ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2009 թվականի N 684-Ն
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ջրվեժ» անտառապարկի հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Ջրվեժ» անտառապարկի տարածքի չափը` 423.80 հեկտար:
(1-ին կետը փոփ. 15.10.09 N 1276-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Ջրվեժ» անտառապարկի 400.43 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մինչև 2010 թվականը` սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանման գոտիների սահմանների ճշգրտումը և դրանք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման |
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:
«Ջրվեժ» անտառապարկի ընդհանուր տարածությունը 423.8 հեկտար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Աբովյան քաղաքից 8.5 կիլոմետր է:
«Ջրվեժ» անտառապարկը «Ա»-«Բ» հատվածով սահմանակցում է Ողջաբերդի գյուղական համայնքին, «Գ»-«Ա» հատվածով` Ջրվեժի գյուղական համայնքին, իսկ «Բ»-«Գ» հատվածով` Երևան քաղաքին:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
«Ա»-«Բ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Ա» հանգուցային կետից 194 մ ձգվում է հարավ` հասնելով լեռան գագաթային մասը, այնուհետև ջրբաժանով ձգվում է հարավ-արևմուտք, իջնում լանջով և, հատելով Երևան-Գառնի խճուղին, շարունակում է ջրբաժանով ձգվել արևմուտք` հասնելով մինչև Խաչիսար լեռան մոտ գտնվող թամքոցային շրջան, այնուհետև թեքվում է հարավ և լեռան հարավային լանջի ձորակով հասնում մինչև Երևանի վարչական սահմանը` «Բ» հանգուցային կետին, կազմելով ընդհանուր 4186 մ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
«Բ»-«Գ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Բ» հանգուցային կետից 103 մ ձգվում է հարավ-արևմուտք` հասնելով «Գ» հանգուցային կետին:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
«Գ»-«Ա» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Գ» հանգուցային կետից ձորն ի վեր բարձրանում է հյուսիս-արևմուտք և լեռան հարավարևմտյան լանջի ոլորաններով ձգվում մինչև խճուղի, այնուհետև խճուղու եզրով հասնում է գերեզմանոց, այն շրջանցելով, հասնում է գազալցման կայան, որտեղից Երևան-Գառնի խճուղուն զուգահեռ ձգվում է մինչև Ձորաղբյուրի խաչմերուկ: Այնուհետև, անցնելով ճանապարհը, Ջրվեժի ամառանոցների սահմանով բարձրանում է լանջն ի վեր և հասնում «Ա» հանգուցային կետին` կազմելով 12834 մ բնագիծ:
(հավելվածը խմբ. 15.10.09 N 1276-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
(հավելվածը խմբ. 15.10.09 N 1276-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.2024, N 1637-Ն | 18.10.2024, N 684-Ն | |
23.02.2023, N 227-Ն | 24.02.2023, N 684-Ն | |
15.10.2009, N 1276-Ն | 05.12.2009, N 684-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|