Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2009-13.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1163-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշման N 1 հավելվածի IV գլխի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ:

2. Հաստատել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին նշանակել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ ստեղծվող Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 20
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1163-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրամը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ` հիմնադիր)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է (այսուհետ` պետական լիազորված մարմին):

4. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշման շրջանակներում:

5. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադիրը պատասխանատու չէ հիմնադրամի պարտավորությունների համար, ինչպես նաև հիմնադրամը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:

6. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանմամբ կլոր կնիք` հայերենով, ռուսերենով և անգլերենով, դրոշմակնիք ու ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ տարբերանշաններ:

7. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ,

հայերեն կրճատ` ԳՏԶՀ,

ռուսերեն լրիվ`Фонд экономического развития Гюмри,

ռուսերեն կրճատ` ФЭРГ,

անգլերեն լրիվ` Gyumri Economic Development Foundation,

անգլերեն կրճատ` GEDF:

8. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտավորություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Հիմնադրամի նպատակն է Գյումրիում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումը:

12. Հիմնադրամի խնդիրներն են`

1) Գյումրի քաղաքում տեխնոպարկի ստեղծման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը.

2) տեխնոպարկում տեղական և օտարերկրյա ընկերությունների ներգրավումը.

3) պետություն - մասնավոր հատված համագործակցության ներքո ներդրումային ծրագրերի կառավարումը:

13. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) տեխնոքաղաքի ծրագրերի կառավարման իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշման.

2) հետազոտությունների իրականացումը.

3) ներդրումների ներգրավման աշխատանքների իրականացումը.

4) արտասահմանյան բուհերում գյումրեցի երիտասարդների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.

5) գիտատար հենքի վրա արտադրություն իրականացնողներին հասցեական աջակցությունը.

6) գիտակրթական, գործարար և պետական հատվածների հետ համագործակցության ապահովումը.

7) գործարարությանն աջակցող ծառայությունների մատուցումը.

8) գիտահետազոտական ծրագրերին դրամաշնորհային աջակցությունը.

9) գիտական մշակումների առևտրայնացման ապահովումը:

14. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ այն ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

15. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) գործարար ծառայությունների մատուցում.

2) դասընթացների կազմակերպում.

3) տարածքների` վարձակալությամբ տրամադրում.

4) տեխնոքաղաքի բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցում:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

16. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

17. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության առարկային և նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) դրամական մուտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

4) ծառայություններից ստացված հասույթը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

20. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: Հիմնադրամի գույքը չի կարող բռնագանձվել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

21. Հիմնադրամի բոլոր գործարքներն ու բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ հիմնադրամի կողմից սահմանված ընթացակարգի և հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:

22. Հիմնադրամը հրապարակում է իր բյուջեի և նրա փոփոխությունների մասին, տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

23. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:

24. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը` սույն կանոնադրությանը համապատասխան:

25. Խորհուրդը կազմված է ինն անդամից: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանից, Հայաստանի Հանրապետության Գյումրու քաղաքապետարանից ու միջազգային դոնոր կազմակերպությունից մեկական ներկայացուցիչներ, երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպություններից` ընտրված ռոտացիայի կարգով, և մեկ ներկայացուցիչ գիտական, հետազոտական կամ ուսումնական հաստատություններից: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը խորհրդի նախագահն է:

26. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) որոշում և հաստատում է խորհրդի նիստերի օրակարգերը.

3) հրավիրում է խորհրդի նիստեր` սեփական նախաձեռնությամբ, խորհրդի ցանկացած անդամի կամ տնօրենի առաջարկությամբ.

4) նախագահում է խորհրդի նիստերը և ստորագրում նիստերի արձանագրությունները.

5) վերահսկում է խորհրդի նիստերում ընդունված որոշումների կատարումը:

27. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

28. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

1) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.

2) հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի նպատակային օգտագործումը, ինչպես նաև հիմնադրամի տնօրենի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի հետ համաձայնեցնելով` հիմնադրամի տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

6) խորհրդի կազմում նոր անդամների հաստատումը և նրանց լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների ընդունումը:

29. Խորհուրդն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ:

30. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն տարեկան չորս անգամ: Խորհրդի նիստերը հրավիրվում են նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի ցանկացած անդամի կամ գործադիր տնօրենի առաջարկությամբ:

31. Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

32. Հիմնադրամի գործադիր մարմինը տնօրենն է: Հիմնադրամի տնօրենն ընտրվում է մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում ընտրված տնօրենի թեկնածությունը հաստատում է խորհուրդը:

33. Տնօրենը`

1) կազմակերպում և ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և լուծում դրա հետ կապված բոլոր հարցերը` բացի խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերից.

2) իր գործունեության համար հաշվետու է խորհրդին.

3) իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում դրա շահերը, հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, հաստատում հաստիքներ, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ.

4) ստեղծում է հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական կոմիտե` անկախ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով.

5) խորհրդատվական կոմիտեի անդամների թեկնածությունը համաձայնեցնում է հիմնադրամի խորհրդի հետ:

34. Խորհրդատվական կոմիտեի կազմավորման կարգը, նրա իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակը, եզրակացություններ ներկայացնելու կարգը և այլ հարցեր մանրամասնորեն uահմանվում են հիմնադրամի համապատասխան ներքին կանոնակարգով:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Հիմնադրամն ինքնուրույն է իրականացնում իր կանոնադրական խնդիրները: Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

36. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

37. Հիմնադրամի մատուցած ծառայություններից ստացված շահույթը չի կարող տրամադրվել նրա հիմնադրին:

38. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

39. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

40. Հիմնադրամը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` հարկային կարգապահության համար:

 

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ, ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Հիմնադրամի ֆինանսական տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին օրը և վերջանում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին օրը` բացառությամբ առաջին ֆինանսական տարվա, որն սկսվում է հիմնադրամի գործունեության առաջին օրը:

42. Հիմնադրամն ընթացիկ հաշվապահական հաշվառումը վարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային հաշվապահական ստանդարտներին համապատասխան:

43. Հարկային և մյուս մարմինները, որոնց օրենքով վերապահված է հիմնադրի գործունեության ստուգումը, կարող են իրենց իրավասությունների սահմաններում կատարել ստուգումներ:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

44. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

45. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:

46. Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հիմնադրամի խորհրդի կողմից:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

47. Հիմնադրամի գործունեության վերահսկումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

48. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

XI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

49. Հիմնադրամի շահառուներն են Գյումրի քաղաքի բնակչությունը, գործող ընկերությունները, ձեռնարկատերերը, ուսանողները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.04.2014, N 351-Ն 17.04.2014, N 1163-Ն
08.11.2012, N 1405-Ն 16.11.2012, N 1163-Ն
29.04.2010, N 469-Ն 13.05.2010, N 1163-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան