Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.338
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 282-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/02-ի 9-րդ կետում «Ն5 նորմատիվը՝» բառերից հետո հանել «օրական,» բառը:

2) Կանոնակարգ 3/02-ի գլուխ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Գ Լ ՈՒ Խ  8

 

ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

36. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝

 

Ռ-ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների, այդ թվում՝ տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այլ անձին տվյալ ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), ինչպես նաև տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների հանրագումարն է:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

37. Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն5 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Ռ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ:

38. Ն5 նորմատիվի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալը ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Ռ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, բացառությամբ ապահովագրական ընկերության բանկային հաշիվների, որոնք նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

39. Ն5 նորմատիվը չի հաշվարկվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվների ծագման և դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

40. Ն5 նորմատիվի Ռ տարրում ընդգրկվող մեծությունները նվազեցվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ին համապատասխան ձևավորված պահուստների գումարի չափով:

41. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում չեն ընդգրկվում.

1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը,

2) սույն կանոնակարգի 12.4 ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները,

3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվի մնացորդը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով բացված կուտակային հաշվի մնացորդը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկում մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցումը,

4) վերաապահովագրության այն պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերը, որոնցով ապահովագրական ընկերությունը իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մոտ:

42. Մեկ ապահովադրի հետ կնքվելիք ապահովագրության պայմանագրերի գծով 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը չեն ընդգրկվում Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում, եթե դրա վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) համաձայնությունը: Նախագահը համաձայնություն է տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու համար, եթե՝

1) միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարների վճարման ժամկետը չի գերազանցում ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 14-օրյա ժամկետը կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից,

2) ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարի միանվագ վճարման կարգ նախատեսված չլինելու դեպքում՝ հերթական վճարումների պարբերականությունը և հերթական վճարվող գումարների մեծությունները հավասարաչափ բաշխված են ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար,

3) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե միանվագ կամ որևէ հերթական ապահովագրավճարի վճարումը կետանցվում է և կետանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում չի իրականացվում կետանցված ապահովագրավճարի վճարում, ապա ապահովագրության պայմանագիրը կետանցմանը հաջորդող 5-րդ օրը միակողմանի լուծվում է ապահովագրողի կողմից,

4) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրողն ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցում է տվյալ ապահովագրության պայմանագրի գծով հատուցումը վճարելու պահին առկա ամբողջ դեբիտորական պարտքը: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե մեկ ապահովագրական պատահարի արդյունքում տվյալ ապահովադրի հետ կնքված մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրական հատուցում վճարելիս կիրառվում է սույն ենթակետով սահմանված դրույթը, ապա առաջնահերթ բավարարվում են այդ պայմանագրերով ապահովադիր չհանդիսացող ֆիզիկական անձ շահառուների, այնուհետ՝ ապահովադիր չհանդիսացող իրավաբանական անձ շահառուների, իսկ վերջում՝ ապահովադիր հանդիսացող շահառուների պահանջները (նման շահառուների առկայության դեպքում): Եթե սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառելու արդյունքում գումարը չի բավարարում ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցվում է միայն դեբիտորական պարտքի մի մասը այնպես, որ հաշվանցման արդյունքում հնարավոր լինի բավարարել ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները:

43. Նախագահը համաձայնություն չի տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելուն, եթե բացակայում է սույն կանոնակարգի 42-րդ կետի 1-4 ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը կամ եթե նշված համաձայնությունը տալու դեպքում կարող են վտանգվել ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը կամ եթե նշված պայմանագիրը թեև պարունակում է սույն կանոնակարգի 42-րդ կետում սահմանված բոլոր պայմանները, սակայն պարունակում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս շրջանցել սույն կանոնակարգի 42-րդ կետի պայմաններից որևէ մեկը:

44. Սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով կնքվող ապահովագրության պայմանագրի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

45. Եթե ապահովագրական ընկերությունը ապահովագրության պայմանագրի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու վերաբերյալ ստացել է Նախագահի համաձայնությունը, ապա ապահովագրության պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում կնքված ապահովագրության պայմանագրի պատճենը: Ընդ որում, եթե կնքված ապահովագրության պայմանագրի և 44-րդ կետի համաձայն ներկայացված ապահովագրության պայմանագրի նախագծի միջև առկա են այնպիսի անհամապատասխանություններ, որոնց առկայության դեպքում չեն պահպանվել սույն կանոնակարգի 42-րդ և 43-րդ կետերի պահանջները, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը ի սկզբանե համարվում է չտրված:

46. Նախագահը որոշում է կայացնում սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին` ապահովագրական ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում Նախագահը որոշում չի կայացնում համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ, ապա համաձայնությունը համարվում է տրված:

47. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սույն կանոնակարգի 46-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ընթացքը կարող է կասեցվել` մինչև պահանջվող լրացուցիչ տեղեկությունների ստացումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ 

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 28

ք. Երևան