Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1178.57
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 
քրեական վերաքննիչ դատարանի
ԵԿԴ/0111/11/08 որոշում

ԵԿԴ/0111/11/08

 

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ

Լ. Թադևոսյանի

29 հունիսի 2009 թվական ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 25-ին «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման կողմից ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի մայիսի 31-ի վճռի հիման վրա իր սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Կ.Շառոյանի 2008 թվականի մարտի 25-ի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ Էդուարդ Ներսեսի Կարապետյանի նկատմամբ հարուցվել է թիվ 11105608 քրեական գործը:

2. 2008 թվականի մայիսի 16-ին կայացվել է հարուցված թիվ 11105608 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:

3. 2008 թվականի նոյեմբերի 28-ին «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ի կողմից նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

2008 թվականի դեկտեմբերի 12-ին վերոնշյալ բողոքին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանի կողմից պատասխան է ներկայացվել գրությամբ, որով բողոքաբերին տեղեկացվել է, որ քննիչի կողմից կայացված որոշումն օրինական է, հիմնավորված, և այն վերացնելու հիմքեր չկան:

4. 2008 թվականի դեկտեմբերի 22-ին «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ն դատախազի վերոնշյալ գրությունը բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով վերացնել այն: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում բողոքաբերը լրացրել է իր բողոքը՝ խնդրելով վերացնել նաև քննիչի՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի մայիսի 16-ի որոշումը և քննիչին հարկադրել վերսկսել տվյալ գործով վարույթը:

5. 2009 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է բողոքը. որոշում է կայացրել քննիչի 2008 թվականի մայիսի 16-ի որոշումը և դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 18-ի գրությունը վերացնելու մասին և քննիչին պարտավորեցրել է վերսկսել թիվ 11105608 քրեական գործով վարույթը:

6. 2009 թվականի ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լ. Թադևոսյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել:

2009 թվականի մայիսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը. բեկանել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 15-ի որոշումը, իսկ դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ «ԷՄԱԿ-Չորրորդ» ՍՊԸ-ի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի բողոքը մերժել է՝ վերադասության կարգով բողոքարկման կարգը պահպանված չլինելու հիմքով:

7. 2009 թվականի մայիսի 25-ին «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ ներկայացուցիչները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել, որը 2009 թվականի հունիսի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

8. 2006 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետի թիվ 1251-4 որոշմամբ Երևան քաղաքի Արին-Բերդի 1 նրբ., թիվ 1 հասցեում գտնվող շենք-շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 3.440.0 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով փոխանցվել է «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ին: 2006 թվականի օգոստոսի 11-ին Երևան քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրվել է նաև Հ 2274-2006 հողամասի գլխավոր հատակագիծը: Քաղաքապետարանի այս որոշման հիման վրա «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանում պետական գրանցում կատարելու համար, սակայն այն 2006 թվականի հոկտեմբերի 11-ին մերժվել է:

9. 2007 թվականի փետրվարի 27-ին «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման գործողություններն անվավեր ճանաչելու և պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջներով:

ՀՀ տնտեսական դատարանը 2007 թվականի մայիսի 31-ին վճիռ է կայացրել, որով բավարարվել է այս դիմումը. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 2006 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 3373 ակտն անվավեր է ճանաչվել, և վերջինս պարտավորեցվել է գրանցել Երևան քաղաքի Արին-Բերդի 1 նրբ. թիվ 1 հասցեում գտնվող 3.440.0 քմ. հողամասի և անշարժ գույքի նկատմամբ «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ի իրավունքը:

10. 2007 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ տնտեսական դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, որը 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ հարկադիր կատարման:

«ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանում՝ ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի մայիսի 31-ի վճռի հիման վրա իր սեփականության իրավունքի պետական գրանցման համար, սակայն պետական գրանցում այդպես էլ չի կատարվել, ինչից հետո վերջիններս դիմել են ՀՀ ոստիկանություն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշումը խախտում է ՀՀ Սահմանադրության 31-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին լրացուցիչ արձանագրության 1-ին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածներով երաշխավորված իր սեփականության իրավունքը, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով երաշխավորված իր մյուս իրավունքները, որովհետև ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը, իրեն զրկել է իր սեփականությունն ազատ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

12. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածները, քանի որ հաշվի չի առել, որ սույն գործով բացակայել են վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:

13. Ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածները, քանի որ հաշվի չի առել այն հանգամանքը, որ իրավասու պետական մարմինների գործողությունների արդյունքում ինքը զրկվել է իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

14. Բողոքաբերը նշում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը չի կիրառել և սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածները, քանի որ «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ն, քննիչի որոշումը՝ դատախազին, իսկ վերջինիս գրությունն էլ դատարան բողոքարկելով, պահպանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածների պահանջները:

15. Ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանզի սույն գործով չի կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային որոշումները, որոնք իր կողմից վկայակոչվել էին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ներկայացրած առարկություններում:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշումը, օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 15-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է երկու իրավական հարց, որոնցից առաջինը վերաբերում է նրան, թե Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քննության առնել դատախազի գրության դեմ ներկայացված բողոքը:

17. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկվող դատավարական ակտերի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Մ.Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշման 13-րդ կետում, որի համաձայն՝ « (…) եթե դատախազին ներկայացված բողոքի կապակցությամբ նա որոշում չի կայացրել, այլ բողոքաբերին պատասխանել է ցանկացած այլ եղանակով, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ապա, եթե չեն անցել ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետները, այդ պատասխանների նկատմամբ չեն կարող կիրառվել ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոններն ընդհանրապես, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները մասնավորապես: Այլ կերպ ասած, եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր իրավասության դատարան պետք է բողոքարկվի դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության»:

Սույն գործի նյութերից երևում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բավարարել է դատախազի գրության դեմ բերված բողոքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով իրավասու չէր ըստ էության քննության առնել դատախազի գրության դեմ ներկայացված բողոքը:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքը, եթե այն կատարման է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանման ղեկավարին, նախքան դատական կարգով բողոքարկվելը ենթակա՞ է արդյոք կրկին բողոքարկման վերադասության կարգով:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն՝ դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազներն են, նրանց տեղակալները և օգնականները:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր դատախազն իրականացնում է դատախազության ղեկավարումը»:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ»:

Վերոշրադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքը վերադասության կարգով այլևս չի կարող բողոքարկվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազին վերադաս դատախազ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքաբերը քննիչի որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին, ում անունից հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Այսինքն սույն գործով Ա.Աշրաֆյանը գործել է ՀՀ գլխավոր դատախազի կարգադրությամբ և նրա անունից, ուստի տվյալ դեպքում Ա.Աշրաֆյանի գրությունը իրավական առումով հավասարազոր է եղել ՀՀ գլխավոր դատախազի գրությանը: Այլ կերպ ասած սույն գործով բողոքաբերն արդեն բողոք ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին և սպառել է իր իրավունքների պաշտպանության այդ միջոցը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է հանդես եկել որպես ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության կատարող:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքը, որը կատարման է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանման ղեկավարին, ենթակա չէ կրկին բողոքարկման վերադասության կարգով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը:

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: «ԷՄԱԿ-Չորրորդ» ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ի ներկայացուցիչների բողոքով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 15-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան