Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2009-22.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.01.28/1(87) Հոդ.251
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 հուլիսի 2008 թ.

 N 231-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԳՐԱՎԱՏՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 001 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 55-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(Բանկերի համար սահմանված պահանջների մասով որոշումն ուժը կորցրել է 06.10.09 թիվ 296-Ն)

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 71-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 001 հաշվետվական ձև)»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 001 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 17-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 55-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 31-ի

 թիվ 231-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 001

 

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց

կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ձևը

(թիվ 001 հաշվետվական ձև)»՝

հավելված 1-ի

 

ԹԻՎ 001 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

(ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ՝ նաև ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները

 

Ներմուծեք նկարագրությունը_20507

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք, եթե Ձեր կազմակերպությունը (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ)՝

1) բանկ է,

2) վարկային կազմակերպություն է,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձ է,

4) արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ է,

5) դրամական փոխանցումներ իրականացնող անձ է,

6) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձ է,

7) գրավատուն է:

2. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

1) եթե Ձեր կողմից կատարվող գործարքի (գործառնության) գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

2) եթե Ձեր կողմից կատարվող գործարքի (գործառնության) կնքման կամ իրականացման պայմաններում առկա է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և (կամ) Լիազոր մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ (օրինակ` հաճախորդը կատարում է փոխանցում և որպես հիմք ներկայացնում է արտաքին տնտեսական գործարք, որի պայմանները էականորեն չեն համապատասխանում ձեռնարկատիրության տվյալ բնագավառում կնքվող նման գործարքների պայմաններին, կամ դրանում նշված է ակնհայտորեն ցածր կամ բարձր գին): Նշված օրինակի դեպքում, քանի որ առկա են կասկածի հիմքեր, ներկայացվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն: Ընդ որում, կասկածելի գործարքի մասին հաշվետվություն ներկայացվելու դեպքում տվյալ գործարքի վերաբերյալ պարտադիր տեղեկացման համար նախատեսված սահմանաչափը գերազանցող հաշվետվություն չի ներկայացվում:

3. Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 5-րդ բաժնում:

4. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:

5. Սույն հաշվետվական ձևում չեն լրացվում և չեն ներկայացվում պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների (գործառնությունների) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե և այդ բյուջեից կատարված վճարումները,

2) միևնույն հաշվետիրոջ (սեփականատիրոջ)՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բանկերում գտնվող հաշիվների միջև կատարվող փոխանցումները,

3) միջբանկային շուկայում կատարվող գործարքները,

4) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կատարվող գնումները` բացառությամբ ֆինանսական ակտիվների գնումների, օրինակ` արտարժույթի առուվաճառք, արժեթղթերի առուվաճառք և այլն,

5) բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստր տրամադրվող տեղեկատվությունը,

6) հաշվետու կազմակերպությունների միջև իրենց անունից կնքված հետգնման պայմանով արժեթղթերի առուվաճառքի գործարքները (ռեպո և հակադարձ ռեպո գործարքներ):

6. Նշված բոլոր բացառությունները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ հաշվետու կազմակերպության կողմից առաջացել են գործարք(ներ)ի վերաբերյալ կասկածներ:

7. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող լեզվով:

8. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

1) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել՝

ա. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

բ. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

1.1) Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով:

1.2) Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումներ կատարելու դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

1.3) Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքի շահառուն ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 3-րդ բաժնի 3.1 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա բազմացրեք 3-րդ բաժինը ներառող հատվածը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

1.4) Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա` հետևյալ կերպ. թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ` հաշվետվական ձևի 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք` 1.3.1 ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

2) Էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

ա. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

բ. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

2.1) Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհաններն ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

2.2) Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

2.3) Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

2.4) Եթե նույն բաժինը (օրինակ՝ 3-րդ բաժինը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում՝ 3.1 կետը), և ավտոմատացված ծրագրային համակարգում կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

2.5) Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը կպարունակի էլեկտրոնային ձևի կառուցվածքային փոփոխություն, կդիտարկվի թերի կամ սխալ լրացված հաշվետվություն:

9. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:

10. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11. Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված «լրացում հաշվետվություն»:

1) Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված՝ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա պետք է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:

2) Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

3) Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:

4) Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին, թղթակից կամ այլ կազմակերպություններին.

բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է հաշվետվական ձևի 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ հաշվետվական ձևի 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

12. (1.1) Գործարքի կնքման ամսաթիվը: Նշեք տեղեկացման ենթակա գործարքը (գործառնությունը) կատարելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե այն դեռևս չի կատարվել, նշում եք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կատարման պահանջը: Հաշվետվական ձևի 4-րդ բաժնում լրացրեք, թե գործարքը կատարման ինչ փուլում է:

1) Մի քանի փոխկապակցված (միայն կասկածելի գործարքների դեպքում) գործարքների դեպքում նշեք դրանցից վերջինը կատարելու ամսաթիվը կամ այն գործարքի ամսաթիվը, որից առաջացել է կասկածը: Ձեր նշումը մեկնաբանեք հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

13. (1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը (եթե գործարքը կասկածելի չէ):

1) Այս կետում նշում կատարելու դեպքում հաշվետվական ձևի 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում պարտադիր լրացման են ենթակա միայն « * »-ով նշված վանդակները, եթե առկա է տեղեկատվություն այլ դաշտերի վերաբերյալ, ապա լրացվում են նաև դրանք:

2) Եթե գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր տեղեկացման ենթակա, և որպես կասկածելի գործարք, ապա այս կետը մի լրացրեք և նշում կատարեք 1.3 կետում. շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

14. (1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում հաշվետվական ձևի 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

1) 1.3.1. կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ գործարքում (գործառնությունում) միաժամանակ առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի մասին վկայող հանգամանքներ: Այս դեպքում 1.2 կետը մի նշեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3.1 կետում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

2) Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխանաբար 1.3.2 և 1.3.3 կետերում, և 1.3.4 կետում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:

3) 1.3.5. կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել: Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: Հաշվետվական ձևի 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

4) Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4 կետից սկսած՝ տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:

15. (1.4) Փոխկապակցված գործարքներ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա են մեկից ավելի փոխկապակցված գործարքներ (գործառնություններ): Փոխկապակցված գործարքներ (գործառնություններ) են`

1) փոխկապակցված անձանց կողմից կնքվող գործարքները (գործառնությունները): Անձանց փոխկապակցվածությունը որոշվում է բանկերի դեպքում՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, վարկային կազմակերպությունների դեպքում՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

2) միևնույն գործարքի կողմ, լիազորված անձ, շահառու ունեցող գործարքները հետևյալ ժամկետներում՝

ա. մեկ օրվա (24 ժամ) ընթացքում փոխկապակցված գործարքների գումարը գերազանցել է 20 մլն Հայաստանի Հանրապետության դրամը.

բ. մեկ ամսվա ընթացքում փոխկապակցված գործարքների գումարը գերազանցել է 40 մլն Հայաստանի Հանրապետության դրամը.

գ. մեկ տարվա ընթացքում փոխկապակցված գործարքների գումարը գերազանցել է 200 մլն Հայաստանի Հանրապետության դրամը,

3) գործարքների պայմաններից ակնհայտ է, որ միևնույն գործարքը կատարվում է մի քանի առանձին գործարքների միջոցով՝ նույնականացման կամ հաշվետվության ներկայացման պահանջից խուսափելու նպատակով:

15.1. Փոխկապակցված կասկածելի գործարքների դեպքում լրացվում է մեկ հաշվետվություն: Ընդ որում, փոխկապակցված են մեկ ուղղությամբ իրականացվող գործարքները, օրինակ՝ դրամի փոխանցումը մեկ անձից տարբեր անձանց կամ հակառակը: Փոխկապակցված չեն համարվում այն գործարքները, երբ գործարքի կողմը մի գործարքի դեպքում համարվում է ստացող, մյուսի դեպքում՝ փոխանցող:

15.2. Փոխկապակցված գործարքների (գործառնությունների) դեպքում պարտադիր չէ, որ գործարքները (գործառնությունները) կատարված լինեն միաժամանակ: Բացի հաշվետվական ձևում սահմանված չափանիշներից, հաշվետվություն տրամադրող անձինք ինքնուրույն կարող են սահմանել փոխկապակցվածության չափանիշներ, սակայն պետք է 4-րդ բաժնում տեքստի միջոցով նկարագրեն իրենց կողմից կիրառված այդ չափանիշները: Օրինակ, որևէ նոր կատարված գործարք և մի քանի տարի առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:

15.3. Հաշվետվական ձևի 1.4. կետում նշեք փոխկապակցված գործարքների (գործառնությունների) քանակը, որոնք դիտարկում եք որպես մեկ գործարք:

15.4. Հաշվետվական ձևի 1.5. կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա է մեկ գործարք (գործառնություն):

16. (1.6) Գործարք(ներ)ի էությունը: Այս կետում նշեք, թե գործարքը ինչպես է կատարվում: Եթե կատարվող գործարքի էությունը չի համապատասխանում նշվածներին, ապա նշեք հաշվետվական ձևի 1.6.6 կետում և «այլ» տողում և մասնավորեցրեք գործարքի էությունը:

1) Անհրաժեշտության դեպքում այս կետում կատարեք նշումներ միաժամանակ մի քանի կետերում, երբ նույն չափի գումարի հետ կատարվում են մի քանի գործառնություններ (օրինակ՝ մուտք է արվում գումար, այն փոխարկվում է, այնուհետև կատարվում է փոխանցում և այլն): Փոխկապակցված գործարքների դեպքում նշեք բոլոր վանդակները, որոնք նկարագրում են փոխկապակցված գործարքների էությունը, մանրամասների առկայության դեպքում դրանք բացատրեք 4-րդ բաժնում:

2) Նշում կատարելով 1.6.5. կետում՝ անկախ նրանից, թե գործարքը (գործառնությունը) արտարժույթի փոխանակում է, թե փոխարկումը կատարվել է այլ գործարքների հետ միասին (օրինակ՝ փոխարկմանը նախորդել կամ հաջորդել է բանկային փոխանցում կամ կանխիկի դուրսբերում), լրացրեք`

ա. 1.6.5.1. և 1.6.5.2. կետերը՝ համապատասխանաբար գնվող և վաճառվող արժույթների տեսակները.

բ. 1.6.5.3. և 1.6.5.4. կետերը՝ համապատասխանաբար գնվող և վաճառվող արժույթների գումարը:

3) Որպես առքի արժույթ՝ լրացրեք այն արժույթը, որը գնվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից (բանկեր, արտարժութային դիլերներ, փոխանակման կետեր և այլն):

4) Եթե գործարքը միայն փոխարկում է, լրացրեք 1.6.5. կետը, ինչպես նաև 1.8.2. կետում լրացրեք հաճախորդին տրամադրվող գումարը Հայաստանի Հանրապետության դրամով, եթե հաճախորդին տրամադրվող գումարը արտարժույթով է, ապա այն լրացվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքի: Ընդ որում, այս կետը լրացվում է նաև ներբանկային սփոթ գործարքների դեպքում, իսկ դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարող եք նշել հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

5) Եթե միաժամանակ կատարվել է մի քանի գործարք փոխարկումով, ապա գործարքի գումարը 1.8.1. և 1.8.2. կետերում լրացրեք այն արժույթով, ինչ արժույթով որ ելք (կանխիկացում, փոխանցում և այլն) է արվում բանկից կամ մուտք (ապականխիկացում, փոխանցում և այլն) է արվում բանկ: Նմանատիպ գործարքների էությունը և հաջորդականությունը բացատրեք 4-րդ բաժնում:

6) Օրինակ՝ դրամով գումարը բանկում փոխարկվում է դոլարի, և դրա մի մասը դոլարով փոխանցվում է այլ բանկ, 1.6.5.1. կետում որպես առքի արժույթ նշվում է դրամը, որպես գործարքի արժույթ՝ 1.8.1. կետում նշվում է դոլար, 1.8.2. կետում՝ փոխանցված դոլարի գումարը՝ ՀՀ դրամով:

17. (1.7) Գործարքի նպատակը (1.7 ինդեքսով կետերը): Այս բաժնում նշեք գործարքի իրականացման նպատակը: Եթե գործարքի նպատակը չի համապատասխանում նշված տարբերակներին, նշեք «այլ» տողում` մասնավորեցնելով գործարքի նպատակը:

18. (1.8.1) Գործարքի արժույթը: Այս կետում նշեք արժույթի տեսակը, որով կատարվում է գործարքը: Երբ գործարքի հետ կատարվում է նաև փոխարկում, նշում կատարեք 1.6.5. կետի համար սահմանված կարգով:

19. (1.8.2) Գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով: Եթե գործարքը կատարվել է արտարժույթով, այս կետում նշում եք գործարքի կատարման օրվա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գործարքի գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով: Գործարքը Հայաստանի Հանրապետության դրամով կատարվելու դեպքում նշվում է գործարքի գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով:

20. (2) Գործարքը կատարող անձի (հաճախորդի) տվյալները: Այս բաժնում նշում եք հաճախորդին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան: Կախված նրանից, թե հաճախորդը` գործարքի կողմը, իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1. կետերը, եթե ֆիզիկական անձ է՝ 2.1.2. կետերը:

1) Հաշվետվական ձևի 2.1.1.6., 2.1.2.8. 2.2.1.6. և 2.2.2.8. կետերում լրացվում է գործարքը կատարող անձի (հաճախորդի) բանկային հաշիվը, իսկ 3.1.1.6.1., 3.1.1.6.2., 3.1.2.8.1., 3.1.2.8.2., 3.2.1.4.1., 3.2.1.4.2., 3.2.2.8.1. և 3.2.2.8.2. կետերում՝ նաև հաշիվը սպասարկող բանկի անվանումը և երկիրը: Եթե գործարքում առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք հաշվետվական ձևի 4-րդ բաժնում: Առանց հաշիվ բացելու գործարքների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու դեպքում պետք է նշում անել հաշվետվական ձևի 1.6.4.1. կետում («անհաշիվ անկանխիկ դրամական փոխանցումներ») կամ 1.6.4.2. կետում (անհաշիվ անկանխիկ դրամական ստացումներ»), իսկ ծրագրային համակարգի ներդրումից հետո վերոնշյալ կետում նշում կատարելու դեպքում կպասիվանա բանկային հաշվին վերաբերող վանդակը:

2) Հաշվետվական ձևի 2.1.1.5. կետում նշեք իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի լիցենզիայի համարը (դրա առկայության դեպքում): Այն դեպքում, երբ անձը ունի մի քանի լիցենզիա, ապա նշվում է այն լիցենզիայի համարը, որով նախատեսված գործունեության կապակցությամբ կնքվում է կոնկրետ գործարքը: Եթե կնքվում է լիցենզավորման ենթակա գործունեության հետ չկապված գործարք, ապա անձը որևէ լիցենզիա չի ներկայացնում, և այս կետը չի լրացվում:

3) 2.1.1.2. կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի գտնվելու վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև հաշվետվական ձևի 4-րդ բաժնում` որպես լրացուցիչ տեղեկություն:

21. (2) Լիազորված անձի տվյալները, ով հաճախորդի անունից իրականացնում է գործարքը: Այս բաժնում նշեք հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Սա չի վերաբերում իրավաբանական անձի տնօրենին, գլխավոր հաշվապահին և այն անձանց, որոնք աշխատում են տվյալ կազմակերպությունում և կանոնադրությամբ լիազորված են հանդես գալու կազմակերպության անունից:

1) Ֆիզիկական անձանց դեպքում, բոլոր անձինք, ովքեր ներկայացնում են ֆիզիկական անձի անունից գործառնություններ կատարելու լիազորագիր, համարվում են լիազորված անձ, և նրանց տվյալները լրացվում են այս բաժնում:

2) Լիազորված անձ չեն համարվում ինկասացիայի աշխատակիցները:

3) Այս բաժինը լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

4) 2.2. կետում նշեք լիազորված անձի (անձանց) քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2. կետը:

5) Լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում) միայն կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման ժամանակ:

22. (3) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը: Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարում է գործարքը (գործառնությունը), այսինքն՝ շահառուն գործարքի իրական, թաքնված (գործարքի կողմ հանդիսացող անձից տարբեր) տնտեսական շահը տիրապետող անձ է:

1) Եթե գործարքում առկա է մի քանի շահառու, ապա յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

2) Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի (եթե առկա է գործարքի կողմից տարբերվող այլ շահառու) վերաբերյալ բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր:

3) Որպես գործարքը կատարող անձ դիտարկելով գործարքի մի կողմին՝ 3.2 կետում մյուս կողմին դիտարկեք որպես ստացող/փոխանցող: Նշված կետը լրացման համար պարտադիր չէ միայն բորսայի հետ կապված գործարքների դեպքում:

4) 3.2.1.2. կետում լրացրեք գործարքի մյուս կողմ հանդիսացող անձի ռեզիդենտության երկիրը: Այս դեպքում ռեզիդենտությունը լրացվում է «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տրված սահմանման համաձայն:

5) Նման ձևով լրացրեք նաև 3.2.2.4. կետերը:

23. (4) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար, նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

24. (5) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակում):

25. (5.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

26. (5.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշում եք Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088,561601

Էլ. փոստ info_fiս@cba.am

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 31-ի

թիվ 231-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Սույն կարգի նպատակն է՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 001 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1) Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցելու միջոցով:

2) Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

ա. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

1) Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե. հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1) Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

2) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3) Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

4) Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են էլեկտրոնային փոստի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

5) Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

1) Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին (թղթային և էլեկտրոնային տարբերակի համար) տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը
ՖԴԿ-ում (8-նիշ)

գծիկ

հաշվետվության ուղարկման ամսաթիվը՝ օօ/աա/տտ (6 նիշ)

գծիկ

տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (3-նիշ)

¯

¯

¯

¯

¯

XXXXXXXX

-

XXXXXX

-

XXX

 

Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչի վրա) տարբերակները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով՝ փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին»: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստացականի տրամադրման պահին,

բ. «ՍիԲիԷյՆեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով: Հաշվետվությունը համարվում է ներկայացված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը՝ չհաստատված, բացառությամբ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «UիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով ներկայացված հաշվետվությունների,

գ. ՀՀ կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, որի դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքում հրապարակված կամ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվետվական ձևերի պաշտպանված էլեկտրոնային տարբերակները, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվական ձևն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային համակարգի միջոցով և ներկայացված է համարվում ծրագրային համակարգի «Ուղարկման կարգավիճակը» դաշտում «Ուղարկված է» նշման առկայության դեպքում: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը՝ չհաստատված: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով ուղարկվող հաշվետվությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու վերաբերյալ» կարգը,

դ. ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին: Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

ե. փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին,

զ. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոստի (info_fiս@cba.am) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին: Այդ դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

2) Սույն կարգը հաստատած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման 3-րդ հավելվածի համաձայն՝ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը` պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին ներկայացնում է գրություն՝ թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:»:

3) «Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով՝ նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգը:

 

5. Առանձնացված էլեկտրոնային հասցեի բացման պահանջ

 

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են «ՍիԲիԷյՆեթ» ցանցում բացել համապատասխան անունով փոստարկղ և Կենտրոնական բանկին գրավոր հայտնել բացված փոստարկղի անվանումը: Անվանման փոփոխման դեպքում հաշվետուն պարտավոր է փոփոխելուց 10 օր առաջ գրավոր տեղեկացնել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին՝ նշելով նոր փոստարկղի անվանումը:

 

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը» հավելված 2-ի

 

Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում՝

oooooooo

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն ______________  - ին

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ Ձեզ _______________________________________ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

 

տրամադրել հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գործունեության տեսակը _________________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________

Գործունեության վայրը ___________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը ___________________________________

Պետական գրանցման համարը _______________________________________

Լիցենզիայի համարը _____________________________________________

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1. _________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

2. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

3. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

4. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

գործադիր մարմնի ղեկավար՝

________________

ստորագրություն

 
_____________________ թ.
 
քաղաք Երևան
 

 

 

Հավելված 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 31-ի
թիվ 231-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 001 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1) Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

2) Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և (կամ) Լիազոր մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և (կամ) պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

3) Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

4) Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը:

5) Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել՝

ա. աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ. ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ. վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

6) Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

7) Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

(Բանկերի համար սահմանված պահանջների մասով որոշումն ուժը կորցրել է 06.10.09 թիվ 296-Ն)