք է տալիս ընկերությանը փոխադրումներ կատարել մեկ կամ մի քանի ավտոտրանսպորտային միջոցներով (բեռնատար առանց կցորդի, ավտոգնացք, ավտոբեռնատար կիսակցասայլով) այդ թույլտվության գործողության այն ժամանակահատվածի սահմաններում, որը նշված է թույլտվության մեջ և չի գերազանցում մեկ տարին:

2. Պայմանավորվող կողմերի տարածքներով կատարվող փոխադրումներն իրականացվում են առանց թույլտվության, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել:

3. Սույն Համաձայնագրի նպատակների համար տարանցիկ են համարվում այն փոխադրումները, որոնք կատարվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով դեպի երրորդ երկիր` առանց բեռ բարձելու և բեռնաթափելու:

 

Հոդված 14

 

1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվելու դեպքում արգելվում է այդ տարածքում բեռներ բարձել:

2. Անհրաժեշտության դեպքում արգելվում է նաև Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողներին փոխադրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի և երրորդ երկրի միջև, եթե այլ որոշում չի ընդունվել Համատեղ հանձնաժողովի կողմից, որը սահմանում է թույլտվությունների քվոտաները, և եթե երրորդ երկրի կողմից չի տրվել հատուկ թույլտվություն:

 

III. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 15

 

1. Ընկերությունների տեխնիկական և մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ տվյալները, ավտոտրանսպորտային միջոցների պիտանիությունը, ավտոտրանսպորտային միջոցների պարունակությունը, ավտոտրանսպորտային միջոցների ճամփորդական փաստաթղթերի բովանդակությունը, վարորդների ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ունակությունը, երրորդ անձի և փոխադրվող ուղևորների նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը և առավելագույն ռիսկի ապահովագրությունը որոշվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից` Կողմերի երկրների տարածքներում գործող ազգային օրենսդրության համաձայն:

2. Այնուամենայնիվ, ապահովագրության պայմանները պետք է համապատասխանեն այն երկրի օրենսդրությանը, որտեղ կատարվում է փոխադրումը:

 

Հոդված 16

 

Ուղևորների տոմսերի տալու ձևերը, ուղևորների և բեռների փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի լրացման, հաշվապահական մատյանների և գրանցումների վարման, ինչպես նաև համապատասխան մարմինների միջև փոխանակման համար վիճակագրական տվյալների ստացման եղանակները համատեղ որոշվում են Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների կողմից:

 

Հոդված 17

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումներն իրականացնող փոխադրողները և ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմը պետք է ենթարկվեն այն Պայմանավորվող կողմի տարածքում գործող ճանապարհային երթևեկության և փոխադրումներին վերաբերող կանոններին, որտեղ գտնվում են այդ ավտոտրանսպորտային միջոցները:

2. Վերը նշված կանոնները խախտելու դեպքում խախտում կատարող անձինք պատասխանատվություն են կրում այն Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների առջև, որի տարածքում կատարվել է խախտումը:

 

Հոդված 18

 

Հիմք ընդունելով այն երկրում գործող պատժամիջոցները, որտեղ կատարվել է խախտումը, եթե մի Պայմանավորվող կողմի տարածքում կատարվել է սույն Համաձայնագրի դրույթների խախտում, ապա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ծանուցելով, կիրառում է հետևյալ պատժամիջոցներից մեկը.

1) նախազգուշացում.

2) ծանուցագիր` նախազգուշացումով, որ կրկին խախտումներ կատարելու դեպքում կկիրառվեն ներքոհիշյալ 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պատժամիջոցները.

3) ուղևորների և բեռների փոխադրումներ կատարելու թույլտվության գործողության ժամանակավոր դադարեցում այն երկրում, որտեղ կատարվել է խախտումը.

4) ուղևորների և բեռների փոխադրումներ կատարելու թույլտվության չեղյալ համարում այն երկրում, որտեղ կատարվել է խախտումը:

 

Հոդված 19

 

1. Պայմանավորվող կողմերի փոխադրողները պարտավոր են պահպանել այն Պայմանավորվող կողմի տարածքում գործող` տարադրամային և հարկային կանոնները, որտեղ կատարվում է փոխադրումը:

2. Համատեղ հանձնաժողովը կարող է ներկայացնել հարկային բնույթի արտոնություններ, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ:

 

Հոդված 20

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին թույլատրում է առանց արգելքների և սահմանափակումների մուտք գործել իր տարածք, ժամանակավորապես ազատելով մաքսատուրքերից, պայմանով, որ նրանք հետ կվերադառնան:

2. Պայմանավորվող կողմերը կարող են պահանջել, որ այդ ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվեն համապատասխան Կողմի երկրի տարածք ժամանակավորապես մուտք գործելու համար անհրաժեշտ մաքսային ընթացակարգերին:

 

Հոդված 21

 

1. Վարորդը և ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի մյուս անդամները, ազատվելով մաքսատուրքերից և մուտքի վճարներից, կարող են ժամանակավորապես ներմուծել խելամիտ քանակությամբ առարկաներ, որոնք նախատեսված են անձնական օգտագործման համար և անհրաժեշտ են ուղևորության ընթացքում, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան, պայմանով, որ այդ առարկաները չեն փոխանցվի այլ անձանց:

2. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող մաքսային կանոնների համաձայն` անձնական օգտագործման համար ներմուծվող սննդամթերքը և քիչ քանակությամբ ծխախոտը, սիգարները ազատվում են մաքսատուրքերից և մուտքի վճարներից:

3. Այս իրավունքները տրամադրվում են մաքսային մարմինների կողմից հաստատված այն պայմանների համաձայն, որոնք վերաբերում են ուղևորության մասնակիցների անձնական օգտագործման առարկաների ժամանակավոր ներմուծմանը:

 

Հոդված 22

 

Ուղևորության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի համար անհրաժեշտ` վերջինիս սովորական բաքերում ժամանակավորապես ներմուծված վառելիքը և քիչ քանակությամբ քսայուղերը, առանց արգելքների և սահմանափակումների, ազատվում են մաքսատուրքերից և մուտքի վճարներից` պայմանով, որ այդ բաքերը նախատեսված են ավտոտրանսպորտային միջոցի տվյալ տեսակի համար:

 

Հոդված 23

 

1. Ժամանակավորապես ներմուծված և սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումները կատարող ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը ազատվում են մաքսատուրքերից և մուտքի վճարներից առանց արգելքների և սահմանափակումների` համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված մաքսային ընթացակարգերի:

2. Փոխարինված և երկրից դուրս չարտահանված պահեստամասերի համար պետք է վճարվեն մաքսատուրքեր և մուտքի վճարներ, եթե, ներմուծվող երկրի օրենսդրության համաձայն, այդ պահեստամասերը անվճար չեն հանձնվել այդ երկրին կամ շահագրգիռ անձանց հաշվին չեն ոչնչացվել մաքսային հսկողության ժամանակ:

 

Հոդված 24

 

1. Հաշիվների ձևակերպումը և սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող փոխադրումների ծառայությունների համար վճարումները պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով` համաձայն վճարման օրը գործող` տարադրամի շուկայական փոխարժեքի:

2. Համապատասխան փոխանցումները հարկային բոլոր պարտավորությունների կատարումից հետո պետք է իրականացվեն առանց սահմանափակումների կամ անտեղի ձգձգումների:

3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերը վերոհիշյալ վճարումների համար կնքում են առանձին համաձայնագիր, վճարումները կատարվում են այդ համաձայնագրի դրույթների համաձայն:

 

Հոդված 25

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերը պետք է համատեղ կարգավորվեն Կողմերի համապատասխան մարմինների կողմից` երկկողմ բանակցությունների միջոցով:

2. Սույն Համաձայնագրի կիրառման համար իրավասու մարմիններն են` Հայաստանի Հանրապետության Կառավարության դեպքում՝ տրանսպորտի նախարարությունը, Իտալիայի Հանրապետության Կառավարության դեպքում՝ տրանսպորտի և նավագնացության նախարարությունը, ցամաքային տրանսպորտի վարչությունը:

 

Հոդված 26

 

1. Սույն Համաձայնագրի կիրառման և այլ խնդիրների լուծման համար Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է Համատեղ հանձնաժողով, որի խնդիրներն են.

1.1. կարծիք հայտնել ուղևորների կանոնավոր փոխադրումների վերաբերյալ` այդ փոխադրումների իրականացման ուղիների և միջոցների երկկողմ համաձայնեցմամբ.

1.2. համատեղ որոշել ուղևորների և բեռների համար անհրաժեշտ այն թույլտվությունների քանակը, որոնք նախատեսված են 8-րդ, 9-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով, կամ` առանց թույլտվության երկկողմ փոխադրումներ կատարելու հարցը.

1.3. որոշել 5-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված թույլտվությունների տեսակները և այդ թույլտվությունները տալու ուղիներն ու եղանակները,

1.4 լուծել սույն Համաձայնագրի կիրառման հետևանքով առաջացած խնդիրները և հարցերը.

1.5 ձեռնարկել միջոցներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացմանը.

1.6 քննարկել հարկային բնագավառում փոխադարձության սկզբունքով այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները, որոնք թույլատրվում են երկու երկրներում գործող օրենսդրությամբ:

2. Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները կնշանակեն ներկայացուցիչների, որոնց մասնակցությամբ Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն պարբերաբար` երկու երկրների տարածքներում, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով:

 

Հոդված 27

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրությունը կիրառվում է այն հարցերի նկատմամբ, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, և այն միջազգային կոնվենցիաներով, որոնց անդամ են Պայմանավորվող կողմերը:

 

Հոդված 28

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված` ուղևորների և բեռների փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները և անձնակազմը պարտավոր են հարգել այն Պայմանավորվող կողմի երկրում գործող և այդ փոխադրումները կարգավորող օրենսդրական և վարչական դրույթները, մասնավորապես, համապատասխան տարածքներ մուտք գործելը և այնտեղ մնալը կարգավորող ազգային օրենսդրությունը, որտեղ կատարվում է փոխադրումը:

2. Ելնելով պետության անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունից` Պայմանավորվող կողմերը իրենց իրավունք են վերապահում փոխադարձաբար սահմանափակել ազատ տեղաշարժվելու իրավունքը նաև բեռների տրանսպորտային փոխադրումները կարգավորելու ձևով:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 29

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ստացման հաջորդ օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մեկ տարի և ամեն տարի ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին:

 

Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի օգոստոսի 7-ին, երկու բնօրինակով, հայերեն, իտալերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 30.11.2004թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան