Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2003

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետև` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով ընդհանուր ցանկությամբ` դյուրացնել իրենց այն քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր` տրված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից,

և դրանով իսկ օժանդակելով գոյություն ունեցող փոխհամագործակցության ակտիվացմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն քաղաքացիները, ովքեր մեկնում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք պաշտոնական առաքելությամբ` որպես իրենց պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ հատուկ առաքելության անդամներ կամ որպես մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպության առաքելության անդամներ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կազատվեն մուտքի արտոնագրեր ձեռք բերելու անհրաժեշտությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց նշանակման և ծառայողական պարտականությունների մասին ուղարկող Կողմը նախապես կծանուցի դիվանագիտական ուղիներով: Ընդունող Կողմը տրամադրում է նրանց ինքնությունը հաստատող վկայականներ: Այս դրույթը կկիրառվի նաև նրանց հետ ապրող և ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամների (ամուսինը, 21 տարեկանից ցածր չամուսնացած երեխաները կամ մինչև 25 տարեկանները` եթե սովորում են միջնակարգ ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո) և ծնողների նկատմամբ` անկախ նրանց անձնագրերի տեսակից:

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն քաղաքացիներին, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վավերական դիվանագիտական անձնագրեր, և որոնք ոչ իրենց պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ հատուկ առաքելության անդամներ են և ոչ էլ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպության առաքելության անդամներ, մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու համար անհրաժեշտ չէ արտոնագիր` պայմանով, որ նրանց այնտեղ գտնվելը չի գերազանցի 90 (իննսուն) օրը, և այդ տարածքում նրանք չեն իրականացնի մասնավոր շահութաբեր գործունեություն անձամբ կամ այլ անձի միջոցով:

 

Հոդված 3

 

Նոր դիվանագիտական անձնագրեր գործողության մեջ դնելու դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին բոլոր անհրաժեշտ տեղեկատվության հետ միասին դիվանագիտական ուղիներով կտրամադրի այդ անձնագրերի նոր նմուշները այդ անձնագրերի գործողության մեջ դնելուց ոչ ուշ, քան 30 (երեսուն) օր առաջ:

 

Հոդված 4

 

Սույն համաձայնագիրը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիներին չի ազատում մյուս Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները հարգելու պարտականությունից այդ Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու և այնտեղ մնալու ընթացքում:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք կվերապահի մերժելու մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների մուտքը իր տարածք կամ այդ տարածքում գտնվելը, որոնք կարող են վտանգել հասարակական կարգը, ազգային անվտանգությունը կամ բնակչության առողջությունը, կամ որոնց գտնվելը երկրում չի բավարարում սույն Համաձայնագրի 1-ին կամ 2-րդ հոդվածների պահանջները:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը կպարտավորվեն փոխադարձ համաձայնությամբ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կառաջանան սույն Համաձայնագրի կիրառման ընթացքում:

Նրանք կանոնավոր կերպով միմյանց կտեղեկացնեն երրորդ երկրներից քաղաքացիների մուտքի պայմանների մասին:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ բնակչության առողջության պահպանման նպատակով:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով անմիջապես կտեղեկացնի նման կասեցման, ինչպես նաև դրա դադարեցման մասին: Նման կասեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումն ստանալու օրվանից:

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկրորդ ծանուցումն ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջների կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերն իրավունք կունենան ցանկացած ժամանակ դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի գործողությունը դադարեցնելու մասին մյուս Պայմանավորվող կողմից դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման ներկայացման օրվանից 90 (իննսուն) օր հետո:

 

Կատարված է Նյու Յորքում 2002 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 7-ից: